2018-ի հայտնի իրադարձություններից հետո, երբ «քայլարականների» փոքրաթիվ կոհորտան վերցրեց իշխանությունը, գտնվեցին մարդիկ, ովքեր մարգարեաբար կանխատեսեցին՝ «սրանք գալիս են հանձնելու Արցախը»: Սակայն թերահավատները, սին խոսքերին հավատացողները եւ, մանավանդ, Հայրենիքի ու անկախ պետականության ճակատագրի նկատմամբ անտարբերները չափից դուրս շատ էին: Այսօրվա պես: Եվ հատուկենտ հնչող սթափ ձայները խլանում էին «հեղափոխության» ընդհանուր ոգեւորության ցնծագին թրթիռներում:
Պահանջվեց չորս տարի, որպեսզի բացվեն մարդկանց աչքերը: Բայց արդեն ուշ էր՝ Արցախի շուրջ օղակը սեղմվում է: 44-օրյա պատերազմին կուլ գնացին ոչ միայն Հադրութն ու Շուշին ամբողջությամբ, այլեւ բոլոր այն տարածքները, որոնք պետք է փոխանակվեին ԼՂ-ի ցանկալի կարգավիճակի դիմաց եւ որոնց ի վերուստ անվտանգության գոտու դեր էր վերապահված: Այժմ այդ տարածքները՝ ներառյալ Հադրութն ու Շուշին, հանձնված են թշնամուն, իսկ չորս անգամ փոքրացած Արցախն իր Ստեփանակերտ մայրաքաղաքով գոյութենական ոգորումներում դեռ կանգուն է բացառապես ՌԴ խաղաղապահ զորակազմի շնորհիվ:
Ժամանակները բարդ են եւ հակասական: Աշխարհաքաղաքական ներկա հարափոփոխ իրավիճակում Հայաստանի պես փոքր երկրին ոչինչ չի մնում, քան կարողանալ արագ ձեռք բերել խուսանավելու, ոտքի տակ չընկնելու ջիղ ու ճկունություն: Հարավային Կովկասի տարածաշրջանում Թուրքիայի աշխուժացման փորձերն ու թուրք-ադրբեջանական դաշինքի հեռահար նկրտումները, որոնք պայմանավորված են Ռուսաստան-Հավաքական արեւմուտք դիմակայությամբ եւ այդ համատեքստում ռուս-ուկրաինական ռազմական սրացումներով, Հայաստանին անկյուն են մղել՝ հարկադրելով գնալ նոր ազգակործան զիջումների, որոնց մեր թուլակամ իշխանությունները ենթարկվում են հեզ ու լռելյայն:
Ռազմավարական դաշնակցի գլուխը խառն է կամ այդպես ձեւացնում է, հարեւան Իրանը եւ Վրաստանը ժամանակ առ ժամանակ կարեկցանքի ու անհանգստության նշաններ են ցույց տալիս եւ դրանով իրենց անելիքները համարում ավարտված: Մյուս կողմից՝ Ադրբեջանի նախագահը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի հարց այլեւս գոյություն չունի, այն լուծված է, ԼՂ կարգավորման խնդրով զբաղվող միակ միջազգային կառույցը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, անորոշ ժամանակով դադարեցրել է գործունեությունը՝ իր գործառույթների մի մասը, կարծես թե, վերապատվիրակելով Եվրամիությանը:
Վերջինիս հովանու ներքո Բրյուսելում արդեն Միշել-Փաշինյան-Ալիեւ եռակողմ ձեւաչափով բանակցությունների երեք փուլ է անցկացվել, վերջինը՝ ապրիլի 6-ից 7-ը, որի ընթացքում բանակցությունների մյուս երկու կողմին հաջողվել է Նիկոլ Փաշինյանին համոզել «մի փոքր իջեցնել» ԼՂ կարգավիճակի նշաձողը: «Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը եւ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի ու Արցախի շուրջը»,- վերադառնալուց մի քանի օր անց՝ ապրիլի 13-ին, ԱԺ-ում ասել է Փաշինյանը, այսպես էլ չհստակեցնելով՝ Երեւանն, ի վերջո, համաձա՞յն է «միջազգային հանրության» այդ առաջարկին, թե՝ ոչ:
Նույն օրը խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտեց ԱԺ նստաշրջանը եւ մեկնեց Արցախ ու ՀՀ սահմանամերձ մարզեր՝ համարելով, որ երկրի առաջնահերթ օրակարգը ԱԺ պատերից դուրս է՝ նախեւառաջ Արցախում, որի կործանման հիմքը, ըստ էության, արդեն իսկ դրված է: «Կարգավիճակի մի փոքր իջեցումը» հենց դա է նշանակում: Նիկոլ Փաշինյանը զրոյացրեց, ջուրը թափեց Արցախի ինքնորոշման խնդրի լուծմանն ուղղված՝ հազարավոր մարդկանց 30-ամյա ջանքերը՝ համաձայնության գալով հայկական հինավուրց երկրամասն Ադրբեջանի կազմում ներառելու հարցում, այլապես ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը չէր օգտագործի «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» նվաստացուցիչ ձեւակերպումը, որը մինչ օրս որեւէ պաշտոնական փաստաթղթում երբեք չէր գործածվել:
Կարծես թե հասկանալի է դառնում, թե ինչու էր Փաշինյանը հետպատերազմական շրջանում եւ, հատկապես, վերջին ամիսներին ուժեղացրել արցախյան խնդրի հակաբանակցային հռետորաբանությունը, իսկ զուգահեռաբար՝ Հայաստան-Արցախ, հայաստանցի-արցախցի հակադրությունը: Փոխադարձ թշնամանքի ու ատելության գեներացման հարթակ էր դուրս բերվել իշխանության քարոզչական ներուժը՝ ֆեյքերի ֆաբրիկա-«Հ1» հեռուստաընկերություն-«հեղափոխության պահապաններ» մշտական գործող եռանկյունին, վարձու գրչակների խմբերը եւ տարատեսակ այլ թափոնակերպ գոյացություններ: Նպատակն է՝ սեւ գույներով ներկայացնել այն ամենը, ինչը կապված է Արցախի ու արցախցու հետ եւ հնարավորիս բացասական հույզեր փոխանցել հասարակությանը:
Սովորաբար այդպես էին հանրությանը պատրաստում տարածք հանձնելիս, իբր՝ կորուստը մեծ բան չէ: Հիշենք, օրինակ, որ հանձնվելուց առաջ Շուշին «դժգույն, դժբախտ» քաղաք էր, կարեւոր դիրքերից մեկը՝ ձյունածածկ սար, ռազմավարական ճանապարհահատվածը՝ ադրբեջանական բնակատեղի (Չայզամի, Էյվազլի) եւ այլն: Հիմա նույն տրամաբանությամբ շրջանառության մեջ են դրվում Արցախի անկարեւորությունն ու թերարժեքությունը ընդգծող թեզեր. «Հայաստանցի որքա՛ն ջահել զոհվեց Արցախի համար», «Եկան թալանեցին, լափեցին մեր շեն երկիրը», «Հայաստանից պետք է սրանց բոլորին քշել», «ՀՀ բյուջեի առյուծի բաժինը Ղարաբաղն է խժռում», «Մեր հաշվին ապրող այս մակաբույծները ե՞րբ են մեզ հանգիստ թողնելու», «Էս ղարաբաղցիք թուրքից բեթար են» եւ այլ անհեթեթություններ:
Իրավիճակն այսկերպ շարունակվելու դեպքում «դժգունության» հերթը կհասնի Սյունիքին, հետո՝ Գեղարքունիքին եւ, ի վերջո, Էրիվանին: Նման հեռանկարը չէր կարող անտարբեր թողնել հայրենիքի կորստյան վերահաս վտանգով մտահոգ հասարակական-քաղաքական շատ գործիչների, մտավորականների, երիտասարդ սերնդի ներկայացուցիչների, շարքային քաղաքացիների: Դրանով են պայմանավորված ՀՀ կառավարության եւ նրա ղեկավարի հրաժարականի պահանջով Երեւանում ու մարզերում շուրջ մեկուկես ամիս ընթացող խաղաղ անհնազանդության չմարող հավաքներն ու քայլերթերը:
Խորհրդարանական ընդդիմությունը մայիսի 30-ին «Դիմադրություն» շարժման տրամաբանության շրջանակում ձեռնարկել էր հատուկ ակցիա՝ այցելություններ տարբեր պետական, գիտակրթական հաստատություններ՝ հստակ պահանջով. գնահատական տալ ընդդիմության հայտարարությանը, որը պետք է քննարկվեր հունիսի 3-ին ընդդիմության կողմից նախաձեռնված՝ ԱԺ արտահերթ նիստում: Առաջ անցնելով՝ արձանագրենք, որ քննարկումը ձախողվել էր քվորումի բացակայության պատճառով, քանի որ իշխանական պատգամավորները բոյկոտել էին եւ չէին ներկայացել նիստին: Այսինքն՝ հրաժարվել էին առերեսվել հայտարարության նախագծում արտացոլված ազգանպաստ դրույթներից, որոնք բխում են արցախապահպանության հրամայականից:
Իսկ մինչ այդ «Դիմադրություն» շարժման մասնակիցներն այցելել էին Կառավարության 3-րդ մասնաշենք,- դա մայիսի 30-ին էր,- պարզելու Արցախի կարգավիճակի վերաբերյալ նախարարների դիրքորոշումները։ Հարցը, որն ընդդիմության հայտարարության նախագծում առանցքայիններից էր, հակիրճ վերաձեւակերպված էր մոտավորապես հետեւյալ կերպ. Ձեզ համար ընդունելի՞ է «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» ձեւակերպումը, թե՝ ոչ: Հարցված պետական այրերը՝ ԱԺ խոսնակը, նախարարներ, փոխնախարարներ, բուհերի ռեկտորներ ու պրոռեկտորներ, այլ գերատեսչությունների ղեկավարներ, վարչությունների պետեր եւ այլք, փաստորեն, հրաժարվել էին դրական պատասխան տալուց՝ այս կամ այն կերպ «պրծացնելով» գլուխները:
Ոմանք ընդդիմության այս հարցադրումը կարող են անվանել անհարկի հավատաքննություն, ուրիշները մեկ այլ բնորոշում կարող են տալ, բայց դա չէ էականը: Նույնիսկ պաշտոնատար անձի վախկոտությունն ու անսկզբունքայնությունը չեն այստեղ կարեւորը: Ամենամեծ ցավը հայրենիքի մի զգալի հատվածի կորստյան իրական սպառնալիքի նկատմամբ նրա՝ պաշտոնից զրկվելու վախի գերակայությունն է, այլ կերպ ասած, պաշտոնյայի՝ հանուն սեփական պաշտոնի, հայրենադավության պատրաստակամությունը: Կամ՝ ջրբաժանի մեկնակետը:
«Սա լավ հնարավորություն է քաղաքական պաշտոններ զբաղեցնող շատ անձանց համար` տարանջատվելու Նիկոլից եւ չկրելու երկրի կործանման պատասխանատվությունը»,- հայտարարել էր ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։ Իրականում խորհրդարանական ընդդիմության նախագծով սահմանված են հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերություններին առնչվող այն կարմիր գծերը, որոնք Հայաստանի որեւէ իշխանություն չպետք է անցնի: Ասել է թե՝ արցախյան հիմնախնդիրը Հայաստանի ցանկացած իշխանության համար յուրահատուկ փորձաքար է. քննությունը բռնեցիր՝ շատ լավ, չբռնեցիր՝ բարի եղիր հրաժարական տալ:
Գեւորգ Բրուտենց