Նախորդ շաբաթավերջին նախատեսված էր Ռոբերտ Քոչարյանի այցը Մոսկվա: ՀՀ երկրորդ նախագահը՝ որպես «Հայաստան» դաշինքի ղեկավար, պաշտոնական հրավեր էր ստացել «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավարությունից` այցելելու Մոսկվա՝ երկու քաղաքական միավորների գործընկերային հարաբերությունների զարգացմանն ուղղված քաղաքական հանդիպումներ անցկացնելու համար։ Տեղեկությունը մամուլին հայտնել էր Երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը. «Սիրով ընդունել ենք հրավերը, եւ Ռոբերտ Քոչարյանն արդեն պլանավորել է մեկնել Մոսկվա այդ հանդիպումներին մասնակցելու նպատակով»,- ասել էր նա։ Միկոյանի խոսքով՝ այդ հանդիպումների անցկացումը կարեւոր նշանակություն ունի ինչպես երկու քաղաքական միավորների միջեւ կառուցողական երկխոսության, այնպես էր հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համատեքստում։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը մոտ կանգնած աղբյուրն իր հերթին՝ անդրադառնալով Քոչարյանի ակնկալվող այցին, բարձր է գնահատում Մոսկվայում կայացված «սկզբունքային որոշումը», որը, նրա կարծիքով, կխթանի հայ-ռուսական կապերի ամրապնդումը, նոր լիցք կհաղորդի տարածաշրջանում թուրք-ադրբեջանական ազդեցության մեծացման դեմ ուղղված երկուստեք ջանքերին։ «Սկզբունքային որոշում» ձեւակերպումը, որը մի տեսակ զգաստացնող է, մտածելու տեղիք է տալիս: Թվում է՝ ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը քաղաքական խորհրդատվությունների համար պետք է Մոսկվա հրավիրեր ոչ թե ընդդիմադիր ուժի առաջնորդին, այլ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարին կամ բարձրաստիճան որեւէ այլ ներկայացուցչի, ինչն ավելի տրամաբանական կլիներ: Մանավանդ որ, օրակարգում նաեւ տարածաշրջանում հնարավոր զարգացումների հարցն էր դրված:
Գրեթե եռամսյա «թայմ աութ»-ից հետո, որն ընդգրկում է ԱԺ խորհրդարանական ընտրություններից ի վեր անցած ժամանակահատվածը, Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ հանրությանը երեւաց սեպտեմբերի 14-ին՝ «Հայաստան» դաշինքի նեղ կազմով հանդիպմանը: Դա ՌԴ սպասվելիք նրա այցից 5 օր առաջ էր, եւ Դաշինքի ղեկավարը, ըստ երեւույթին, կարեւոր էր համարել մեկնելուց առաջ եւս մեկ անգամ արծարծել մեզանում տեղի ունեցող իրադարձությունները, երկրի առջեւ ծառացած մարտահրավերները, դրանց լուծման ուղիները: Նա հանձնարարականներ է տվել մեծացնել հանրային ակտիվությունը երկրի համար բախտորոշ այս շրջանում, հանրության ուշադրությունը սեւեռել խնդիրների վրա, ավելի ակտիվացնել աշխատանքները Դաշինքի եւ հանրության միջեւ, ստեղծել կազմակերպչական էլ ավելի արդյունավետ ստորաբաժանումներ՝ Դաշինքի աշխատանքներին նոր որակ հաղորդելու համար։
Ակնհայտ էր, որ Երկրորդ նախագահն այնքան էլ գոհ չէ տարվող աշխատանքներից եւ, ելնելով հանրության շրջանում նկատվող որոշակի դժգոհություններից, ավելին է պահանջում թե՛ խորհրդարանում աշխատող «Հայաստան» խմբակցությունից, թե՛ արտախորհրդարանական ակտիվից: Դաշինքի անդամները վերահաստատեցին իրենց նպատակը՝ «հասնել Հայաստանը քայքայող ու կործանման տանող իշխանության օր առաջ հեռացմանը եւ իրականացնել պետությունը զարգացման բնականոն հուն տեղափոխելու՝ Դաշինքի առաքելությունը»։ Այս առաքելության իրականացման հարցում հստակ համոզվածությամբ էր, ամենայն հավանականությամբ, Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում գնալ «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավարության հետ անցկացվելիք հանդիպումներին:
Սակայն, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Սեպտեմբերի 17-ին «Հայաստան» դաշինքը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ պարտադրված չեղարկել են Ռոբերտ Քոչարյանի՝ սեպտեմբերի 19-ին ակնկալվող այցը, որի ընթացքում ռուսական կողմի հետ քննարկվելու էին ոչ միայն միջկուսակցական համագործակցության, այլեւ լայն շրջանակի այլ հարցեր: Առաջին ատյանի դատարանը՝ առանց իրավական որեւէ հիմնավորման, մերժել էր արտոնել Քոչարյանի մեկնումը արտերկիր։ «Ականատեսն ենք դատարանի վրա իշխանության հերթական ճնշման, ինչն ուղղված է «Հայաստան» դաշինքի քաղաքական գործունեության սահմանափակմանը։ Տեղի ունեցողը գնահատում ենք որպես իշխանության նեղ անձնական քինախնդրության հերթական դրսեւորում եւ պետական մտածելակերպի կատարյալ բացակայության նոր ապացույց»,- ասված է հայտարարության մեջ։
Ռուսաստանի դաշնություն Երկրորդ նախագահի այցերին Նիկոլ Փաշինյանը միշտ խանդով է վերաբերվել: Այդպես եղավ նույնիսկ պատերազմի ամենաթեժ օրերին, երբ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստակամություն էին հայտնել, որպես բանագնացներ, մեկնել Մոսկվա՝ ռուսական վերնախավի ներկայացուցիչների հետ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու եւ քննարկումների արդյունքում Հայաստանի կառավարությանը ստեղծված իրավիճակից կոնկրետ ելքեր առաջարկելու համար: Փաշինյանն առերեւույթ տվել էր իր համաձայնությունը, նույնիսկ խոստացել հատուկ ինքնաթիռ տրամադրել եւ այլն, սակայն մեկնելու օրվա նախօրեին պարզվել է, որ Երկրորդ նախագահի հանձնած COVID-19-ի թեստի պատասխանը դրական է, ինչը լրիվ անսպասելի էր, քանի որ վերջինս չուներ եւ մինչ այժմ էլ չունի հիվանդության որեւէ ախտանիշ։ Թե ում հրահանգով եւ ինչու կեղծվեց թեստի արդյունքը, հստակ նշված է երկու նախկին նախագահների գրասենյակների՝ այն օրերին տարածած հաղորդագրություններում: Չնայած առանց այդ էլ, ամեն ինչ պարզ էր:
Բայց վերադառնանք ամենակարեւորին՝ ինչո՞ւ էր Ռոբերտ Քոչարյանը, այնուամենայնիվ, հրավիրվում Մոսկվա: Իսկապե՞ս իշխանական «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ միայն քաղաքական խորհրդատվություններ անցկացնելու համար, ինչպես նշված է այցի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ: Իշխանական ԶԼՄ-ներում շրջանառվում են տեղեկություններ, թե «Հայաստան» դաշինքը հեղաշրջման է գնում: Սեպտեմբերի 19-ին «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում այդ մասին պնդել է ՔԺԿ ղեկավար, քաղաքագետ Լեւոն Շիրինյանը՝ կիսելով ՀՀ-ում ռեւանշիստական տրամադրությունների առկայության առնչությամբ Իլհամ Ալիեւի տեսակետը: «Քանի դեռ ռեւանշիզմը՝ հանձին ընդդիմության, չի հայտարարել, որ հրաժարվում է ամեն գնով իշխանություն փոխելու նպատակից, ես առաջարկում եմ՝ հետաքննություն սկսել եւ հեղաշրջման փորձի մեղադրանք առաջադրել»,- ասել է Շիրինյանը՝ հավելելով, որ Քոչարյանից եկող իրական վտանգները տակավին չեզոքացված չեն:
Իշխանության խոսափող համարվող գործիչը համոզմունք է հայտնում, որ արտաքին քաղաքական ու ռազմավարական կողմնորոշումների առումով Հայաստանը պետք է սկզբունքորեն շուռ գա դեպի ԱՄՆ, Ֆրանսիա, ԵՄ եւ այլ երկրներ: Որովհետեւ այն դաշինքը,- Շիրինյանը նկատի ունի Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա եռյակին,- որին ապավինում է մեր երկիրը, հակահայ կազմավորում է, եւ Հայաստանն այնտեղ անելիք չունի: Որոշ շրջանակների նման ՔԺԿ ղեկավարը եւս չի բացառում, որ Ռոբերտ Քոչարյանի մոսկովյան չկայացած այցը կարող էր ինչ-որ իմաստով առնչություն ունենալ Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահների սեպտեմբերի 8-ի բանակցությունների արդյունքում ընդունված ինտեգրացիոն ծրագրերի հետ: Ոմանք դա դիտարկում են որպես հետխորհրդային երկրների վերամիավորման մեկնարկ՝ չնայած պաշտոնական Մոսկվան հայտարարում է, թե իրենք առայժմ քաղաքական ինտեգրման, այսինքն՝ «մինի խորհրդային միության» ստեղծման չեն գնում:
Սակայն ռուս քաղաքագետներն արդեն խոսում են այն մասին, որ երկու պետությունների քաղաքական ինտեգրման գործընթացը երկար չի սպասեցնի՝ «քաղաքակիրթ աշխարհից մեկուսացված» Լուկաշենկոն, ըստ նրանց, արագորեն կգնա Ռուսաստան-Բելառուս ամբողջական ինտեգրմանը, ինչին շուրջ քսան տարի ընդդիմանում էր։ Սեպտեմբերի 15-ին Factor TV-ին տված հարցազրույցում Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը՝ իրավիճակների զուգահեռ անցկացնելով Բելառուսի եւ Հայաստանի միջեւ, նկատում է, որ այժմ նույն մեկուսացված վիճակում է նաեւ Հայաստանը, ուստիեւ հերթում ինքն է: «Բելառուսի կլանումը նախեւառաջ ահազանգ է Հայաստանի համար, երեւում է, որ գալիս է Հայաստանի հերթը: Տնտեսական առումով ՀՀ-ն այնքան էլ հետաքրքրություն չունի Ռուսաստանի համար, բայց ունի ահռելի քաղաքական, գաղափարական եւ աշխարհաքաղաքական նշանակություն»,- ասել է արեւմտամետ գործիչը՝ նշելով, որ ՀՀ-ում կան մեծաքանակ ուժեր, որոնք ջանադրաբար աշխատում են Ռուսաստանի հետ Հայաստանի միավորման օգտին:
Խզմալյանը եւս հակված է այն կարծիքին, որ երկիրը կանգնած է պետական հեղաշրջման փորձի շեմին, ինչը սպասվում է շատ մոտ ապագայում: Նրա խոսքով՝ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքով այդ փորձը չեզոքացվել էր, բայց հիմա կրկնվելու է ավելի ուժգին թափով, քանի որ, ըստ Factor TV-ի զրուցակցի, Փաշինյանի աննախադեպ թուլացած այս պահին Ռուսաստանին հաջողվել է Թուրքիայի ու Ադրբեջանի օգնությամբ ՀՀ-ում գեներացնել ներքին քաոս, անվստահության մթնոլորտ եւ բացարձակ զզվանք իշխանության նկատմամբ: «Այս առումով Փաշինյանը հիմա հայտնվել է Սերժ Սարգսյանի վիճակում. նրան չեն վստահում Ռուսաստանում, գնալով ավելի ու ավելի քիչ են վստահում Արեւմուտքում, բացարձակապես… կամ այսպես ասեմ՝ շատ քչերն են վստահում Հայաստանում»,- զգուշացնում է Խզմալյանը:
Ստացվում է, որ թունդ իշխանամետ Շիրինյանի մտավախությունը, թե Ռոբերտ Քոչարյանից եկող իրական վտանգները շարունակում են մնալ, կամ ոչ այնքան թունդ իշխանամետ գործիչ Խզմալյանի զգուշացումը, թե ՀՀ-ում իշխանության հանդեպ բացարձակ զզվանքի մթնոլորտ է տիրում, ըստ էության, այնքան էլ անհիմն չեն: Նույնքան անհիմն չեն այն կասկածները, թե ինչու խափանվեց Երկրորդ նախագահի՝ սեպտեմբերի 19-ին նախատեսված այցը Մոսկվա: Քաղաքական խանդը շատ վատ բան է:
Գեւորգ Բրուտենց