Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Վերլուծական

Ինչ է ուզում իշխանությունը դատաիրավական համակարգից

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Չգիտես ինչու՝ ունենալով հետպատերազմական բազում խնդիրներ, որոնք անհապաղ լուծում են պահանջում, Կառավարությունը բարեփոխումների ցուցանակի ներքո օրակարգ է բերում դատական համակարգի թեման: Անշուշտ, իշխանության այդ ճյուղն ունի բարեփոխումների կարիք, ինչի մասին վաղուց էր խոսվում՝ դեռեւս 2018-2019 թվականներից, երբ «թավշյա» իշխանափոխությունից հետո հրատապ էր համարվում դատավորների վեթինգի եւ, ընդհանրապես, անցումային արդարադատության փորձի արմատավորումը մեր դատաիրավական պրակտիկայում: Սակայն արտառոցն այն է, որ թեման հենց հիմա սկսեց վերաշրջանառվել, երբ դատարանների աշխատանքում տեսանելի են որոշակի դրական փոփոխություններ, արդար, անկախ դատաքննություն իրականացնելու ազդակներ: Ըստ էության, վերջին շրջանում դատարանների կողմից ընդդիմության ներկայացուցիչների կալանավորման մի շարք միջնորդությունների մերժումն այնքան էլ իշխանության սրտով չէ:

Երեւում է՝ վեթինգի, անցումային արդարադատության, դատավորի բարեվարքության մասին պարբերաբար բարձրագոչ դատողություններ հնչեցնող իշխանություններին, անկողմնակալ ու անաչառ վճիռներ կայացնող դատավորներ պետք չեն: «Դատական համակարգը պսեւդոէլիտայի մաս է»,- վերջերս դժգոհել էր Նիկոլ Փաշինյանը` այս անգամ էլ քաղաքական ընտրախավը բաժանելով երկու մասի՝ էլիտայի ու պսեւդոէլիտայի: Իսկ արդարադատության նախարարը դատավորներին մեղադրում էր «ոչ պրոֆեսիոնալ եւ ոչ օբյեկտիվ» արդարադատություն իրականացնելու համար:

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ով Սահմանադրությամբ դատավորների անկախության երաշխավորն է, անընդունելի է համարում նման գնահատականները: Նրա համոզմամբ՝ արդարադատության նախարարն ունի բոլոր լծակները դատավարական խախտումների դեպքում հարուցելու կարգապահական վարույթներ, իսկ ավելի լուրջ խնդիրների դեպքում՝ քրեական հետապնդում դատախազության կամ Հատուկ քննչական ծառայության միջոցով։ Քանի որ չկա դատավորների նկատմամբ հարուցված վարույթի կամ քրեական հետապնդման գոնե մեկ դեպք, չարաշահումների մասին խոսելը, ըստ ԲԴԽ նախագահի, անհիմն է:

Վարդազարյանը իշխանական գործիչների թիրախում հայտնվեց այն բանից հետո, երբ վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիրների խափանման միջոցի հարցի քննության նախօրեին՝ նոյեմբերի 15-ին, Նիկոլ Փաշինյանի հայտնի բառամթերքի ոճով դիմել էր դատավորներին, թե եկել է պահը տալու «ամոթալի հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»։ Մամուլում եւ սոցցանցերում հրապարակումներ եղան, թե «վնգստացող դատավորների» մասին արտահայտությունից հետո Ռուբեն Վարդազարյանի ու իշխանության հարաբերությունները լարվել են։ Իրականում իշխանություններին դուր չէր եկել ԲԴԽ նախագահի՝ իր գործընկերներին ուղղված կոչը, որում ասվում էր.  «Ձեր առաքելությունը կատարելիս առաջնորդվել բացառապես Սահմանադրությամբ եւ օրենքներով, արդարադատությունը իրականացնել դատական իշխանության հեղինակության մասին մտահոգությամբ՝ հավատարիմ ժողովրդին տված երդմանը եւ զերծ՝ բոլոր տեսակի քաղաքական ճնշումներից ու ազդեցություններից»:

Որքան էլ առաջարկն օրենքով ներկայացվող պահանջ է՝ իշխանությունը խանդով է վերաբերվում այդօրինակ տեքստերին՝ դրանք դիտարկելով որպես ինքնուրույն, իր վերահսկողությունից դուրս գործելու կոչ: Իր ուղերձում համակարգի բարձրաստիճան պաշտոնյան խոստանում էր կոշտ դիմադրություն ցույց տալ ու քննության առարկա դարձնել «թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, թե՛ քաղաքական եւ թե՛ քաղաքացիական հասարակության որեւէ օղակից դատարանների ու դատավորների գործունեությանը միջամտելու եւ ներգործելու ցանկացած փորձ»: Հետաքրքիր զուգադիպությամբ ԲԴԽ նախագահի հայտարարությունից քիչ անց ձերբակալությունից ազատ էին արձակվել ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը եւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, որոնք մեղադրվում էին իշխանության յուրացումը եւ վարչապետի սպանությունը նախապատրաստելու մեջ: Ի դեպ, լրագրողների հետ զրույցում ԲԴԽ նախագահը չէր թաքցրել, որ Արթուր Վանեցյանն իր վաղեմի ընկերներից է։

Ակնհայտ էր, որ հանցակազմի բացակայության հիմքով ընդդիմադիր ակտիվիստներին ազատ արձակելու դեպքերը ծանր են տանում ոչ միայն իշխանությունները, այլ նաեւ մերձիշխանական «բոմոնդը»: ԱԺ որեւէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր գործիչների նկատմամբ որպես խափանման միջոց՝ կալանք չկիրառելու միջոցներին, հայտարարել է, որ դատական համակարգն աջակցում է նոր «Հոկտեմբերի 27»-ի պետական ահաբեկչությանը։ Պատգամավորը համարում է, որ ոլորտն այլեւս հնարավոր չէ առողջացնել վեթինգով, եւ պահանջվում է լյուստրացիա։ ԲԴԽ անդամի երկու թափուր տեղերից մեկին հավակնող Գագիկ Ջհանգիրյանն էլ, որոշ աղբյուրների համաձայն, իշխանությանը խոստացել է դատական համակարգը «բուռը հավաքել»: Խոսակցություններ են պտտվում, թե նախկին զինդատախազին իշխանությունը պատրաստում է անհնազանդ ու հանդուգն Վարդազարյանի պաշտոնի համար: Հիշեցնենք, որ Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ անդամի՝ իշխանական «Իմ քայլը» խմբակցության թեկնածուն է:

Այժմ փորձենք հասկանալ, թե ով էր Ջհանգիրյանը «հեղափոխությունից առաջ»: Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում նա պետական մի շարք պատասխանատու պաշտոններ էր զբաղեցնում դատաիրավական համակարգում՝ արդարադատության փոխնախարար, զինդատախազ, գլխավոր դատախազի տեղակալ եւ այլն: Հանրությունը՝ գլխավորապես իրավապաշտպան շրջանակները, գոհ չեն նրա աշխատանքից եւ պնդում են, որ Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնավարման տարիներին հանցագործություններ են կոծկվել։ Դրանցից մեկը, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հիշատակմամբ, Մատաղիսի աղմկահարույց գործն է, որի քննությունը կատարվել էր Ջհանգիրյանի՝ զինդատախազ եղած տարիներին։ Ծառայակիցների սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված երեք զինծառայողները տարիներ անց արդարացվել էին։ Այդ գործով կա նույնիսկ Եվրադատարանի վճիռը ընդդեմ Հայաստանի։ «Էլի կան անմեղ դատապարտյալներ, որոնք նրա առաջադրած մեղադրանքով դեռ մնում են բանտերում»,- «Ազատությանն» ասել է Ալեքսանյանը։

2008-ի նախագահական ընտրություններից հետո «փողոցային» ընդդիմությանը միացած Ջհանգիրյանն ազատվեց աշխատանքից, «Մարտի 1»-ի գործով դատապարտվեց երեք տարվա ազատազրկման, իսկ 10 տարի անց՝ արդեն «թավշյա» իշխանության օրոք, վճռաբեկ դատարանի որոշմամբ արդարացվեց:

Նիկոլ Փաշինյանը միշտ մարտիմեկյան դեպքերի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել: Մերթ ժամանակից առաջ անցնելով՝ հայտարարում է, թե «Մարտի 1»-ը բացահայտվա՛ծ է, մերթ արդարացնում է այդ գործով դատապարտվածին եւ այլն: Ներքին պարտավորվածությո՞ւն անվանել դա, թե՞ մեղքի զգացողություն, դժվար է ասել, բայց մի բան հաստատ է՝ 2008-ի այդ իրադարձությունը վարչապետի աթոռը զբաղեցնող անձի համար զգայուն թեմա է: Նախանցյալ տարի նա «Մարտի 1»-ի ներքաղաքական բախումների հետեւանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին 30-ական միլիոն դրամ էր փոխհատուցել, ընդունել զոհվածների հարազատներին, զրուցել: Մինչդեռ «ձեռքը չգնաց» միանվագ աջակցություն ցուցաբերել նաեւ ու, առավելապես, Ապրիլյան քառօրյայում զոհված զինծառայողների ընտանիքներին, որոնց հարազատները օրեր շարունակ բողոքի գործողություններ էին անցկացնում Կառավարության շենքի մոտ: Ինչեւէ:

Շարունակելով դատաիրավական բարեփոխումների գործընթացը, իշխանությունը հունվարի կեսերից ձեռնամուխ է եղել Հակակոռուպցիոն դատարանի, ինչպես նաեւ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի ստեղծմանը, որոնց անհրաժեշտությունը պայմանավորում է համակարգի նկատմամբ առկա հանրային անվստահությամբ: Ըստ էության, առաջներում եւս դատարաններն առանձնապես չէին վայելում հանրության վստահությունը, որը 2018 թվականի մայիսյան իշխանափոխությունից հետո այդպես էլ չվերականգնվեց: Այդ գործում բացասական դեր խաղաց դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու՝ Նիկոլ Փաշինյանի 2019թ. մայիսի 19-ի նախաձեռնությունը, որին արձագանքել էին «ժողովրդի վարչապետի» մեծ թվով աջակիցներ եւ հաջորդ օրը վաղ առավոտյան զանգվածաբար կաթվածահար արել դատարանների մեկ օրվա գործունեությունը: «Այսօրվա ակցիան ծառայեց իր նպատակին, Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու գործընթացը սկսված է եւ այլեւս՝ անշրջելի»,- իրենով հիացած՝ հայտարարել էր Փաշինյանը: Պակաս հիացմունք չէր այդ օրն ապրում նաեւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ վստահեցնելով, որ «շուտով լուրջ ձեռքբերումներ կունենանք այդ ուղղությամբ»: Եվ ցայսօր հանրությունը սպասում է այդ «լուրջ ձեռքբերումներին»:

Հատկանշական է, որ «Արգելափակում» գործողությունից երկու օր առաջ՝ մայիսի 18-ին, Երեւանի ընդհանուր իրավասության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշել էր փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ ազատ արձակելով նրան Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի ու գործող նախագահ Բակո Սահակյանի անձնական երաշխավորության դիմաց: Թերեւս դատավորի այդ որոշումն էր հունից հանել Փաշինյանին, որի կոչով հաջորդ օրը փակել էին դատարանների մուտքերը, իսկ ժամանակ անց նրա հրահանգով ՀՔԾ աշխատակիցները մեկ այլ քրգործի շրջանակում խուզարկել էին դատավորի աշխատասենյակը եւ կնիքել։ Աշխատասենյակից ապօրինաբար առգրավվել էին տարբեր իրեր ու թղթապանակներ, սակայն դատական քաշքշուկներից հետո չի հաջողվել դատավոր Գրիգորյանի վրա «գործ կպցնել»:

Այդպիսով՝ դատական ոլորտի նկատմամբ հանրային վստահությունը, բնականաբար, չվերականգնվեց, եւ այժմ իշխանությունների հույսը Հակակոռուպցիոն երկաստիճան մասնագիտացված դատարաններ են եւ ժողովրդի հարգանքը չվայելող Ջհանգիրյանի միջոցով ԲԴԽ-ն «իրենցով անելը»: Հակակոռուպցիոն դատարանն ունենալու է 25 դատավոր, որոնցից 20-ը կքննեն կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, իսկ 5-ը՝ պետության գույքային եւ ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով ու ապօրինի գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն էլ կունենա 10 դատավոր: Կգործեն այդ դատարանների դատավորների նշանակման լուրջ սահմանափակումներ եւ նրանց ներկայացվող ավելի խիստ պահանջներ: Այսպես՝ դատավոր չի կարող նշանակվել վերջին 5 տարում կարգապահական պատասխանատվության ենթարկված անձը: Հակակոռուպցիոն դատավորները կանցնեն բարեվարքության ստուգում եւ բանավոր քննություն, նրանց աշխատավարձերը, ի տարբերություն մյուսների, ավելի բարձր են լինելու:

Բացի մասնագիտացված դատարաններից, կառավարությունը նախատեսում է ստեղծել նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե, որի իրավասությունը լինելու է ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթի իրականացումը: Կոմիտեի ստեղծմամբ՝ ԱԱԾ-ում, ՀՔԾ-ում, ՔԿ-ում եւ ՊԵԿ-ում պետք է կրճատվեն կոռուպցիոն հանցագործություններ քննող հաստիքները եւ փոխանցվեն նոր ստեղծվելիք մարմնին: Այս դեպքում եւս քննիչներն ավելի բարձր են վճարվելու, քան իրավապահ կառույցների իրենց գործընկերները: «Լուսավոր Հայաստան»-ից Տարոն Սիմոնյանի խոսքով՝ բոլոր մարմիններից քննիչներին մեկ կառույցում միավորելով՝ գործադիր իշխանության վերահսկողության լծակները կմեծանան: ԶԼՄ-ներում՝ իբրեւ Հակակոռուպցիոն կոմիտեի հավանական ղեկավար, շրջանառվում է Քննչական կոմիտեի փոխնախագահ Արգիշտի Քյարամյանի անունը: 29-ամյա այս երիտասարդը վերջին երկու տարում Փաշինյանի թեթեւ ձեռքով դատաիրավական համակարգում արդեն 5-րդ պաշտոնն է փոխում:

Լավ, կուզենայինք հասկանալ՝ ի՞նչ են, ի վերջո, ցանկանում մեր իշխանությունները դատաիրավական չարչրկված համակարգից: Դատարաններն արգելափակելու օրը այս հարցին պատասխանել էր ինքը՝ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով. «Մեր ուզածը ոչ թե մի նոր խամաճիկային դատական համակարգ ունենալն է, այլ իրապես անկախ, իրապես օբյեկտիվ, իրապես իրավունքի գերակայության վրա հիմնված դատական համակարգ»: Կյանքը ցույց տվեց, որ վարչապետի աթոռը զբաղեցրած անձը խոստովանության մեջ առնվազն անկեղծ չէր:

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: