Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2024

Ազատ ամբիոն

Երբ աշխարհից մեկուսացած Արցախը կուլ էր գնում (մաս 2)

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

(Սկիզբը՝ նախորդ համարում)

24-ժամյա պատերազմ: Մարտակերտում դպրոցի ապաստարանից մեր բազմաբնակարան շենքի նկուղ տեղափոխվեցինք:

Կապերն անջատված են, չեմ կարողանում մինչեւ երկինք հասնող իմ բարձրակոչ խոսքերը շարել, բայց ձեռքի պայուսակիս մեջ գտնում եմ անդորրագրեր, որ պետական տուրք եմ մուծել լույսի, ջրի, հեռախոսի համար: Ու ալեկոծված հոգիս հանդարտեցնելու համար լապտերի աղոտ լույսի տակ այդ թղթերին եմ հանձնում վրդովմունքս, որ փոքր-ինչ թեթեւացնեմ զայրույթս, երբ ներսումս կուտակված հրաբուխը ուր որ է` պիտի ժայթքի:

Ժամեր տեւող հրթիռակոծության տարափի տակ արտասվող մայրեր, կծկված կանայք` երեխաներին գրկած… Անորոշություն, թե ինչ է լինելու մեզ հետ: Նկուղի ցեմենտե հատակի այս կամ այն անկյունում փոքրիկ երեխաներ, որոնց մայրերը հոգ են տանում  քնեցնելու կամ նրանց սովածությունը հաղթահարելու… Իրար խառնված բնակիչներ, որ փորձում են տուն մտնել, գոնե փաստաթղթեր վերցնել, անհրաժեշտ իրեր:

Մեքենան, որով դուրս եկանք, վարում էր դպրոցական թոռնիկս: Աչքիս նա րոպեներով աճեց, ժամերով մեծացավ, երբ հայրը դիրքերում էր: Շտապ հոր մեքենայի ղեկը ձեռքն առավ… Ընտանիքով էինք, խնամի-բարեկամներով: Հարազատ մարդիկ, որոնց ուղեկցությամբ ու առաջարկ-խորհուրդներով նա մեքենայով հետեւեց մեծերին, եւ շուտով Մարտակերտից դուրս եկանք: Բայց դեպի ո՞ւր, մենք էլ չգիտեինք: Սկզբում շրջանի գյուղերից մեկը նկատի ունեցանք, բայց շուտով փոխվեց ուղին դեպի Ստեփանակերտ:

Տանկը, որ կրակահերթ էր բացել, կողքով անցանք: Կրակում էր տանկիստ զինվորը անտառ մտած թշնամիների ուղղությամբ: Շուտով շրջանի վերեւի գյուղեր տանող անտառամիջյան ճանապարհը թշնամին վերցրեց իր վերահսկողության տակ:

Զանազան լուրերն աղավաղել էին մեր մտքերը, որ մռայլ էին, գուժաբեր` տղաները զոհվել են, վիրավորներ ունենք, նրանք շրջափակման մեջ են, գյուղեր կան, դատարկվել են… Ու խցանված ճանապարհներ, դատարկված գյուղերի բնակիչներ` կոտրված, ջարդված, ճղակոտոր, որ տունուտեղ թողած` չգիտեին ուր գնալ… Ու զոհերի, անհայտ կորածների, վիրավորների անուններ են ավելանում: Եվ գյուղեր, որոնց վրա թշնամու դրոշն է ծածանվում: Անջատված հեռախոսները ձեռքներիս` կապի միջոցներից կտրված:

Արցախը կուլ էր գնում` աշխարհից մեկուսացած, բայց չար աշխարհի հայացքի ներքո… Անհնար էր արցախցիներիս հոգու կսկիծն արտահայտել, երբ մեզանից յուրաքանչյուրը յուրովի ուներ վշտի իր բաժինը՝ անսահման, անեզր, տարածական, խորապես ծանր ու աներեւակայելի կսկծացնող:

Ստեփանակերտում էլ լույս չկար… Ի՞նչ անել, դեպի ո՞ւր գնալ, երբ ճանապարհները` թե՛ դեպի Մարտակերտ, թե՛ Հայաստան, փակված  են: Եվ ահա մայրաքաղաքում հյուրընկալ ընտանիք, որ իր հարկի տակ բոլորիս պատսպարեց:

Բարձր ճնշումս արգելակում է միտքս, ու չգիտեմ՝ մեր ողբերգության ո՛ր ծայրը շոշափել, երբ ամեն տեղ ցավոտ է, բաց վերքերով, որոնք երբեւէ չեն սպիանա: Սիրտ էր պայթում անզորությունից, երբ չգիտեինք, թե դեպի ուր նայել, երբ դարերով անցած նստակյաց արցախցիները քոչվոր էին դառնում: Սպասում էինք, երբ խավարով էին պատված մեր մտածումները, երբ մեզ հասած լուրերը գուժում էին անասելին՝ մահասարսուռ, սարսափազդու…

Նորացվում էր զոհերի թիվը, նորացվում էին անուններ, ու չէինք ուզում հավատալ, որ երիտասարդ կյանքերի զոհաբերությամբ պիտի «լուծվեր» Արցախի հարցը դեպի անկում:

Մենք ծնկի եկած չէինք, մեզ շամփրեցին, նետեցին գետնին` ոտնատակ տալով, մեզ ծեփեցին պատին, որ ուշքի չգանք: Թե մարդկային ուղեղն այս անչափելի տառապանքը որքա՜ն կարող էր իր մեջ տեղավորել, չգիտեմ, բայց թվում էր` մտածելու կարողությունից զրկված` թուղթ ու գրիչ էի փնտրում, որ շարած տողերով հույզերս թեթեւացնեմ:

 (Շարունակելի)

 

Նատաշա Պողոսյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: