Ուրբաթ, Հոկտեմբերի 04, 2024

Ազատ ամբիոն

Սերժի հաճախորդների «մատյան գունդը»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ապրիլի 9-ին ընդառաջ աննախադեպ ակտիվացել է ոչ միայն գործող նախագահը, որը վերջին շրջանում «չի իջնում» հեռուստապաստառներից, այլեւ Հանրապետականի վերնախավը, որի վառ ներկայացուցիչներից Էդուարդ Շարմազանովը, օրինակ, վստահ է կամ ձեւացնում է, թե վստահ է, որ Սերժ Սարգսյանի իշխանության տասը տարիները Հայաստանի համար զարգացման ու ձեռքբերումների ժամանակաշրջան էին: Նա անգամ թվարկում է այդ «ձեռքբերումները»՝ սահմանադրական բարեփոխումներ, երկրում հանդուրժողականության հաստատում, «գաղջ» մթնոլորտի առողջացում, ժողովրդավարական արժեքների արմատավորում, ազգային անվտանգության ամրապնդում եւ էլի նման բաներ, որոնք հանրության շրջանում դառը քմծիծաղից բացի, այլ զգացողություններ չեն առաջացնում, եթե բացառենք զզվանքը:

Շարմազանովը եւ ՀՀԿ-ի` նրան ձայնակցող մյուս կարկառուները` Վահրամ Բաղդասարյան, Գագիկ Մելիքյան, Խոսրով Հարությունյան եւ այլք, համոզմունք են հայտնում, որ ապրիլի 9-ից հետո ընտրվելիք վարչապետի պաշտոնի համար Սերժ Սարգսյանից ավելի հարմար թեկնածու չկա: Նա, իբր, «անփոխարինելի» է, որի օրոք Հայաստանը «վերածվել է տարածաշրջանային գործոնի», մեծ փորձ, պետական մտածողություն ունեցող գործիչ է, իսկ բանակցելու արվեստին տիրապետելու հատկանիշով ուղղակի հավասարը չունի: Փույթ չէ, որ այդ բանակցությունների օգտակար գործողության գործակիցը զրոյական է: Շարմազանովը չի խորշում նույնիսկ զուգահեռներ անցկացնել Ուինսթոն Չերչիլի, գեներալ դը Գոլի եւ իր «շեֆի» միջեւ` փորձելով ապացուցել անապացուցելին` իբր Սարգսյանն ի վիճակի է կրկնել աշխարհահռչակ այդ գործիչների քաղաքական սխրանքները:

Շարմազանովին եւ մյուսներին մարդկայնորեն հասկանալ կարելի է: Խոշոր հաշվով` Սարգսյանը նրանց աչքի լույսը չէ, բայց վերջինիս անունը տարփողելով, ժամանակ առ ժամանակ նրան քծնելով` իրենց համար շատ կարեւոր խնդիր են լուծում` անձնական բարեկեցության խնդիրը: Գործող նախագահի, իսկ առաջիկայում, ամենայն հավանականությամբ, լայն լիազորություններով օժտված սուպերվարչապետի մերձավոր շրջապատում լինելը նրանց համար կյանքի իմաստ է: Այդտեղ լավ վարձատրում են, կարող են օգտվել պաշտոնական դիրքի ընձեռած անսահման առավելություններից, եւ այդ ամենը՝ պարզագույն քծնանքի ու շողոքորթության դիմաց ընդամենը: Երեկ նույն Շարմազանովը եւ մյուսները Ռոբերտ Քոչարյանի գովքն էին թնդացնում աշխարհով մեկ, այսօր` Սերժ Սարգսյանինը, վաղը մեկ ուրիշը կլինի: Նրանց համար կարեւորը անձերը չեն:

…Եթե չեմ սխալվում` 2008-ի նախագահական ընտրությունների նախօրեին էր: Սերժ Սարգսյանը` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, ասել էր. «Մենք մեր հաճախորդներին լավ ենք ճանաչում»: Նկատի ուներ մասնավորապես Արտաշես Գեղամյանին, որը պատրաստվում էր ընդդիմությունից սահուն անցում կատարել դեպի իշխանական ճամբար` «կերակրատաշտին» ընդհուպ մոտ տիրույթ: Սարգսյանը չէր սխալվել` 2012 թվականին Գեղամյանը արդեն ԱԺ պատգամավոր ընտրվեց Հանրապետականի ցուցակով: Այդ ցուցակում տեղ գտան նաեւ այլ, ոչ պակաս «հաճախորդներ»` ի դեմս Խոսրով Հարությունյանի, Հայկ Բաբուխանյանի, Մարգարիտ Եսայանի, Արմեն Աշոտյանի, ՀՅԴ-ի ողջ ղեկավար կազմի եւ այլոց: Այն ժամանակից ի վեր շատ ջրեր հոսեցին, եւ «հաճախորդացման» գործընթացն ավելի լայն թափ ստացավ` իր շարքերը մեծացնելով գլխավորապես երիտասարդ կարիերիստների հաշվին:

Մարդիկ հասկացան, որ «հաճախորդացումը» հեշտ վաստակ, փայլուն ապագա եւ լայն արտոնություններ խոստացող ճանապարհ է: Եվ քչերը դիմացան գայթակղությանը: Գործընթացը սկսեց աշխուժանալ ու ճյուղավորվել՝ հին «հաճախորդները» նոր «հաճախորդներ» բերեցին՝ հիմնականում իրենց հարազատների ու մերձավորների թվից: Նորագիր «հաճախորդների» կազմը խայտաբղետ էր, որակ էին կազմում բախտախնդիր երիտասարդները, որոնցից շատերը՝ «խարիսխ ձգելով» իշխող ՀՀԿ-ի մատույցներում, «յուղոտ» պաշտոններ ձեռք գցեցին, որովհետեւ կարողացան ապացուցել իրենց օգտակարությունն ու անձնական նվիրվածությունը, «շեֆին» համապատասխան ծառայություններ մատուցելու կարողությունը:

Սերժ Սարգսյանի շուրջը, այդպիսով, ձեւավորվեց հաճախորդների «մատյան գունդը», որն ուղղակի հրաշքներ էր գործում հատկապես համապետական ընտրությունների ժամանակ՝ հնարավորություն տալով շեֆին՝ «խփել» այնքան քվե, որքան սիրտը կուզի: Հիմա ապրիլի երկրորդ տասնօրյակում Ազգային ժողովը, որտեղ «հաճախորդների» պակաս չկա, կընտրի վարչապետ: Ամենայն հավանականությամբ՝ դա կլինի Սերժ Սարգսյանը, ով վերջին շրջանում դրա նախապատրաստությամբ է զբաղված: Նրան այդ գործում, բնականաբար, մենակ չեն թողնում «մատյան գնդում» հավաքագրված «հաճախորդների» հին ու նոր «գվարդիաները»: Սերժ Սարգսյանը վստահ է, որ մինչեւ 2022-ը շարունակելու է պաշտոնավարել: Այլ կերպ չի էլ կարող լինել, եթե նույնիսկ ինքը դա ցանկանա: «Գունդը» արդեն գործոն է, «գունդը» նրան չի թողնի, որ հեռանա՝ կորցնելիքը չափից դուրս շատ է՝ փող, իշխանություն, լծակներ, արտոնություններ… Ճիշտ է, «հաճախորդացում» երեւույթը կարող է երկիրը լիակատար բռնապետության հասցնել, չարիք դառնալ հասարակության գլխին, բայց ետդարձի ճանապարհ այլեւս չկա: «Շեֆի» դիրքերը պետք է մնան միշտ անսասան, որպեսզի «հաճախորդները» շարունակեն «վայելել» կյանքը՝ հարյուր հազարավոր չքավորների ու լքվածների զրկանքների հաշվին: Եվ «կվայելեն», քանի դեռ քաղաքական ընդդիմություն կոչվածը կամ մտմտում է գնալ նույն «հաճախորդացման» ճանապարհով, կամ էլ ի զորու չէ ձեւակերպել իրավիճակից բխող՝ ժամանակի ամենահրատապ օրակարգը: Բայց մինչեւ ե՞րբ…

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: