Օգոստոսի 16-17-ը Մոսկվայում տեղի ունեցան խորհրդատվություններ ՀԱՊԿ անդամ պետությունների համապատասխան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ` ռազմական բլոկում դիտորդի կարգավիճակի եւ ՀԱՊԿ գործընկերոջ իրավական կարգավիճակի մասին փաստաթղթերի փաթեթի մասին պայմանավորվածություն ձեռք բերելու համար:
Նույն օրը Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ալի Հուսեյնլին հայտարարեց, թե «նպատակահարմար կլիներ դիտարկել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի մասնակցության հարցը»: Իր հայտարարությունը նա հիմնավորեց նրանով, որ «եթե Ադրբեջանն անդամակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, ապա Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Ռուսաստանի համար կվերածվի այդ կազմակերպության երկու գործընկերների միջեւ հակամարտության, ինչը կնպաստի կարգավորմանն ուղղված նրա միջնորդական ջանքերի աշխուժացմանը: Բացի դրանից, այդ կազմակերպության անդամ են այնպիսի երկրներ, որոնք անվերապահորեն աջակցում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքին եւ պահանջում են վերադարձնել մեր հողերը»: Այսպիսով՝ իրավական հիմք է նախապատրաստվում «ՀԱՊԿ գործընկերոջ» համար: Ինչպես հարկ է հասկանալ, առաջին «գործընկեր» կարող է դառնալ Ադրբեջանը:
Համաձայն ՀԱՊԿ կանոնադրության 12-րդ հոդվածի՝ հարցերի շուրջ «Հավաքական անվտանգության խորհրդի, ԱԳՆԽ-ի (արտգործնախարարների խորհրդի), ՊՆԽ-ի (պաշտպանության նախարարների խորհրդի), ԱԽՔՀ-ի (անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի) որոշումները, բացի ընթացակարգայիններից, ընդունվում են կոնսենսուսով: Այս կետի համաձայն՝ Հայաստանը «վետոյի» իրավունք ունի ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության դեպքում: Իբրեւ դրա հաստատում՝ Հայաստանի ԱԳՆ-ը օգոստոսի 28-ին հայտարարեց, որ եթե դիտարկվի ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը, «Հայաստանը կօգտագործի «վետոյի» իր իրավունքը»: Սակայն որոշ փորձագետների կարծիքով՝ այս անհամաձայնության անհրաժեշտությունը կարող է եւ չլինել, եթե Ադրբեջանը դառնա ՀԱՊԿ դիտորդ կամ գործընկեր: Պաշտոնապես՝ եթե նույնիսկ Ադրբեջանը դառնա ՀԱՊԿ անդամ, այն կարող է հեշտությամբ շրջանցել 1992թ. մայիսի 15-ին Տաշքենդում ստորագրված՝ Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊ) 1-ին հոդվածը: Այս հոդվածը ձեւակերպված է հետեւյալ կերպ. «Մասնակից պետությունները հաստատում են միջպետական հարաբերություններում ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից ձեռնպահ մնալու հանձնառությունը եւ պարտավորվում են իրենց ու մյուս պետությունների միջեւ առկա բոլոր անհամաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով»:
ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցությունը մի կողմից սահմանափակում է Նախիջեւանից Հայաստան ներխուժելու նրա հնարավորությունները, մյուս կողմից՝ Արցախի դեմ զինված հակամարտության դեպքում ոչ մի պարտավորություն չունի Հայաստանի եւ ՀԱՊԿ այլ անդամ պետությունների հանդեպ, քանի որ ՀԱՊԿ բոլոր անդամները՝ այդ թվում Հայաստանը, ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Տնտեսական առումով Ադրբեջանը շահում է, քանի որ կկարողանա Ռուսաստանից եւ Բելառուսից զենք գնել ներքին, շատ ավելի ցածր գներով, քան այժմ: Ի դեպ, ըստ ադրբեջանական աղբյուրների, անկախության տարիներին Ադրբեջանն ու Բելառուսը իրականացրել են ավելի քան կես միլիարդ դոլարի գործարքներ: Ճիշտ է՝ ադրբեջանական աղբյուրները չեն գրում, թե արդյո՞ք այս գումարի մեջ ներառված է Ադրբեջանի կողմից վերջերս ձեռք բերված «Պոլոնեզ» համազարկային կրակի հրթիռային համակարգը:
«Կրակի վրա յուղ լցրեցին» նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի (ով ժամանակին այս պաշտոնում նշանակվել էր ռոտացիոն սկզբունքով) ձերբակալության եւ հետագա ազատման հետ կապված իրադարձությունները: Ի վերջո, մինչ այդ էլ ոչ բոլոր երկրներն էին տոչորված նրա թեկնածությունը հաստատելու ցանկությունից: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահը օգոստոսի 23-ին Սոչիում Պուտինի հետ հանդիպումից հետո: «Մենք ժամանակին առաջարկել ենք այլ թեկնածուների (խոսքը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության մասին է): Այդ ժամանակ մեզ չլսեցին: Այսօր եկանք նրան, որ բոլորն ընդունում են. Լուկաշենկոն ճիշտ էր, այս թեման քննարկելով»:
Ի՞նչ կունենանք մենք արդյունքում: Եթե նախքան ՀԱՊԿ կառույցներում Ադրբեջանի ընդունումը, Հայաստանը, փաստորեն, այդ դաշինքի «խորթ զավակն» էր, քանի որ ե՛ւ Բելառուսը, ե՛ւ Ղազախստանը Հայաստանի վերաբերյալ որեւէ որոշում կայացնելուց առաջ խորհրդակցում էին Ադրբեջանի հետ, ապա դրանից հետո նույնիսկ դա չի լինի: ՀԱՊԿ մնացած անդամները` Ադրբեջանի գլխավորությամբ, էլ ավելի կուժեղացնեն Արցախի հարցում քաղաքական ճնշումը Հայաստանի վրա:
Արցախի սահմանին հրադադարի մասին որոշումն ինչպես չէր պահպանվում, այդպես էլ չի պահպանվելու: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ՀԱՊԿ-ին միանալուց հետո այդ երկիրն ավելի կամրապնդի իր դիրքերը՝ հաշվի առնելով այն փաստը, որ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի եւ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների կիրառումն ավելի է խթանել այդ երկրների դիրքորոշումների մերձեցումը: Հետեւաբար, Հայաստանը ՀԱՊԿ-ի ամենաթույլ օղակն է: Հանուն արդարության, պետք է նշել, որ ՆԱՏՕ-ի դաշինքում եւս կա նմանօրինակ խնդիր Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ, որը, սակայն, չի ազդում դաշինքի ընդհանուր ռազմավարության վրա: Մեր պարագան մի փոքր այլ է: Արդյո՞ք ՀԱՊԿ-ը համապատասխանում է մեր երկրի ազգային շահերին: Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ, առանց ՀԱՊԿ-ի էլ, կան գործակցության եւ անվտանգության վերաբերյալ մի շարք համաձայնագրեր: Պե՞տք են մեզ ՀԱՊԿ-ի լրացուցիչ սահմանափակումները: Լուրջ հարց է, եւ մեր արտաքին քաղաքական գերատեսչության համար աշխատանքի լայն ճակատ է բացված:
Կարապետ Կալենչյան