Հարցնում են` Արցախը որքա՞ն կդիմանա այս շրջափակմանը։ Բայց մի՞թե նոր է այն։ Մենք շրջափակվեցինք, երբ 44-օրյա պատերազմից հետո աչք բացեցինք ու տեսանք մեր բարձունքները գրավված, ավելի ճիշտ` հանձնված… Հիմա ձեռքով են ցույց տալիս, ասում են՝ հրե՜ն, վերեւում նրանք են, ներքեւում` մենք։ Մինչդեռ վերեւում միշտ մենք ենք եղել: Բոլոր առումներով:
Անցած տարի դպրոցականներին ուսուցողական էքսկուրսիա էի տարել Կաշենի հանքավայր: Մեզ զգուշացնում էին՝ որտեղ կանգնենք, որտեղով գնանք, որպեսզի չհայտնվենք թշնամու թիրախում: Վերեւից տեսանելի են բոլոր շարժերը, կարող էին կրակել երեխաների վրա, թուրքին վստահել չի կարելի: Կաշենը հսկայական լաբորատորիա է բաց երկնքի տակ, երեխաների համար հետաքրքիր էր դիտել հանքագործ բանվորների եւ ինժեներատեխնիկական անձնակազմի աշխատանքը: Տեղից տեղ առաջանում էինք փոքր խմբերով, տեղի անվտանգության ծառայողների ուղեկցությամբ:
Դեկտեմբերի 12-ից առայսօր Արցախը մեկ այլ տեսակի շրջափակման ենթարկվեց։ Նպատակը` սովի մատնել 120 հազարին, մեզ ցրտահարել ձմռանը: Մյուս աղետների մասին չգրեմ, երբ բոլորս գիտենք, թե ինչ զրկանքների միջով ենք անցնում։
Երբ հարցը մեր անվտանգությանն էր վերաբերում, Արցախով մտահոգվողները քիչ էին, ընդհակառակը, ներսում մենք գիտեինք, որ ռուս խաղաղապահներն Արցախում են մեր անվտանգությունն ապահովելու համար, բայց դրսից շատերը ցեխոտում էին մեզ, որ ռուսական կողմնորոշում ունենք, ու թիրախում էր հայտնվում անգամ ռուսական դրոշը։
Այն պատկերացումն էր, թե հայերի մի ստվար մաս մեր հանդեպ անսովոր խանդ է ցուցաբերում, այնինչ համայն հայությունն անբաժան է մեզանից՝ չհաշված այն մեկ տոկոսը, որ Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում։
Նորից անցնեմ հարցին, թե որքան կդիմանանք այս շրջափակմանը։ Եթե ինձ մնար, ես կասեի՝ պատրաստ եմ տարիներով հաղթահարել ամեն տեսակի ճգնաժամ հանուն Արցախի հայկականության պահպանման, բայց մեր երեխաներին նայելիս՝ ուզում ես բղավել՝ անխիղճ-անօրեն տմարդինե՛ր, բավ է խաղաք մեր քայքայված նյարդերի հետ, արհամարհեք մեր 30 հազար անմեղ արարածների՝ երեխաների իրավունքները։
Մեր խղճահարված մեծահասակներին նայելիս, որոնք նվազագույն թոշակով մի կերպ ծերը-ծերին են հասցնում, զայրույթդ երկինք է հասնում, որ 20 հազար տարեցներ մնացել են խեղճության մատնված։ Չգիտեմ` ինչ ասել տարբեր պատերազմներով մարտական ճանապարհ անցածների մասին, որ այս օրերին իսկապես մեկուսացած են զգում իրենց, երբ սովոր են եղել ճախրել բարձունքներում: Մեր ղեկավարությունը բարձունք չի սիրում, ՀՀ վարչապետ աշխատող անձն ասում է՝ կլոր տարին ձյունածածկ բարձունքների համար հո կռիվ չե՞նք տալու: Եվ մեր արծվենի բարձունքները թողեցինք թուրքին:
Նատաշա Պողոսյան
Մարտակերտ, Արցախ