Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2024

Վերլուծական

Դաշնակիցներ, շահեր եւ անվտանգություն

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Նախորդ թողարկման հրապարակումներից մեկում հարեւանցիորեն անդրադարձել ենք իտալական La Repubblica թերթի հետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց զրույցին, որի հիմնական ատաղձն աղերսվում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների համատեքստում Հայաստանի ազգային շահերին ու անվտանգությանը: Հարցազրույցում կարմիր թելի պես անցնում է այն գաղափարը, որ անվտանգության ոլորտում մեկ երկրից՝ տվյալ դեպքում Ռուսաստանից կախվածությունը սխալ է, որի «դառը պտուղները ճաշակելուց հետո» Հայաստանը, ըստ գործադիրի ղեկավարի, փորձում է բազմազանեցնել իր անվտանգային քաղաքականությունը՝ մասնավորապես ընդլայնել ռազմաքաղաքական գործընկեր-երկրների շրջանակը:

Ճիշտ է, նման փորձերի մասին լայն հանրությանը ոչինչ հայտնի չէ, բայց փոխարենը լավ հայտնի է, թե «քարն» ում բոստանն է նետում Փաշինյանը: Վերջին շրջանում նա եւ իր թիմակիցները առիթը բաց չեն թողնում տարատեսակ մեղադրանքներ հասցեագրելու Ռուսաստանին՝ հարավկովկասյան տարածաշրջանում նրա դիրքերը թուլացնելու հատուկ դիտավորությամբ: Ռազմավարական միակ դաշնակցի նկատմամբ հռետորաբանության կոշտացումը՝ հատկապես սահմանին իրավիճակի սրացման ներկա պայմաններում, ոչ մի լավ բան չի խոստանում: Ավելին՝ նման պահվածքը արկածախնդրություն է, եթե հաշվի առնենք նաեւ Ադրբեջանի հետ Արցախի շփման գծի երկայնքով ռուս խաղաղապահ առաքելության ներկայությունը:

Այո, ՌԴ-ն մեր ուզած դաշնակիցը չէ, վատն են սահմանին կանգնած խաղաղապահները, անհուսալի են, բայց ամեն դեպքում մեր 120 հազար հայրենակիցների «արթուն աչքն» են, եւ քանի դեռ չունենք ավելի լավը, պետք է եղածը փայփայենք, ոչ թե արժեզրկենք ու դժգոհ փնթփնթանք: Մի հասարակ հարց՝ բոլորին. կա՞ մեկը, ում համար պարզ չէ, որ եթե 44-օրյա պատերազմից հետո այս 3 տարում չլիներ ռուսական զորակազմը, Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ վաղուց կլանած կլիներ ողջ Արցախը: Ոչ ՄԱԿ-ը դա կարող էր կասեցնել, ոչ էլ, առավել եւս, հեռադիտակներով տարածաշրջան ժամանած եվրոպացի դիտորդները, որոնք ավելի շուտ Ադրբեջանի օգտին են աշխատում, եթե չասենք՝ լրտեսում:

Եվ, ընդհանրապես, Ռուսաստանին ոչ թե պետք է քարկոծել, այլ զգուշանալ նրանից: Հին ասացվածք կա՝ «վայը տարել է նրան, ով կփորձի բարկացնել «հյուսիսային արջին»»: Մեր դեպքում նա կարող է վատ դաշնակցից վերածվել վտանգավոր թշնամու եւ Հայաստանի դեմ նոր պատերազմ «սարքել»: Ինչ-ինչ՝ նման լծակներ նա ունի, մանավանդ երկրի ներկա խոցելի վիճակում, երբ իշխանություններն անպատրաստ են պատերազմի: Որոշ հայ վերլուծաբաններ չեն բացառում, որ իշխանական ու մերձիշխանական շրջանակներում գեներացվող հակառուսական տրամադրությունները կարող են հայ-ադրբեջանական սահմանին հանգեցնել լարվածության սրմանը կամ, աստված մի արասցե, արտաքին նոր ագրեսիայի հրահրմանը:

Ուրեմն՝ ի՞նչ են ուզում կամ ի՞նչ են անում մեր իշխանությունները՝ բացի Ռուսաստանին անընդհատ քլնգելուց. Փաշինյանն անթաքույց հայտարարում է, որ ՀՀ-ում նրա ռազմական ներկայությունը մեզ համար սպառնալիք է, ՀԱՊԿ-ն էլ անարդյունավետ կառույց է, որը չի արտահայտում Հայաստանի շահերը: Ալեն Սիմոնյանն արհամարհած ունի Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչին եւ պատվից ցածր է համարում արձագանքել Հռոմի ստատուտը ԱԺ-ում վավերացնելու վերաբերյալ «ինչ-որ քարտուղարուհու» դիտարկմանը՝ հայտարարելով, որ դա իր մակարդակը չէ: Դե, առաջին տիկին կոչեցյալն էլ, ՌԴ-ի ջգրու, ցուցադրաբար հումանիտար օգնություն է տանում պատերազմից տուժած ուկրաինացի երեխաներին եւ մասնակցում այդ երկրի առաջին տիկնոջ նախաձեռնած միջոցառմանը:

Ի դեպ՝ Աննա Հակոբյանի «օգնությունը» սոցցանցերում մեծապես բացասական արձագանք ստացավ: Մարդիկ հիշեցնում են, որ Ուկրաինան 2020-ին պաշտոնապես շնորհավորել էր Ադրբեջանին՝ Արցախի ու Հայաստանի դեմ ձեռնարկած ռազմական ագրեսիայի եւ դրա հետեւանքների կապակցությամբ: Չպետք է մոռանալ նաեւ, որ Ուկրաինան այն երկիրն է, որը պատերազմի ժամանակ Ադրբեջանին «սպիտակ ֆոսֆոր» պարունակող ռազմամթերք էր մատակարարել: Այն, բնականաբար, կիրառվեց հայերի դեմ եւ մեծ վնաս հասցրեց մարդկանց ու շրջակա միջավայրին: ՀՀ իշխանության «համարժեք» փոխօգնությունը, ինչպես տեսանք, որոշակի ուշացումով, բայց տեղ հասավ: Ինչեւէ:

Թվում է՝ նման դեմարշներով հանրությանն այլեւս չես զարմացնի: Բայց իրական գետնի վրա խեղկատակությունը չափ ու սահման չունի: Դեռ Աննա Հակոբյանը ուկրաինական հողից ոտքը դուրս չդրած՝ հայտնի դարձավ, որ այս անշնորհակալ երկրի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով սեպտեմբերի 6-ին Արցախում տեղի ունեցած ընտրությունները: «Ղարաբաղում, այսպես կոչված, «նախագահական ընտրությունների» անցկացումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, եւ դրանց արդյունքներն առոչինչ են։ Ուկրաինան եւս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը…»,- ասված է ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում:

Ռուսաստանի դեմ մյուս դեմարշի առիթը սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում անցկացվող հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններն են, որոնց անդրադարձել է Վ.Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ Երեւանի ծրագրերը մտահոգության տեղիք են տալիս: Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ զորավարժությունները, ըստ նրա, «չեն նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը»: Նույն թեմայի առնչությամբ իր խոսքն է ասել նաեւ Ռուսաստանի թիվ մեկ դիվանագետը. նա տարօրինակ է համարում, որ Երեւանն արդեն երկու տարի չի մասնակցում ՀԱՊԿ-ի զորավարժություններին՝ դա բացատրելով այդ կառույցի կողմից ադրբեջանական ագրեսիան չդատապարտելու հանգամանքով:

Ուշագրավ մոտեցում է: Պարզվում է՝ եթե ՀԱՊԿ-ը դատապարտեր Ադրբեջանին, այդ դեպքում Հայաստանը նրա հետ կաշխատեր, բայց քանի որ չի դատապարտել, նեղացել ու դեմքով շրջվել է ԱՄՆ-ի կողմը, իբր՝ թող Ռուսաստանը հասկանա, որ առանց իրեն չենք կորչի: «Մենք հարցնում ենք,- սեպտեմբերի 10-ին G20-ի գագաթաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հայտնել է Լավրովը,- ինչո՞ւ եք, ուրեմն, շփվում ամերիկացիների, եվրոպացիների հետ, որոնք եւս չեն դատապարտել Ադրբեջանին: Պատասխանում են՝ «Նրանք մեր դաշնակիցները չեն, դուք պետք է դատապարտեք»: «Բավական տարօրինակ, պարզունակ տրամաբանություն է»,- եզրակացրել է Սերգեյ Լավրովը:

Բերված օրինակը սոսկ վերահաստատումն է հոդվածում արծարծված փաստարկների: Իսկ փաստարկներից գլխավորն այն է, որ իշխանությանն ու իշխանամերձ շրջանակներին, ինչպես նաեւ «սորոսահայ» հանրությանը միայն պատրվակ է հարկավոր Ռուսաստանի հետ բոլոր կապերը խզելու, նրան տարածաշրջանից վանելու պատվերի իրականացմանը հնարավորինս աջակցելու, իսկ բազմաչարչար հայոց աշխարհի հայացքը դեպի արեւմուտք դարձնելու համար: Իրականում սա, ազգակործան ու պետականակործան ճանապարհ է կամ, պատկերավոր ասած, սեփական ոտքին արձակած կրակոց:

Թե ինչ տեղի ունեցավ այդ ճանապարհին ոտք դրած Վրաստանի, Մոլդովայի, Լատվիայի հետ, մենք տեսանք՝ մեկը կորցրեց Աբխազիան ու Աջարիան, մյուսը՝ Մերձդնեստրը, երրորդն էլ հատուցեց ազգաբնակչության շուրջ 40 տոկոսով, որն արտագաղթեց երկրից: Հաջորդն այսօր Ուկրաինան է, տեսեք՝ ինչ է կատարվում: Հայաստանը կորցնելու ավելի շատ բան ունի, որովհետեւ Ռուսաստանի հետ մեր կապերն ավելի շատ են՝ տնտեսական, անվտանգային, սոցիալ-հոգեբանական եւ այլն: Ի վերջո՝ չմոռանանք, որ ՌԴ-ում այսօր ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում: Հետեւություններն ինքներդ արեք:

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: