Ուրբաթ, Հոկտեմբերի 04, 2024

Վերլուծական

Օգոստոսյան սրացումներ, «միջանցքային» կրքեր

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Դիտորդների եւ ոլորտի փորձագետների մռայլ կանխատեսումները, թե հարեւան թշնամի պետությունը պատրաստվում է մոտակա ժամանակներս Հայաստանի ու Արցախի հանդեպ ձեռնարկել ռազմական նոր գործողություններ, ցավոք, իրականություն դարձան: Օգոստոսի առաջին օրերից սկսած, հակառակորդը՝ կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման պայմանակարգը, «Սարիբաբ» բարձունքի շրջանում կրակի տակ էր վերցրել Պաշտպանական բանակի մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը:

Իրավիճակն օգոստոսի 3-ի առավոտյան սաստկացել էր, թշնամու ստորաբաժանումները՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, կիրառում էին ականանետեր, նռնականետեր, հարվածային ԱԹՍ-ներ, ինչից մահացու վիրավորում ստացան Արցախի ՊԲ-ի պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գաբրիելյանը եւ Արթուր Խաչատրյանը: Եվս 14 հոգի տարբեր աստիճանի վիրավորումներով տեղափոխվեցին հիվանդանոց: Օպերատիվ մարտավարական իրադրությունը փոքր-ինչ կայունացավ երեկոյան՝ կողմերի ներկայացուցիչների եւ ԼՂՀ-ում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության ձեռնարկած միջոցների շնորհիվ:

Օգոստոսյան սրացումները, թերեւս, պատահական չէին. Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը երկար ժամանակ ինտենսիվ պարբերականությամբ «մատից ծծած» լուրեր էր տարածում, թե ՀՀ զինված ուժերը, հրադադարի խախտմամբ, սահմանի կամ շփման գծի այսինչ հատվածում կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչը, բնականաբար, ՀՀ Պնախարարության կողմից ամեն անգամ համբերատարորեն հերքվում էր: Կեղծ, իրականության հետ կապ չունեցող տեղեկությունը, այո, հերքվում էր, բայց «մրուրը» մնում էր եւ անցանկալի հետեւանքներ առաջացնում:

Ի դեպ, ադրբեջանական կողմի մանիպուլյատիվ հնարքներին մի առիթով անդրադարձել էինք՝ հանգելով հիմնավոր եզրակացության, որ նման մարտավարությունը ոչ այլ ինչ է, քան այս կամ այն ուղղությամբ ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցելու համար մոտիվացված նախադրյալներ ստեղծելու խորամանկ քայլ: Սակայն համակարգի փորձառու գիտակների բազմաթիվ նախազգուշացումներն ու թշնամու ռազմամոլական մտադրությունների դեմն առնելու հորդորները մեր իշխանությունների կողմից միշտ անտեսվում էին եւ են: Նման իրավիճակների համար ժողովուրդը տեղին խոսք ունի. «հասկացողին մին ասա, չհասկացողին՝ հազար ու մին»:

Գալով վերը նկարագրված իրավիճակին՝ հարկ է նկատել, որ, չնայած օգոստոսի 3-ի ողբերգական միջադեպից հետո եռակողմ բանակցությունների արդյունքում հաստատված հարաբերական կայունությանը, հետագա օրերին եւս իրադրությունը սահմանի այդ հատվածում շարունակում էր մնալ լարված ու ծայրաստիճան վտանգավոր: Բաքվի բռնակալը չի սիրում սպառնալիքները քամուն տալ. նա քանիցս զգուշացրել է, որ իր պահանջածը չստանալու դեպքում ռազմական ուժ կգործադրի: Իսկ պահանջածին չափ ու սահման չկա: Երեւում է՝ մեր թուլամորթ, անինքնասեր ղեկավարը  բանավոր պայմանավորվածությամբ շատ զիջումներ է խոստացել, որոնց տակից դուրս գալ չի կարողանում:

Փաշինյանը նեղն է ընկել. դրսից նրան ճնշում են Իլհամն ու Էրդողանը, ներսից՝ ժողովրդի որակյալ մեծամասնությունն ու ընդդիմությունը: Եվ չի բացառվում, որ Ադրբեջանի կողմից հատուկ սանձազերծված օգոստոսյան ընդհարումը Ալիեւի «օգնությունն» էր ծանր դրության մեջ հայտնված հայ գործընկերոջը, որպեսզի վերջինս նոր զիջումների համար ազդու կռվան ու արդարացում ունենա. «դե, տեսնում եք… նորից ջահելների արյուն է հեղվելու, եթե չգնանք զիջումների»: Այս տրամաբանության մանիպուլացմամբ՝ Փաշինյանը մի ամբողջ պատերազմ է պարտվել, տվել հազարավոր զոհեր ու եռապատիկ ավելի հաշմված երիտասարդներ, կորցրել 184 գյուղ, ահռելի տարածքներ, նյութական, մշակութային ու հոգեւոր արժեքներ:

Կարող է հարց առաջանալ՝ ինչո՞վ էր պայմավորված «Սարիբաբ» բարձունքի շրջանում Ադրբեջանի ձեռնարկած մարտական գործողությունը: Որոշ կարծիքների համաձայն՝ այդ սրացումների հիմնական նպատակը հայկական կողմի վրա ճնշում գործադրելու միջոցով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» ստանալն է: Դա թուրք-ադրբեջանական զույգի վաղեմի երազանքն է, որի իրականացմանը նա երբեք այսքան մոտ չի եղել՝ ՀՀ-ում թույլ, կապիտուլյանտ իշխանությունների հանգամանքի բերումով:

Ադրբեջանի նախագահն այդ պահանջը դրել է որպես Հայաստանն Արցախին կապող Լաչինի միջանցքի հակակշիռ՝ չնայած 44-օրյա պատերազմից հետո Մոսկվայում ստորագրված՝ Փաշինյան-Պուտին-Ալիեւ եռակողմ փաստաթղթերում «միջանցքային» տրամաբանությամբ հարց չի արծարծվել, բացի ներկայում գործող Լաչինի միջանցքով նոր երթուղի կառուցելու պայմանավորվածությունից: Սա նշանակում է, որ Ալիեւն անձամբ զիջումների ու պարտավորվածությունների նոր բեռ է դրել Փաշինյանի ուսերին, եւ վերջինիս ոչինչ չի մնում անել, քան լուռումունջ տանել այն՝ փույթ չէ, թե ի վնաս Հայաստանի եւ Արցախի կենսական շահերի:

Բայց, քանի որ հանրային բուռն դժգոհությունների պատճառով այս անգամ չհաջողվեց անաղմուկ կյանքի կոչել ալիեւյան ծրագիրը, Ադրբեջանն անվարան գնաց միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքի՝ ուժի կիրառման եւ ուժի կիրառման սպառնալիքի անթույլատրելիության դրույթի, ինչպես նաեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպիտ ոտնահարման ճանապարհով: «Ադրբեջանի հանցավոր վարքագիծը դատապարտելի է. այն ուղղակիորեն վտանգում ու, ըստ էության, զրոյացնում է Արցախում ապրող մարդկանց կյանքի իրավունքի ցանկացած երաշխիք»,- հայտարարել է ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը եւ Արցախի խաղաղ բնակչության կյանքի իրավունքի իրական ապահովման ուղղությամբ առավելագույն ջանքեր գործադրելու կոչով դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին ու միջազգային մյուս դերակատարներին, որոնց ձայնը ադրբեջանական այս նոր ագրեսիայի օրերին չլսվեց։

Երկակի չափանիշներ որդեգրած՝ միջազգային կառույցների հանդեպ, բնականաբար, բարյացակամ չէր նաեւ ԼՂՀ օմբուդսմենը: Արցախը դարձյալ միայնակ է իր իրավունքների պաշտպանության համար պայքարում։ Ռուս խաղաղապահների չհստակեցված մանդատի եւ խիստ սահմանափակ թվակազմի պատճառով փխրուն խաղաղությունը հայոց այդ բազմաչարչար հողակտորի վրա պարբերաբար վտանգվում է, ինչպես դա եղավ օգոստոսի առաջին 3 օրերին։ «Որտե՞ղ են համանախագահող երկրների իրական քայլերը մարդկանց իրավունքները պաշտպանելու, կյանքերը փրկելու, խաղաղ կենսագործունեություն ապահովելու հարցում։ Որտե՞ղ են ՄԱԿ-ի, ԵԽ-ի կամ ԵԱՀԿ-ի գործողությունները։ Թե ամեն ինչ ուղղակի սին խոսքերի մակարդակո՞ւմ է»,- իրավացիորեն նեղսրտում է Գեղամ Ստեփանյանը։

Հիրավի, Արցախի համար լավագույն ժամանակները մնացել են անցյալում: Միջազգային կառույցների անհետեւողականությանը, հակամարտության սրացումների մեղքը կողմերի միջեւ հավասարապես բաժանելու արատավոր մեթոդաբանությանը գումարվել է թույլ, չճանաչված պետության հանդեպ Հայաստանի օտարացման աստիճանական խորացումը: Իրեն անպատժելի եւ ամենակարող զգացող Ադրբեջանն անցել է լպիրշության բոլոր սահմանները: Այդ երկրի ղեկավարն արդեն անթաքույց հայտարարում է, որ Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա «ո՛չ կարգավիճակ, ո՛չ անկախություն, ո՛չ որեւէ այլ հատուկ արտոնություն։ Ինչպես Ադրբեջանի մյուս քաղաքացիները, այնպես էլ նրանք»,- շեշտել է Ալիեւը։

Ահա թե ուր է հասցրել Հայաստանի ու Արցախի ապազգային իշխանությունների վարած անխոհեմ քաղաքականությունը: ՔՊ-ական պատուհասները գոնե հասկանո՞ւմ են, թե ինչ է սա նշանակում: Դժվար թե: Ուրեմն՝ բացատրենք. ի թիվս բազում այլ խնդիրների, սա նշանակում է, որ արցախահայերը ծառայելու են ադրբեջանական բանակում՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Ո՞ր մեկ հայ երիտասարդը զինվորական ծառայության կմեկնի Ադրբեջանի բանակ: Ոչ ոք: Նրանք ավելի շուտ կնախընտրեն ընտանիքներով իրենց դարավոր բնակավայրերը լքելու տարբերակը, ինչը եւ Ադրբեջանի բուն նպատակն է:

Անհեռանկար ապագայի կործանարար ընթացքը կասեցնելու համար, որն ուղղված է ՀՀ ինքնիշխան պետականության քայքայմանը, ինչպես նաեւ Արցախի ամբողջական հայաթափմանը, ազգի խնդիրներով մտահոգ հայրենասեր շատ գործիչներ այդ օրերին դատապարտում էին ՔՊ-ի թրքահաճո գործելակերպը՝ առաջարկելով իրավիճակը շտկելու որոշակի «դեղատոմսեր»: «ՀԱՅԱՍՏԱՆ-2041»-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի համար գլխավորն այն է, որ Արցախի երեխաները կարողանան մեծանալ առողջ, երջանիկ ու մրցունակ. «որպեսզի կարողանան պարզապես ապրել՝ ապրել անվտանգության լիարժեք զգացողությամբ, հանգիստ գնալ դպրոց ու հավատալ ապագային»: Վարդանյանն առաջարկում է, որպես առաջին քայլ, ստեղծել Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության Համահայկական ճակատ:

Ստեղծված քաոսային իրավիճակը կարգավորելու եւ համակարգային արագ լուծումներ գտնելու իր տեսլականն է օգոստոսի 5-ին հրավիրված մամլո ասուլիսում ներկայացրել ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ կարեւորելով խորհրդարանական եւ արտախորհրդարական ուժերի ընդգրկմամբ Ազգային վստահության խորհրդի ստեղծումը: Ինքը՝ Հովհաննիսյանը, ունի նման խորհրդի կազմի սեփական տիպօրինակը, սակայն գտնում է, որ քաղաքական ուժերը պետք է հեռատեսություն ու շրջահայացություն ունենան՝ առաջադրված կազմերից ընտրելու լավագույնից լավագույնին: «Սա կարճ ժամանակահատվածի համար բանակցություններն առաջ տանելու եւ կայունություն ստեղծելու առաջարկ է»,- հայտարարել է նա:

Թույլ տված սխալների հիման վրա ՀՀ-ում ռազմական գիտությունը նոր մակարդակի բարձրացնելու, կառավարման փլուզված համակարգը վերականգնելու, բանակի՝ լիովին քանդված կառույցը ոտքի կանգնեցնելու հրամայականով է ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը պայմանավորում հայկական Զինված ուժերի կատարելագործման հաջողությունը: Ըստ նրա, անհրաժեշտ է կառուցվածքներ ստեղծել. մեկ կառուցվածք Նախիջեւանի ուղղությամբ, երկրորդը՝ Նոյեմբերյանի, երրորդը՝ Արցախի եւ այլն: «Նրանք ոչնչացրին բանակի մարտունակությունը, իսկ երբ պատերազմը սկսվեց, որոշեցին կամավորներ կանչել… Ես կարող էի շատ բան կանխել, բայց ինձ ասել էին, որ իրենք ամեն ինչ գիտեն»,- մամուլին պատմել է գեներալը:

Բոլոր առաջարկությունների, նկատառումների միջով կարմիր թելի պես անցնում է ՀՀ կառավարության եւ նրա ղեկավարի ապաշնորհության, անկարողության ու անբավարար արհեստավարժության գաղափարը, հետեւաբար վերջինիս հեռացումը դիտվում է թիվ մեկ պահանջ: Այդ խնդրի լուծման բանալին, կարծես թե, գտել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար եւ Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը, որը հանդես է գալիս որպես «Դիմադրություն» շարժմանն օժանդակող ուժ: Օգոստոսի 8-ին Հանրապետության հրապարակում հրավիրելով մամուլի ասուլիս, Ղազարյանը հայտարարեց, որ Փաշինյանին հեռացնելու համար նոր պայքար է սկսվում, որը պիտի տեւի օգոստոսի 23-ից մինչեւ սեպտեմբերը 21-ը:

Ղազարյանի խոսքով՝ այս ընթացքում ընդամենը երեք հանրահավաք է նախատեսվում՝ օգոստոսի 23-ին, սեպտեմբերի 2-ին, որն արդեն հայտարարված է եւ նախաձեռնողը «Դիմադրություն» շարժումն է, իսկ վերջինը պիտի լինի Փաշինյանին Ազգային ժողովում պաշտոնանկ անելու նախաձեռնության քննարկման ժամանակ՝ խորհրդարանի բակում։ «Այս պահին Փաշինյանին հեռացնելու համար գոյություն ունի երեք սահմանադրական ճանապարհ, եւ մենք բացառապես գնալու ենք դրանցով»,- նշել է Ղազարյանը: Նրա հավաստմամբ՝ Փաշինյանը սեպտեմբերի վերջին այլեւս չպետք է լինի վարչապետ։

(Շարունակելի)

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: