Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Վերլուծական

Իշխանության ցավող ատամը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հունվարի 28-ին Հայաստանում նշվում էր Բանակի օրը՝ մեր պանծալի Զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձը։ Մինչեւ 1992թ. հունվար ամիսը Արցախյան ճակատում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային դիմակայում էին շուրջ 80 կամավորական ջոկատներ՝ միաժամանակ պաշտպանելով երկրի սահմանները։ Հայոց բանակի ստեղծման ու կայացման փուլերը զուգահեռվում են ՀՀ անկախ պետականության ձեւավորման եւ ամրապնդման հետ։ Հետանկախական շրջանում հայկական զինուժն արժանապատվորեն էր իրականացնում Հայաստանի եւ Արցախի անվտանգության երաշխավորի իր բարձր առաքելությունը:

Ընդամենը երեսունմեկ տարում երեք պատերազմի բովով անցած Հայոց բանակն այսօր էլ, շատ փորձագետների համոզմամբ, Հայաստանի ամենակայացած պետական կառույցն է, իսկ այն փորձությունները, որոնց միջով վերջին չորս տարում եւ, մասնավորապես, 44-օրյա պատերազմի ընթացքում վիճակված էր անցնել, ապիկար ու ազգուրաց իշխանությունների անհեռատեսության, թուլամորթության, փորձի ու արհեստավարժության պակասի կամ, հնարավոր է, դիտավորության հետեւանք են: Բայց ինչ էլ որ լինի՝ իշխանափոխության դեպքում (անշուշտ, ազգային կարող ուժերի՝ իշխանության բերելու պայմանով) Զինված ուժերի երբեմնի մարտունակությունը կարելի է շատ արագ վերականգնել:

Բանակի տարեգրության ամենադժվար, բայցեւ հերոսական էջերը 1992-1994 թվականներն էին: Դա մի ժամանակահատված էր, երբ հայկական զույգ հանրապետությունները Ադրբեջանի դեմ փաստացի չհայտարարված պատերազմի մեջ էին, որի կրակներում էլ թրծվելով՝ բանակը կարողացավ ոչ միայն պաշտպանել ու ազատագրել պատմական հայրենիքի զգալի մասը, այլեւ թշնամուն պարտադրեց զինադադար հայցել, ինչը երեք կողմերի՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Արցախի ներկայացուցիչների մասնակցությամբ ստորագրվեց 1994-ի մայիսին՝ Բիշքեկում, եւ մի քանի օր անց՝ մայիսի 12-ին, ուժի մեջ մտավ։

Բայց հակառակորդը նենգ է ու չարակամ: Հետբիշքեկյան բոլոր տարիներին սահմանին կրակը չէր դադարում: Ադրբեջանը գրեթե ամենօրյա հաճախականությամբ խախտում էր հրադադարի պայմանակարգը, ժամանակ առ ժամանակ ձեռնարկում դիվերսիոն փորձեր: Այդ շարքում առանձնանում են 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողությունները, որոնք առավելապես հայտնի են Քառօրյա պատերազմ անունով։ Ապրիլի 1-4-ը Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային դիմակայելու եւ ոսոխին ետ շպրտելու գործն ամբողջությամբ իրականացրեց Հայոց բանակը՝ առանց ՀԱՊԿ-ին կամ որեւէ այլ տեղ դիմելու։ Հակառակն՝ իրե՛ն դիմեցին, եւ դիմողը ՌԴ նախագահն էր. նա Իլհամ Ալիեւի խնդրանքով, որի վիճակը գնալով բարդանում էր, միջնորդեց կանգնեցնել հակահարձակումն ու խաղաղ դաշն կնքել:

Հայկական բնակավայրերի պաշտպանության այդ հերոսական օրերին արագորեն կազմավորված ու ճակատ մեկնած կամավորական ջոկատները նույնիսկ չէին հասցրել մասնակցել Քառօրյայի ռազմական գործողություններին, բայց դարձան համազգային համախմբմամբ Բանակի կողքին կանգնելու ամենատպավորիչ վկայությունը։ Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակից հետո հայ զինվորն ու կամավորը նույն հերոսական սխրանքները գործեցին նաեւ 2016-ի ապրիլին, կարծես թե, վերջակետ դնելով Ադրբեջանի կառավարիչների անհագ ախորժակին: Բայց խարդախ ու չարաչք հարեւանը չէր հանդարտվում եւ, ակնհայտորեն, նոր հարձակման բարեպատեհ առիթներ էր մտմտում:

Առիթը ներկայացավ 2018-ի իշխանափոխությունից որոշ ժամանակ անց, երբ օրերից մի օր նկատելի դարձավ, որ սահմանի այն կողմում պատերազմի նախապատրաստություններ են գնում՝ զենքի ու մարդկանց կուտակումներ, «պիկապների», ծանր տեխնիկայի տեղաշարժեր եւ այլն: Տեսնողը տեսնում ու բարձրաձայնում էր: Չէին տեսնում միայն իշխանությունները: Կամ չտեսնելու էին տալիս: Ամեն դեպքում որեւէ հակաքայլ չէր արվում՝ կասեցնելու 2020թ. սեպտեմբերի 27-ի աղետը: Եվ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ ու հիմնիվեր փոխեց տասնյակ հազարավոր մարդկանց ճակատագրերն ու կյանքի հունը: Պարտվողը, սակայն, Բանակը չէր եւ զինվորը չէր:

Բանակին ու զինվորին պարտության տանողը Զինված ուժերի գլուխ անցած եւ Գերագույն գլխավոր հրամանատար հռչակված անուս, ռազմական գործից ու բանակից մղոններով հեռու մեկն էր: Զինվորն անպաշտպան վիճակում հայտնվել էր մինչեւ ատամները զինված թշնամու «բայրաքթարների» հրո հեղեղի տակ: Ադրբեջանի մասով պատերազմական գործողությունները Նախիջեւանի օպերատիվ շտաբից համակարգում էր ՆԱՏՕ-ական չափանիշները լավ յուրացրած թուրք գեներալը: Թուրքիան ոչ միայն ինքն էր ամեն ինչով օժանդակում «կրտսեր եղբորը», այլեւ հազարավոր սիրիացի ահաբեկիչներ ու վարձկաններ էր ներգրավել Արցախի դեմ պատերազմում:

Սակայն հակառակորդի՝ անգամ այդպիսի առավելության առկայության իրադրությունում հայ զինծառայողներն ու հազարավոր սպաներ անօրինակ սխրանքներ գործեցին ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանի զինված ագրեսիան ետ մղելու ժամանակ՝ կյանքի գնով պաշտպանելով հայրենիքի սահմանները:

Գալով Բանակի ստեղծման 31-ամյակի առթիվ անցկացված միջոցառումներին, պետք է ցավով նկատել, որ այդ կարեւորագույն կառույցի հանդեպ իշխանությունների անտարբեր, կրավորական վերաբերմունքը չի փոխվել: Տոնական հանդիսություններն այդ առումով յուրատեսակ «լակմուսի թուղթ» են, որոնք երբեմն անտեսանելի շատ իրողություններ են հանում ջրի երես: Մամուլի ուշադրությունից չէին վրիպել հունվարի 28-ին առավոտյան ժամը 6-ից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծավալված իրադարձությունները: Նիկոլ Փաշինյանի ժամանմանն ընդառաջ ոստիկանական աննախադեպ թվով ուժեր էին կենտրոնացվել, այդ թվում՝ ծեծուջարդ տալու պատրաստ սեւ եւ կարմիր բերետավորներ, ամբողջ տարածքը վերցրված էր խստագույն վերահսկողության տակ՝ հանկարծ մեր անգին վարչապետի գլխից մի մազ չպակասի:

Այդ վերահսկողական-կարգապահական ռեժիմի 5 տոկոսը լիներ բանակում՝ տեղի չէր ունենա հունվարի 19-ի հրեշավոր միջադեպը, որը խաղաղ պայմաններում 15 զինվորի կյանք խլեց: Վառվռուն, կենսախինդ երիտասարդ մարդիկ, որոնք հայրենիքի սահմանն են պահում՝ ի տարբերություն սեւ եւ կարմիր բերետավոր «ջարդարարների»:

Քիչ անց պանթեոնում պիտի մեկնարկեր Բանակի օրվան նվիրված կիսատ-պռատ միջոցառումը, բայց լրագրողների համար մուտքը փակ է՝ տարածքում չի թույլատրվում լրատվամիջոցներին աշխատել: Պարզ էր, թե ում հրահանգով է խաթարվել ԶԼՄ-ների աշխատանքը՝ վերջիններիս նախկին գործընկերոջ: Դեռ լավ է, որ զոհված զինծառայողների ծնողների մուտքը չէին արգելափակել: Նրանք եկել, լուռ կանգնել էին որդիների շիրիմների մոտ, որպեսզի թույլ չտան պաշտոնյաներին՝ մոտենալ իրենց զավակների գերեզմաններին: Հոգեցունց, աղեմորմոք ու ամոթալի տեսարաններ, ինչի գլխավոր պատասխանատուն եւ մեղավորը օրվա իշխանությունն է, այդ իշխանակարգի թիվ մեկ դեմքը:

Բանակը, ինչպես որ Արցախը, այս իշխանության ցավոտ ատամն է միշտ եղել: Չսիրեցին, եւ վերջ: Թե՛ մեկին, թե՛ մյուսին: Գալու օրվանից: Ճիշտ այն օրվանից, երբ բեմականացվեց «Պահածո» գործողությունը՝ ընդդեմ լուսահոգի գեներալ Մանվել Գրիգորյանի: Երկրորդ «արարը» Յուրի Խաչատուրովի ետկանչն էր ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից, ինչն ապշեցուցիչ անհեթեթություն էր: Եվ շղթան շարունակվեց մինչեւ բարեփոխումների բարեհունչ անվան տակ բանակի լիակատար կազմաքանդում՝ բարձրագույն զինվորական անձնակազմի անընդհատ փոփոխությունների միջոցով: Ով չգիտի, որ Փաշինյանի ցանկացած գործողություն բխում է իր իշխանությունը պահելու տրամաբանությունից: Այլ մոտիվացիա՝ չիք:

Կարճ տեղեկանք՝ որպես ի գիտություն. 4 տարվա մեջ պաշտպանության 4 նախարար է փոխվել: 2018-ի իշխանափոխությունից հետո Պնախարար էր նշանակվել Դավիթ Տոնոյանը, ազատվել է 2020թ. պատերազմից հետո՝ նոյեմբերի 20-ին: Այժմ կալանավորված է եւ մեղադրվում է ռազմամթերքի մատակարարման չարաշահման, առանձնապես խոշոր չափերի հափշտակության, կեղծիքների, հանրորեն վտանգավոր արարքների կատարման մեջ: Դժվար է հավատալ, որ Պնախարարն այդքան «ղալաթներ» կաներ առանց Գերագույն գլխավոր հրամանատարի իմացության՝ դա ուղղակի բացառվում է, բայց կալանավորվել է միայն Տոնոյանը:

Հետո Պնախարար նշանակվեց Վաղարշակ Հարությունյանը, որի պաշտոնավարման օրոք ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժեց ադրբեջանական զորքը՝ Սյունիք եւ Գեղարքունիք: Մեղավորը որեւէ պատիժ չկրեց, ավելին՝ պաշտոնից ազատվելուց հետո նշանակվեց ՌԴ-ում ՀՀ-ի դեսպան: 2021թ. օգոստոսից Պնախարարի պաշտոնը զբաղեցնում էր Արշակ Կարապետյանը, որը պաշտոնավարեց հազիվ 3 ամիս: Լուրեր էին պտտվում, որ պաշտոնից հեռացվել է Արցախ այցելելու համար՝ Ալիեւի դրդմամբ: Իսկ նույն թվականի նոյեմբերից մինչ օրս Պնախարարի պաշտոնում պատմության ուսուցիչ Սուրեն Պապիկյանն է, որի հրաժարականը պահանջում է ժողովրդի մեծ մասը՝ Ազատ համայնքում տեղի ունեցած հայտնի ողբերգական դեպքի պատճառով:

Բանակի 31-րդ տարեդարձի առթիվ իր ուղերձում Փաշինյանը սուտ խոստումների մի նոր շարան է հրապարակել ԶՈՒ-ում գործադիրի ձեռնարկած «լայնածավալ բարեփոխումների» թեմայով: Պատերազմի ավարտից ավելի քան երկու տարի անց նա դեռ խոսում է այն մասին, թե ինչ է կատարելու կամ ինչ է պատրաստվում կատարել կառավարությունը: Իսկ առ այն, թե կոնկրետ ինչ է կատարել գործող իշխանությունը հետպատերազմյան երկու տարվա ընթացքում՝ «համեստորեն» լռում է: Ուղերձում թվարկված միջոցառումներն ընդամենը փուչ խոստումներ են, որոնք հաստատ չեն իրականացվելու, ինչպես չեն իրականացվել ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի մյուս բոլոր խոստումները:

Բայց ամենաուշագրավն ուղերձի ավարտն է. «Արեւը ծագելու է, գարունը գալու է…»: Այ, սա հաստատ իրականանալու է, որովհետեւ Փաշինյանից կախված չէ:

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: