Երկուշաբթի, Հոկտեմբերի 07, 2024

Ազատ ամբիոն

Դարձյալ կոռուպցիայի մասին

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Վիքիպեդիան տալիս է «Կոռուպցիա» բառեզրի ամբողջական բնութագրությունը, որը լատիներեն corrumpere-ի բառացի թարգմանությամբ նշանակում է «այլասերել», լատիներենով corruptio՝ կաշառում, ծախվածություն, փչացում, քայքայում, այլասերում:

Կոռուպցիայի խնդրի մասին գրվել է դեռ հին ժամանակներից: Կոռուպցիայի դեմ պայքարում են աշխարհի առաջատար երկրներում, որտեղ, թվում է, կոռուպցիա սկզբունքորեն չպետք է լինի: Բայց մենք մեր սեփական փորձով համոզվեցինք ԵԽԽՎ ներկայացուցիչների կոռումպացվածության մեջ, որի օգնությամբ Ադրբեջանն առաջ էր մղում (եւ հաջողությամբ շարունակում է այդ գործը) իր համար ձեռնտու բանաձեւեր: Զարգացած երկրները մշտապես պայքարում են կոռուպցիայի դեմ: Սա դրված է նրանց գաղափարախոսության առանցքում: Օրինակ` Միացյալ Նահանգներում ոստիկանների կամ անվտանգության աշխատակիցների մասին հետաքրքրաշարժ ֆիլմերի ճնշող մեծամասնությունը նվիրված է կոռուպցիայի դեմ եւ դրանում թաթախված գործընկերներին ջրի երես հանելու` ազնիվ ոստիկանների պայքարին: Ո՞րն է պատճառը: Իսկ պատճառն այն է, որ հետաքննության ընթացքում, երբ ոստիկանը դուրս է գալիս թմրաբարոնների դեմհանդիման, վերջիններս կարող են այնպիսի կաշառք առաջարկել, որին դժվար կլինի դիմակայել: Եթե ոստիկանը մեկ օրում կարող է ստանալ այնքան, որքան չէր վաստակի ոստիկանությունում աշխատանքի ամբողջ ընթացքում, ապա գայթակղությունը մնում է շատ մեծ: Բայց արվեստի ուժը նույնպես մեծ է, որն անընդհատ ներշնչում է մարդկանց, որ բարությունը, ազնվությունը եւ հայրենիքին նվիրվածությունը միշտ ամեն ինչից վեր են:

Հայաստանում մարդիկ շատ լավ գիտեին, որ երկրում կա կոռուպցիա, եւ դրա հիմքը իշխանության բուրգի վերեւում էր: Բայց այդ ժամանակվա նախագահ Սարգսյանը 2018-ի մարտի 19-ին, մասնավորապես, ասել է. «Կոռուպցիայի դեմ հետեւողական եւ անհանդուրժողական պայքարի գործընթացը երբեւէ հնարավոր կլինի հարյուր տոկոսով վերահսկել, եթե յուրաքանչյուր զինծառայող հոգու խորքում ունենա մի յուրատեսակ «տաբու»՝ բանակի ու պետության միջոցների յուրացումն աններելի է, դավաճանությանը հավասար հանցագործություն»: Նա ընդգծել է, որ «մեր զինվորների, կրտսեր սպայակազմի կողմից անվստահությունը ղեկավար կազմի եւ, ընդհանրապես, մեր բանակի ու պետության հանդեպ առաջին հերթին դրսեւորվում է հենց կոռուպցիոն երեւույթներով: Սա դարձել է չարիք: Չարիք` պետության համար, չարիք` բանակի համար»:

Արդյոք սա երեսպաշտություն չէ՞, երբ ամենաբարձր պաշտոնյան շատ լավ գիտի, թե ինչ է կատարվում բանակում, ինչպիսի խնդիրներ է բացահայտել Արցախում ապրիլյան պատերազմը եւ ինչ մակարդակի է իջել իր հավատարիմ զինակից Մանվել Գրիգորյանը: Գիտի, բայց շրջանցում է թեման: Ժողովուրդը վառ օրինակներով տեսնում է, թե հոգեբանական ինչպիսի վիճակի կարող է հասնել բարձրաստիճան սպան, որը հանուն անձնական բարեկեցության` բանակից գողանում է զենք, սարքավորումներ, տեխնիկա եւ, նույնիսկ, դպրոցականների նախաճաշից խնայված գումարով գնված սնունդ, որը պետք է ուղարկվեր սահմանապահ զինվորներին, ինչպես նաեւ առաջին անհրաժեշտության իրեր: Սա արդեն հոգեխանգարմունքի ախտորոշում է, որի պատճառն անպատժելիությունն է: Քիչ է` նա ինքն է դրանով զբաղվել պարբերաբար, դեռ մի բան էլ` կնոջն ու որդուն է ներքաշել այս ամենի մեջ: Ինչ է` երկրի նախագահը չգիտե՞ր ինչով են զբաղված իր հարազատ եղբայրները կամ, օրինակ, Պահպանության պետական ծառայության պետի առաջին տեղակալը, իր թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը, ում որդու հարսանիքին նա վերջերս զվարճանում էր:

Ամենավտանգավորն այն չէր, որ բոլորն ամբողջությամբ խրված էին կոռուպցիայի, պարզունակ գողության, ամենաթողության մեջ, եւ երկիրը ղեկավարում էր քրեաօլիգարխիկ վարչակարգը: Հիմնական վտանգն այն էր, որ պետության կենսագործունեության կոռուպցիոն կարգավորման գաղափարը մարդկանց գիտակցության մեջ վերջին քսան տարիների ընթացքում սերմանվում էր մանկութ՝ սկսած մանկապարտեզներից ու դպրոցներից եւ վերջացրած համալսարաններով: Պետությունը դրա համար փող չէր խնայում: Մանկապարտեզների, դպրոցների տնօրենները եւ բուհերի ռեկտորները պարտավոր էին լինել Հանրապետական կուսակցության անդամներ, ինչպես նախկին ԽՍՀՄ-ում էր ընդունված պարտադիր կոմունիստական կուսակցության անդամ լինելը: Արդյունքում ազնիվ, կենսունակ եւ ձեռներեց մարդիկ՝ լինեն գյուղացիներ, թե գիտության ու բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատող մտավորականություն, սկսեցին զանգվածաբար լքել երկիրը: Ամենատխուրն այն է, որ պատճառը ոչ այնքան գործազրկությունն էր, որքան այն գիտակցությունը, որ մեր պետությունից որեւէ դրական բան պետք չէ սպասել, եւ եթե մեկնում են Ռուսաստան, Եվրոպա կամ ԱՄՆ, մտածում են, որ սկզբում թեպետ շատ դժվար կլինի, բայց փոխարենը երեխաները կմեծանան այլ միջավայրում եւ, ստանալով կրթություն, կկարողանան գտնել արժանապատիվ աշխատանք ու կունանան կանխատեսելի ապագա: Զանգվածային գաղթը ավերեց երկիրը եւ հանգեցրեց այն ծայրահեղությանը, որից անդին պետության փլուզումն էր: Բայց մի՞թե Հանրապետական ​​կուսակցության անդամներն այդ մասին մտածում էին: Նրանց մտքում ժամանակին երկրից թռնելն էր եւ հարմարավետորեն Եվրոպայում, ԱՄՆ-ում ապրելը:

Թավշյա հեղափոխությունից հետո պատկերը կտրուկ փոխվեց: Ժողովուրդն իր աչքով է տեսնում կոռուպցիայի դեմ պայքարը եւ վստահ է, որ կառավարությունը կոռումպացված չէ: Հիմա մենք շատ բարդ փուլում ենք, քանի որ կոռուպցիան, որպես հիմքերի հիմք, ի սկզբանե պետության կառավարման գործում համակարգաստեղծ գործառույթ ուներ, եւ ամբողջ տնտեսությունը հենվում էր այդ կանխադրույթի վրա: Մենք բացառիկ հնարավորություն ունենք այս ամենը շտկելու, մարդկանց գիտակցության մեջ մտցնելու, որ կոռուպցիան պետության ուղղակի փլուզումն է: Այս խնդրում մեծ դերակատարություն ունի իշխանությունների աշխատանքի հրապարակայնությունը: Այս ամենից մաքրվելը շատ բարդ ու երկարատեւ գործընթաց է: Եվ միայն հաստատակամությունն ու անզիջողականությունը կարող են երկիրը ոտքի կանգնեցնել: Այս գործընթացի բարդության վառ օրինակը Ուկրաինան է: Այնտեղ «Եվրոմայդանը» նմանապես հետապնդում էր այս նպատակները, եւ մարդիկ հավատում էին, որ կոռուպցիան արմատախիլ կարվի: Բայց ամեն ինչ այնպես չեղավ: Տա Աստված, որ մեզանում նույնը չկրկնվի:

 

Կարապետ Կալենչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: