Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Ազատ ամբիոն

Քաղաքային տրանսպորտ. իջնող կա՞

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Յուրաքանչյուր երկրորդ հայ աշխարհը փրկելու առնվազն տասը ծրագիր ունի, մարդկությանը դաս տալու առիթ էլ միշտ կգտնի: Էլ չեմ խոսում՝ «մենք որ թատրոն ունեինք, մյուս ազգերը ծառերի վրա էին» հայտնի անհամության մասին: Բայց ամեն երկրորդ հայի քաղաքակրթելը, դաստիարակելը, հորդորելը, որ իր գործը պատշաճ կատարի՝ անչափ բարդ է:

Այսպես: Երբ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտային պարկը համալրվեց նոր, կապույտ, գեղեցիկ, երկար ավտոբուսներով, անչափ ուրախացա: Եվրոպական հանրային տրանսպորտի կարոտը սրտումս՝ ավտոբուս եմ բարձանում: Առաջին օրերին ամեն ինչ հրաշալի էր: Վարորդի ձեռքը գումար չեմ դնում, չեմ դիպչում նրա մատներին, վարորդը չի ծխում, երաժշտություն չի միացնում: Բայց հայկական երջանկության առանձնահատկությունն  այն է, որ կարճ կյանք է ունենում:

Թիվ 11 կապույտ, երկար ավտոբուսով տնից մամուլի շենք եմ հասնում 10-15 րոպեում: Հրաշալի է: Բարձրանում եմ ավտոբուս, բարձր միացրած ռաբիս երաժշտություն է ավտոբուսի ողջ սրահում: Վարորդին կատակով ասում եմ՝ «բայց ասում են երաժշտություն չեն միացնելու այստեղ»: Այնքան բարձր է միացրել, որ չի էլ լսում: Կողքիս երիտասարդ աղջիկն ինձ մխիթարում է՝ «բայց շատ քյարթ երգ չէ»:

Ուղեւորներից մեկը բարձրանում է, 100 դրամը արկղը գցում եւ նստում տեղը: 100 դրամանոցը պարզվեց, որ արկղ չի ընկել: Վարորդը կտրուկ արգելակեց ավտոբուսը, բացեց իր խցիկի դուռը, վերցրեց 100 դրամը եւ… դրեց գրպանը: Այդքան ուղեւորների աչքեր իրեն էին նայում, թե ինչ է անում:

Առաջին օրերին կանգառի զանգն աշխատում էր, բայց վարորդն էլի գոռում էր՝ «իջնող կա՞», թեպետ իջնող ուղեւորները սեղմում էին զանգի կոճակը: Հետո այդ զանգ էլ չաշխատեց, եւ հիմա թիվ 11 ավոտբուսի վարորդները հանգիստ գոռում են՝ «իջնող կա՞»:

Այդ վարորդներին աշխատանքի ընդունելիս միայն վարորդական վկայականի կարգ պահանջելը սխալ է: Թող թեսթ էլ հանձնեն, արյուն էլ հանձնեն, տեսնենք այս մարդիկ ընդհանրապես քաղաքակրթության եւ ուղեւորների սպասարկման հետ որեւէ առնչություն կարո՞ղ են ունենալ: Ես վստահ եմ, որ նրանց արյան գենում ամրագրված է, որ չեն կարող քաղաքակիրթ սպասարկել:

Ասում են, որ մենք՝ հայերս հերթ կանգնել չենք կարողանում: Բայց մենք ի՞նչ ենք կարողանում անել: Ես մտածում եմ, որ մենք ոչինչ չենք կարողանում անել: Անգամ ամենալավ նախաձեռնությունները, ի վերջո, չեն աշխատում կամ տապալվում են: Անգամ ավտոբուսի սրահը վարորդն իր տնամերձն է համարում, մյուսը մայթը համարում է ոչ մեկի տարածք եւ յուրացնում է, անգամ ակնհայտ ապօրինությունները չենք կարողանում կանխել: Օրինակ՝ ավտոտեխսպասարկման կետերը Արշակունյաց պողոտայի երկայնքով զավթել են մայթերը, անցորդները փողոցի երկրորդ գիծ են հասնում՝ շրջանցելով այդ կետերում կանգնեցված եւ տեխսպասարկվող մեքենաները:

Ընտանիքում պետք է սովորեցնել ամենապարզ բաները, ասենք՝ մետրոյի գնացքից սկզբում իջնում են ուղեւորները, նոր են նստում մյուսները: Եթե պետք է որ ամեն մի վարորդի, տեխսպասարկման կետի, ապօրինի շինարարության, փողոցում նետած աղբի հետեւից գնա իշխանությունը, ապա նա դա պետք է անի: Մեր հանրությունն էլ պետք է սովորի վատամարդ չլինելու բնավորությունից հրաժարվել եւ հասարակական պարսավանքի ինստիտուտն աշխատեցնել:

Անկարեւոր մանրուքներ չկան: Այս մանրուքներից են ծնվում քաղաքակրթվածությունը եւ օրինականությունը:

 

Նարինե Մկրտչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: