Շաբաթ, Դեկտեմբերի 07, 2024

Ազատ ամբիոն

Այս խելացնոր երթեւեկությունը…

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հայաստանի եւ մայրաքաղաք Երեւանի ավտոճանապարհային իրավիճակն օրըստօրե ավելի ու ավելի ահասարսուռ է դառնում. ամեն օր աշխատանքի գնացող-վերադարձող յուրաքանչյուր երրորդ քաղաքացի օրն առնվազն մեկ անգամ ականատես է լինում ավտովթարի: Վայրագ ավտովարումը, մոտոցիկլավարների խելացնոր ընթացքը, չնախատեսված վայրով փողոցը հատող հետիոտները դարձել են ամենատարբեր կարգի, այդ թվում եւ՝ մահվան ելքով ավտովթարների պատճառ: Այս ամենին եթե ավելացնենք ավտոմեքենաներից դղրդացող գերբարձր երաժշտությունը անգամ գիշերային ժամերին, ապա կարող է թվալ, թե երթեւեկում են ոչ թե 3000-ամյա քաղաքակրթություն ունեցող ազգի ներկայացուցիչներ, այլ վայրենաբարո մի ցեղախումբ:

Թե՛ որպես վարորդ, թե՛ որպես հետիոտն՝ մեր հանրության մի հատվածը ոչ միայն պարզապես օրինախախտ է, արտոնյալ, անպատիժ, այլեւ հենց վայրենաբարո վարք է դրսեւորում՝ վտանգելով յուրաքանչյուրիս կյանքը: Այս խելացնոր երթեւեկությունը դեռ որքա՞ն է շարունակվելու, անգամ, եթե ամեն վարորդի գլխին մի պարեկ կարգենք կամ ամեն խաչմերուկում տեսախցիկ տեղադրենք, իրավիճակը չի փոխվի. մարդկանց մի մասը օրինախախտ է, մյուսը՝ օրինախախտներին արդարացնող, եւ միայն քաղաքակիրթ հատվածն է, որ կրակն է ընկել այդ երկու հատվածների ձեռքը:

Մեքենա վարելիս կողքիդ հայտնվում են ցնորամիտ վարորդներ, աջից վազանց անողներ, խաչմերուկում վազանց կամ հետընթաց անողներ, քո պահած ողջամիտ հեռավորության մեջ համառորեն խցկվել փորձողներ, րոպեն մեկ, առանց թարթիչը միացնելու երթեւեկության գոտի փոխողներ. ո՞ր մեկն ասես, ո՞րը թողնես: Մարդ են, բոլորն էլ կարող են խախտում անել, բայց պերմանենտ խախտում անողները, վթարային իրավիճակ ստեղծողները ոնց են այդպես անդարդ ապրում: Դա խելագար մարդու անդարդություն է կամ տգետի ու անդաստիարակի զոռբայություն:

Մեկ շաբաթ առաջ Վարշավայում հետեւում էի երթեւեկությանը՝ բնակավայրերում եւ բնակավայրերից դուրս՝ արագընթաց ճանապարհներին: Որեւէ վարորդ երթեւեկության գոտի չէր փոխում, վազանց չէր անում՝ այն էլ եվրոպական բարեկարգ, սահուն, երանավետ ճանապարհներին: Լուսացույցի կարմիր լույսի տակ որեւէ հետիոտն փողոցը չէր անցնում:

Երկու օր առաջ վերադարձա Երեւան եւ սկսվեց. մեր տան մոտ՝ Արշակունյաց 278 փողոցի խաչմերուկում, կրկնակի հոծ գիծը հատելով, հետընթաց կամ շրջադարձ են կատարում, մանավանդ որ տեսախցիկ էլ չկա: Վերջերս, բարեբախտաբար, լուսացույց տեղադրեցին, ինչի համար ես նամակով դիմել էի ոստիկանություն: Կամ՝ նույն հասցեում գտնվող  «Կառավելլ» ռեստորանը, երբ միջոցառում է ունենում, մեքենաները երեք շարքով երթեւեկելի փողոցում այնպես են կայանում, որ փողոց մտնելը ոչ միայն անվտանգ չէ, այլեւ անհնարին է, եւ դու սեփական ավտոտնակիդ անգամ չես կարողանում մոտենալ:

Չգիտեմ, թե այս իրավիճակից ելքը ո՞րն է. տուգանքների չափերը եռապատկե՞լը, բոլոր արտոնյալ վարորդներին խստորեն վերահսկե՞լը, տեսախցիկների թիվն ավելացնե՞լը, դպրոցներում երթեւեկության կանոններն ուսուցանե՞լը, թույլատրելի արագությունը մի քանի անգամ գերազանցողներին եւ բարձր երաժշտություն միացնողներին վարորդական իրավունքից զրկե՞լը, քաղաքային տրանսպորտի վիճակը կտրուկ բարելավե՞լը, որպեսզի մեքենաների թիվը նվազի, օրինախախտ հետիոտներին տուգանե՞լը: Գուցե՝ բոլորը միասին:

Եթե մենք շարունակենք անտեսել մեր ճանապարհներին տեղի ունեցող վայրենությունը, ապա, իրոք, այդ վայրենաբարո վարք ցուցաբերողները մեզ 3000-ամյա քաղաքակրթությունից կշպրտեն դեպի վայրենաբարո ցեղախմբային վարքուբարք: Իվերջո, վարքուբարքն է ազգ ձեւավորում կամ փոխակերպում ազգերին:

Հայաստանի եւ մայրաքաղաք Երեւանի ավտոճանապարհային այս խելագար ընթացքը պետք է կագնեցնել օր առաջ՝ ամենախիստ միջոցներով:

 

Նարինե Մկրտչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: