Հայաստանում իշխանափոխությունը նոր լույսով ներկայացրեց հայոց պետականության ամենահանգուցային դիտանկյունները` ԼՂՀ քաղաքական վիճակի եւ նրա շուրջ միջազգային կոնֆլիկտային հարաբերությունների կարգավորման հիմնախնդիրները: Արցախյան գործոնի առաջվա փոխդասավորությունը խախտվել է: Հայաստանի պետական քաղաքականությունում եւ միջազգային հարաբերություններում ԼՂՀ-ի տեղի ու դերի նկատմամբ եղած մոտեցումները կորցրել են իրենց արդիականությունը: Առաջացել է միանգամայն այլ իրավիճակ, որը պահանջում է վերանայել մոտեցումները Արցախի հանդեպ՝ որպես երկրի, եւ ղարաբաղյան հիմնահարցի հանդեպ` որպես հայկական պետականության անվտանգության խնդրի բաղադրիչի: Այս իրավիճակը մանրակրկիտ բնութագրման կարիք ունի:
Ավելի քան կես դար Հայաստանի պետական քաղաքականության մեջ գերակայում էր «միացում (վերամիավորում)՝ ազնիվ խոսքի վրա» սկզբունքը: Այս սկզբունքը լղոզել էր հայոց պետականության իրավաքաղաքական հիմքը` մեծ խնդիրներ ստեղծելով Հայաստանի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունում: Իրավաքաղաքական իրողությունների ձեւավորման եւ դրանց համապատասխանող պետական քաղաքականության պատմությունը շատ մշուշոտ է: Բոլորին հայտնի է, որ 1988 թվականին հայ ժողովուրդը պահանջում էր Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մարզի վերամիավորումը: Բայց ոչ բոլորին են հայտնի դրանից հետո ծագած քաղաքական իրողությունները: Իսկ իրողությունները հետեւյալն են.
1989թ. դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ նստաշրջանում որոշում էր ընդունվել Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին: Ընտրվել էր միավորված հայկական պետություն ստեղծելու ուղեգիծ: 1990թ. մայիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցան Գերագույն խորհրդի ընտրությունները: ԼՂԻՄ-ի տարածքում ընտրություններն անցկացվեցին 12 օկրուգներից 10-ում: 1990թ. օգոստոսի 23-ին` հիմնվելով «Հայկական ԽՍՀ եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989թ. դեկտեմբերի 1-ի համատեղ որոշման վրա, Հայաստանի նոր խորհրդարանն ընդունեց Հռչակագիր` անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը հռչակելու մասին: Երկիրը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն:
Բայցեւայնպես` Հայաստանի Հանրապետության առաջին իշխանությունների քաղաքականության մեջ ուրվագծվում էր Հայաստանի Հանրապետության եւ ԼՂԻՄ-ի իրավաքաղաքական տարանջատման ուղղությունը: Սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց անկախության հանրաքվե, որին ԼՂՀ բնակչությունը չմասնակցեց: Ընդ որում` Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման ժամանակ նոր հռչակագիր չէր ընդունվել. 1991 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը հղում էր կատարել 1990 թվականի օգոստոսի 23-ի Հռչակագրին, որտեղ Հայաստանի Հանրապետությունը հայտարարված է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքով մեկտեղ:
Համապատասխանաբար` Արցախի իրավաքաղաքական ինքնակազմակերպման գործընթացը գնաց առանձին ուղով: 1991թ. նոյեմբերի 28-ին ժողովրդական պատգամավորների ԼՂՀ խորհրդի նստաշրջանն ընդունեց ԼՂՀ-ում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշում, ինչպես նաեւ` ընտրությունների մասին ժամանակավոր կանոնադրություն: Դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ ԼՂՀ անկախության հանրաքվեն: Պայմաններ ստեղծվեցին ԼՂՀ Գերագույն խորհրդի ընտրությունների անցկացման համար. դրվեց անկախ պետականաշինության սկիզբը: ԼՂՀ անկախության հռչակագիրն ընդունվեց ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում` 1992թ. հունվարի 6-ին:
ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակաշրջանում անհրաժեշտ էր առկա իրավաքաղաքական իրողությունների նկատմամբ վերաբերմունք արտահայտել: Այս իմաստով ուշագրավ է, որ դեկտեմբերի 21-ին Ալմա-Աթայում ստորագրելով Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կազմավորման մասին հռչակագիրը, որը ճանաչում է բոլոր մասնակից պետությունների (այդ թվում` Ադրբեջանի) ինքնիշխանությունը եւ գոյություն ունեցող սահմանները, Հայաստանի ղեկավարությունը ձեռնպահ մնաց ԼՂՀ անկախության ճանաչումից: ԼՂՀ ճակատագիրը թողնվեց միջազգային հանրության քննությանը: Իսկ Հայաստանում եւ ԼՂՀ-ում պետականաշինության հետագա գործընթացը շարունակվեց բոլորովին այլ փիլիսոփայության հիման վրա:
Իրավական իմաստով անջրպետվելով ԼՂՀ-ից` Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը բռնեց ԼՂՀ քաղաքական ինքնուրույնությունը ճնշելու ուղին: ԼՂՀ-ի առաջին ընտրված իշխանությունը ճնշվեց Հայաստանի ղեկավարության կողմնակիցների կորպուսի ջանքերով: ԼՂՀ անկախության գաղափարը սկսեց ներկայացվել որպես պատրանք, իսկ ԼՂՀ-ում ցանկացած իշխանություն պետք է ձեւավորվեր Հայաստանի իշխանությունների ճնշման տակ: Հենց այդ ժամանակ գործածության մեջ մտավ «միացում՝ ազնիվ խոսքի վրա» սկզբունքը: ԼՂՀ-ում ընտրությունները վերածվեցին կեղծիքի. երկրում հաստատվեց ռազմական դիկտատուրա:
Իրավիճակն էլ ավելի բարդացավ, երբ 1996թ. նախագահական ընտրություններից հետո Հայաստանում իշխանության ճգնաժամ ծագեց: Երկրի քաղաքական համակարգը քայքայվեց ԼՂՀ ռազմական դիկտատուրայի սաստիկ ճնշումների տակ: Այս դիկտատուրայի լիդերները ԼՂՀ գործոնը հասցրին լիակատար պատրանքի` ԼՂՀ-ն դուրս բերելով Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման միջազգային բանակցություններից:
Հայաստանում եւ Արցախում պետականաշինությունը հայտնվեց ոչ իրավական մթնոլորտի ծուղակում: Վերոնշյալ իրավիճակը պահպանվեց մինչեւ այս տարվա մայիսին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը: Նոր կառավարության հայտնությամբ Հայաստանի ղեկավարությունից կախյալ վիճակում գտնվող` ԼՂՀ իշխանության ընտրախավի հիմքերը սասանվեցին: Վերջինս միայն ստիպված էր ընդունել հայ հասարակության կողմից առաջադրված նոր վարչապետին: ԼՂՀ հասարակությունը եւս ընդունեց նրան: Ազատ ընտրություններով իր պետական իշխանությունը ձեւավորելու` ԼՂՀ իրավունքի երկարատեւ յուրացման փաստը, ինչպես նաեւ բանակցություններ վարելը, կախվեց օդում: Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե կարգավորման շուրջ բանակցություններում Հայաստանը միայն խոսելու է իր հանրապետության անունից, միայն ընդգծեց նոր իրավիճակի առաջացման փաստը:
Ստացվում է, որ Հայաստանի նոր ժամանակավոր կառավարությունը, որը վերցրել է երկրի պետական կյանքի իրավական կարգավորման քաղաքականության ուղեգիծ, չի կարող պատասխանատվություն ստանձնել այն խնդիրների համար, որոնք դուրս են Հայաստանի Հանրապետության սահմանադրական տարածքից: Նախեւառաջ սա նշանակում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում քննարկվող «մադրիդյան սկզբունքները» ոչ մի կերպ չեն վերաբերում Հայաստանին, այլ հանդիսանում են ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի գործը: Հայաստանը կարող է բանակցել Ադրբեջանի հետ միայն անվտանգության թեմայով` այն փաստի հիման վրա, որ ստանձնել է ԼՂՀ բնակչության անվտանգության երաշխավորի դերը:
Նույնը վերաբերում է ԼՂՀ-ում պետական իշխանության ձեւավորման խնդիրներին: Հայաստանի ժամանակավոր կառավարությունը` իր սկզբունքներից ելնելով, չի կարող ազդել ԼՂՀ-ում ընտրությունների վրա: Արցախի բոլոր գործիչները եւ քաղաքական ուժերը, որոնք մինչ այս ունեին Հայաստանի իշխանությունների աջակցությունը, պետք է ապավինեն սեփական ռեսուրսներին: Սա նշանակում է, որ Արցախում եւս քաղաքական բարեփոխումների հրամայական է ծագել:
Ներկայիս իրավիճակը պահանջում է հրաժարվել «միացում՝ ազնիվ խոսքի վրա» սկզբունքի դեմագոգիայից եւ անցնել Հայաստանի Հանրապետության ու ԼՂՀ-ի միջեւ հարաբերությունների բոլոր ոլորտների իրավաքաղաքական կարգավորման սկզբունքի: Ամեն ինչ պետք է կարգավորվի «իրավունք-պատասխանատվություն» սկզբունքով` ինչպես ներքին, այնպես էլ միջազգային ասպարեզում: Դա հեշտ չի լինի անել, բայց կյանքը որեւէ այլ բան թույլ չի տալիս:
Մանվել Սարգսյան