Ուրբաթ, Հոկտեմբերի 04, 2024

Վերլուծական

Գագիկը, Պուտինը եւ Հռոմի ստատուտը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

«Պուտինը չի գա Հայաստան, ոչ էլ Հայաստանը կձերբակալի նրան։ Ավելի լավ է Պուտինը մնա իր երկրում, եւ այդ խնդիրները կլուծվեն։ Եթե մենք այդ պայմանավորվածությունների մեջ ենք մտնում, պետք է կատարենք դրանք, իսկ Ռուսաստանը թող իր խնդիրները լուծի։ Եթե Պուտինը եկավ Հայաստան, պետք է կալանավորվի»: Սա մի հատված է մարտի 24-ին մեր Սահմանադրական դատարանի կողմից Հռոմի ստատուտը Հայաստանի Մայր օրենքին համապատասխան ճանաչելու առնչությամբ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, գեներալ Գագիկ Մելքոնյանի՝ մամուլին տված պարզաբանումներից, որոնք մեծ աղմուկ հանեցին ոչ միայն Հայաստանի ռուսամետ շրջանակներում, այլեւ բուն Ռուսաստանում:

Հիշեցնենք, որ Հաագայի միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակման օրդեր տալու օրվանից շատ չանցած՝ ՀՀ սահմանադրական դատարանը արագացված կարգով Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց Հռոմի Կանոնադրությունը, որին Հայաստանը միացել էր դեռ 25 տարի առաջ՝ 1998-ին, սակայն ցայսօր չէր վավերացրել որոշակի իրավական խոչընդոտների պատճառով: Այժմ իշխանության համար յուրային համարվող ՍԴ-ում այդ խոչընդոտները «հաղթահարելուց» հետո մնում է անցնել ԱԺ-ում վավերացման փուլը, եւ Հռոմի ստատուտը կամ, որ նույնն է, Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրությունը, ՀՀ տարածքում գործելու իրավական ուժ կստանա:

Ինչո՞ւ հանկարծ նման աճապարանքով օրակարգ մտավ, թվում է, վաղուց մոռացված այդ փաստաթղթի «վերակենդանացման» հույժ անհրաժեշտության հարցը: Ո՞րն է իմաստը: Ըստ իշխանամերձ լրատվամիջոցներում շրջանառվող թեզի, որն ամրագրված է նաեւ նախագծի հիմնավորման տեքստում, ստատուտի վավերացումը միջազգային քրեական դատարանում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու հնարավորություն կտա, ինչի տարբերակն այսօր չունենք, քանի որ խնդրո առարկա փաստաթուղթը մեր կողմից վավերացված չէ: Համ էլ, ինչպես ակնարկվում է Գագիկ Մելքոնյանի խոսքում, դա որպես «մահակ» կծառայի ընդդեմ Պուտինի, որպեսզի «իր չափը ճանաչի»:

Իհարկե՝ Մոսկվայում լավ են հասկանում, որ գեներալ պատգամավորի բերանով, որը նաեւ Հայաստանի խորհրդարանի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, Նիկոլ Փաշինյանն է խոսում՝ կատարելով արեւմտյան «տերերի» հերթական պատվերը: Իշխանության գալու առաջին օրերից այդ անձնավորությունն ու նրա խմբակը նախ՝ փոքր, չերեւացող չափաբաժիններով, իսկ հետզհետե՝ մասնավորապես 44-օրյա պատերազմից հետո, սկսեցին ավելի ակներեւաբար ուժեղացնել Հայաստանում հակառուսական հռետորաբանությունը, եւ դա անել մեծամասամբ քաղաքացիական հատվածի գործիչների եւ տարատեսակ սորոսական հոսանքների ներկայացուցիչների ձեռքով՝ ջանալով իրենք հնարավորինս մնալ ստվերում:

Մարտի 30-ին՝ անդրադառնալով պաշտոնական Երեւանի անարժանավայել, փոքրոգի պահվածքին, ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դիվանագիտական բավական նուրբ տոնով նկատել է. «Այդ թեման բարձր մակարդակի շփումներում քննարկման առարկա է: Անհրաժեշտություն չեմ տեսնում բարձրաձայնելու այդ շփումների մանրամասները: Կարծում եմ՝ հարցը կկարգավորվի դաշնակցային եւ փոխընդունելի ձեւով»: Այո, տոնը նուրբ է, բայց հասկացողի համար այս զուսպ տողերում թե՛ ամոթանքի հղում կա, թե՛ երախտամոռության կշտամբանք: Թերեւս՝ Ռուսաստանը փորձում է հասկացնել, որ մեծերից պետք է դիվանագիտություն սովորել, ոչ թե նրանց վրա լուսնահաչ տալ:

Մեկ այլ, ավելի գործնական քայլով էլ ՌԴ-ն՝ ի դեմս «Руссельхознадзор»-ի, մարտի 31-ին հայտնել է, որ Հայաստանից Ռուսաստան ներկրվող կաթնամթերքում խախտումներ են հայտնաբերվել եւ խնդրել է ապրիլի 5-ից դադարեցնել կաթնամթերքի մատակարարումը: Ըստ ռուսական տեսչական մարմնի, հայաստանյան կաթնամթերքում օգտագործվել է ՌԴ-ում արգելված իրանական ծագման հումք: Գերատեսչությունը միաժամանակ հավելել է, որ մատակարարումների վերսկսման հնարավորությունը կքննարկվի հայտնաբերված խախտումների վերացմանն ուղղված աշխատանքների արդյունքներն ամփոփելուց հետո: Չի կարելի բացառել, որ Ռուսաստանը սրանով Հայաստանին զգուշացնում է հնարավոր պատժամիջոցներից:

Ամեն դեպքում սա պետք է ընդունել որպես վտանգավոր ահազանգ: Հաջորդ անգամ կարող է, օրինակ, թանկացնել գազը, ընդ որում՝ եռակի գին դնել, ինչպես վաճառում է Եվրոպային: Մեկ այլ անգամ արգելել Հայաստանից ՌԴ մեկնող միգրանտների մուտքը, որոնք հարյուր հազարով են հաշվվում եւ այդ երկրի անծայրածիր աշխատանքային շուկաների շնորհիվ են, ի դեպ, պահում իրենց ընտանիքները: ԱԺ նիստերի դահլիճում օրերով պարապ նստող եւ շեֆի հրահանգով ռուսներին քրֆող քաջարի գեներալը մտածե՞լ է գոնե, թե ինչ կարող է պատահել հազարավոր իր այն հայրենակիցների ընտանիքներին, եթե նրանք մի գեղեցիկ օր, Աստված մի արասցե, զրկվեն արտագնա աշխատանքի հնարավորությունից:

Թե կարեւորը նրա համար իր ընտանի՞քն է, որը լիուլի ապահովված է ԱԺ-ից կանոնավոր կերպով վարձատրվող բարձր «չաշխատավարձով»՝ պլյուս տարեկան կտրվածքով մի քանի միլիոն դրամի հասնող պարգեւավճարներն ու հավելավճարները: Նա՝ որպես պետական այր, չգիտի՞, որ Հայաստանի տնտեսությունը 80 տոկոսով կապված է Ռուսաստանի հետ. այդ «պորտալարը» կտրվելու դեպքում Հայաստանը որտե՞ղ է, ըստ նրա, արտահանելու կամ հայ գյուղացին ո՞ւմ է վաճառելու իր արտադրանքը: Էլ չասած խնդրի ռազմաքաղաքական, ռազմավարական, անվտանգային եւ մյուս բաղադրիչների մասին:

Հոդվածի առաջին պարբերության մեջ Մելքոնյանի խոսքից բերված քաղվածքը հատուկ ներկայացվեց ամբողջությամբ, որպեսզի որեւէ առարկություն չլինի միտքը համատեքստից կտրված մեջբերելու համար: Մարդը շատ հստակ ասում է՝ իհարկե, Պուտինը Հայաստան չի գա, բայց գալու դեպքում՝ կկալանավորվի, որովհետեւ ԱԺ-ի կողմից վավերացվելուց հետո ուղղակի միջազգային նման պարտավորվածություն ենք ունենալու: Հետեւաբար, ըստ նրա, ավելի լավ է Պուտինը մնա Ռուսաստանում՝ մինչեւ իր նկատմամբ Հաագայի դատարանի ընդունած վճռի վերանայումը: Բայց ինչ ձեւով էլ փորձի փաթեթավորել կցկտուր, վայրիվերո իր դատողությունները, մտքի հիմնական կորիզը հետեւյալն է՝ Հայաստան գալու դեպքում ՌԴ նախագահին կալանք է սպասվում:

Լավ, հիմա մի փոքր այլ դիտանկյունից նայենք հարցին. Պուտինին Երեւանում տեսնելիս՝ Մելքոնյանի նման շաղակրատները, շատ ներողություն, տակները կթրջեն, ո՞վ է լինելու նրան կալանավորողը կամ կալանավորման հրաման արձակողը: Փաշինյա՞նը… մեզ մի ծիծաղեցրեք: Ձեր անմիջական թիրախը ոչ այնքան Պուտինն է, որքան՝ Ռուսաստանը: Ճիշտ այնպես, ինչպես ՀԱՊԿ-ի դեպքում, որի արժեզրկումը ՌԴ-ի դերի նսեմացում է ենթադրում: Նույնը վերաբերում է Հայաստան ԵԽ դիտորդական առաքելություն հրավիրելու անիմաստ նախաձեռնությանը: Այդ առաքելության ղեկավարն օրեր առաջ հայտարարեց, որ իրենց տրամադրության տակ միայն հեռադիտակներ ու տեսախցիկներ են:

Ասել կուզեր, որ հայ-ադրբեջանական սահմանային սրացումներին իրենք չեն կարող որեւէ կերպ միջամտել: «Բազմաթիվ հայերի համոզմամբ՝ գարնանը Ադրբեջանը հարձակում կձեռնարկի։ Եթե դա տեղի չունենա, ուրեմն մեր առաքելությունն արդեն իսկ հաջողված է»,- չարիքի փոքրագույնն այսպես է բնութագրել առաքելության ղեկավար Մարկուս Ռիթերը: Այնպես որ, մեր ժրաջան արեւմտամետները, որոնք այս ծանր օրերին ընդամենը օգնում են թուրք-ադրբեջանական զույգին՝ փորելու հայոց պետականության հիմքերը, թող աչքները լավ բացեն, հասկանան՝ ինչ է կատարվում իրական գետնի վրա եւ ինչով են իրենք զբաղված հայրենիքի համար գոյութենական ոգորումների այս թոհուբոհում:

Ինչ վերաբերվում է գեներալ Մելքոնյանի «ջանքերին», դրանք, այնուամենայնիվ, ապարդյուն չանցան. նրա որդին՝ գնդապետ Արման Մելքոնյանը, մարտի 30-ին նշանակվեց «Երեւան-Կենտրոն» Քրեակատարողական հիմնարկի պետ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ «յուղալի» համարվող այդ պաշտոնում Արմանի նշանակումը անձամբ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունն է:

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: