Շաբաթ, Դեկտեմբերի 07, 2024

Ազատ ամբիոն

Պետք չէ սպանել հայ ժողովրդի դիմադրության ջիղը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Մեր հասարակությունն այդպես էլ չի կարողանում տարբերել կարեւորն՝ անկարեւորից։ Երբ Ադրբեջանը հրետակոծում էր Ջերմուկը, արգելափակում Բերձորի միջանցքը, Սիսիանում  հայ մարդու տան դռան զանգը տալիս, գլխատում մեր ռազմագերիներին, երբ Արցախի ազատագրված տարածքներն իրար հետեւից անցնում էին Ադրբեջանի վերահսկողության տակ, Երեւանում ադրբեջանական դրոշն այրողին գանահարողները նման հարայ-հրոց չէին բարձրացնում։

Դրոշն այրելը քաղաքացիական դիմադրության եւ անհամաձայնության ձեւերից մեկն է ցանկացած երկրում։ Եվրոպական երկրներում Մերձավոր Արեւելքից եկած ներգաղթյալների դեմ հասարակական դիմադրության օջախներ են ստեղծվում, Եվրոպան ձգտում է սահմանափակել ներգաղթյալների մուտքը, նվազեցնել ահաբեկչության սպառնալիքները՝ փորձելով ուշացումով, բայց պաշտպանել իրեն, դիմադրություն ցույց տալ։ Մինչդեռ մեզանում ջանում են սպանել հայ ժողովրդի դիմադրության նյարդերը։

Մեզնից աննկատ տարիների ընթացքում ձեւավորվել են մարտնչող, ապազգային պացիֆիստների խմբեր, որոնք փախչում են բանակից, պատերազմից եւ իշխանության կամ մերձիշխանական շրջանակներում ծվարած՝ սուր են ճոճում Ադրբեջանի դրոշն այրող քաղաքացու դեմ, որն իր բողոքն է արտահայտել Ադրբեջանի պետության՝ Հայաստան  ներխուժման եւ Նիկոլ Փաշինյանի՝ պարտվողական, վախեցած քաղաքականության հանդեպ։

Դրոշն այրողին գանահարելու քարոզչությունը, թերեւս, խրախուսվում է բարձրագույն իշխանության մակարդակով, իբր թե՝ խայտառակ եղանք։

Երբ Հայաստանը միայնակ մարտնչում էր ադրբեջանաթուրքական հրոսակների, Թուրքիայի կողմից գնված սիրիացի վարձկանների, ռուսական նենգության դեմ միաժամանակ, աշխարհը չէր մտածում, որ խայտառակ է լինում՝ հնագույն քրիստոնյա ազգին մենակ թողնելով։

Մարտնչող պացիֆիստների այս կեղծ բարեպաշտությունը սպառնալիքի է վերածվում, երբ ռմբակոծվում են Հայաստանի սահմանները, երբ Բերձորի միջանցքն արգելափակված է ավելի քան 130 օր, երբ Ղարաբաղի մեր հայրենակիցները մարդասիրական օրհասի մեջ են, երբ ՀՀ քաղաքացիները սպանվում են կեղծ խաղաղության, իրականում՝ չդադարող պատերազմի պայմաններում։

Եվ այդ պատերազմը հրահրել է Ադրբեջանը, որը Հայաստանի թշնամին է եւ նրա դրոշը թշնամու դրոշ է։ Պատերազմի ժամանակ այդպես է՝ թշնամու դրոշը հեռացվում է՝ իջեցվում, հանվում, այրվում։

 

Նարինե Մկրտչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: