Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2024

Ազատ ամբիոն

Մակրոնի վերընտրությունը թե՛ անխուսափելի, թե՛ անհրաժեշտ

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ապրիլի 10-ին Ֆրանսիայի նախագահի ընտրությունների 1-ին փուլն է: Դրանք  ընթանում են Եվրոպայի համար բարդ ժամանակներում, երբ ընտրություն կատարելը նույնպես բարդ է, քանի որ Ֆրանսիան ոչ միայն, իր, այլեւ Եվրոպայի համար պետք է ընտրություն կատարի:

Անկեղծ ասած, 2017թ. ընտրություններում Մակրոնի քաղաքական կերպարը մի շարք պատճառներով ինձ համար ընդունելի չէր: Սակայն Մակրոնն այն գործիչն էր, որն իր կառավարման ընթացքում ցույց տվեց, որ պետության ղեկավար լինելը ոչ միայն փորձություն է այն կրողի համար, այլեւ հնարավորություն բացահայտելու եւ իրացնելու իր իսկ հնարավորությունները որպես պետական գործիչ:

Այսօր Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնի վերընտրությունը ես համարում են թե՛ անխուսափելի, թե՛ անհրաժեշտ: Ահա այն պատճառները, որոնք ես կարեւորում են Մակրոնի վերընտրության համար.

1. Էմանուել Մակրոնի նախագահության ընթացքում Ֆրանսիան եվրոպական ներկա քաղաքականության առաջատարությունը սկսել է լրջորեն վիճարկել Գերմանայի հետ, եւ մի շարք համաեվրոպական նախաձեռնություններում Ֆրանսիայի առաջատարությունն անվիճելի է:

2. Որքան էլ Մակրոնը պրագմատիկ քաղաքական գործիչ է, միաժամանակ նա ներկա համաշխարահային քաղաքականության այն սակավաթիվ գործիչներից է, որ նաեւ իդեալիստ է: Մակրոնը արժեքներ եւ սկզբունքներ ունի եւ հետեւում է դրանց. այդ արժեքները եվրոպական հումանիզմի արժեքներն են: Մակրոնի վերընտրությունը նախագահի պաշտոնում կարեւոր է եվրոպական  քաղաքակրթության եւ Միացյալ Եվրոպայի պահպանման համար: Մակրոնը նաեւ հակված է մեծացնել ԵՄ երկրների ինքնավարությունը մի շարք հարցերում:

3. Թեպետ Ֆրանսիայի բոլոր նախագահների ժամանակ Փարիզը Հայաստանի հետ գրեթե միշտ հատուկ հարաբերություններ է ունեցել, սակայն Մակրոնի օրոք դրանք նոր մակարդակի են հասել: Հայաստանը Ֆրանսիայի հետ պետք է խորացնի հարաբերությունները բոլոր ուղղություններով, այդ թվում եւ՝ ռազմական:

4. Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ֆրանսիան այն սակավաթիվ պետություններից էր, որ անվերապահորեն աջակցում էր  Ղարաբաղին: Մինսկի խմբի համախագահող երկրների շարքում Ֆրանսիայի մանդատը կարեւոր է Հայաստանի համար: Եվ եթե Երեւանին հաջողվի ղարաբաղյան հիմնախնդիրը ռուսական ռազմաքաղաքական մենատիրությունից ազատել՝ վերադարձնելով այն Մինսկի խմբի համանախագահություն, ապա այստեղ հայկական կողմի համար Ֆրանսիայի աջակցությունը խիստ կարեւոր է:

5. Ռուս-ուկրաինական պատերազմի այս ողջ ընթացքում թեպետ Ֆրանսիան այնքան կտրուկ չէ, որքան ԱՄՆ-ը, սակայն համաեվրոպական քաղաքականության եւ միասնական դիրքորոշման հասնելու համար Ֆրանսիայի դերը խիստ կարեւոր է:

Համաշխարհային քաղաքականության համար, այո՛, չկան, հավերժական բարեկամներ, այլ կան հավերժական շահերը: Այդ շահերն այսօր պետք է խտանան մարդու եւ ազգերի իրավունքների պաշտպանության, բռնատիրության ծավալման կասեցման, ռազմական հանցագործությունների համար խիստ պատժի, միջուկային սպառնալիքի կանխման, առավել ապահով եւ անվտանգ աշխարհ կառուցելու մեջ:

Ես Էմանուել Մակրոնին հաջողություն են մաղթում ընտրություններում: Հուսանք, որ Ֆրանսիան ու Հայաստանը դեռ կբացահայտեն երկկողմ համագործակցության այլ կարեւոր շերտեր:

 

Նարինե Մկրտչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: