Արցախի պատմության մեջ երեւի թե այսքան շատ միջազգային հարթակներում չի հնչել նրա անունը` Լեռնային Ղարաբաղ, որքան այս վերջին ամսում։ Իր պատմության 104 տարվա ընթացքում նույն միջազգային կառույցներից այնքան շատ չի դատապարտվել Ադրբեջանը, որքան այս վերջին երկու ամսում։
Այսօրինակ առիթների համար է ասված` հայկական կողմը իրավիճակից պետք է օգտվի խելացի դիվանագիտությամբ, քանի դեռ Արցախի շուրջ միջազգային հանրության մոտ նշաձողը բարձրացել է։
Որքան շատ դատապարտող խոսքեր են հնչում Արցախի շրջափակման, հումանիտար եւ էներգետիկ աղետի մասին, այնքան շատ է Իլհամ Ալիեւն ուժեղացնում ճնշումը Հայաստանի վրա` ստորագրելու խաղաղության պայմանագիր կոչվածը, որտեղ կճանաչվի Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլապես, իր խոսքով, «ռիսկերը տարածաշրջանում կարող են մեծանալ»։
Բայց որտե՞ղ կմնա Արցախը, թե արդեն հանձնվա՞ծ է։ Հենց այն է, որ թշնամին շտապում է, որ այդ պայմանագրով էլ Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս։ Ո՞վ պիտի նորից հաստատի, որ Արցախն Ադրբեջանի մաս է։ Հայաստանի վարչապետի անունը չտա՞նք, թե՞ գործ չունենք «մեծերի» վարած բանակցությունների հետ։
Ինքս քաղաքական գնահատական չեմ կարող տալ այս կամ այն բանակցային գործընթացին, բայց հարց է ծագում՝ եթե Հայաստանի իշխանությունը Արցախին մեն-մենակ է թողել Բաքվի հետ բանակցելու ծանր բեռան տակ, ուրեմն ինչո՞ւ է ինքը որոշում Արցախի տեղը, եւ այն էլ՝ Ադրբեջանի կազմում։
Մենք գիտենք, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնել, թշնամին պետք է դուրս գա վերջին երկու տարում գրաված հայկական տարածքներից… Բայց թշնամին նենգ է ու խորամանկ, նա չի նահանջի, երբ նրա աչքն այսօր Սյունիքի վրա է, Սեւանա լճի ափամերձ տարածքի վրա է, Ջերմուկի վրա է: Ավելին՝ ամբողջ Հայաստանը Արեւմտյան Ադրբեջան է համարում այդ երկրի «միապետը»` պատմության ամենամեծ զեղծարարը։
Արցախից հետո ո՛ր մեկի տունն է քանդվելու, երբ ձեռքի մատներից որն էլ կտրեն՝ ցավոտ է լինելու։ Հայաստանի խորհրդարանում Գագիկ Մելքոնյան անուն-ազգանունով ՔՊ-ական մի պատգամավոր կա: Կարծեմ՝ գեներալի զինվորական աստիճան ունի: Ընդդիմադիր լրատվամիջոցի լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, թե ինչ կասեք, պարոն Մելքոնյան, Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու՝ Փաշինյանի դիրքորոշման մասին, ասել է. «Հիմա ավելի լա՞վ չէ Արցախը տանք, բայց Հայաստանը պահենք»: Սա է մարդու մակարդակը, մտածողությունը, որն անպատկերացնելի է, բայց՝ փաստ: Ոնց որ թուրքն ուզենա այդ մարդու երկու զավակներից մեկը տանի իրեն ծառա, սա գնա կնոջն ասի՝ «կնի՛կ, ավելի լավ չէ՞ փոքրին տանք՝ մեծին պահելու համար»: Ինչո՞ւ ենք մենք ամեն օր հիշում կկվի պատմությունը, ո՞վ պիտի կանխի հայոց աշխարհի գլխին կախված այս մեծ աղետը:
Նատաշա Պողոսյան