Ժողովուրդը մի խոսք ունի՝ «Շան հետ բարեկամացիր, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր»: Առաջին հայացքից պարզունակ թվացող այս ասացվածքը խոր իմաստ եւ խորհուրդ ունի, որոնք մեզ են հասել դարերի խորքից եւ թրծվել դարերի փորձով: Լավ ու վատ ժամանակներ են անցել-գնացել, շատ ջրեր են հոսել, բայց «շան» բնույթը չի փոխվել, հետեւաբար մենք պարտավորված ենք ցկյանս հավատարիմ մնալ մեր նախնիների՝ «փայտը ձեռքից չգցելու» պատվիրանին՝ անկախ «շան» հետ բարեկամ լինել-չլինելու հանգամանքից: Այդպիսին է ասացվածքի ուղերձը եւ այդպիսին էլ այն պետք է ընկալվի բոլորիս եւ, առաջին հերթին, ՀՀ քաղաքական ընտրախավի կողմից, հակառակ դեպքում բարեկամության ու խաղաղ համակեցության քարոզը՝ այն էլ շնաբարո հարեւանի հետ, կարող է մի օր մի ողջ ազգի տհաճ անակնկալ մատուցել՝ այնպիսի անակնկալ, որի նախադեպը հայոց պատմության մեջ հատորներով է հաշվվում:
Ակնհայտ է, որ վերջին շրջանում՝ մասնավորապես 44-օրյա պատերազմից հետո անցած մեկ տարում, իշխող ուժն ամեն ջանք գործադրում է խաղաղության գաղափարը, որն իրականում կեղծ օրակարգ է, հայ հասարակության մեջ գործնականապես, համակարգված ձեւով արմատավորելու համար: Ավելին՝ փորձ է արվում գաղափարին տալ առավել լայն՝ տարածաշրջանային համատեքստ, առանց հաշվի նստելու ինչպես ներհայաստանյան, այնպես էլ աշխարհաքաղաքական զարգացումների ու վայրիվերումների հետ: Նիկոլ Փաշինյանը վերջին անգամ թեմային անդրադարձել է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի հոկտեմբերի 15-ի առցանց նիստում՝ նշելով, որ Հայաստանի կառավարությունը հնգամյա գործունեության իր ծրագրում նպատակ է դրել «մեր երկրի եւ մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման նոր դարաշրջան բացել»: Նրա խոսքով՝ ընթացիկ տարվա հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթած ՔՊ-ն ժողովրդից ստացել է «այդ հիմնարար նպատակին հասնելու մանդատ»: Ավելի վաղ Փաշինյանը, ըստ էության, նույն շեշտադրումներով խնդրին միջազգային հնչեղություն տվեց շաբաթներ առաջ՝ սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում ունեցած հեռավար ելույթում: Իհարկե՝ չմոռանալով ընդգծել, որ Հայաստանի ժողովուրդն իր Կառավարությանը մանդատ է տվել «տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար»: Թե ինչպես է որոշել, որ ժողովուրդը հենց դրա համար է մանդատ տվել՝ ՀՀ կառավարության ղեկավարը չի պարզաբանել:
Ընդհանրապես՝ խաղաղության, բարիդրացիության թեման դատարկ տեղը չի ծնվել: 2018թ. իշխանափոխությունից հետո այն պարբերաբար շրջանառության մեջ էր դրվում: Ինչպես ասում են՝ թեման «տաք» էր պահվում, թերեւս՝ հասունացվում էր մինչեւ «դարաշրջանայինի» ներկայիս հանգրվանին հասցնելը: Շատերը կհիշեն՝ 2020-ի վերջերից ակտիվորեն գործում էին ադրբեջանցիների հետ եղբայրության միակողմանի քարոզի հատուկ խմբեր, որոնց աշխատանքը համակարգում էր ԱԺ այն ժամանակվա փոխխոսնակ Լենա Նազարյանը, որը նաեւ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության անդամ էր: ՀՀ իշխանությունները եւ մերձիշխանական շրջանակները լծվել էին Ադրբեջանի ու Թուրքիայի դրական կերպարի ձեւավորմանը` ձեռնամուխ լինելով ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու վճռական արարին: Հիշատակելի են Լենա Նազարյանի 2020թ. նոյեմբերի 26-ի եւ 2021թ. հունվարի 15-ի աղմկահարույց հարցազրույցները, որոնցում ԱԺ փոխնախագահը հետադիմական եւ վնասակար էր համարում կորցրած տարածքները պատերազմի միջոցով հետ բերելու մտածողությունը։ «Կներեք, ես ուզում եմ, որ մատով ցույց տան, թե ում 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել»,–ասել էր նա՝ հավելելով. «պետք է փորձենք երկարատեւ խաղաղություն ունենալ մեր բոլոր հարեւանների հետ. «տարածաշրջանը վերջապես պետք է մարդկային դեմք ունենա»։ Այսպես էր ՀՀ-ում վարչապետ աշխատող անձը հետեւողականորեն մոտեցնում չմոտիվացված խաղաղության իր ծրագրի ժամանակը:
Երեւում է՝ խաղաղության Նոբելյան մրցանակակիրների փառքը Նիկոլ Փաշինյանին հանգիստ չէր տալիս: Նա այսօր պատրաստ է այդ ճանապարհին նույնիսկ խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ՝ ճանաչելով թշնամի երկրի տարածքային ամբողջականությունը, ինչը Թուրքիայի եւ Ադրբեջանի նախապայմաններից է: Ասել, թե Փաշինյանը չի գիտակցում նման զարգացման վտանգավորությունը նախեւառաջ Արցախի համար, սխալ կլինի: Նույն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հերթական նստաշրջանի իր ելույթում նա խոսել է Արցախի դեմ 44 օր տեւած ադրբեջանական ագրեսիայի աղետալի հետեւանքների մասին, որպիսիք են՝ ազգային ատելության եւ թշնամանքի հիմքով իրականացված՝ ԼՂ տասնյակ հազարավոր բնակիչների տեղահանությունը, միջազգային նորմերի բազմաթիվ կոպիտ խախտումները, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության ու կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումները, ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների արտադատական մահապատիժները, խոշտանգումները, բազմաթիվ այլ փաստագրված հանցագործություններն ու հայերի ամբողջական էթնիկ զտումները։ Այս ամենը՝ գումարած ներկայիս սահմանային միջադեպերը, բարձր մակարդակով տարածվող ատելության խոսքն ու գործը, չի խոսում թշնամու խաղաղասիրական ձգտումների մասին:
Ակնհայտորեն թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան պատրաստ չեն խաղաղության, եւ Փաշինյանը դա լավ գիտի: Խաղաղությունը, նրանց ընկալմամբ, հայկական կողմին նախապայմաններ թելադրելու լավ պատեհություն է: Եվ որքան բուռն է ՀՀ իշխանության խաղաղասիրական նախաձեռնողականությունը՝ այնքան խստապահանջ են նախապայմաններ թելադրողները եւ այնքան ուժգին՝ նրանց սպառնալիքներն ու սադրանքները: «Այս պայմաններում շատ դժվար է առաջ տանել խաղաղության օրակարգը: Բայց մենք վճռական ենք եւ կանենք հնարավորը՝ մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հասնելու համար, եւ մենք հստակ պատկերացում ունենք, թե ինչպես հասնել այս նպատակին»,- ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստում ասել է լավատեսությունը երբեք չկորցնող Նիկոլ Փաշինյանը՝ մատնանշելով այն հիմնական քայլերը, որոնց իրականացումը, ըստ նրա, կարող է խաղաղություն ապահովել տարածաշրջանում: Դրանք են՝ երկխոսությունը, տարածաշրջանում առկա թշնամական մթնոլորտի աստիճանական հաղթահարումը, տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը եւ բոլոր այն պայմանավորվածությունների անշեղ կատարումը, որոնք ձեռք են բերվել 2020-ի նոյեմբերի 9-ի եւ 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով:
Պետք է նկատել, որ խաղաղության վերաբերյալ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի պատկերացումները սահմանափակ են, եթե չասենք՝ մակերեսային: Խաղաղության մասին խոսք լինել չի կարող մի տարածաշրջանում, որտեղ հակամարտող երկրների միջեւ առկա են չլուծված կամ կիսալուծված խնդիրներ, տարածքային եւ կարգավիճակային անորոշություններ ու անհամաձայնություններ: Միակողմանի խաղաղություն չի լինում, հատկապես՝ եթե դրա նախաձեռնողը պատերազմում պարտված կողմն է: «Ուղղակի հարց է առաջանում՝ իսկ դու ո՞վ ես, դու ի՞նչ ես քեզանից ներկայացնում նման նպատակներ հնչեցնելու ու նման նպատակներ հետապնդելու առումով»,- վերջերս հրավիրած մամուլի ասուլիսում ասել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ Փաշինյանը չի կարող «խաղաղության դարաշրջան» բացել տարածագոտում, եթե չի կարողանում խաղաղություն հաստատել սեփական երկրում։ Ավելին՝ Փաշինյանն, ըստ Երկրորդ նախագահի, այսօր նստած է ոչ թե բանակցային սեղանի շուրջ, այլ բանակցային սեղանի վրա, ում քննարկում են առանց իր մասնակցության, որովհետեւ ինքն այլեւս դադարել է բանակցային գործընթացի սուբյեկտ լինել՝ վերածվելով բանակցային գործընթացի օբյեկտի։ Ցավոք, այդպես է: Դառն է պարտվողի ճակատագիրը:
Կարող է հարց առաջանալ՝ իսկ խաղաղության օրակարգի մասին ի՞նչ է մտածում Ադրբեջանը: Այդ երկրում սովորաբար հայերին են մեղադրում սահմանում կրակոցների համար, որքան էլ ակնհայտ լինի, որ նախահարձակ կողմը Ադրբեջանն է: Այդպես էր նաեւ հոկտեմբերի 14-ին Արցախի արեւելյան հատվածում գրանցված խոշոր միջադեպի դեպքում, որը 6 հայ զինծառայողի վիրավորվելու պատճառ դարձավ: Բաքուն նույն օրը շտապեց հերքել իր մասնակցությունը՝ պնդելով, թե միջադեպը, իբր, տեղի է ունեցել հայկական երկու զինված խմբերի միջեւ: Պնդումներ եղան, թե մինչեւ Ղարաբաղից դուրս չգան հայկական ստորաբաժանումները, Ադրբեջանի համար խաղաղություն չի կարող հաստատվել, նույնիսկ պատասխան գործողությունների կոչեր հնչեցին: «Ենի Ազերբայջան» կուսակցության պատգամավոր Էլմար Մամեդովը միջադեպերի խնդրի լուծումն առաջարկում է խաղաղության պայմանագիր կնքելու միջոցով: Թեպետ, ըստ նրա, Հայաստանը երբեք չի գնա Բաքվի առաջադրած պայմաններին: Մամեդովն ասել է. «Երեւանին պետք է ստիպել այն ստորագրել»: Նրա համոզմամբ՝ Ղարաբաղում հայկական զինված ուժերի ներկայության պատասխանատվությունը ռուս խաղաղապահներինն է. «Եթե նրանք չեն ցանկանում այդ խնդիրը լուծել, ապա պիտի մի կողմ քաշվեն՝ թույլատրելով, որ դա անի Ադրբեջանը»,- նշել է ադրբեջանցի պատգամավորը՝ կարեւորելով, այսպես կոչված, հակաահաբեկչական գործողությունների անցկացումը Ստեփանակերտում:
Ինչպես տեսնում ենք, մյուս կողմն այնքան էլ խաղաղասիրաբար չէ տրամադրված: Փաշինյանի՝ «խաղաղության նոր դարաշրջան բացելու» նախաձեռնությանը Ադրբեջանից ձեռք մեկնող չկա: Շատ ափսոս, նա ուզում էր Նոբելյան մրցանակով պսակել իր անունը եւ խաղաղության բոցավառ մարտիկի անունով մնալ պատմության մեջ: Սակայն՝ դատելով ամենից, ճակատագիրը նրա համար պատմության մեջ բոլորովին այլ տեղ է կանխորոշել: Իր իրական տեղը:
Գեւորգ Բրուտենց