Ուրբաթ, Հոկտեմբերի 04, 2024

Վերլուծական

Փաշինյանի երկու մանդատները

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթներ առաջ, երբ խորհրդարանում քննարկվում էր ՀՀ կառավարության ծրագիրը, եւ այդ օրերին տեղի ունեցած հայտնի ծեծկռտուքի պատճառով նիստերի դահլիճում մթնոլորտը բավական շիկացած էր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի շրջանակում հարց ուղղեց գործադիրի ղեկավարին՝ առաջարկելով ամբիոնից ուղղակի հնչեցնել այսպիսի մի կարճ նախադասություն. «Չի կարելի Հադրութն ու Շուշին համարել անվերադառնալիորեն կորսված»: Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, խուսափեց նման միտք հայտնելուց եւ, սովորության համաձայն, այդ առաջարկը դասեց իր դեմ նյութվող «դավադրությունների» շարքին: Նա ասաց, որ երբեք չի անի այնպիսի հայտարարություն, որը կարող է վնաս հասցնել Հայաստանի եւ Արցախի շահերին: Հավանաբար՝ դասեր էր քաղել «Արցախը Հայաստան է եւ վե՛րջ», «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» չարաբաստիկ կարգախոսներից:

Ընդդիմադիր պատգամավորի հարցը, ըստ էության, թեստ էր, որը Փաշինյանը չհանձնեց՝ եւս մեկ անգամ հաստատելով, որ երկրի ներսում աջ ու ահյակ հոխորտացող, քաղաքական հակառակորդներին հալածող, «մեյըդներ» փռող մեր «դուխով» վարչապետի համարձակությունը չի հերիքում գոնե մեկ անգամ դիմադարձելու Ադրբեջանի նախագահի բազմաթիվ սպառնալիքներին, ստորացումներին, Հայաստանին ու հայերին հասցեագրված վիրավորական հայտարարություններին: Եվ, ընդհանրապես, վարչապետի աթոռը զբաղեցնող անձը դրսերում՝ արտաքին քաղաքականության անդաստանում, մի տեսակ խեղճացած է, վախվորած, իսկ ներսում՝ տիրական, խիզախ ու հանդուգն, ինչպես ժողովուրդը կասեր՝ «բոլորի վրա լեզուն երկար»: Միգուցե դա նրանից է, որ ներսում հուսալիորեն պաշտպանված է հազարավոր ոստիկաններով ու անվտանգության աշխատակիցներով, մինչդեռ դրսում չունի այդ հնարավորությունը: Կամ միգուցե հունիսի 20-ին «ժողովուրդը», որի անունը մշտապես մանիպուլացնում է, նրան երկո՞ւ մանդատ է տվել՝ մեկը պողպատե, մյուսը՝ թավշյա. առաջինը երկրի ներսում, երկրորդն՝ արտաքին հարաբերություններում գործածելու պատվիրանով:

Ամեն դեպքում տպավորությունն այնպիսին է, որ կա ինչ-որ բան, որը կաշկանդում է ՀՀ բարձրագույն ղեկավարության նպատակամետ, հետեւողական եւ ներդաշնակ գործունեությանը: Դա տեսանելի է հատկապես ԱԳ նախարարությունում, որտեղ վերջին երեք տավա ընթացքում երեք նախարար է փոխվել, սակայն աշխատանքի որակն ու բովանդակությունը դրանից չի փոխվել: Ասենք՝ «ղեկավարափոխության» խնդիրն առկա է բոլոր առանցքային ոլորտներում՝ ԱԱԾ-ում, Ոստիկանությունում, Պաշտպանության նախարարությունում, Զինված ուժերի Գլխավոր շտաբում, գործադիր իշխանության մարզային կառույցներում եւ այլուր: Այդ համակարգերում իշխանությունն անընդհատ ամրապնդում է իր դիրքերը՝ «նախկինների» ստվերն իրենց վրա դույզն-ինչ կրող պաշտոնյաներին փոխարինելով համոզված յուրայիններով՝ փույթ չէ, թե մասնագիտորեն շատ ավելի տկար կադրերով: Կառավարող ուժը լուրջ վախեր ունի, եւ դա առաջին հերթին իշխանությունը կորցնելու վախն է: Պատերազմը տանուլ տված, հողատու, անգործունակ, աթոռից ամուր կառչած իշխանության հանրային վարկանիշն ընկել է, եւ ՔՊ-ական թիմը իրավիճակն ինչ-որ կերպ փրկելու ելքեր է մտմտում:

Կառավարության հոկտեմբերի 7-ի նիստում գործադիրի ղեկավարը առաջինը մատնեց իր ներքին մտավախությունները եւ ներսում կուտակված բարկությունը, չգիտես ինչու, թափեց կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացի կազմակերպիչների վրա, որոնք, ինչպես նշվեց նիստում, թույլ էին տվել կեղծ պատվաստումների դեպքեր: Փաշինյանը ԱԱԾ-ին եւ Ոստիկանությանը հանձնարարեց ձերբակալել ու կալանավորել կեղծ պատվաստումներ անողներին, իսկ չպատվաստվածների բուժումը դարձնել վճարովի՝ մինչեւ 800 հազար դրամ: ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ՝ դա քաղաքական առումով միապետության ամենատգեղ ձեւերը Հայաստան ներմուծելու անթաքույց փորձ է: «Անկախությունից ի վեր ժողովրդի ու քաղաքացիական հասարակության ակտիվ մասը պայքարել է, որ մենք գնանք իրավական պետության կայացման ճանապարհով, եւ այդ ամենը հիմա ոտնատակ է տրվում, ընդ որում՝ ցուցադրաբար՝ ուղղակի հակադրվելով թե՛ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, թե՛ ՀՀ Սահմանադրությանը եւ օրենքներին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ առաջին օմբուդսմենը:

Ակնհայտ էր, որ այդ օրը Փաշինյանը բավական ջղագրգիռ է: Կառավարության նիստը լուսաբանող լրագրողների տպավորությամբ՝ նրա անհանգստությունն ու զայրույթը պայմանավորված չէին քաղաքացիների առողջության մասին մտահոգությամբ: Կորոնավիրուսի վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ խիստ մտահոգիչ վիճակագրություն էր հրապարակվել. բնակչության պատվաստումների թվով Հայաստանն աշխարհում ամենաստորին հորիզոնականում է՝ 17 տոկոս խղճուկ ցուցանիշով: Այսինքն՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ պատվաստվել էր ՀՀ բնակչության 17 տոկոսը, երբ մի քանի տասնյակ պետություններ արդեն հատել էին 50-60 տոկոսի սահմանը, իսկ ոմանք ընդհուպ մոտեցել էին 100 տոկոսի բնագծին: «Փաշինյանը հիանալի հասկանում է, որ պատվաստման ցածր տոկոսը ուղիղ համեմատական է իր ու իր թիմի վարկանիշին, քանի որ հանրությունը որեւէ կերպ չի վստահում իշխանություններին ու նրանց խոսքերին, այդ թվում՝ նույնիսկ այնպիսի կարեւորագույն հարցում, ինչպիսին պատվաստումն է»,- Կառավարության ղեկավարի դյուրագրգիռ, նյարդային հոգեվիճակն այսպես էր մեկնաբանում օրվա մամուլը:

Այսպիսով՝ ցավալի իրավիճակը իշխող ուժից նոր մոտեցումներ է պահանջում իր նկատմամբ հանրային վստահության օրեցօր մեծացող ճեղքվածքը փակելու համար, հակառակ դեպքում իշխանությունը կարող է ձեռքից գնալ: Փաշինյանը «պողպատե» մանդատի շրջանակներում խնդիրը կարգավորելու մի աշխատող ձեւ գիտի՝ դա պետական լծակների գործադրումն է՝ ուժային կառույցների բիրտ գործողությունների տեսքով: Ճիշտ է, ինքն այդ գործընթացը հոկտեմբերի 8-ին Քննչական կոմիտեի կազմավորման 7-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում քնքշորեն անվանեց «մարտահրավերների կառավարում», բայց ենթադրվում է, որ սա խորհրդարանական ընդդիմության առաջիկայում նախատեսվող փողոցային պայքարի մասնակիցների նկատմամբ ոստիկանական բռնությունները մանիպուլացնելու, դրանք «մարտահրավերների կառավարում» բարեհունչ աստառով ներկայացնելու համար է: Իսկ այն, որ ընդդիմության հնարավոր ակցիաների դեպքում ոստիկանների կողմից մասնակիցների հանդեպ բռնաճնշումներ լինելու են, գրեթե կասկած չի հարուցում: Այսօր նման դիպաշարեր արդեն փորձարկվում են:

Բանն այն է, որ ճիշտ նույն պահին, երբ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը գործադիրի նիստում ԱԱԾ-ին եւ Ոստիկանությանը հրահանգում էր անհապաղ ձերբակալել պատվաստված լինելու մասին քաղաքացիներին կեղծ տեղեկանքներ տվող բուժծառայողներին, ոստիկաններն անհամաչափ ուժի կիրառմամբ բերման էին ենթարկում Կառավարության շենքի դիմաց խաղաղ ակցիա իրականացնող՝ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ներկայացուցիչներին, որոնք ուզում էին ընդամենը բարձրաձայնել երկրում կատարվող արատավոր երեւույթների մասին: Երիտասարդների ձեռքից կոպտորեն առգրավում էին բարձրախոսը եւ նրանց ոստիկանական բաժանմունքներ տանում ծիծաղելի պատճառաբանությամբ, օրինակ՝ Կառավարության շենքի մոտ «հողատու», «դավաճան» բացականչելու կամ բարձրախոս օգտագործելու համար: Փաշինյանին ծառայող ոստիկանները մոռանում են, որ 2018-ի իշխանափոխության օրերին իրենց պաշտպանյալը բարձրախոսը վայր չէր դնում ձեռքից, եւ նրան ոչ ոք դրա համար ոստիկանատուն չէր տանում:

Իշխանությունները չեն կարող թույլ տալ, որպեսզի ընդդիմությունը ներսում աշխուժանա: Հնարավոր է՝ դա իրենց համար ճակատագրական լինի, մանավանդ, որ գործերը լավ չեն ընթանում նաեւ արտաքին քաղաքական ճակատում, որտեղ Փաշինյանին չի օգնում նույնիսկ թավշյա մանդատը: Դաշնակիցը հարկադրում է ավելին հանձնել, թշնամին կրակում է, Ադրբեջանը գերիներին չի տալիս, Իլհամը Հադրութից հոխորտում է: Քաոս է թե՛ ներսում, թե՛ դրսում: Ալիեւն իրեն պահում է պարտատիրոջ պես, Փաշինյանը՝ պարտապանի:

Վերջերս էլ շրջանառվում են տեղեկություններ, թե Իլհամ Ալիեւը տիրապետում է Փաշինյանի վերաբերյալ վարկաբեկիչ նյութերի, այսպես կոչված՝ «կոմպրոմատների»: Խոսքը խոշոր գումարի կաշառառության, ինչպես նաեւ հանցավոր այլ գործարքների, ստվերային պայմանավորվածությունների թեմայով տեսանկարահանված ձայնագրությունների մասին է: Դրանցով, համաձայն նշյալ լուրերի, որոնք, ի դեպ, չեն հերքվել, Ալիեւը ճնշումներ է բանեցնում ՀՀ-ում վարչապետ աշխատող անձնավորության վրա, ստիպում նրան կատարել պայմանավորվածությունները՝ հակառակ դեպքում սպառնալով խայտառակել աշխարհով մեկ: Փաշինյանին ոչինչ չի մնում անել, քան լուռումունջ հետեւել նրա հրահանգներին եւ հաշվել սպասումի իր ծանր օրերը, թե երբ կհագենա այդ անկուշտ գազանի երախը: Իսկ երախին կշտանալ չկա, որովհետեւ պատերազմից դուրս եկած երկու երկրներում ռազմաքաղաքական հավասարակշռությունը վերականգնված չէ: Հայաստանի շահը եւ Ադրբեջանի շահը տարբեր հարթությունների վրա են: Հայաստանի տեղը կշեռքի թեթեւ նժարին է:

Պատերազմից անցել է մեկ տարի: Ինչո՞վ է այսօր զբաղված Ադրբեջանը եւ ինչով՝ Հայաստանը: Մինչ Ադրբեջանն ինտենսիվորեն զինվում է, զորավարժություններ անցկացնում եւ ակնհայտորեն պատրաստվում մեզնից պոկելու նորանոր տարածքներ, Հայաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ երկխոսություն կառուցելու կամ տարածաշրջանում «խաղաղության նոր դարաշրջան բացելու» կեղծ օրակարգով են հրապուրված: Փաշինյանի լեզուն չպտտվեց արտաբերել սյունեցի պատգամավորի առաջարկած մի անմեղ նախադասությունն անգամ: Ալիեւը տիրաբար քայլում է Հադրութում եւ ի լուր աշխարհի հայտարարում, որ հայերը եկվորներ էին այստեղ, 19-րդ դարում էին ներգաղթել Իրանից: Հայաստանից՝ ոչ մի ծպտուն: Իրանցի երիտասարդ պատմաբանն է հերքում Իլհամի ցնդաբանությունը՝ նրան հիշեցնելով Արշակունիների ու Արտաշեսյանների մասին:

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: