Ուրբաթ, Հոկտեմբերի 04, 2024

Ազատ ամբիոն

Ինչի՞ կարող են հասցնել զորավարժությունները...

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Անցյալ շաբաթը նշանավորվեց մարտի 12-17-ը Ադրբեջանում անցկացված լայնածավալ զորավարժություններով: Դրանց մասնակցում էին տարբեր զորատեսակներ, շուրջ 25 հազար զինծառայող, 250 միավոր տանկ ու զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մոտ 1000 հրթիռահրետանային տեղակայանքներ եւ այլ նշանակության 50 միավոր բանակային ու ճակատային օդուժ:

«Զորավարժությունների ընթացքում զորքերը կկատարեն հակառակորդի հարձակումները ետ մղելու, նրան կրակային հարվածներ հասցնելու, ինչպես նաեւ հակահարձակման միջոցով շահավետ դիրքերում պաշտպանության գծերը վերականգնելու առաջադրանքներ՝ հետագա լայնածավալ հակահարձակողական գործողության կատարման նպատակով»,- հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Տարբեր հրաձգարաններում իրականացվել են մարտական հրաձգություններ՝ նոր զինհամակարգերի կիրառմամբ: ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի հայտարարության համաձայն`«Ադրբեջանը սկսեց զորավարժությունները (ամենից բազմամարդ իրադարձությունը երկրի նախագահի «վերընտրության» քարոզարշավի շրջանակներում) ԵԱՀԿ-ի առջեւ ստանձնած պարտավորության խայտառակ խախտմամբ՝ այդ մասին տեղյակ չպահելով ԵԱՀԿ անդամ երկրներին»:

Այն, որ յուրաքանչյուր երկիր անցկացնում է ռազմական զորավարժություններ, եւ դա անակնկալ չէ, բոլորը գիտեն: Բայց այս դեպքում հետաքրքրություն է առաջացնում երկու հանգամանք: Առաջին՝ զորավարժությունները սկսվեցին հենց Ադրբեջանում նախագահական ընտրությունների եւ Հայաստանի գործող նախագահին վարչապետի պաշտոնում ընտրելու ուղղությամբ Հայաստանի իշխող կուսակցության ծավալած ակտիվ քարոզչական աշխատանքի նախաշեմին: Երկրորդ՝ զորավարժությունների նպատակի լիովին նոր ձեւակերպումը. «շահավետ դիրքերում պաշտպանության գծի վերականգնում՝ հետագա լայնածավալ հակահարձակողական գործողություններ իրականացնելու համար»: Փաստորեն, ոչ թե «հարձակողական», այլ «հակահարձակողական» ձեւակերպումները Ալիեւը փոխառել է Սերժ Սարգսյանից, որպեսզի հետագայում չասեն, թե Ադրբեջանն է առաջինը սկսել հարձակումը: Սա նշանակում է, որ ժամանակի ընթացքում, եթե Ադրբեջանը որեւէ տերությունից ռազմական գործողություններ սկսելու «դաբրո» ստանա, նա անպայման սկսելու է ձեռնարկել «հակահարձակման գործողություն»: Այն, որ 2016թ. ապրիլին «դաբրոն» տրվել էր Մոսկվայից, հաստատում են նաեւ 2018թ. մարտի 15-ին Արկադի Տեր-Թադեւոսյանի խոսքերը՝ «Գոլոս Արմենիի» հետ զրույցում. «2016-ին Ռուսաստանը խնդիրներ ունեցավ, ուստի թույլ տվեց Ադրբեջանին հարված հասցնել ...»: Այժմ, զորավարժությունների նախօրեին, Կրեմլը բարձրաստիճան իր զինվորականի շուրթերով պաշտոնապես հայտարարեց, որ Ադրբեջանի հետ պատերազմի դեպքում ՀԱՊԿ-ն չի միջամտի ռազմական հակամարտությանը:

Այն, որ նման դիպաշար հնարավոր է, կասկած չկա: Այսպես, ԱՄՆ հետախուզության զեկույցի համաձայն՝ մեծ է Արցախում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը: Ու թեեւ Արեւմուտքն անընդհատ Էնդրյու Շեֆերի շուրթերով հայտարարում է, թե «ստատուս-քվոն երկարաժամկետ հեռանկարում չի կարող պահպանվել, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի», հնարավոր է, որ Ադրբեջանը, իր նախագահի գլխավորությամբ, ստանալով արտաքին աջակցություն, եւս մեկ անգամ փորձի «մարտով հետախուզություն» իրականացնել` Արցախի հողերից եւս 800 հա «պոկելով» եւ իր ժողովրդի աչքում հաղթանակած դուրս գալով: Մանավանդ որ, Խաղաղության Ստոկհոլմի միջազգային հետազոտական ինստիտուտի (SIRRI) տվյալների համաձայն՝ Ադրբեջանը զենքի ձեռքբերման համար 5 անգամ ավելի շատ միջոցներ է ծախսել, քան Հայաստանը: Ընդ որում՝ ադրբեջանցիներին, բացի Ռուսաստանից, զենք են մատակարարում նաեւ այլ երկրներ (այդ թվում՝ Իսրայելը), մինչդեռ Հայաստանին զենքի մատակարարումը 100 տոկոսով Ռուսաստանից է գալիս: Առաջին հայացքից՝ «բլիցկրիգի» կամ կայծակնային պատերազմի համար կատարյալ տարբերակ է, հատկապես, որ Կրեմլի թույլտվությունը, կարծես թե, ստացվել է:

Սակայն սխալ կլիներ այս հարցին միանշանակ մոտենալ: Մոսկվան արդեն սկսել է մտածել տարածաշրջանում միակողմանի քաղաքականության արդյունավետության մասին: Այս առումով ուշագրավ է քաղաքագետներ Ստանիսլավ Տարասովի եւ Ստանիսլավ Ստրեմիդլովսկու «Հերիք է՝ Մոսկվան խաղա Բաքվի կանոններով» հոդվածը, որտեղ հեղինակներն ուղղակի հաստատում են վերոնշյալը: Նրանք, ի մասնավորի, գրում են. «... Լեռնային Ղարաբաղի հարցում Մոսկվան խաղում է ադրբեջանական կանոններով, մինչդեռ Երեւանը եւ Ստեփանակերտը սկսել են դիվերսիֆիկացնել իրենց արտաքին քաղաքականությունը՝ հույս չփայփայելով, որ Ռուսաստանն իր պայմանները կդնի շրջափակումը վերացնելու համար: Ռուսական նմանատիպ քաղաքականությունը վտանգավոր է, քանի որ այն պահպանում է Ղարաբաղում կայծակնային պատերազմի հնարավորության՝ Ադրբեջանի հույսը: Եվ դա այն դեպքում, երբ Մոսկվան հայտարարում է, թե իր նպատակն է թույլ չտալ Բաքվի եւ Երեւանի միջեւ հերթական զինված բախում: Բայց դրանք սոսկ բառեր են, իսկ ո՞ւր են գործերը»:

Արցախի կառավարության պատվիրակության այցը Միացյալ Նահանգներ եւ դրա ընդունման մակարդակի փաստը վկայում է, որ Վաշինգտոնի դիրքորոշումը Արցախի հարցում զգալի փոփոխություններ է կրել: Վերը նշված հոդվածը հաստատում է Կրեմլի մտահոգությունը, որը վախենում է բաց թողնել խնդրի կարգավորման նախաձեռնությունը եւ այն հանձնել ԱՄՆ-ին:

Այս գործընթացների խորապատկերին արժե՞ր արդյոք, որ Ալիեւն այդպես վտանգի ենթարկի իր ապագան: Չէ՞ որ ոչ ոք չգիտի, թե ինչպես կավարտվի այս պատերազմը: Ադրբեջանի զորավարժություններին ի պատասխան, Արցախի ինքնապաշտպանական ուժերը զուգահեռաբար իրենց զորավարժություններն են անցկացնում: Ընդ որում՝ կարող են տուժել միայն զինվորներն ու խաղաղ բնակչությունը ինչպես Արցախում, այնպես էլ Ադրբեջանում: Ամենայն հավանականությամբ, Ալիեւը ընտրություններից առաջ եւս մեկ անգամ ուզում է աշխարհին ցույց տալ իր ռազմական հզորությունը եւ զինված ճանապարհով Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը վերականգնելու» իր իրավունքը: Հայաստանի համար եւս ձեռնտու չէ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը: Լավ է, եթե պատերազմի արդյունքում հաղթի Արցախը: Դա նվեր կլինի Սերժ Սարգսյանին՝ մնացյալ կյանքի համար. ինքնաբերաբար կամրագրվի նրա անփոխարինելիության մասին իշխող կուսակցության կողմից անվերջ առաջ քաշվող թեզը: Իսկ եթե ո՞չ: Եթե հայկական ուժերի հակահարձակման պարագայում դարձյալ հրաման տրվի դադարեցնել հարձակումը, ինչպես դա եղավ 2016-ի ապրիլյան պատերազմում: Չէ՞ որ մինչ օրս հասարակությունը չգիտի, թե ով է տվել կանգ առնելու հրամանը: Այս անգամ Սերժ Սարգսյանը չի խուսափի պատասխանատվությունից (նույնիսկ եթե ռազմական գործողությունների սկսման պահին Հայաստանի սահմաններից դուրս գտնվի), քանի որ հենց նա է գերագույն գլխավոր հրամանատարը: Ամեն դեպքում չի կարելի բացառել իրավիճակի հետագա զարգացման տարբերակներից ոչ մեկը, եւ Հայաստանը պետք է պատրաստ լինի ամեն ինչի: Բայց միշտ պետք է հիշել, որ մեր զինվորների կյանքն անմիջականորեն կախված է ոչ թե զենքի քանակից ու որակից, այլ Հայաստանի վարած գրագետ եւ ինքնիշխան արտաքին քաղաքականությունից՝ առանց դրսի օգնության վրա հույս դնելու:

 

Կարապետ Կալենչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: