Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Վերլուծական

ՏԻՄ առաջիկա ընտրությունները «թեժ» աշուն են խոստանում

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ծանր տպավորությունը տակավին չհաղթահարված՝ հանրությանը եւ քաղաքական ուժերին նոր ընտրական «փորձություն» է սպասվում: Ինչպես հայտնի է, այս աշնանը Հայաստանի որոշ մարզերում կանցկացվեն Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ, որոնց նկատմամբ հետաքրքրությունն աննախադեպ աճել է: «Փաստ»-ի վկայությամբ՝ հունիսյան ընտրական գործընթացներից հետո հիմնական քաղաքական ուժերը պատրաստվում են ակտիվ ներգրավվածություն ունենալ հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններում: Խոսքը միայն խորհրդարան անցած երեք ուժերի մասին չէ, որոնց ուշադրության կենտրոնում առավելապես խոշորացված կամ խոշորացման հեռանկար ունեցող համայնքներն են, այլ նաեւ արտախորհրդարանական մի քանի քաղաքական միավորների, որոնք նույնպես ուզում են տեղերում ունենալ իրենց հուսալի հենարանները:

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ ներկա փուլում մի շարք քաղաքական շրջանակներ փորձում են իրենց ուժերը վերադասավորել եւ հասկանալ, թե իրականում որքան աջակիցներ ունեն մարզերում եւ որքան ներուժ՝ սեփական շարքերը համալրելու, համակիրների վարքագիծը, այսպես ասած, «ռեստարտի» ենթարկելու առումով: Այսինքն՝ փորձում են տեղերում ակտիվանալ, որպեսզի կարողանան իքս պահին հավատարիմ աջակիցների պատշաճ մասնակցություն ապահովել՝ իրենց թեկնածուին անցկացնելու համար: Իշխանական լծակների տիրապետող թիմը, բնականաբար, ջանում է վարչական ռեսուրսների կիրառմամբ, ինչպես դա հաջողությամբ կյանքի կոչեց անցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում, ամեն կերպ թուլացնել հավանական հակառակորդների դիրքերը, վախ ու խուճապ առաջացնել նրանց շարքերում:

Այդ համատեքստում են դիտարկվում նաեւ ընտրություններից հետո իշխանությունների կողմից շարունակվող բռնաճնշումները ՏԻՄ ղեկավարների եւ այլ անձանց նկատմամբ, որոնք ունեն իշխանության տեսակետներից տարբերվող մոտեցումներ ու սատարում են ընդդիմությանը: Օրեր առաջ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Ըստ նրա, լայն ծավալով շարունակվում են ճնշումներն ու քաղաքական հետապնդումները ընդդեմ ժողովրդի կողմից ընտրված համայնքների ղեկավարների: «Դրանով փորձ է արվում քանդել նաեւ ՏԻՄ ինստիտուտը՝ դարձնելով այն նշանակովի։ Կան արդեն բազմաթիվ ակնհայտ ճնշումներ բոլոր այն համայնքապետների նկատմամբ, որոնք մաս են կազմել «Հայաստան» դաշինքին կամ ունեցել են այլ դիրքորոշում»,- նշել է Սաղաթելյանը:

Պարզ է, որ իշխանությունները՝ իրավական, քաղաքական հետապնդումներ գործադրելով համայնքների ղեկավարների, ընդդիմադիր հայացքներ ունեցող մտավորականների, այլ անձանց նկատմամբ, միանգամից մի քանի խնդիր են լուծում՝ ա/ համայնքը դարձնում են իրենց համար հեշտ կառավարելի; բ/ համայնքում յուրային ղեկավարի, դպրոցի տնօրենի, մտավորականության առկայությամբ հավելյալ վարչական ռեսուրսներ են կուտակում, ինչը ընտրությունների ժամանակ հաջողության գրավականներից մեկն է; գ/ գլխատելով համայնքը՝ տվյալ տարածքում առանց դիմադրության իրականացնում են ցանկացած ծրագիր, արտաքին պայմանավորվածություն, որոնց հանձնառությունը ստանձնել են աշխարհաքաղաքական գործընթացների բերումով, եւ դ/ ուզում են ՏԻՄ-երն ամբողջովին «իրենցով անել»՝ այդտեղ նշանակելով բացառապես յուրայինների:

Տարբեր առիթներով «Իմքայլական» պաշտոնյաները հայտարարել են, որ պետական մարմիններում, հանրային ծառայությունների ոլորտում պետք է աշխատեն միայն գործող իշխանության դիրքորոշումներն ընդունող, նրան հավատարիմ անձինք: Պետական հաստատության դռները, ըստ նրանց, ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց առջեւ պետք է փակ լինեն: «Իշխող քաղաքական ուժին չսատարող գյուղապետերը՝ նրանք, ովքեր մեզ հետ չեն, պետք է հեռանան»,- «Ազատության» եթերից հայտարարել է Լոռու մարզպետ, ՔՊ անդամ Արամ Խաչատրյանը՝ ցուցադրելով ժողովրդավարական արժեհամակարգի մասին իր աղճատված պատկերացումը, ինչը, ի դեպ, բնորոշ է մեր շատ իշխանավորների՝ սկսած իշխանական բուրգի ամենավերին սանդղակից:

Եթե իշխանությունը դիմում է քաղաքական հայացքներով պայմանավորված ճնշումների ու հալածանքների՝ նշանակում է նրա վիճակն աննախանձելի է: ՀՀ մի քանի մարզերում՝ մասնավորապես Սյունիքում, համայնքապետերի նկատմամբ կատարվող իրավական ամենաթողությունը իշխանական համակարգում անբարվոք վիճակի առկայության վկայությունն է: Ընտրությունից հետո խոստացված «վենդետա»-ների մեկնարկը տրված է, ինչի առթիվ արժե շնորհավորել «Պողպատե մանդատի» մեծ ու փոքր հեքիաթասացներին, որոնք սիրում են «պողպատն» օգտագործել միայն քաղաքական ընդդիմախոսների դեմ՝ առաջնորդվելով երկակի չափորոշիչներով: Բերենք ուշագրավ մի համեմատություն. Սյունիքի ՏԻՄ գրեթե բոլոր կալանավորված ղեկավարներին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար: Եվ բոլոր դրվագներում ընտրակաշառքը բաժանվել է, իբր, սոցիալական օգնության ցուցանակի տակ՝ հօգուտ «Հայաստան» դաշինքի: Նույն կարգի ոչ մի մեղադրանք իշխող ՔՊ կուսակցության համակիրների նկատմամբ չի առաջադրվել:

Մինչդեռ Կառավարության կողմից նախընտրական քարոզչության ընթացքում, անգամ դրանից առաջ, պետբյուջեից եւ տարբեր հիմնադրամներից շռայլորեն նյութական օգնություններ են ցույց տրվել պետական հիմնարկների հազարավոր աշխատողների ու քաղծառայողների, ինչը հիմք է տալիս դատելու, որ պաշտոնական մակարդակով տեղի են ունեցել բազմապատիկ անգամ ավելի մեծ չափերով դրամաբաշխումներ, որոնք «վրիպել են» իրավապահ մարմինների ուշադրությունից, իսկ մի քանի հոգու օգնության դեպքում կիրառվել է օրենքի ողջ ուժը: Օրինակ՝ նախընտրական շրջանում 500 մլն դրամ էր փոխանցվել Սյունիքում գրանցված, սակայն կոորդինատներ չունեցող, կասկածելի մի հիմնադրամի հասցեով, որի գումարները, անտարակույս, բաժանվել են իշխանության օգտին ձայն տվածների միջեւ: Բաժանվել են նաեւ պարգեւավճարներ, այլ օգնություններ, սակայն ոչ մի քրեկան գործ չի հարուցվել: Սա երկակի չափորոշիչների կիրառման եւ, միաժամանակ, պաշտոնեական դիրքի չարաշահման ու վարչական ռեսուրսի օգտագործման բազում օրինակներից մեկն է:

Միամտություն է կարծել, թե ՏԻՄ ընտրությունների պարագայում կբացառվեն վարչական ռեսուրսների օգտագործման միջավայրն ու գործիքակազմը, որոնց ականատես եղանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Գործող իշխանությունն ապացուցեց, որ ինքը հավասարը չունի պետական ռեսուրսների զինանոցը՝ այդ թվում բյուջեն, տրանսպորտային միջոցները, ոստիկանության ու անվտանգության ուժերը, ինչպես նաեւ պետհիմնարկների աշխատողներին, քաղծառայողներին, նույնիսկ դպրոցականներին սեփական շահերի սպասարկմանը ծառայեցնելու գործում: Իսկ այժմ, երբ թշնամին հայ-ադրբեջանական սահմանի տարբեր մասերում՝ այդ թվում Երեւանից ընդամենը 60 կմ հեռու գտնվող Երասխում, ներթափանցման փորձեր է ձեռնարկում՝ ստեղծելով լարվածության օջախներ, վարչապետի պաշտոնակատարը զբաղված է իր հենարանն ամրացնելու խնդրով, ինչի երաշխիքներից մեկն էլ ՏԻՄ-երում յուրային համայնքապետերի ներգրավվածությունն է:

Ահա թե ինչու իշխանությունների հոգածության առարկան եւ առաջնահերթությունը աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններն են, մասնավորապես՝ մեծությամբ երկրորդ եւ երրորդ համայնքներ հանդիսացող Գյումրիում ու Վանաձորում, որտեղ արդեն երկրորդ անգամ ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով: ԶԼՄ-ների հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար, ՔՊ կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը խոստովանել է, որ ներկա փուլում՝ ոչ այնքան հետեւողական, բայց օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ինտենսիվ կերպով աշխատելու են ՏԻՄ ընտրությունների անցկացման ուղղությամբ. «Աշունը բավական հետաքրքիր է լինելու»,- կարճ նկարագրել է Պապիկյանը։

Գյումրիում այսօր քաղաքապետի հնարավոր թեկնածուների մի քանի անուններ են շրջանառվում, այդ թվում՝ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանինը, բայց Պապիկյանը կոռեկտ չի համարում անուններ հնչեցնել. «Այս փուլում բարձրաձայնման ենթակա չէ, քննարկումների մեջ ենք, երբ որոշում կունենանք, դրա մասին կասենք»,- նշել է նա։ Ինչ վերաբերվում է 9 տարի Գյումրին ղեկավարած Բալասանյանին, ապա վերջինիս աշխատանքը, ըստ Պապիկյանի, արժանի է բարձր գնահատանքի: «Մեր համատեղ աշխատանքի արդյունքը տեսանելի է… Ես կարող եմ ասել, որ ինձ համար աշխատանքը շատ բարձր որակի է, ես բարձր եմ գնահատում քաղաքապետի աշխատանքը։ Մնացածը՝ հաջորդիվ»,- ասել է ՔՊ կուսակցության վարչության ղեկավարը։

Փաստորեն Պապիկյանը գոհ է Գյումրիի քաղաքապետի աշխատանքի «բարձր որակից»՝ համարելով, որ իրենց «համատեղ աշխատանքի արդյունքը տեսանելի է»: Հավանաբար «տեսանելի արդյունք» ասելով՝ նա նկատի ունի ՔՊ-ի համար ՀՀ երկրորդ քաղաքում ապահոված քվեների մասով հունիսի 20-ի ընտրությունների արդյունքը: Դե, իհարկե, իշխող ուժի համար ամենակարեւորն այդ արդյունքն է՝ դրանով է պայմանավորված իրենց իշխանության պահպանումը, այսինքն՝ իրենց ապագան: Ինչե՜ր ասես, որ չեն անի «իմքայլականները» հանուն այդ վեհ նպատակի:

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: