Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Վերլուծական

Պատերազմը նորի՞ց է բախում է մեր դուռը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Կանխատեսումները, թե 2021-ին Հարավային Կովկասը կվերածվի մեծ պատերազմի թատերաբեմի, որը չի շրջանցի նաեւ 44-օրյա մարտական գործողություններում հյուծված ու պարտված Հայաստանին, կարծես թե, իրականանալու նշաններ են ցույց տալիս: Շատ փորձագետների կարծիքով՝ փետրվարի 1-12-ը Կարսում նախատեսված «Ձմեռ 2021» համատեղ զորավարժությունները, որոնց Թուրքիան եւ Ադրբեջանը պատրաստվել են ամենայն փութկոտությամբ, հնարավոր է, դառնան այն կայծը, որից տարածաշրջանում կարող է հրդեհ բռնկվել: «Մեր տարածագոտում շրջում է մեծ պատերազմի ուրվականը, սակայն, թե որ երկրները կլինեն թիրախները՝առայժմ պարզ չէ»,- օրերս լրագրողների հետ զրույցում ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա խոսքով՝ Սյունիքում հաղորդակցությունների ապաշրջափակման գործողությունների իմաստը հենց այդ տեսանկյունից պետք է դիտարկել, այլ ոչ թե տնտեսական:

«Զորավարժությունների նպատակն է համատեղ գործողությունների ժամանակ ապահովել համագործակցությունն ու համակարգումը»,- ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ին հայտնել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը՝ հավելելով, որ զորավարժություններում կներգրավվեն հատուկջոկատայիններ, դիպուկահար թիմեր, տանկային վաշտեր, ուղղաթիռներ: Փորձագետների ուշադրությունից, ըստ պարբերականի, չի վրիպել, որ մարտավարական օդադեսանտային զորքերի իջեցումը, որը պետք է մշակվի առաջիկա զորավարժությունների ընթացքում, ռազմական գործողությունների համեմատաբար նոր տարր է: Թուրքիան եւ Ադրբեջանը այն 2020-ի Արցախյան պատերազմում չէին օգտագործել: «ՆԳ»-ի տվյալներով՝ Կարսում տեղակայված է Թուրքիայի զինված ուժերի 9-րդ բանակային կորպուսի 14-րդ մեքենայացված բրիգադը: Ակներեւ է, որ Կարսն այնքան էլ խաղաղասիրաբար չէ տրամադրված:

Ճակատագրի հեգնանքն է, որ հայ ժողովրդին այսօր սպառնացող վտանգը գալիս է երբեմնի հայախոս ու հայաշունչ Կարսից, որը ժամանակին հայ ազգային-ազատագրական պայքարի հնոցն էր: Կարսի եւ Հայաստանի հետ սահմանի միջեւ հեռավորությունն ընդամենը 80 կմ է: Դատելով զորավարժությունների տեխնակական տվյալներից, դիտորդների մեծամասնությունն այն կարծիքին է, որ Կարսի շրջանում տեղի ունեցող գործողությունները հարձակվողական բնույթի են, իսկ թիրախում՝ Ռուսաստանն ու Հայաստանը։ Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ Թուրքիան իր արեւելյան սահմանին նմանատիպ տեխնիկական բնութագրով զորավարժություններ անցկացնելու պրակտիկա երբեք չի ունեցել։ Թուրքիան, նրա խոսքով, Ռուսաստանին հասկացնում է, որ չի հրաժարվում տարածաշրջանում իր ազդեցության շրջանակներն ընդլայնելու մտադրություններից։

Հետազոտող-վերլուծաբանները երկու կարեւոր յուրահատկություն են մատնանշում, որոնք աներկբա փաստում են թուրք-ադրբեջանական կամ, ինչպես թուրքական մամուլն է բնորոշում, թուրք-նախիջեւանյան զորավարժությունների ագրեսիվ կերպը: Դրանք են՝ մեծ թվով ուժերի ներգրավվածությունը եւ վարժանքների հարձակվողական ուղղվածությունը: Հարձակվողական պատերազմ մղելու համար նախատեսված զինատեսակների մեծաքանակությունը, ըստ արեւելագետ, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանի, նշանակում է, որ զորավարժությունները մաս են կազմում այն ծրագրերի, որ ունեն Թուրքիան եւ Ադրբեջանը: Այլ կերպ ասած՝ թուրք-ադրբեջանական տանդեմը հարձակվողական պատերազմ է նախապատրաստում ընդդեմ Հայաստանի: «Իհարկե, այդ զորավարժությունները չեն վերաճի այնպիսի պատերազմի, որին ականատես եղանք անցած աշնան 44 օրերին: Դրանք ավելի շուտ մեր երկրի ազգաբնակչության վրա հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ ունեն»,- ասել է արեւելագետ-թուրքագետը:

Ամեն դեպքում Հայաստանի սահմանների մոտ Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմական ակտիվությունը խիստ տագնապահարույց է: Երբեմն զորավարժություններից մինչեւ պատերազմ մեկ քայլ է բաժանում: Հայաստանն այդ նախադեպն արդեն ունի՝ անցած տարվա օգոստոսին Նախիջեւանում թուրք-ադրբեջանական դաշինքի խոշորածավալ զորավարժանքները, ինչպես հայտնի է, սեպտեմբերի 27-ին շուռ եկան նույնքան խոշորածավալ ռազմական ագրեսիայի՝ ընդդեմ Արցախի: Պատերազմի արդյունքում Արցախը կորցրեց տարածքի գրեթե 75 տոկոսը, տվեց 5-7 հազար զոհ, թշնամուն անցան բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, նյութական եւ հոգեւոր արժեքներ, մեկուկես հարյուրից ավելի բնակավայրեր, ռազմավարական նշանակություն ունեցող դիրքեր ու ճանապարհներ: Սակայն Ադրբեջանն ավելին է ուզում:

Իլհամ Ալիեւը, կարծես թե, գոհ չէ իրեն բաժին հասած «ռազմական ավարից»: Նա բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղյան պատերազմի արդյունքներով «ներկայիս աշխարհաքաղաքական վիճակն իրեն ձեռնտու չէ»: Հատկանշական են Ալիեւի խոսքերը, թե «Սյունիքը, Սեւանն ու Երեւանը Ադրբեջանի պատմական հողերն են»: Իսկ դեկտեմբերի 10-ին Բաքվում ռազմական շքերթի ժամանակ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիեւը խոսեցին Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների մասին եւ պնդեցին. «Եթե ԼՂ հարցով պայմանավորվածությունները խախտվեն, մենք կարող ենք անհապաղ անցում կատարել հակամարտության՝ ռազմական տարբերակով կարգավորմանը»: Էրդողանն անգամ տեղին համարեց հիշատակել Էնվեր փաշայի «սուրբ բանակի փառքը»՝ հայտարարելով, որ իր «դաշնակիցը չպետք է սահմանափակվի միայն Լեռնային Ղարաբաղով»:

«Դաշնակիցը», ինչպես երեւում է, սահմանափակվողներից չէ. նրա ախորժակն ուտելիս է բացվում: Բերենք այդ մասին վկայող տվյալներ: Անցած դեկտեմբերի 26-ին Ադրբեջանի անվտանգության խորհրդի նիստում, որտեղ քննարկվում էր այդ երկրի պետական ռազմավարության ծրագիրը, ադրբեջանցի պաշտոնյաները՝ մասնավորապես Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ադրբեջանական ինստիտուտի տնօրեն Ահմադ Շանդովը, Ադրբեջանի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ֆարհադ Մամեդովը արդեն խոսում էին ոչ միայն Հայաստանի դեմ նոր պատերազմի անխուսափելիության մասին: Օրակարգի քննարկումը գեներացվում էր ՀՀ տարածքի հաշվին բուֆերային եւ 20-30 կիլոմետրանոց անվտանգության գոտիներ ստեղծելու, Հայաստանին ու հայությանը քարոզչական-տեղեկատվական ահաբեկչության ենթարկելու, երկրի ջրային պաշարներին տիրանալու իրենց ծրագրերի շուրջ: Պապերից մեզ հասած խոսք կա՝ թուրքի աչքը միշտ հայի ինչքի վրա է:

Եվ ի՞նչ… պատերազմը նորի՞ց է բախում մեր դուռը: Լրահոսը դարձյալ վատ լուրեր է բերում: 2021 թվականի միայն առաջին երկու շաբաթվա ընթացքում Թուրքիայից Ադրբեջան է մեկնել ռազմատրանսպորտային ավելի քան 40 ինքնաթիռ։ Թե ինչ է տեղափոխվել՝ մնում է առեղծված. թուրքական սոցցանցերում տեղեկություններ են հայտնվել Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմահենակետերի բացման մասին։ Այդ լուրերը պաշտոնապես չեն հաստատվել, սակայն «դե ֆակտո» հայտնի է, որ ադրբեջանական օդանավակայաններում դեռեւս անցած տարվանից թուրքական F-16 կործանիչներ են եղել: Բաքվի որոշ աղբյուրներ չեն բացառում Արցախը Նախիջեւանին միացնելու նպատակով Հայաստանի հարավային հատվածի եւ Իրանի հետ նրա սահմանի օկուպացման հնարավորությունը: Իրանն ավելի վաղ Բաքվին եւ Անկարային քաղաքական տարբեր խողովակներով զգուշացրել էր Սյունիքի վրա հարձակման հետեւանքների մասին: «Իրանը պատրաստ է Սյունիքի վրա հարձակման դեպքում Ադրբեջանը ջնջել աշխարհի քարտեզից»,- գրում էին իրանական որոշ ԶԼՄ-ներ:

Տարածաշրջանի աշխարհաքաղաքական նոր դասավորության մեջ, որն Արցախյան պատերազմի հետեւանք է, Իրանը, բնականաբար, իր տեղի ու դերի որոնումների մեջ է: Նա չի ուզում ետ մնալ Թուրքիայից եւ փորձում է դառնալ աշխարհաքաղաքական առումով տարածաշրջանում նոր ստատուս-քվոյի ձեւավորման գործընթացի ակտիվ մասնակից: Պատահական չէ, որ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հունվարի 25-ից տարածաշրջանային այցերով մեկեց Բաքու, Մոսկվա, Թբիլիսի, Երեւան եւ վերջում՝ Անկարա: Բանակցությունների ընթացում քննարկվել են տարածաշրջանում տնտեսական համագործակցության հեռանկարը, ղարաբաղյան խնդիրը եւ Իրանի համագործակցությունը տարածաշրջանի վեց երկրների ձեւաչափով ստեղծվելիք պլատֆորմի շրջանակներում: Բաքվում Զարիֆն անդրադարձել է պատերազմից հետո ադրբեջանական կողմի հսկողության տակ հայտնված տարածքների տնտեսական վերականգնման աշխատանքներին իրանական ընկերությունների մասնակցության հնարավորությանը:

Տարածաշրջանում մեղվանոցային եռուզեռ է: Զորավարժություններ, նախագծեր, դաշնակիցների փնտրտուքներ, վերադասավորումներ, դիվանագիտական ճշգրտումներ եւ այլն: Գծագրվում է Հարավային Կովկասի նոր ճարտարապետությունը: Լավ, իսկ մե՞նք ինչ ենք անում այս իրարանցման մեջ «ոտքի տակ» չընկնելու համար: Մինչ Բաքուն եւ Անկարան Կարսում լայնածավալ զորավարժություններ են անցկացնում, ձեռքի հետ էլ միջազգային հարթակներում զբաղվում ընդդեմ Հայաստանի բազմամիլիարդանոց դատական հայցեր պատրաստելու գործով, մենք մեր տներում նստած՝ հույսեր ենք փայփայում, որ ԱՄՆ-ում նոր վարչակարգի հաստատումը կարող է տարածաշրջանում Թուրքիային զսպող գործոն լինել:

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: