Շաբաթ, Դեկտեմբերի 07, 2024

Ազատ ամբիոն

Ինչո՞ւ անպաշտպան էր մնացել Արցախի երկինքը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Մոսկովյան բազմահմուտ մի հեռուստալրագրող 44-օրյա պատերազմի վերջին օրերին Արցախից ռեպորտաժ էր հաղորդել իր խմբագրությանը։ Զարմանք ու հիացմունք արտահայտելով հայ զինվորի խիզախության մասին, լրագրողը հայտնում էր, որ Արցախի Պաշտպանության բանակն ակնառու հաջողությունների կլիներ հասած, եթե Ադրբեջանի անօդաչու թռչող սարքերն ինտենսիվ կրակի տակ չպահեին մեր զորամասերի դիրքերը։

Պարզվում է՝ հայկական կողմը երկինքը կամավոր զիջել էր թշնամուն եւ դրանով իսկ հենց սկզբից կասկածի տակ դրել մեր հաջողությունն ու հաղթանակը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ամեն օր Կանադայից 7-8 ինքնաթիռ էին ուղարկում Լոնդոն, որպեսզի Անգլիայի երկինքը չմնա անպաշտպան։ Ի դեպ՝ ինքնաթիռ տեղափոխողներից մեկն էլ մեր հայրենակից, հետագայում հայտնի միլիարդատեր Քըրք Քըրքորյանն էր։

Պատերազմների պատմությունը ցույց է տալիս, որ, իբրեւ կանոն, հաղթում է նա, ով գերիշխում է օդում։ Այսքանից հետո ուզում եմ հարցնել Հայաստանի զինված ուժերի ղեկավարությանը, Արցախի հանրապետության այն ժամանակվա նախագահին ու ՀՀ վարչապետին՝ դուք չգիտեի՞ք, որ Ադրբեջանը գնում է մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ, դուք չգիտեի՞ք, որ  դրանք համատարած բարձրանալու են օդ եւ ռմբահարելու են մեր զորքին, ռմբահարելու են զինամթերքի պահեստներն ու խաղաղ բնակչությանը։ Աստված գիտի, թե ինչքան թանկ զոհեր ենք տվել այդ անպաշտպանվածության հետեւանքով։

Բանակի պարոնայք պատասխանատուներ, ի՞նչ հակամիջոց էիք նախատեսել ԱԹՍ-ների դեմ։ Ինչո՞ւ Հայաստանն ու Արցախը նույնպես չունեին բավարար քանակությամբ այդ զինատեսակից։ Թե՞ այդ սուղ միջոցները մսխվում էին եւ հիմա էլ մսխվում են պարգեւավճարների վրա։ Ո՞ւմ եւ ի՞նչ ծառայությունների համար են այդ միջոցները քամուն տրվում, երբ դրանք միմիայն պետք է նպատակաուղղվեին հատկապես անօդաչու թռչող սարքեր ձեռքբերմանը։

Հասկանալի է, որ Հայաստանը  չէր կարող, բայց Արցախը կարող էր դրանք ուղարկել ընդհուպ մինչեւ Բաքու, ավերել նավթարդյունաբերության եւ ռազմատեխնիկական արդյունաբերության խոշոր ձեռնարկությունները՝ սարսափի մեջ պահելով պատերազմի հրձիգ Ալիեւին ու  նրա զինակիցներին։ Գուցե հենց դա էլ ստիպեր Ալիեւին՝ խնդրելու զինադադար։ Կարգին երկրում կարգին ղեկավարությունը չի տառապում հավկուրությամբ, չի կատարում այդպիսի ծանր սխալ։

Մեր զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաները խստագույնս պատասխանատու են այսպիսի աններելի վրիպումների համար: Միգուցե ոմանք պնդեն, թե այս դիտարկումը ժամանակավրեպ է եւ այլն, այդպես չէ: Նման արարքները մեծ ողբերգությունների են հանգեցրել, մարդկային կյանքեր են արժեցել, ուստիեւ անժամանցելի են:

 

Պատրիկ Արտեմի
գրող, հրապարակախոս

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: