Իր կառավարման 5-րդ տարին Նիկոլ Փաշինյանը մուտք գործեց նույնօրինակ ստերի ու մանիպուլյատիվ շահարկումների այն բեռով, որով եկել էր իշխանության՝ «մերժելով Սերժին» եւ որով արդեն ավելի քան չորսուկես տարի «կերակրում» է բազմաչարչար հայ ժողովրդին: Իհարկե՝ այնժամ ոչ ոք չգիտեր, որ խոստացվող փքուն հավաստիացումների ու ծիրանագույն հույսերի հետեւում համատարած ամայություն է: Բավական տեւական ժամանակ պահանջվեց, որպեսզի ազգը հասկանա ու համոզվի, որ գործ ունի սովորական խաբեբայի հետ, ով հատուկ ուղարկվել է՝ քանդելու մեծ զոհողությունների գնով ստեղծված հայկական երկու պետությունները: Ազգը հասկացավ, բայց արդեն բանը բանից անցել էր:
Նյութի մեծածավալությամբ պայմանավորված՝ նպատակահարմար համարեցինք սույն հրապարակման թեման ներկայացնել առանձին-առանձին երկու մասով՝ առաջինի համար որպես «ատաղձ» օգտագործելով Փաշինյանի Ամանորյա ուղերձը, իսկ երկրորդի համար՝ վերջինիս ելույթը ՀՀ կառավարության անցած տարվա դեկտեմբերի 29-ի նիստում: Առաջին մասը, ինչպես տեսնում եք, «Հայացքի» այս տարվա առաջին թողարկման մեջ է, երկրորդն էլ, բնականաբար, կզետեղվի հաջորդիվ:
Մաս առաջին
Եվ այսպես՝ «սիրելի» ժողովրդին ու նույնչափ «սիրելի» հայրենակիցներին ուղղված տարեմուտի իր խոսքում ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը յուրահատուկ նախաբան էր ընտրել՝ ուշադրություն հրավիրելով Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի եւ Հովհաննես Թումանյանի հանրային գործունեության վրա: Հայ գրական մեծերի վկայաբերումը, թերեւս, ինքնանպատակ չէ. իր նշանավոր ստեղծագործության առաջաբանում Չարենցը «Երկիր Նաիրին» ցավով բնութագրում է որպես «միրաժ, միֆ եւ ուղեղային մորմոք»: Նաիրիի փոխարեն, ըստ Չարենցի, այժմ կա Հայաստան կոչվող մի երկիր, որը 1917-ից առաջ ոչ այլ ինչ էր, եթե ոչ Ռուսական կայսրության մի հետամնաց ծայրամաս:
Եվ 29.800 քառակուսի կմ տարածքում պարփակված այսպիսի Հայաստանի երազանքն է Փաշինյանը 2023-ի նախաշեմին փոխանցում մեզ՝ հղում անելով Չարենցի «Երկիր Նաիրի»-ին: Թումանյանից էլ նա, հավանաբար, մտովին հիշատակում է անցած դարասկզբին, երբ մոտավորապես այսօրվա ծանր իրավիճակն էր, Մեծն լոռեցու դառնագին մտահոգությունը, թե այդպես էլ ժողովուրդ չդարձանք, «խալխ» մնացինք: Ամանորյա ուղերձի հեղինակի խոսքով՝ Չարենցի եւ Թումանյանի թերընթեցված ու թերընկալված լինելն է հատկապես մեզ հանգեցրել «ազգային եւ պետական շահի մեր պատկերացման ձեւախեղման»:
Լավ, իսկ ո՞րն է ազգային ու պետական շահի ճշմարիտ պատկերացումը: Փաշինյանն այդ հարցի պատասխանն ունի՝ սիրել հայրենիքը ըստ Չարենցի եւ ըստ Թումանյանի: Նրա ուղերձում ասվում է, որ մեր պայքարը անկախ, ինքնիշխան, բարեկեցիկ եւ ապահով պետություն ունենալու համար է՝ «կոնկրետ պետություն»: Ահա եւ ձեւակերպումը. «Մենք բիբլիական ելքի մեջ ենք եւ քայլում ենք անապատի միջով՝ Երկիր Նաիրիից մղվելով դեպի 29.800 քառակուսի կմ շատ կոնկրետ ձեւ ու չափ ունեցող Հայաստանի Հանրապետություն»: Այսինքն՝ նրա երազանքն այնպիսի մի պետության մասին է, որը 2018-ից առաջ գրեթե ունեինք: Եվս որոշակի ջանքերի գործադրում, ողջամիտ կառավարում, եւ այն կդառնար իրապես ինքնիշխան, բարեկեցիկ ու ապահով: Ցավոք՝ չարվեց:
«Իրականում տեղի է ունեցել շատ լուրջ բան,- Փաշինյանի Ամանորյա ուղերձը գնահատել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը,- պաշտոնական Երեւանը անոնսել է գալիք աղետը։ Իսկ «Երկիր Նաիրին, բիբլիական ելքը, անապատի միջով քայլելը» սեփական կառավարման օրոք պատմական աղետներին լիրիկական տեսք տալու պարզունակ փորձեր են»: Շատ ավելի անմխիթարական եզրակացության է հանգում փորձագետը՝ դիտարկելով այն «պաշարը», որով մենք փակում ենք տարին եւ մտնում 2023 թվական։ Այդ «պաշարն» այլ կերպ չես կոչի, քան պետականության սուր ճգնաժամ, որի մի ելքը, ըստ Հովհաննիսյանի, պատմական ողբերգությունն է, մյուսը՝ հրաշքով պետություն պահելը։
Բերենք «պաշարի» ամբողջական ցանկը. 1/ խեղդամահ արվող Արցախ, 2/ պատերազմ Ջերմուկի մատույցներում, 3/ թշնամու կողմից ութ նոր գյուղի պահանջ, 4/ հրաժարում ՀԱՊԿ-ի ռազմատեխնիկական օգնությունից, 5/ հրաժարում ՀԱՊԿ-ի մշտադիտարկման առաքելությունից, 6/ ՌԴ-ի հետ հարաբերությունների ծայրահեղ սրում, 7/ մոլորված, շփոթված հասարակություն, 8/ բացարձակ սպառված ընդդիմադիր ձեւաչափեր (ներառյալ՝ նախընտրական ԱԺ դաշինքները եւ նախկին նախագահների ձեւաչափը), 9/ գործող վարչապետի հայտարարությունը՝ խիստ հավանական նոր ռազմական սադրանքների մասին։
Ողբերգության եւ հրաշքի միջեւ ընտրությունը, փորձագետի կարծիքով, լինելու է այս տարի։ Ուստիեւ 2023-ը ինչ-որ իմաստով բոլորիս համար դառնալու է նոր կենսական միջավայր։ Այդպիսի միջավայրերը, ըստ նրա, ծնում են իրենց հերոսներին ու իրենց արժեքները։ «Նոր դժվար պայմաններում կտեսնենք նաեւ, թե ինչպես շատերն անսպասելիորեն կլռեն, կհամակերպվեն, կգնան գործարքների, ոմանք՝ կհանգրվանեն ապահով ու անվտանգ երկրներում՝ վայելելով այս երկրից տարածը»,- կանխատեսում է Հովհաննիսյանը։
Ուղերձում Արցախին եւ Բերձորի միջանցքի շրջափակմանը մի ժլատ հատված է նվիրված: Մեր հրապարակումներում քանիցս արձանագրել ենք, որ շրջափակման նպատակներից, թերեւս, ամենագլխավորը Արցախի հայաթափումն է, հայկական հնամենի երկրամասն Ադրբեջանի կազմում ներառելը, ինչի օգտին Փաշինյանը բացեիբաց արտահայտվել է ոչ մեկ անգամ: Ուղերձում նա անհամեմատ սիրալիր է դեկտեմբերի 12-ից ազերիական աքցանի մեջ օղակված Արցախի ու արցախցիների նկատմամբ, որոնց ուզում է «ամուր գրկել»: Չի ասում սատարել կամ ինչ-որ կերպ աջակցել, այլ պարզապես ամուր գրկել՝ ինչպես հրաժեշտի ժամանակ: Տպավորությունն էլ հենց այդպիսին է՝ հրաժեշտի գրկախառնություն:
Փաշինյանը ոչ մի բառ հենց այնպես չի ասում, ոչ մի դրվագ հենց այնպես չի նկարագրում: Նրա խոսքը կոդավորված է, ուղղակի պետք է կարողանալ վերծանել, թե որտեղից են սկսվում պոպուլիզմն ու կեղծիքը եւ որտեղ ավարտվում սուտն ու մանիպուլյացիան: Այդ հատկանիշներն ավելի վառ են արտահայտված առանձնապես տնտեսության, բանակի, կադրային համակարգի թեմաններն արծարծելիս եւ, առհասարակ, բարեփոխումների մասին խորհրդածելիս: Հայտնիներից մեկն ասել է. «հաճելի է լսել սուտը, երբ գիտես ճշմարտությունը»: Սա, թերեւս, ասված է անմեղ ստերի մասին, Փաշինյանի դեպքում գործ ունենք լկտի ստերի հետ, որոնք լսելը չի կարող հաճելի լինել, եթե չասենք՝ հակառակը:
Այդ լույսի տակ էլ մեր դիտարկումները կսկսենք տնտեսական «երկնիշ աճի» վերաբերյալ նրա պնդումներից: Երկնիշ աճն ինքնանպատակ չէ. այն անառարկելիորեն ենթադրում է ժողովրդի կենսամակարդակի բարձրացում, ինչի մասին խոսք չի կարող լինել մի երկրում, որտեղ մեկ տարվա կտրվածքով հացը թանկացել է 120 դրամով (30%), միսը՝ 1500 դրամով (80%), կարտոֆիլը՝ 100 դրամով (30%) եւ այլն: Ընդհանուր առմամբ՝ 2022թ. գնաճը մեզանում կազմում էր շուրջ 25%, եւ միայն բենզինի ու դիզվառելիքի գները «սանձելու» կամ, ավելի ճիշտ, գերշահույթները զսպելու շնորհիվ գնաճի միջինացված ցուցանիշն իջավ մինչեւ 15%-ի, թեեւ դա էլ բավական բարձր թիվ է: Համեմատության համար նկատենք, որ միջինով հաշված Եվրոպայում գնաճը 10% է, ԱՄՆ-ում՝ 7%, ՌԴ-ում` 8-12% եւ այլն:
Անցած 2022 թվականին, որը, Փաշինյանի մատուցմամբ, «բացառիկ ձեռքբերումների տարի» էր, անկում են ապրել գյուղատնտեսությունը՝ 8%-ով, արդյունաբերությունը՝ 14%-ով, իսկ արտաքին առեւտրաշրջանառությունը՝ 40%-ով: Եվ սա այն դեպքում, երբ Ռուսաստանը՝ պատժամիջոցներով պայմանավորված, իր արտաքին առեւտրի 80%-ը՝ ե՛ւ ներմուծումը, ե՛ւ արտահանումը, իրականացնում է Հայաստանի միջոցով, ինչը զգալի դրական հետագիծ է թողնում մեր առեւտրաշրջանառության ընդհանուր ցուցանիշի վրա: Իսկ ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը՝ չպետք է անտեսել, որ այդ ճյուղի 8% տոկոս անկումը ոչ միայն առաջին անհրաժեշտության գյուղմթերքի մեծաքանակ կորուստ է նշանակում, այլեւ՝ պարենային անվտանգության ռիսկի մեծացում:
Անդրադառնանք բանակին՝ բնականաբար հնարավորինս զուսպ: Բայց նախ՝ մի մեջբերում Փաշինյանից. «Առանցքային նշանակություն ունեն այն խորը եւ համապարփակ բարեփոխումները, որոնք մեկնարկել են բանակում: Գրագետ, հայրենասեր, ժամանակակից պահանջներին ու պայմաններին համապատասխանող պրոֆեսիոնալ զինվորի եւ սպայի վրա հիմնված բանակի ձեւավորումն է մեկնարկել, որը պիտի զուգորդվի աշխատավարձերի առնվազն կրկնապատկումով, զինվորականների եւ նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների համակարգով, նոր սպառազինությամբ ու տեխնիկայով»:
Հետաքրքիր է՝ այս մեջբերման հեղինակին չի՞ թվում, որ ՀՀ զինված ուժերում «խորը եւ համապարփակ բարեփոխումները», արդի պահանջների ոգով բանակի ձեւավորումը պետք է ոչ թե նոր մեկնարկեին, այլ առնվազն երկու տարի առաջ: Հայտնի՞ է արդյոք այդ անձին, թե պատերազմից հետո անցած 26 ամսվա ընթացքում որքան նորագույն զենք-զինամթերք ու ռազմատեխնիկա է ձեռք բերել հաղթած թշնամին, մարտական ինչպիսի պատրաստության է հասցրել իր բանակը, քանի-քանի զինավարժանքներ է անցկացրել թուրքական եւ զինակից այլ բանակների հետ համատեղ: Արդյո՞ք ավելի օրինաչափ չէր լինի, եթե կարճ ժամկետում իր բանակը նման պատրաստականության վիճակի բերեր պարտված, տարածքներ կորցրած կողմը: Շա՛տ ցավալի է:
Բայց Փաշինյանի Նորտարյա ուղերձի ամենաուշագրավ պահը եզրափակիչ դրվագն էր, որտեղ նա թվարկում է չեղած կամ մասամբ եղած այն հաջողությունները, որոնք 2022-ին ձեռք են բերվել պետական բյուջեի հարկային եկամուտների «աննախադեպ աճի» շնորհիվ: Դրանք ավելի քան 500 կմ նորոգված ճանապարհներ են, տիեզերք արձակված արբանյակ, ուսուցիչների աշխատավարձերի կրկնապատկման եւ կենսաթոշակների բարձրացման խոստումներ, պետպատվերով մատուցվող առողջապահական ծառայությունների ընդլայնում, մայրաքաղաքի համար ներմուծվող նոր ավտոբուսներ ու տրոլեյբուսներ եւ այլն, եւ այլն: Թվարկելուց հետո ինքնիրեն հարցնում է. «Ինչո՞ւ ենք անում այս ամենը»:
Պատասխանը ցնցող է. «Որովհետեւ սիրում եմ բոլորիդ, սիրում եմ մեր երկիրը, մեր պետությունը, իսկ որտեղ սխալվում ու սայթաքում եմ, որտեղ ձախողվում եմ՝ գուցե չափազանցված, գուցե խելամտությունը ստվերող սիրո պատճառով է»: Պարզվում է՝ այս մարդը մեր հանդեպ ունեցած «չափազանցված» սիրո պատճառով երկիրը քաոսի վերածեց, մի ողջ պայծառ սերնդի մատնեց մահվան ու հաշմության: Չլինի՞ ազգովին դիմենք, հորդորենք, խնդրենք ու աղերսենք այս մարդուն՝ թող այլեւս մեզ չսիրի, թող գնա մի քիչ էլ թուրքերին ու ադրբեջանցիներին սիրի, եւ այդ սերը կլինի անարատ, կլինի փոխադարձ: Գնա՛, հեր օրհնյալ, սերդ վերցրու գնա՛, մենք քո սիրո կարիքը չունենք…
Գեւորգ Բրուտենց