Ուրբաթ, Հոկտեմբերի 04, 2024

Ազատ ամբիոն

«Հերոսներից» ազատվելու ժամանակն է

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Բերտոլդ Բրեխտի հայտնի խոսքերի համաձայն՝ դժբախտ են այն ազգերը, որոնք հերոսների կարիք ունեն: Այս առումով մենք ոչ միայն դժբախտ ենք, այլ նաեւ անհաջողակ, քանի որ հերոսների մեծ կարիք ունենում են հատկապես պարտված ազգերը: Չեղած հաղթանակներով հպարտանալու եւ եղած պարտությունները չբարձրաձայնելու սովորությունն անխուսափելիորեն հանգեցնում է քննադատական ցանկացած մտքի, այլախոհության վերացմանն ու բոլոր իրողությունների վերաբերյալ աքսիոմատիկ մոտեցումների եւ տարակարծության մերժմանը: Իսկ ինչպես հայտնի է, այլախոհոներին լռեցնող հասարակությունները դատապարտված են լճացման. սեփական պատմությունը, ավանդույթները, մշակույթը, արժեքները հարցականի տակ դնելու ցանկության բացակայությունը տվյալ հասարակության անմրցունակության եւ անլիարժեքության վկայությունն է:

Պատմության ընթացքում բազմաթիվ մարդկանց հերոսացնելով ու սրբադասելով, նրանց արարքներն անքննելի դարձնելով, մենք կամովին ինքներս մեզ զրկել ենք առողջ տրամաբանությունից: Հասարակության մի ստվար շերտի համար «հերոս» հանդիսացող որեւիցե մեկի հետ կապված նկատառումները դիտարկվում են միայն զգայական մակարդակում՝ քաղաքական հարթակից դուրս: Սա էլ հնարավորություն է տալիս քաղաքականապես տհաս եւ անիրատեսական պսեւդոքաղաքական օրակարգերի առաջ մղմանը:

Եթե ճշմարտությունը վանող է, ապա հասարակությունն ընկղմվում է բարեհաճո ստի գիրկը: Այսինքն՝ հասարակության հիմնական պահանջարկը դառնում է սուտը, եւ այդ սուտը մատակարարելու համոզիչ առաջարկ անող ցանկացած մեկը հեշտությամբ իր կողմն է կարողանում գրավել մեծ զանգվածների: Ինչքան ավելի տափակ ու ծեծված է լինում այս կամ այն քաղաքական միտքը, այնքան ավելի ուշագրավ է դառնում ամբոխի համար, որն ինքն իրեն զբաղեցնելու հարմար ձեւը կարծես թե գտել է անիմաստ եւ դատարկ իրողությունների փակ շրջանում:   Օրինակ՝ «տապալենք վարչակարգը եւ գրավենք իշխանությունը» կարգախոսով բոլորի համար ինքնանպատակ դարձած իշխանափոխության լեյտմոտիվը: Ընդ որում,  տվյալ դեպքում իշխանափոխություն ասելով՝ հասկացվում է ոչ թե համակարգի փոփոխությունը, այլ միայն գործող անձանց դերերի փոփոխությունն առկա համակարգում: Եթե համակարգային փոփոխություններ իրականացնելու տեսլականի փոխարեն հասարակությանը սնում են անձերի փոփոխության գաղափարով, իսկ հասարակություններն էլ դա կուլ է տալիս եւ հոտի պես ընկնում իրեն «իշխանափոխություն» խոստացած «հերոսի» հետեւից, բնականաբար, այդ ողջ իշխանափոխական զառանցանքը լավագույն դեպքում ավարտվում է փողոցային բախումներով եւ վերջնականապես մարում սոցիալական ցանցերում բոցաշունչ ճառերով:

Իսկ այն հանգամանքը, որ քչերն են մտորում, թե իշխանափոխության արդյունքում ինչպիսի պետություն ենք ցանկանում ձեռք բերել, խոսում է մեր հասարակության ինֆանտիլիզմի, արժեհամակարգի աղճատվածության կամ դրա իսպառ բացակայության եւ ցածր մշակույթի մասին: Սաղմնային վիճակում գտնվող հասարակությանն անհամեմատ ավելի հեշտ է շարունակ «հերոսներ» փնտրել ու նրանց վերագրել իրենց բոլոր սպասումներն ու հույսերը, քան ինքնակազմակերպվել եւ հավաքական պատասխանատվություն ստանձնել:

Ավելին՝ մտացածին «հերոսների» կերպարը պահելու համար հասարակությունն իրականությունն աղճատելու եւ միայն իրեն ձեռնտու լույսի տակ ներկայացնելու շատ մեծ հմտություն է ձեռք բերել, ինչի արդյունքում խավարամոլությունը, տհասությունը եւ խաբեությունը դարձել են մեր քաղաքական ինքնությունը ձեւավորող հիմնական տարրերը:  Այս ամենը քաղաքականությունը վերածում  է պարզունակ աղանդի եւ հասարակությանը տանում փակուղի:

Կամ հասարակությունը պետք է այնքան հասունանա, որ չխուսափի ինքնորոշվել, կարողանա սահմանել բոլորի համար համընդհանուր արժեքներ եւ գծագրել հստակ տեսլականով իրագործելի ծրագրեր եւ, հետեւաբար, ազատվել իր պարտությունները մարմնավորող կուռքերից, կամ պետք է հայտնվել ազատ անկման մեջ: Հարց է, թե հասունանալու համար արդյո՞ք այս հասարակությունը բավարար ներուժ, կամք եւ ցանկություն ունի...

 

Մարինա Մուրադյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: