Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Վերլուծական

Ջլատված դիվանագիտություն. Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք…

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Փետրվարի 8-ին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ յուրային ՔՊ-ականների ջերմ ու «անխառն» ներկայության մթնոլորտում, գործադիրի ղեկավարն իրեն զգում էր ինչպես ձուկը՝ ջրում: Ընդդիմադիր խորհրդարանականներ Սեյրան Օհանյանին եւ Արմեն Չարչյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու շինծու օրակարգով պայմանավորված՝ բոյկոտել ու ԱԺ նիստին չէին մասնակցում «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները: Իրենք իրանցով էին. ե՛ւ հարցնողն էին, ե՛ւ պատասխանողը, ինչի արդյունքում, հասկանալիորեն, հարցերը՝ տարտամ, պատասխաններն՝ անբովանդակ ստացվեցին:

Կանդրադառնանք վարչապետի աթոռը զբաղեցնող անձին ուղղված հարցերից մեկի արձագանքին, որից կարելի է անսխալ դատել մեր դիվանագիտության խղճուկ վիճակի մասին: Լրագրության մեջ ընդունված թեւավոր խոսք է՝ «Չկա՛ անպատեհ հարց, կա լղոզված պատասխան»: Ասույթի իմաստն այն է, որ հարցուպատասխանի կամ հարցազրույցի մեջ կարեւոր բաղադրիչը պատասխանն է, որը պետք է լինի ամբողջական, տրամաբանված ու սպառիչ՝ անգամ ոչ տեղին հարցադրման դեպքում: ՀՀ պետական պաշտոնյաների խոսքում այս հատկանիշները, որպես կանոն, բացակայում են: Բացառություն չէր նաեւ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ԱԺ-Կառավարություն ձեւաչափով վերոնշյալ հարցուպատախանը:

Հարցը հնչեց հետեւյալ կերպ. ինչո՞ւ ՀՀ իշխանությունները որոշեցին ՀԱՊԿ դիտորդների փոխարեն ՀՀ-ում տեղակայել Եվրամիության դիտորդներ, որոնց ժամանումը Երեւան նախատեսված է փետրվարի 20-ին: Այս հարցի անդրադարձում Փաշինյանը վստահեցրեց, որ Եվրամիությունը, ի տարբերություն ՀԱՊԿ-ի, հստակ պատկերացնում է Հայաստանի տարածքը, հետեւաբար՝ լավ կիրականացնի դիտարկման իր առաքելությունը: «Մենք ՀԱՊԿ-ից խնդրել ենք ամենակարեւոր ու սկզբունքային մի բան՝ մեզ ասել իրենց պատկերացումը, թե որն է Հայաստանի Հանրապետությունը։ Այս հարցի հստակ պատասխանը մենք չենք ստացել»,- գանգատվելու պես ասաց Փաշինյանը։

Տարօրինակ է, որ ԽՍՀՄ-ի ամենավաղ շրջանից ի վեր՝ շուրջ 70 տարի, միութենական հանրապետությունների վարչական տարածքների հարցով պարբերաբար զբաղված, մինչեւ Միության փլուզումը սահմանների խնդրին բազմիցս անդրադարձած ու դրանցում որոշակի շտկումներ մտցրած երբեմնի կենտրոնը՝ Մոսկվան, որի պետական պահոցում են ցայժմ պահվում խորհրդային նախկին բոլոր երկրների քարտեզները, ըստ Փաշինյանի, չգիտի Հայաստան-Ադրբեջան սահմանները, իսկ այդ գործից ընդհանրապես անտեղյակ ԵՄ-ն ավելի լավ է պատկերացնում: Սա անհեթեթություն է, եթե չասենք ավելին:

Սակայն ՀԱՊԿ-ի ու ԵԽ-ի միջեւ դիտորդների ընտրությունը վերջինիս օգտին կատարելու պատճառը, Փաշինյանի խոսքով, «մեկ այլ նրբություն» եւս ունի. Ադրբեջանը մշտապես արեւմտյան հարթակներում Հայաստանի դեմ իր նախահարձակ գործողություններն արդարացնում էր նրանով, որ Հայաստանն, իբր, Ադրբեջանի սահմանին մոտ ռուսական մեծաթիվ զորքեր է տեղակայում, քանի որ պատրաստվում է Ռուսաստանի հետ համատեղ նախահարձակ գործողություններ իրականացնել ընդդեմ Ադրբեջանի։ «Արեւմտյան մեր գործընկերներն արդեն սկսել են մեզ խեթ նայել, թե դուք փաստորեն պատրաստվում եք հարձակվել Ադրբեջանի վրա, խեղճ ադրբեջանցիները ստիպված բարձունքներ են ուզում գրավել, որպեսզի հավասարակշռեն»,- նշեց Փաշինյանը։

Նախ՝ ադրբեջանցիները բարձունքներ չեն «ուզում գրավել», նրանք արդե՛ն գրավել են: Ընդ որում՝ գրավել են ձեր հանցավոր թողտվությամբ եւ ընդ որում՝ ոչ միայն բարձունքներ: Երկրորդ՝ ինչ վերաբերվում է «արեւմտյան գործընկերներին», թող ներող լինեն, նրանց «լոխի» տե՞ղ եք փորձում դնել՝ կարծելով, թե հալած յուղի տեղ են ընդունում ամեն հեքիաթ կամ էժանագին մանիպուլյացիա: «Մենք ասինք՝ շատ լավ, էկեք տեղում դիտարկեք, տեսեք էդ ամեն ինչը իրականությանը համապատասխանում ա, թե չի համապատասխանում» (երկրի թիվ մեկ ամբիոնից երկրի թիվ մեկ պաշտոնյայի հնչեցրած խոսքի այս մեկուկես տողանոց մեջբերումը հատուկ ներկայացվեց առանց սրբագրական միջամտության-Գ.Բ.

Փաշինյանի պատասխանից բխող եզրակացությունը մեկն է՝ հայական դիվանագիտությունն ուղղակի ջլատված է: Դատեցեք ինքներդ՝ եթե Ադրբեջանը կարողանում է Արեւմուտքում կարծիք ձեւավորել, որ Հայաստանն ու Ռուսաստանը պատրաստվում են իր դեմ զինված հարձակում իրականացնել, ՌԴ-ին էլ համոզել, թե Հայաստանն արեւմտամետ խաղեր է տալիս, եւ այդ պատճառով Ադրբեջանն իր տարածքում չի ընդունում ԵՄ դիտորդներին՝ նշանակում է մեր դիվանագիտության օգտակար գործողության գործակիցը (ՕԳԳ) զրո է: Բայց սա դժբախտության միայն կեսն է:

Տեսեք՝ իշխանական քարոզչությունն անընդհատ տարածում է, թե ԵՄ-ը հրավիրվում է հայ-ադրբեջանական սահմանը տեւապես դիտարկելու համար, որպեսզի Ադրբեջանը չհարձակվի, մինչդեռ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը, ըստ էության, խոստովանեց, որ եվրոպացի դիտորդները գալիս են հետեւելու հայկական եւ ռուսական ենթադրյալ զորաշարժերին եւ համոզվելու, որ Ադրբեջանի սահմանի մերձակայքում չկան հայ-ռուսական զորքերի կուտակումներ: Ի՞նչ է ստացվում. ԵՄ-ը չունի անվտանգություն ապահովելու որեւէ գործառույթ, բայց հրավիրվում է Հայաստան, որ ի՞նչ անի: Մեր օգուտը ո՞րն է լինելու: ՀՀ դիվանագիտության մտքով, տեսնես, անցնո՞ւմ է, որ դրանով կարող է եղած փխրուն անվտանգությունն էլ խաթարվել:

Փետրվարի 9-ին այս խնդիրն արծարծել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը՝ հայտարարելով. «ԵՄ դիտորդների ներկայությունը նյարդայնացնում է մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ին ու մեր դրկից-բարեկամ Իրանին։ Իրենք պարզ ասել են դրա մասին։ Հաշվի առնելով հանգամանքը, որ Հայաստանի ու Արցախի անվտանգությունը «գետնի վրա» ապահովում են ՌԴ-ն ու Իրանը, ստացվում է՝ Փաշինյանը զրկում է Հայաստանին դաշնակիցներից, թողնում մենակ»։ Սրան զուգահեռ՝ Հայաստանը, ըստ Թեւանյանի, կարող է Արեւմուտք-ՌԴ հարաբերություններում վերածվել մարտական թատերաբեմի, ինչը կործանարար հետեւանքներ կունենա ՀՀ-ի համար:

Ահա՝ ինչի կարող է հանգեցնել անմիտ, չտրամաբանված, տեղ-տեղ անգամ կենցաղային բամբասանքի մակարդակի հասցված դիվանագիտությունը: 2020թ. սեպտեմբերին այն մեզ բերեց ավերիչ պատերազմ, պարտություն, մարդկային, նյութական-արժեքային ահռելի կորուստներ ու խեղված ճակատագրեր: Հետպատերազմյան 27 ամիսների ընթացքում եւս մահվան ելքով սահմանային միջադեպերը, տարածքային կորուստներն ու բանակցային ձախողումները շարունակում են հետապնդել Հայաստանին՝ նրա ապիկար, ապազգային իշխանությունների եւ անձեռնհաս, անկյալ ու հարափոփոխ կադրերի երեսից:

Լավ, բանակցելու, բանավիճելու մշակույթի իսպառ բացակայությունը միգուցե կարելի է հասկանալ՝ դա ոչ բոլորին տրվող արվեստ է, բայց գոնե արտաբերած խոսքը հնարավո՞ր չէ կառավարել կամ տարրական էթիկան պահպանել: Զրո արդյունք: Հակադիվանագիտական բառապաշարի գծով առաջատարը ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձն է, որին էլ շատ դեպքում ընդօրինակում են համակարգի պաշտոնատար դեմքերը: Կադրերի ընտրության եւ տեղաբաշխման գործընթացի անսխալ կազմակերպումը, ինչն արտաքին քաղաքական գերատեսչությունում հատկապես կարեւոր է, բարձիթողի վիճակում է: 2018-ից ի վեր ԱԳՆ-ում չորս նախարար է փոխվել. Զոհրաբ Մնացականյան՝ 2 տարի, Արա Այվազյան 1 տարի, Արմեն Գրիգորյան՝ 2 ամիս, Արարատ Միրզոյան՝ 2021-ի օգոստոսից մինչ օրս:

Համեմատության համար նշենք, որ 1998-ից մինչեւ 2018-ը, այսինքն՝ 20 տարում, որպես ԱԳ նախարար, պաշտոնավարել են ընդամենը երկու բարձրակարգ դիվանագետներ՝ Վարդան Օսկանյան եւ Էդվարդ Նալբանդյան՝ 10-ական տարի: Ներկայիս կադրային շտեմարանի՝ փոխնախարարների, միջին եւ ստորին օղակների ղեկավար կազմերի, այլ երկրներում ՀՀ-ի դեսպանների խնդիրների մեջ ավելի լավ է չխորանանք՝ լիակատար չհիասթափվելու համար:

Վերջին շրջանում Փաշինյանը շատ է հիշատակում Հայաստանի 29.800 քառակուսի կմ տարածքի մասին: Թե ինչու է ջանում այդ թիվը հնարավորինս հանրայնացնել՝ միայն իրեն է հայտնի: ՀՀ տարածքի ճշգրիտ չափի պահով նախ ՄԱԿ-ի ամբիոնից դիմում էր Իլհամ Ալիեւին՝ հորդորելով, որ հրապարակի Հայաստանի՝ իր ուզած քարտեզը, հիմա էլ ՀԱՊԿ-ին ու ԵՄ-ին է «նեղը գցում» իր հարցապնդումով, թե որն է Հայաստանի Հանրապետությունը: Կամ, որ նույնն է՝ «ո՞րն է, բաբո, մեր հայրենիք»: Եվ պարզվում է, որ ԵԽ-ն գիտի հարցի պատասխանը, իսկ ՀԱՊԿ-ը չկարողացավ հաղթահարել «թեստը», ուստիեւ հայ-ադրբեջանական սահմանի դիտարկման գործը «շահեցին» եվրոպացի դիտորդները:

Իրականում Նիկոլ Փաշինյանը բոլորից լավ է պատկերացնում Հայաստանն Ադրբեջանից բաժանող սահմանագիծը, ինչի մասին, ի լուր ամենքի, հայտարարեց 2020-ի դեկտեմբերին, երբ Հայաստան աշխարհը պատերազմում կրած պարտության ցավից դեռ մեջքը չէր շտկել: «Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է»,- Սյունիքի ուղղությամբ այս մարտահրավերը նետեց նա: Ինչ է թե՝ թույլ չտվեցին Սիսիանից այն կողմ անցնի, իսկ Սիսիանի գյուղերից մեկի եկեղեցու քահանան օդում թողեց նրա մեկնած ձեռքը…

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: