Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Վերլուծական

Կորոնավիրուսը կաթվածահարում է ընտրություններն Արցախում

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շատ հետաքրքիր է Արցախի նախընտրական քարոզարշավի ընթացքին ներսից հետեւելը: Ոչ մի ավելորդ տագնապ չկա` նույնիսկ եթե դիմակայության սուր պահեր են ծագում: Քաղաքացիների ու ոստիկանության փոխհարաբերությունները խաղաղասիրական են: Յուրաքանչյուրն իր գործն է կատարում` քաղաքացիները բողոքում են, ոստիկանությունը հանրային կարգն է պահպանում: Հանցաշխարհը, ի տարբերություն անցած տարիների, առանձնապես չի միջամտում գործընթացներին: Նյարդային վիճակի է հասցնում սոսկ հեռախոսային «ահաբեկչությունը»: Իշխանամետ թեկնածուների կողմնակիցները չեն դադարում զանգահարել ընտրողներին եւ ինչ-որ բան առաջարկել կամ ինչ-որ բան հիշեցնել: Սակայն այդպիսի զանգերը եւս դառնում են կատակի ու զվարճապատումների առարկա: Վախի երբեմնի մթնոլորտն արդեն չկա: Նախկինից մնացած սովորույթի ուժով ազդում է միայն չհնազանդվելու համար աշխատատեղը կորցնելու շանտաժը:

Ավելի շատ նյարդայնանում են գործող իշխանությունները եւ իշխանամետ թեկնածուները: Նրանց անդորրը խաթարել է խորհրդարանական ընտրություններին մասնակցող Արցախի Հեղափոխական կուսակցության գործունեությունը: Թեպետ մարտի 22-ին մտցվել են կորոնավիրուսի տարածման վտանգի հետ կապված նոր սահմանափակող միջոցներ, այդ կուսակցության անդամները վրան էին տեղադրել Ստեփանակերտում եւ շուրջօրյա ակցիա ձեռնարկել նախագահական ու խորհրդարանական ընտրությունները հետաձգելու պահանջով: Նրանք միաժամանակ պահանջում են Լեռնային Ղարաբաղի նախագահի եւ ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը: Իսկ իշխանությունների կողմից սատարվող թեկնածու Արայիկ Հարությունյանի մասով, ընդհանրապես, պահանջում են նրան դուրս բերել նախընտրական մրցավազքից` վերջինիս մեղադրելով բարեգործության անվան տակ ընտրակաշառք բաժանելու համար:

Չնայած Ստեփանակերտի քաղաքապետը վրանը հանելու պահանջ է դրել, ոստիկանությունն առայժմ որեւէ կերպ չի արձագանքում: Հեղափոխական կուսակցության ղեկավարները պնդում են, որ այդ վրանն իրենց նախընտրական շտաբն է, որտեղ ընտրողները կարող են դիմել մեծ թվաքանակով: Ավելի շուտ իշխանությունները դասեր են քաղել այն ակտիվիստների դեմ վերջերս կիրառած ուժային գործողությունից, որոնք արգելափակել էին նույն փողոցը, որտեղ այժմ դրված է վրանը: Այն ժամանակ ցուցարարներին կոպտորեն ցրելը լայն արձագանք էր գտել ու դատապարտվել նախագահների մի շարք թեկնածուների, ինչպես նաեւ դիտորդների կողմից: Շարքային ոստիկաններն` իրենք նույնպես դժգոհ են պարբերաբար իրենց բարդ իրավիճակների մեջ ներքաշող վերադասի հրամաններից: Այդ մասին նրանք բացահայտ ասում են հենց բողոքավորներին:

Ընդհանրապես` ոստիկանության թեման առանցքայիններից մեկն է Հեղափոխական կուսակցության առաջնորդ Արթուր Օսիպյանի ելույթներում: Նա ոստիկաններին ոչ միայն կոչ է անում չկատարել «անօրինական» հրամանները, այլեւ հորդորում է գալ իրենց հանրահավաքներին` որպես ընտրողներ: Ըստ երեւույթին, Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած «թավշյա» հեղափոխության առաջնորդների աշխատանքի փորձը օգտակար է եղել արցախցի գործիչների համար: Համենայն դեպս` ոչ մի «թթու» խոսք ոստիկանության հասցեին չի արտաբերվում:

Թե ինչպես կզարգանա իշխանությունների եւ այդ կուսակցության փոխհարաբերությունների նկարագրված գիծը` ցույց կտա ժամանակը: Իսկ առայժմ բավական հետաքրքիր միտումներ են դրսեւորվում իշխանությունների ճամբարում: Հանրային քննադատության թիրախում հայտնված նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը ամենաշատն է նյարդայնանում: Մարտունու քաղաքապետի գործողությունների հետ կապված աղմկոտ պատմությունը բացասական ազդեցություն է գործել նրա քարոզարշավի վրա: Ընտրողների հետ հանդիպումների ժամանակ հաճախակի են դառնում նրա հասցեին ընտրողների մեղադրանքներին առնչվող տհաճ միջադեպերը: Դատելով ամենից, Հարությունյանն ապավինում է ընտրություններում կորոնավիրուսով պայմանավորված անբարենպաստ մթնոլորտին եւ հուսով է ամեն ինչ ավարտել առաջին փուլով: Դա նկատելի է արդեն սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի ներկայացրած սոցիոլոգիական հարցման արդյունքներից, որտեղ տրված է բացահայտ առաջատարների` Արայիկ Հարությունյանի եւ Մասիս Մայիլյանի երկկողմ դիմակայության պատկերը: Սոցիոլոգն ակնհայտորեն բացառում է ձայների հնարավոր փոշիացման փաստը` ակնարկելով, որ քվեարկության արդյունքներով ընտրությունները կավարտվեն առաջին փուլում` հօգուտ Արայիկ Հարությունյանի:

Նշված սոցիոլոգի սոցհարցումներին շատերը չեն վստահում եւ համարում են, որ դրանք գործող իշխանությունների պատվեր են: Բայց նման հարցումներն ակամա դառնում են իշխանամետ թեկնածուի մտադրությունների չափիչ: Թե որքանով են իրատեսական այդպիսի մտադրությունների իրականացման ծրագրերը` դժվար է ասել: Նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը վերջին օրերին բավական աշխուժացրել է իր նախընտրական ջանքերը, ինչը կարող է փոխել ընտրողների քվեների դասավորության պատկերը:

Առայժմ ամեն ինչ կորոնավիրուսի բարեհաճության տիրույթում է: Թեկնածուները չեն կարող կազմակերպել ընտրողների հետ իրենց հանդիպումները փակ տարածքներում: Ավելի շատ քաղաքական ուժեր են պահանջում հետաձգել քվեարկության օրը: Բայց իշխանությունները դեռ անհանգիստ են, խոստանում են ձեռնարկել նախազգուշական բոլոր միջոցները եւ քվեարկությունն անցկացնել մարտի 31-ին: Ասվում է, որ ընտրական տեղամասերի շենքերը կախտահանվեն, ընտրական հանձնաժողովների անդամները, ընտրողները եւ դիտորդները կապահովվեն միանգամյա դիմակներով, ձեռնոցներով, ախտահանիչ միջոցներով:

Շատերն իշխանությունների այդպիսի մոտեցման մեջ տեսնում են համավարակի վախով ընտրողների ակտիվությունը կաթվածահարելու եւ իրենց գլխավոր թեկնածուի դիրքերն արհեստականորեն ուժեղացնելու մտադրություններ: Այդ կապակցությամբ պատերազմի մի խումբ վետերաններ ընտրությունները հետաձգելու պահանջով հացադուլ են հայտարարել:

 

Մանվել Սարգսյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: