Միխեիլ Սաակաշվիլի «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսը եւ դրա հետագա վաճառքը մի քանի անգամ արգելվել էր Երեւանում: Ըստ գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանի, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում նախապես ծրագրավորած շնորհանդեսը չեղարկվել էր ինչ-որ տեխնիկական պատճառներով, իսկ «Նոյան Տապան» գրախանութը հրաժարվել էր շնորհանդեսի անցկացումից՝ հետագա հնարավոր խնդիրներից խուսափելու համար: Արդյունքում՝ վերջին պահին շնորհանդեսը ստիպված եղան կազմակերպել քաղաքի «փաբերից» մեկում:
Այս ամենը հերթական անգամ փաստում է, որ Հայաստանն ամբողջությամբ գտնվում է Ռուսաստանի քաղաքական ուղեծրում եւ այլեւս այնքան ինքնիշխան չէ, որպեսզի թույլ տա իրեն հակապուտինյան որեւիցե դրսեւորում երկրի ներսում:
Հաշվի առնելով, որ 2017թ. սեպտեմբերին Թումանյանի տուն-թանգարանում արգելվեց Խորհրդային բռնաճնշումներին նվիրված «Խավարում» ցուցահանդեսը, կարելի է ասել, որ գրաքննության միտումը կրկին արդիական է դառնում հետխորհրդային տարածքում՝ ԱՊՀ շինծու պետություններում: Ռուսաստանում վերջին տարիներին մշակույթի նախարար Մեդինսկիի ջանքերով բազում ներկայացումներ, գրքեր եւ ֆիլմեր են արգելվել: Վերջին աղմկահարույց դեպքը «Ստալինի մահը» բրիտանական կոմեդիայի արգելումն էր: Պարոն Մեդինսկին Վլադիմիր Պուտինի վարչակարգի նվիրյալ անդամներից է, որն ակտիվորեն զբաղվում է այն առասպելների քարոզով, որոնց հիման վրա 2000 թվականից ի վեր ձեւավորվում է Ռուսաստանի պաշտոնական պատմությունը:
Ռուսաստանի ներկան եւս ձեւավորվում է պրոպագանդայի եւ միֆերի հիման վրա, որոնց փլուզումը կարող է հանգեցնել պուտինյան վարչակարգի վերացմանը: Սաակաշվիլին, որը կարողացավ ճեղքել ռուսական «ճահիճը», պատերազմ հայտարարել կոռուպցիային` պուտինյան վարչակարգի գլխավոր հենասյանը, եւ սկսել Վրաստանի ինտեգրումը քաղաքակիրթ Արեւմտյան աշխարհին, վախ է առաջացնում ոչ միայն Ռուսաստանում, այլ նաեւ ռուսական կազմակերպված հանցավոր աշխարհի մաս կազմող Հայաստանի վարչակարգի շրջանակներում:
Ռուսական հանցավոր աշխարհի ենթակառուցվածքում իր ուրույն տեղն ունեցող Հայաստանը վաղուց չի տնօրինում ո՛չ իր անցյալը, ո՛չ էլ ներկան: Անկախացումից սկսած՝ բազմաթիվ ազգային շարժումներ ու ընդվզումներ կոոպտացիայի են ենթարկվել եւ օգտագործվել Հայաստանում ժողովրդավարության արժեքների ֆրուստրացիայի համար: Սաակաշվիլիի «Ուժերի զարթոնքը» հայ հասարակության սպառված հույսերի եւ բաց թողնված հնարավորությունների նկարագիրն է:
Մարինա Մուրադյան