Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Ազատ ամբիոն

Հայաստանի չորրորդ նախագահի քաղաքական դեբյուտը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Չնայած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ընտրությանը հակասող մի շարք գործոններին, Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի ունեցան 2018թ. մարտի 2-ին: Առաջին անգամ նախագահն ընտրվեց ոչ թե համաժողովրդական քվեարկությամբ, այլ Ազգային ժողովի կողմից: Հայաստանի չորրորդ նախագահի ընտրության թեմային կարելի էր մի ամբողջ ուսումնասիրություն նվիրել, սակայն դա չէ գլխավորը: Ժողովրդին եւ Հայաստանի Սահմանադրությանը հավատարմության երդում տալու պահին, որը նա արեց ձեռքը դրած «Աստվածաշնչի» վրա ու երդվելով «առաջնորդվել միայն համապետական եւ համազգային շահերով», ներդնել իր ողջ եռանդը «ազգային միասնության ամրապնդման համար», - հայ ժողովրդի կյանքում ձնագնդի նման աճեց «Մերժի՛ր Սերժին» կարգախոսով քաղաքական շարժումը:

Եթե քայլարշավի առաջին օրերին այս շարժման նախաձեռնող փոքրաթիվ խումբը ոտքով շրջում էր Հայաստանի բոլոր խոշոր քաղաքներով՝ մարդկանց  խաղաղ անհնազանդության կոչ անելով, ապա արդեն ապրիլի 17-ին՝ Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելու պահին, շարժումն ուներ տասնյակ հազարավոր ակտիվ մասնակիցներ եւ շարժման բազմամիլիոն աջակիցներ ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում: Բայց ամենակարեւորն այն է, որ 25 տարվա ընթացքում առաջին անգամ շարժման շարժիչ ուժը ուսանողներն ու երիտասարդությունն էր: Սա նախադեպ դարձավ, քանի որ վերջին տարիներին տարբեր հանրահավաքների եւ բողոքի ցույցերի ժամանակ, հազվադեպ բացառություններով, հավաքվում էին մի քանի տարեցներ, իսկ երիտասարդներն անտարբեր էին:

Փաստացի, ըստ Սահմանադրության, մարտի 2-ից մինչեւ ապրիլի 17-ն ընկած ժամանակահատվածում, երբ խորհրդարանը Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրեց, երկրում իշխանության ներկայացուցիչ միակ պաշտոնյան նորընտիր նախագահն էր: Կառավարությունը, ինչպես կարգն է, հրաժարական տվեց, Սերժ Սարգսյանը որպես նախագահ մնաց առանց աշխատանքի, իսկ խորհրդարանն իրավունք չուներ գործադիր իշխանության հարցերը լուծել: Այդ պահին նորընտիր նախագահը, որի նստավայրը գտնվում է իրադարձությունների էպիկենտրոնում, ժողովրդին աջակցության ոչ մի խոսք չասաց, չդիմեց ոստիկանությանը, որպեսզի դադարեցնեն հանցագործների կողմից հրահրվող սադրանքները եւ չգործադրեն ցույցերը ցրելու համար չարտոնված միջոցներ եւ այլն: Չնայած նախքան Արմեն Սարգսյանի՝ Հայաստանի նախագահ դառնալը, Սերժ Սարգսյանն առավելագույնս զրկեց նրան իր բոլոր իրավունքներից եւ վերածեց «տիկնիկի», այս «տիկնիկը» սահմանադրորեն ամրակայված իրավունք ունի խորհրդարանի եւ կառավարության ցանկացած որոշման տակ դնել նախագահի իր հաստատող ստորագրությունը: Առանց այդ ստորագրության, իշխանությունների ընդունած ոչ մի կարեւոր որոշում վավեր չէ: Եվ իր առաջին ստորագրությունը նախագահը դրեց Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում հաստատող փաստաթղթի տակ:

Այս ողջ ընթացքում նա՝ որպես երկրի իշխանությունների լիազոր ներկայացուցիչ, որեւէ բառ չասաց: Ժողովրդին ուղղված որեւէ դիմում չեղավ: Բայց ժողովրդին պետք էր նրա աջակցությունը: Հանուն արդարության՝ պետք է նշել, որ նա, այնուամենայնիվ մեկ անգամ խոսեց: Բայց ինչպե՞ս... Նա հրաժարվում է հարցազրույց տալ հայկական ԶԼՄ-ներին եւ ապրիլի 9-ին հարցազրույց է տալիս ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը, որտեղ մի բառ անգամ չի ասում երկրում տիրող աղետալի վիճակի, իշխանությունների հանդեպ ժողովրդի վստահության ճգնաժամի եւ գոնե այդ խնդիրների լուծմանը նպաստելու պատրաստակամության մասին: Փոխարենը ասում է. «ես անչափ հետաքրքրված եմ ամենամոտ ապագայում այցելել Մոսկվա` որպես Հայաստանի նախագահ: Ավանդաբար Հայաստանի ղեկավարների առաջին պաշտոնական այցերը միշտ Մոսկվա են»: Այսինքն՝ հենց Մոսկվա կատարած այցերն են լուծում Հայաստանի ներքաղաքական խնդիրները: Միակ բանը, որ ասաց ներքին խնդիրների մասին, հետեւյալն է. «Հայ հասարակության առաջնային խնդիրներից ես կառանձնացնեի երիտասարդության տրամադրությունները: Խոսելով երիտասարդների մասին, ես նկատի ունեմ ոչ այնքան տարիքը, հոգու վիճակը, ընդ որում նկատի ունենալով նաեւ ինձ (ժպտում է), այլ այն, թե որքան են շահամիտված երիտասարդ քաղաքացիները, տրամադրված մասնակցելու երկրի առաջընթացին, որքանով են նրանք պահանջված»: Ահա՛ եւ խաղաքարտը. դիմեք մեր ոսկե երիտասարդությանը, մեր երկրի ապագային, որը սովորելու փոխարեն ստիպված է իրականացնել փողոցում պայքարելու իր սահմանադրական իրավունքը՝ նպատակ ունենալով, որ արդեն իրենց երեխաները կարողանան ապրել կարգին, չկոռումպացված եւ օրինական պետությունում: Որտե՞ղ եք, նախագահ:

Հ.Գ. Տեւական լռությունից հետո ապրիլի 19-ի երեկոյան նախագահը, վերջապես, կարծիք հայտնեց, թե իրավիճակից միակ ելքը երկխոսությունն է: Եվ դարձյալ ոչ մի խոսք առ այն, որ ժողովուրդը շնչահեղձ է լինում Հանրապետական կուսակցության եւ դաշնակցականների համատարած անիրավությունների, կոռուպցիայի եւ ամենաթողության ճիրաններում, ինչը շտապ պահանջում է արմատական փոփոխություններ: Իսկ երկխոսության եւ այլնի համար շատ ուշ է, պարոն նախագահ: Գնացքը մեկնել է:

 

Կարապետ Կալենչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: