Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Վերլուծական

Հայաստանը ձեռքերը լվանո՞ւմ է Արցախից

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Վատաբանած չենք լինի, եթե արձանագրենք, որ անարդյունավետ տնտեսավարման պրակտիկայով, քաղաքական խարդավանքներով եւ խառնիճաղանջ դիպվածներով հագեցած հետպատերազմական գրեթե մեկ տարին, մեծ հաշվով, մսխված ժամանակ դուրս եկավ: Անկանգ պտտվում է հետընթացի թափանիվը բոլոր կարեւոր ոլորտներում՝ անվտանգություն, տնտեսություն, բանակ, կրթություն եւ, հատկապես, հայության համար խիստ զգայուն համարվող արցախյան հարցում: Պարտված երկիրն իր ղեկավարության ապիկարության պատճառով հայտնվել է նոր նվաստացուցիչ զիջումների առջեւ, ինչը կարող է կործանարար լինել ոչ միայն Արցախի, այլեւ ողջ ազգի համար:

Այդուհանդերձ՝ այս խառնակ ժամանակների բոլոր մեծ ու փոքր ցնցումները, ներքին եւ արտաքին քաղաքական դավերը, թվում է, չպետք է շեղեն ուշադրությունը վիրավոր Արցախից, որն այժմ ամենաշատն է զգում բոլորիս կարիքը: Բայց՝ ավաղ. իրականում տեղի է ունենում հակառակը: Փորձենք հասկանալ, թե ինչու Հայաստանը (որոշ իմաստով նաեւ Սփյուռքը) միայնակ թողեց ադրբեջանաթուրքական տանդեմի սանձազերծած պատերազմում տարածքի 75 տոկոսից զրկված եւ կորստյան ցավի մտավախության մեջ տապակվող «կրտսեր եղբորը»: Ո՞վ անտարբերության ու օտարացման որոմ ցանեց երկու հայկական պետությունների երեսնամյա արդար մաքառումի ակոսում: Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները ջանում աննկատ «ձեռքերը լվանալ» Արցախից: Ե՞րբ դրվեց այս դավադիր խորթացման սկիզբը:

Իրավիճակի մեջ հստակություն կմտցվի, եթե մի պահ վերհիշենք, թե ինչպես էր «թավշյա» կոչված իշխանափոխությունից շատ չանցած՝ գեներացվում «հայաստանցի-արցախցի» արհեստական խոչընդոտը, ինչպիսի ստեր, թույն ու ատելություն էին արցախցիների մասին սոցցանցերում տարածում իշխանական ֆեյքերը, ինչպես էին բարիդրացիություն, խաղաղություն քարոզում լենանազարյանները, լիլիթմակունցները եւ այլք: Այդ օրերին էլ Արցախի «բեռից» ձերբազատվելու մարտավարությունը բարձրացվեց պետական մակարդակի, երբ 2019թ. մարտի 12-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ինքը չի կարող Ղարաբաղի անունից բանակցել, «քանի որ չունի այնտեղի ժողովրդի մանդատը»: Փաստորեն դրանով նա փակուղային իրավիճակում դրեց բանակցությունները, որովհետեւ Ադրբեջանը,- եւ դա Փաշինյանը լավ գիտեր,- կտրականապես հրաժարվում էր բանակցել Արցախի ներկայացուցիչների հետ՝ մտավախություն ունենալով, որ դա կնշանակի ԼՂՀ-ի սուբյեկտայնության ճանաչում:

Հետո հերթը հասավ նույն թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում Փաշինյանի հնչեցրած՝ «Արցախը Հայաստան է, եւ վե՛րջ» սադրիչ հայտարարությանը, որն ուղղակի Ադրբեջանին նետված մարտահրավեր էր: Իլհամ Ալիեւը դրան արձագանքեց հակառակ պնդմամբ. «Ղարաբաղն Ադրբեջան է, եւ բազմակետ»: ՀՀ ղեկավարության հակասական հայտարարությունները, հակամարտության կարգավորման տեսակետից հանրորեն ընկալելի դիրքորոշման բացակայությունը մեծացնում էին պատերազմի ռիսկերը, քանի որ ադրբեջանական կողմի մեջ ձեւավորվում էր բանակցությունների անիմաստության ընկալում: Թշնամին ինտենսիվորեն պատրաստվում էր Արցախի դեմ պատերազմի, իսկ Հայաստանում տիրող դալուկ անդորրը մերթընդմերթ խախտվում էր հակառակորդին տեղի-անտեղի հրահրող ճամարտակություններով:

Բոլորս տեսանք, թե ինչ տխուր հետեւանքների հանգեցրեց այդ ամենը՝ գումարած ռազմավարական եւ մարտավարական կոպտագույն սխալները, որոնց մասին շատ է խոսվել՝ տանուլ տված պատերազմ, մարդկային ու նյութական ահռելի կորուստներ, պառակտված հանրություն, ներքին գժտություններ, իշխանությունների նկատմամբ վստահության ճգնաժամ եւ ծվատված Արցախ, որի հանդեպ յուրաքանչյուրս ոչ միայն ազգային, այլեւ բարոյական վսեմ պարտք ու հանձնառություն ունի կատարելու: Ցավոք, իշխանությունների որդեգրած կրավորական, եթե չասենք՝ վախվորած, դիրքորոշումը շարունակվում է՝ տեղիք տալով հայրենասեր քաղաքացիների դժգոհությանը: Մարդիկ ղեկավարությունից պահանջում են Արցախում տիրող իրավիճակի հարցը վերադարձնել հայկական օրակարգ, քանզի կյանքից քաղված օրինակներն այլ բանի մասին են խոսում:

Այսպես՝ սեպտեմբերի 10-ին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում չընդունվեց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Արտաքին հարաբերությունների եւ Արցախի հարցերի մշտական հանձնաժողով վերանվանելու մասին «Հայաստան» խմբակցության նախագիծը: Ավելի վաղ նույն հանձնաժողովը մերժել էր խմբակցության մեկ այլ նախագիծ՝ ակնհայտորեն մտացածին հիմնավորումներով: Այն Արցախի հարցով ԱԺ մշտական հանձնաժողովի ստեղծում էր նախատեսում: Ընդդիմախոսները, սակայն, պնդում էին, որ նոր հանձնաժողովը, ըստ էության, կրկնելու է մի շարք այլ՝ արդեն գործող հանձնաժողովների գործառույթները։ «Բնականաբար, նրանք որեւէ քայլ այդ ուղղությամբ չեն անելու, քանի որ ադրբեջանական կողմի հետ ունեն պայմանավորվածություն, որ այլեւս չեն շոշափվելու «Արցախ» կամ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» անվանումները: Իշխանությունը հող է նախապատրաստում հերթական փաստաթղթի՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար»,- ասել է Արցախի Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո կսկսվեն Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների զատման եւ սահմանագծման աշխատանքներն այն հաշվով, որպեսզի այդ գործընթացներն ամբողջությամբ գոհացնեն Ադրբեջանին ու Թուրքիային։ Եվ երբ բոլոր պահանջները Հայաստանի իշխանությունները կատարեն, «Արցախ» եզրույթը, ըստ Հակոբյանի, դուրս կգա գործածությունից. «Իշխանությունն ուղղակի ձեռքերը կլվանա, եւ ՀՀ-ն կդառնա Արցախի համար որեւէ պատասխանատվություն չկրող երկիր»,- ցավով հավելել է ընդդիմադիր գործիչը։ Իրականում նրա ասածների մեջ ոչ մի չափազանցություն չկա. Կառավարության՝ օգոստոսի 25-ին ԱԺ ներկայացրած ծրագրում արդեն իսկ բացակայում էր «Արցախի Հանրապետություն» եզրույթը:

Կառավարության ծրագրի այդ տեքստային բացթողումը չի վրիպել նաեւ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների տեսադաշտից: «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ԱԺ-ի իր ելույթում հարցն ուղղել էր դահլիճում ներկա իշխանավորներին. «Դա ձեր քաղաքականությո՞ւնն է, դա որեւէ այլ պայմաններո՞ւմ է դուրս մնացել Կառավարության ծրագրից, դա մտածելակե՞րպ է, թե ինչ է: Միգուցե պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանի հետ հարաբերություններ չսրելու խնդի՞ր կա»,- հարցամտել է պատգամավորը՝ այդպես էլ չստանալով որեւէ ողջամիտ պատասխան: Նա նկատել է նաեւ, որ փաստաթղթի՝ Արցախին նվիրված հատվածում խնդրի կարգավորումը դիտարկվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո՝ կարգավիճակի վերջնական հստակեցման ու ինքնորոշման իրավունքի հիման վրա, սակայն ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածում Արցախի կարգավիճակի հարցը մղված է հետին պլան։

Դատելով ամենից, կարգավիճակը միակ անտեսված խնդիրը չէ: Արցախին առնչվող անորոշությունները շատ են, իսկ հարցերի հարցը նրա հետագա ճակատագիրն է: Ի՞նչ է սպասվում հայկական Արցախին, ո՞րն է նրա լինելության առհավատչյան: Ադրբեջանը համարում է, որ Ղարաբաղի հիմնախնդիրն այլեւս լուծված է եւ ջանում է մի կողմից՝ օր առաջ Երեւանի վզին փաթաթել խաղաղության պայմանագիր կոչված փաստաթուղթը, որով նախատեսվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում՝ Արցախի ներառմամբ, մյուս կողմից՝ չի շտապում ստորագրել շփման գծում ռուսական խաղաղապահ ուժերի ներկայության մանդատը: Իրենց հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան անընդունելի են համարում ռուս խաղաղապահների մուտքը տարածաշրջան, ինչը, ըստ նրանց, համանախագահների միջեւ պայմանավորվածության խախտում է:

Այս մասին մամուլին տեղեկություններ է փոխանցել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն՝ նշելով, որ հրադադարի պայմանավորվածության մեջ եղած բոլոր տարրերը քննարկվել են Մինսկի խմբի համանախագահների կողմից, բացի ռուս խաղաղապահների տեղակայման հարցից. «Մինսկի խմբի քննարկումներում կար, որ լավագույն լուծումը կլիներ, եթե խաղաղապահները կամ դիտորդները ներկայացնեին ոչ հարեւան երկրները, ոչ էլ համանախագահ երկրները։ Կարծում եմ, որ Ռուսաստանը սրա հետ լրիվ համամիտ էր, դա այս հարցում քաղաքականապես ավելի բարենպաստ մոտեցում էր: Ինչո՞ւ Ռուսաստանը մտցրեց իր խաղաղապահներին»,- նշել է Քավանոն։ Փորձագիտական որոշ տեսակետների համաձայն՝ այժմ գնում է Արցախի եւ Հայաստանի օտարացման գործընթաց՝ հօգուտ Արցախ-Ռուսաստան կապի մերձեցման: «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի կարծիքով՝ Ռուսաստանը միառժամանակ Արցախն իր իշխանության տակ պահելուց հետո կվաճառի Ադրբեջանին՝ դրա դիմաց «ստանալով կամ նրա անդամակցությունը ԵԱՏՄ-ին, կամ ավելի ուժեղ ազդեցություն»:

Ամեն դեպքում՝ փաստն այն է, որ Արցախի անվտանգության միակ երաշխիքը ռուսական խաղաղապահ ուժերն են, որոնց դուրս բերելու մասով Բաքվում ակտիվ քարոզչություն է ծավալվել: Փաստ է նաեւ, որ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը ոչ մի անգամ Արցախ չի գնացել: Ավելին՝ երկրորդ տարին է, ինչ նրա արձակուրդը համընկնում է Արցախի անկախության օրվա՝ սեպտեմբերի 2-ի հետ: Այդ պատրվակով նրան հաջողվում է խուսափել Արցախ մեկնելու «ծանր պարտականությունից» եւ բավարարվել տոնի կապակցությամբ ուղերձ հղելով: Ասում են՝ երես չունի, գնա, որ ի՞նչ անի: 30 տարվա արյամբ ու տքնանքով ձեռք բերածը գրչի մի հարվածով տվեց թուրքին:

Նա խույս տվեց Արցախի անկախության տոնին մասնակցելուց, փոխարենը հանրային թուքումուրի տակ պատրաստվում է սեպտեմբերի 21-ին մեծ շուքով կամ, ինչպես ինքն է ասում, «մասշտաբային եւ գունագեղ» նշել Հայաստանի անկախության 30-ամյակը: Բայց ինչո՞ւ այդպես ճոխ ու շքեղ՝ չլինի՞ վերջին անգամն է:

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: