Մայիսի 12-ին ադրբեջանական մի զորախումբ՝ 200-250 հոգի, խախտելով Հայաստանի Հանրապետության պետական սահմանը եւ, առանց որեւէ դիմադրության հանդիպելու, երեքուկես կիլոմետր խորացավ Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում եւ անպատշաճապահ կերպով հանգրվանեց Սեւ լիճ կոչվող տեղանքում: Նույն օրը այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ առաջինը տեղեկացրեց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը: «Եթե JPS-ով Սեւ լճի 30 տոկոսն էր թշնամունը, սրանք այնքան են իրենց արտոնյալ համարում, որ որոշել են Շուռնուխի օրինակով առաջ գալ ու հասնել մինչեւ բնակավայր»,- հայտնել էր Յոլյանը՝ չթաքցնելով իր մտահոգությունը:
Այս տեղեկությունը պարզկա երկնքում ուժգին ամպրոպի ներգործություն ունեցավ: Դրան հետեւեցին պաշտոնական անձանց հերքումները, անփույթ, խուսափողական պատասխաններ, իշխանություն-ընդդիմություն փոխադարձ մեղադրանքներ, չափազանցված տեղեկատվություններ ու իրականությունը թաքցնելու ակնհայտ փորձեր: Մի խոսքով՝ այն մեդիաքաոսը, որ վերջին շրջանում հայաստանյան լրատվական դաշտի անքակտելի մասն է դարձել՝ ոչ առանց իշխանական որոշ օդիոզ շրջանակների միջամտությունների: Ուրեմն այսպես. նախ խոսեց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը՝ խոստովանելով, թե ինքը որեւէ տեղեկություն չունի: Հետո նրան միացան «իմքայլական» պատգամավորներ, որոնք սկսեցին լրագրողներին ու «առանձին անբարեխիղճ պաշտոնատար անձանց» մեղադրել խուճապ եւ ապատեղեկատվություն տարածելու համար:
Եվ, իսկապես, այդ ընթացքում ապատեղեկատվություն էր «սպրդել» առ այն, թե Սեւ լճի մերձակայքում մարտեր են ընթանում, ինչը, սակայն, հերքվեց ՊՆ-ի տարածած առաջին պաշտոնական հայտարարությամբ: Նրանում ասված էր. «Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ», փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում: Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները: Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ»: Իր մոտեցումն էր հստակեցրել նաեւ ԱԱԾ-ն՝ զգուշացնելով զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու, ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու եւ անհարկի լարվածություններ հրահրելու գործելաոճից: «Նմանատիպ երեւույթներն ունենալու են համապատասխան իրավական հետեւանքներ՝ ամենախիստ գործիքակազմերի կիրառմամբ»,- նշված էր ԱԱԾ-ի հաղորդագրությունում:
Թվում է՝ պաշտոնական այս հայտարարություններն ի զորու կլինեին գոնե իշխանական շրջանակներին «նույն գծի» մեջ պահելու, հակասությունների, տարըմբռնումների տեղիք չտալու համար, ինչն ավելի է բորբոքում կասկածները: Բայց՝ ոչ: Ստի, մանիպուլյացիայի, կեղծիքի որոմը այնքան խորն են ներթափանցված մեր որոշ պաշտոնյաների էության մեջ, որ այնտեղից դուրս գալու հույսերը չնչին են: Օրինակ՝ նույն Սյունիքի մարզպետը, ով պնդում էր, թե կատարվածից անտեղյակ է, սակայն պարզվում է՝ միջադեպի սեփական տարբերակն է «հերյուրել», որն էլ որոշեց փոխանցել լրագրողներին՝ փաստորեն հերքելով ՀՀ պաշտպանական գերատեսչությանը: «Սյունիքում հակառակորդը ոչ մի հատվածում առաջ չի եկել,- հավաստիացնում է Պողոսյանը,- եկել էին դիտակետ դնելու, մոլորվել էին: պետական սահմանին որեւէ խախտում չի կարող լինել: Դա անհնարին բան է: Ես եմ ասում»:
Իսկ «անհնարին բան» համարվող՝ պետական սահմանի խախտումներն այսքանով չեն ավարտվում: Ավելի ուշ տեղեկություն է տարածվում, որ թշնամին առաջացել է նաեւ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում, որտեղ մեծաքանակ զորք է կուտակվել: Իշխանական պատգամավորներից այս անգամ շտապեց իր հեղինակավոր խոսքը հանրորեն լսելի դարձնել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ ասելով, թե ընդամենը մեկ բարձունք են գրավել. «Այդպիսի բարձունքներ ամեն տեղ կան: Դեռ սահմանային էս խնդիրները հստակեցված չեն, դա տեւական պրոցես ա լինելու, մինչեւ որ պետական սահմանի հետ կապված բոլոր հարցերը ինչ-որ պայմանագրով կլուծվեն»: Այսպես է դատում պետական բարձրաստիճան պաշտոնյան, ընդ որում խոսում է քրիստոնեական այնպիսի հանդարտությամբ, ասես արտառոց ոչինչ չի պատահել: Ընդամենը մի բարձունք է, հեր օրհնյալ, ի՞նչ է որ, դրանցից ամեն տեղ լիքը կան: Ահավոր է:
Հետո համառորեն լուրեր սկսեցին պտտվել, որ «արշալույսները խաղաղ չեն» նաեւ Տավուշի ու Սիսիանի սահմաններին: Հետզհետե նկատելի էր դառնում, որ ազերիների մտադրությունները լուրջ են, նրանք չեն կատակում՝ թշնամին աներես շան պես եկել, շնթռկել է մեր դարպասների առջեւ ու չի հեռանում: Իսկ երբ փորձում ես քշել, ցույց է տալիս ժանիքները: Իրավիճակի լրջությունը հասու է դառնում անգամ ՀՀ բարձրագույն իշխանություններին: Մայիսի 12-ի վաղ առավոտյան, միջադեպից 24 ժամ անց, վարչապետի պաշտոնակատարը հրավիրում է ԱԽ նիստ եւ ասում. «Ըստ էության, փորձ են անում պարփակել Սեւ լիճը, եւ այդ գործողություններն, իհարկե, անհանդուրժելի են մեզ համար, որովհետեւ դա ոտնձգություն է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Եվ, իհարկե, առանձին քննարկման առարկա է, թե ինչու եւ ինչպես է հնարավոր դարձել նման գործողությունը, որն իր բնույթով դիվերսիոն անցում է»:
Իզուր է Փաշինյանը չքմեղ ձեւանում: Միջադեպից 10 օր առաջ՝ մայիսի 3-ին, ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը մասնավորապես Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերի օրինակով ահազանգ էր հնչեցրել առաջնագծերի կահավորվածության բարձիթողի վիճակի մասին եւ այդ առնչությամբ հարց ուղղել վարչապետի պաշտոնակատարին: Վերջինս ի պատասխան՝ շեշտել էր, թե նշված մարզերի սահմանները պատշաճ կերպով հագեցված են, «բայց այդ աշխատանքն իրականացվում է գաղտնի, որպեսզի ե՛ւ տեղի բնակիչների, ե՛ւ ադրբեջանցիների համար դա տեսանելի չլինի»: Նույն օրերին Սեւ լճի մոտ խմորվող խնդրի մասին մտահոգություն են հայտնել մի քանի փորձագետներ, որոնք նկատել էին, որ թշնամին զորք ու տեխնիկա է մոտեցնում: Մարդիկ տագնապ էին բարձրացրել, սակայն նրանց լսող չկար: Փոխարենը հիմա զարմանք ու չքմեղություն են բեմադրում, թե՝ «վա՛յ, էս ի՞նչ եղավ, ինչպե՞ս եղավ…»:
Պարզից էլ պարզ է, թե ինչն ինչպես եղավ: Հակառակորդը գոտեպնդվեց եւ լկտիացավ՝ տեսնելով, որ նոյեմբերի 9-ից հետո մեր սահմաններն անպաշտպան են, բանակն ու Գլխավոր շտաբը՝ ջլատված, կառավարման համակարգը՝ կաթվածահար վիճակում, իսկ կապիտուլյանտն ու նրա «ուսապարկերը»՝ մատնված են անգործունության եւ պատրաստ հայրենիքը հանձնելու, բայց անառիկ պահելու սեփական իշխանությունը: Տեսնելով այս ամենը, ադրբեջանական կողմն իրեն թույլ տվեց ոչ միայն խախտել մոսկովյան եռակողմ հայտարարությունը, այսինքն՝ չվերադարձնել գերիներին, Լաչինի 5 կիլոմետրանոց միջանցքից թողնել միայն ճանապարհի մի քանի մետր լայնությամբ ասֆալտապատ մասը, տիրանալ Սյունիքի արեւելյան սահմանների բարձունքներին եւ Հայաստան-Իրան մեջպետական ճանապարհի մի հատվածին, այլեւ անցնել հաջորդ փուլին, որի մեկնարկը տվեց մայիսի 12-ին եւ շարունակում է կտոր-կտոր ծվատել Հայաստանը:
Ասել, թե օրհասական այս պահին իշխանությունները բացառապես մատը մատին չեն խփում՝ ճիշտ չէր լինի: Գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որտեղ 86 կողմ 0 դեմ ձայներով ընդունվել է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունը դատապարտող հայտարարություն, որը հեղինակել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, հրավիրվել են ԱԽ մի քանի նիստեր, Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀԱՊԿ-ին, հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀԱՊԿ անդամ երկրների մյուս ղեկավարների հետ եւ այլն: Սակայն այս ամենը դույզն-ինչ չի թուլացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը, չի զսպել Հայաստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած զավթողական գործողությունները: Սա խոսում է այն մասին, որ կատարված աշխատանքի արդյունքը զրո է: Եվ գիտե՞ք, թե ինչու: Որովհետեւ բոլորը զրո վերաբերմունք են ցուցաբերում այն ղեկավարի հանդեպ, որն իր երկրի սահմանները նույնիսկ չի փորձում կամ, որ ավելի վատ է, չի կարողանում պաշտպանել:
Մայիսի 17-ին հրավիրված Անվտանգության խորհրդի հերթական նիստում Նիկոլ Փաշինյանը ջանում էր, սովորության համաձայն, սահմանային միջադեպերի մեղքը գցել «նախկինների» կամ «հայտնի շրջանակների» վրա՝ հույս ունենալով, որ այդպիսով ինքը չոր ու մաքուր դուրս կգա կեղտաջրից: Այդ հնարքը վարչապետի պաշտոնակատարի քարոզչական զինանոցի ամենափորձված «զինատեսակներից» է, չնայած վերջերս այն զգալիորեն կորցրել է երբեմնի արդյունավետությունը: ԱԽ նիստում կապիտուլյանտը արձանագրեց, որ «հայտնի շրջանակների» ցանկում կան անուններ, որոնք Ադրբեջանի քարոզչական պատերազմում համագործակցում են այդ երկրի հետ: Ընդդիմախոսների հասցեին նմանատիպ մերկապարանոց մեղադրանքներ նա հնչեցնում էր նաեւ Արցախի 44-օրյա պատերազմի համատեքստում:
Ու մինչ Փաշինյանը մեր երկրում Ադրբեջանի տեղեկատվական պայքարին աջակցող գործակալներ էր փնտրում, թշնամին շարունակում էր հարմար դիրքավորվել ՀՀ-ի ինքնիշխան տարածքում:
Գեւորգ Բրուտենց