Շաբաթ, Դեկտեմբերի 07, 2024

Ազատ ամբիոն

Կարգազանց վարորդը պետք է խստագույնս պատժվի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հանրապետության հրապարակում խուլիգանական վարք դրսեւորած, թմրամոլ, երթեւեկության եւ մարդկանց կյանքի համար անվտանգության սպառնալիք ստեղծած «Համմերի» վարորդը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ։ Մեծ հաշվով` այդ վարորդը վարվել է այն ահաբեկիչ վարորդների պես, որոնք Եվրոպայի կամ ԱՄՆ-ի քաղաքների փողոցներում մեքենաները վարում են մարդկանց ուղղությամբ՝ դիտավորյալ վնասելու կամ սպանելու նպատակով։

Բայց սա խնդրի մի կողմն է։ Թվում էր, թե «Համմերի» վարորդի այլանդակ գործողությունները պետք է խստագույն հասարակական պարսավանքի արժանանային։ Բայց ոչ։ «Համմերի» այլանդակությամբ ծածուկ կամ անթաքույց հրճվող եւ նրան աջակցող քաղաքացիները մեղադրանքի սլաքներն ուղղում են պարեկների ուղղությամբ, որոնք, կրակելով անվադողներին, փորձել են կանգնեցնել մեքենան եւ կանխել հնարավոր աղետը։ «Համմերի» վարորդին աջակցել՝ նշանակում է հանրային աջակցություն ցուցաբերել ամենաթողությանը, անպատժելիությանը եւ օրինախախտումներին։

Ընդհանարպես՝ Հայաստանում հանրության մի հատված միշտ էլ աջակցում ու պաշտպանում է օրինախախտումները երկու պատճառով. նախ՝ իրենք էլ հակված են մի օր գիտակցված խախտել օրենքը եւ հասարակական կարգը, եւ հետո՝ այդպես կարող են մեղադրել իշխանություններին։ Այս իշխանությունների մեղքերը շատ-շատ են, այնպես որ խուլիգանին, օրինախախտին աջակցելով՝ իշխանություններին քննադատելն անտրամաբանական է։

Հանրային աջակցությունն օրինախախտումներին եւ ամենաթողությանը երբեք թույլ չի տա, որ Հայաստանի հանրությունն ու պետությունը առաջադեմ դառնան։ Անկախ նրանից, թե օրինախախտումները ինչի՞ն են վերաբերում՝ ապօրինի շինարարությա՞նը, արատավոր մեթոդներով գնահատական ստանալո՞ւն, երթեւեկության կանոնները խախտելո՞ւն,  փողոցում աղբ թափելո՞ւն, թե՞ կոռուպցիոն այլ երեւույթների։

Իմ կարծիքով՝ մեր պարեկները բավական մեղմ են վարվում նրանց նկատմամբ, ովքեր մեր ավտոճանապարհները վերածել են կյանքի համար վտանգավոր երթուղիների։ Իհարկե, «Համմերի» վարորդի վարքը պայմանավորված է ոչ միայն երթեւեկության խախտումներով։ Միաժամանակ, ՃՏԵԿ-ի անթույլատրելի խախտումները դարձել են հայաստանյան կյանքի անբաժան ուղեկիցները։ Ես կողմ եմ, որ յուրաքանչյուր 500 մետրը մեկ տեսախցիկ տեղադրեն։ Ես կողմ եմ երթեւեկությունը ամենախիստ միջոցներով կարգավորելուն, տուգանքների չափերը մեծացնելուն։ Ընդ որում՝ այդ ամենը պետք է վերաբերվի ոչ միայն վարորդներին, այլեւ կարմիր լույսի տակով եւ անթույլատրելի վայրերով անցնող հետիոտներին։ Ես կողմ եմ երթեւեկության կարգավորման խստացմանը թե՛ որպես վարորդ, թե՛ որպես հետիոտն։

Եվս մեկ բան։ Վերջին մեկ տարվա ընթացքում ես երկու անգամ նամակ եմ գրել ոստիկանությանը՝ Արշակունյաց 278 հասցեի խաչմերուկում տեսախցիկ տեղադրելու համար։ Այստեղ, կրկնակի հոծ գիծը խախտելով՝ շրջադարձ կամ հետադարձ կատարելով՝ օրինազանց վարորդներն աննկարագրելի ծանր վիճակ են ստեղծում հարակից խաչմերուկով երթեւեկող անցորդների եւ վարորդների համար։ Երկու օր առաջ երեք ավտոմեքենա միաժամանակ, միմյանց հետ մրցելով, շրջադարձ կատարեցին՝ հատելով կրկնակի հոծ գիծը։ Էլ չեմ խոսում գիշերային ժամերին առանց խլացուցիչների սուրացող մեքենաների մրցավազքի մասին։

Մեր ավտոճանապարհներին պետք է տիրեն օրինականությունը, կարգուկանոնն ու քաղաքակրթությունը, հակառակ դեպքում՝ «Համմերի» նմանօրինակ վարորդները կշարունակեն դառնալ մեր կյանքի, մեր ճանապարհների տերն ու տիրականը: Եվ մեր ավտոճանապարհները կշարունակեն մնալ կյանքի համար խիստ վտանգավոր:

 

Նարինե Մկրտչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: