Վերջին օրերին, Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության դեմ քաղաքացիական խաղաղ անհնազանդության ցույցերի խորապատկերին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ուշագրավ հայտարարություն է արել. «Օրենքի խախտմամբ զանգվածային միջոցառումների կազմակերպումը, օրենքի տառին համապատասխան ձեւավորված միակ իրավազոր իշխանությունը զավթելու, Սահմանադրությամբ սահմանված կարգով ընտրված վարչապետին վերջնագրեր ներկայացնելու փորձերը հղի են անկանխատեսելի զարգացումներով, որոնք կարող են լրջորեն ազդել նաեւ սահմանային իրադրության սրման վրա, ինչի նախանշաններն արդեն իսկ նկատվում են»:
Նմանատիպ հայտարարություն է տարածել նաեւ ԼՂՀ Պաշտպանության բանակը: Ապրիլի 22-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պատասխանել է, որ «ԼՂՀ ՊԲ-ի սույն հայտարարությունը կեղծ տեղեկություն է եւ ուղղված է հանրության ուշադրությունը երկրի ներքաղաքական իրավիճակից շեղելուն»: Հաջորդ օրը Վիգեն Սարգսյանը դարձյալ հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով. «Պետք չէ մասնագիտական կրթություն ունենալ՝ հասկանալու, որ մեր երկրում անկայունությունը հիանալի առիթ է հակառակորդի հարձակման համար: Չեմ կարծում, որ մեր հայտարարությունն ինչ-որ հայտնագործություն է, պարզապես մենք՝ որպես պետական կառույց, պարտավոր ենք այդ մասին տեղեկացնել հասարակությանը»: Նույն հնարքն օգտագործելու գայթակղությանը չի դիմացել նաեւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով ապրիլի 23-ին հայտարարել է. «Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների հենքին Ադրբեջանը՝ Արցախի հետ շփման գծի երկայնքով կենդանի ուժի, հրետանու եւ զինտեխնիկայի կուտակումներ է իրականացնում, ինչն առիթ է տալիս ենթադրելու Բաքվի կողմից հնարավոր նոր արկածախնդրության նախապատրաստման մասին»:
Այսպիսով, մարդկանց ներշնչում են այն միտքը, որ երկրում վարչակարգը փոխելու՝ հայ ժողովրդի պահանջը Արցախի եւ ողջ Հայաստանի անվտանգությանն ուղղված սպառնալիք է: Մինչ այդ, ապրիլի 18-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն իրականացրել է Արցախի եւ Ադրբեջանի սահմանին հրադադարի ռեժիմի հերթական մշտադիտարկում: Հակառակորդի ռազմական տեխնիկայի եւ զորքերի որեւէ կուտակումներ չեն հայտնաբերվել: Ավելին՝ ապրիլի 24-ին ադրբեջանական ղեկավարությունը հայտարարեց, որ իրենք պատրաստ են շարունակել բանակցությունները Հայաստանի առողջ ուժերի հետ՝ խաղաղ ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության արագ լուծման համար:
Եթե Ադրբեջանը հայտարարում է, որ պատրաստ է բանակցել Հայաստանի նոր ղեկավարության հետ, ապա ինչո՞ւ պետք է սահմանում զորք հավաքեր եւ իրավիճակը խորացներ: Տրամաբանություն չկա: Նույնիսկ «gazeta.ru»-ն ապրիլի 24-ին գրում է. «Ի պատասխան՝ Բաքուն Երեւանին մեղադրում է հրադադարի խախտման մեջ, իսկ հայկական լրատվամիջոցներում հրապարակված ռազմական տեխնիկայի կուտակման տեսագրությունը սադրանք է անվանում»: Այդ առնչությամբ հերքում է տարածել նաեւ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը. «Հայաստանի ռազմաքաղաքական վարչակարգը՝ լրջորեն մտահոգված լինելով զանգվածային անկարգություններով, նման հաղորդագրությունների տարածմամբ ցանկանում է վախի մեջ պահել հայ ժողովրդին»,- հայտնել են Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունից:
Արդեն բազում տարիների ընթացքում Հայաստանի եւ Արցախի ղեկավարությունները Հայաստանում ներքաղաքական իրավիճակի սրման դեպքում անմիջապես դիմում են փորձված հնարքին՝ «սահմանային իրավիճակի սրման» վկայակոչմանը եւ, միեւնույն ժամանակ, պարտադիր շահարկելով «կայունության» գործոնը եւ Հայաստանի ու Արցախի «անվտանգության սպառնալիքը»: Բայց երբ այսպիսի պարզունակ հնարքի դիմում է երկրի պաշտպանության նախարարը՝ դա ոչ այլ ինչ է, քան ուղղակի շանտաժ իր ենթակայության տակ գտնվող զինված ուժերի միջոցով: Էլ չասած, որ ապատեղեկատվություն տարածելն արդեն իսկ քրեորեն պատժելի արարք է, որովհետեւ այն ազդում է բանակի լիակատար փլուզմանը եւ նրա բարոյալքմանը:
Կարապետ Կալենչյան