Նախորդ շաբաթ՝ սեպտեմբերի 22-24-ը Նյու Յորք կատարած եռօրյա աշխատանքային այցի շրջանակում, Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանին, որտեղ հանդես եկավ 20 րոպեանոց ելույթով: Կառավարության ղեկավարի ելույթի առանցքում դրված էր ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին՝ սեպտեմբերի 13-ի «ռազմական չհրահրված ու չարդարացված ագրեսիայի» եւ Հարավային Կովկասի կայունության համատեքստում դրա ընդհանուր ազդեցության հայեցակետը:
Թեպետ թշնամու նախահարձակ գործողություններն Ադրբեջանում եւ, չգիտես ինչու, ՀՀ-ում նույնպես, բնորոշվեցին շատ մեղմ «սահմանային բախումներ» եզրով, նրանում առկա էին պատերազմի բոլոր բաղադրատարրերը՝ ի դեմս ծանր հրետանու, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, մարտական անօդաչու սարքերի եւ այլ զինատեսակների, որոնք իր ելույթում հրապարակեց Փաշինյանը: Փառք Աստծու, որ գոնե ՄԱԿ-ում օգտագործվեց «ռազմական ագրեսիա» բառեզրը: Այլապես ամոթալի բան կստացվեր. մարդիկ կմտածեին՝ այդ ի՞նչ «սահմանային բախումներ» էին, որ պատճառ դարձան 7,6 հազար տեղահանված անձանց, 200-ից ավելի զոհերի ու անհետ կորածների, էլ ավելի մեծաթիվ վիրավորների եւ նյութական ահռելի վնասների:
Ելույթի մի զգալի հատվածում ակներեւ էին հեղինակի ներքին տագնապներն ու դրանց դեմ սեփական անզորության զգացողությունը, ինչը մատնում էր դրսից աջակցություն հայցելու՝ նրա վատ թաքցրած ցանկությունը: Թշնամու պաշտոնական խոսույթը եւ տեղեկատվության որոշ աղբյուրներ, ըստ նրա, հուշում են, որ Ադրբեջանը Հայաստանից նոր տարածքներ զավթելու մտադրություն ունի, եւ դա պետք է կանխել: «Ուզում եմ շեշտել, որ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր՝ հատկապես հաշվի առնելով, որ Ադրբեջանն ամեն օր խախտում է հրադադարը, եւ զոհերի ու վիրավորների թիվը ցանկացած պահի կարող է փոփոխվել»,- նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ էսկալացիայի պատճառներից մեկը առկա իրավիճակին «տարածաշրջանային անվտանգային կազմակերպությունների ոչ պատշաճ արձագանքն է, ինչը լրջագույն հարցեր առաջացրեց հասարակության շրջանում»: Ակնհայտ է՝ խոսքն այստեղ ՀԱՊԿ-ի մասին է, որից դուրս գալու, ինչպեսեւ հակառուսական հույզեր բորբոքելու գործողություններ տեղի ունեցան ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսի երեւանյան այցի օրերին: Կազմակերպիչներն արեւմտյան կողմնորոշման արտախորհրդարանական քաղաքական ուժերի այն հատվածն էր, որի ղեկավարների հետդրանից մի քանի օր առաջ Կառավարությունում հանդիպել էր Փաշինյանը եւ, ըստ որոշ լուրերի, «համապատասխան» հրահանգներ տվել:
Նյույորքյան վեհաժողովում ՌԴ-ին եւ ՀԱՊԿ-ին ուղղված կշտամբանքներն այդքանով չեն ավարտվում: Շարունակելով անհասցե գանգատը, Փաշինյանն ընդգծել է. «Մեր միջազգային գործընկերների խնդրանքով, որոնք պնդում էին, թե սահմանային հանձնաժողովի աշխատանքն ինքնին անվտանգության վստահելի գործոն է լինելու, պայմանավորվեցինք սկսել աշխատանքները։ Եվ հիմա, երբ ձեւավորվել եւ աշխատում է սահմանազատման ու անվտանգության հանձնաժողովը, Ադրբեջանը ագրեսիայի նոր փուլ նախաձեռնեց։ Իսկ այդ միջազգային գործընկերներից ոմանք լռում են»։ «Միջազգային գործընկերներ» ասելով, նա դարձյալ նկատի ուներ ՌԴ-ին կամ ՀԱՊԿ-ին, քանի որ իշխանությունների պարսավանքի թիրախում միշտ վերջիններս են՝ ի տարբերություն եվրակառույցների, որոնք հասկանալի պատճառով դուրս են քննադատությունից:
ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցված խնդրո ելույթից դիտարկենք եւս մեկ ուշագրավ շեշտադրում, որն առնչվում է հայ-ադրբեջանական դիմակայության թեմային: Ուշագրավ՝ այնքանով, որ Փաշինյանն այս անգամ որոշել էր ցույց տալ երբեմնի «կիրթ» ու «կառուցողական» մարդու կերպարի «հակառակ կողմը», որտեղ «կիրթ»-ից ու «կառուցողական»-ից ոչինչ չի մնացել: Ավելին՝ այդ որակներին, ըստ ամբիոնից նրա ներկայացման, փոխարինել են բռիությունը, փարիսեցիությունը եւ այլատյացությունը: Հետաքրքիր է, որտեղի՞ց Փաշինյանին նման հանդգնություն՝ կմտածեն շատերը: Բայց սա հանդգնություն է այնքանով, որքանով կարելի է համոզված լինել, որ կերպարափոխության շարժընթացի նկարագրությունն անկեղծ է եւ նախնական որեւէ պայմանավորվածությունից զերծ:
Նկարագրված դրվագում ընդգծվում է, որ՝ ստեղծելով խաղաղության ձգտող երկրի պատրանք, Ադրբեջանն իրականում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման, սահմանների զատման, տարածաշրջանային հաղորդակցությունների բացման օրակարգի թեմաներն օգտագործում է Հայաստանի նկատմամբ բացառապես տարածքային պահանջներ ներկայացնելու համար։ Այս կապակցությամբ բանախոսը աշխարհի ամենահեղինակավոր ամբիոնից հարց է ուղղում (կամ միգուցե «մեսի՞ջ») երբեմնի «կիրթ»-ին ու «կառուցողական»-ին, թե՝ «կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում եք կամ պատրաստ եք ճանաչել որպես Հայաստանի Հանրապետություն»։
Ադրբեջանի նախագահին նման հարց ուղղելը, մեղմ ասած, տգիտություն է. ով չգիտի, որ Ալիեւի եւ, առհասարակ, թուրքերի մեծամասնության համար ամենանախընտրելին ՀՀ-ի՝ առանց հայերի քարտեզն է: Թե պարզ հարցադրմամբ Փաշինյանը պատրաստակամության ուղե՞րձ էր հղում իր «կիրթ» գործընկերոջը, որ կկատարի նրա ցանկությունը. «դու միայն ասա, եւ կստանաս այն, ինչ ուզում ես»: Այս տեսակետից հետպատերազմյան երկու տարիները ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի «առատաձեռնության» ցայտուն վկայությունն են, իսկ նրա հանձնողական կիրքը սաստող միակ հանգամանքը՝ ժողովրդի ցասումն ու ճնշումները, ինչը լավագույնս դրսեւորվեց սեպտեմբերի 14-ին, երբ տասնյակ հազարավոր մարդիկ էին ինքնաբուխ կերպով հավաքվել ԱԺ մուտքերի մոտ՝ լսելով ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու մասին նրա աղմկահարույց հայտարարությունը, որից մեկ ժամ չանցած՝ ստիպված եղավ հրաժարվել:
Ամեն դեպքում Ալիեւի պատասխանը չուշացավ: Բայց ոչ թե խոսքով, այլ, ինչպես բազում անգամներ, սահմանին իրավիճակը շիկացնող կոնկրետ գործողությամբ: Սեպտեմբերի 23-ի երեկոյան թշնամու ԶՈՒ ստորաբաժանումը խափանարարական ներթափանցման փորձ էր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան ուղղությամբ՝ ջանալով անցնել մեր մարտական դիրքերից մեկի թիկունք: Սակայն, ի շնորհիվ հայ սահմանապահների աչալրջության, հետ էր շպրտվել ելման դիրքեր: Նույն օրն ավելի վաղ ադրբեջանական ԶՈՒ-ն՝ կրկին խախտելով հրադադարի պայմանակարգը, հարձակում էր գործել Գեղարքունիքի Կուտական համայնքի ուղղությամբ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով եւ խուճապ առաջացնելով գյուղում:
Պարզ է, որ այդպիսի սադրանքներով Ալիեւը, ըստ էության, փորձում է հասկացնել, որ ՀՀ տարածքային ամբողջականության առումով իր պատկերացրած քարտեզին հասնելու համար վաղ է խոսել՝ «դեռ շատ վերցնելիք ունենք, ինչով էլ զբաղված ենք»: Այնպես որ, Փաշինյանը լավ կաներ՝ Հայաստանի քարտեզի վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարի ցանկությամբ ու ճաշակով հետաքրքրվելու փոխարեն ՄԱԿ-ի բարձր ամբիոնն ավելի արդյունավետ օգտագործել՝ ի շահ պետության եւ ժողովրդի: Կարող էր, չէ՞, օրինակ, պահանջ դնել որպես սահմանագծման եւ սահմանազատման իրավական հիմք՝ ընդունել ՄԱԿ-ի միջազգայնորեն ճանաչված քարտեզը, որն ամենահավաստին է եւ, անշուշտ, ամենաօրինակարգը:
Պատմաբան-մասնագետների վկայաբերմամբ՝ «ոխերիմ» հարեւանը 2020թ.-ից ակտիվորեն տարածում է Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության քարտեզները, որոնք 1918թ.-ին ներկայացվել էին Ազգերի լիգա եւ մերժվել։ Ոչ մի երկիր այդ քարտեզները չի ճանաչել: Իսկ Հայաստանի Առաջին հանրապետության ներկայացրած քարտեզն՝ իր տարածքներով ընդունվել է: Ընդ որում՝ մեր քարտեզում բավական լուրջ հարցեր են բարձրացվում՝ Նախիջեւանի, Լեռնային եւ Դաշտային Արցախի, Ախալքալակի, Կարսի մարզի եւ այլ հարցեր։ Ադրբեջանը, ըստ տարբեր լուրերի, պնդում եւ պնդելու է Ազգերի լիգայի կողմից ժամանակին չընդունված քարտեզը: Թե ինչ հույսով է ներկայացնելու վավերականություն չունեցող մի քարտեզ՝ միայն իրեն է հայտնի:
Ամփոփենք՝ փորձելով համառոտակի ի մի բերել ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթի հիմնական ուղերձները.
1) Մեր ռազմավարական դաշնակիցը ՀՀ-ի հանդեպ ստանձնած իր հանձնառությունը պատշաճ չի կատարում, ակնկալում ենք միջազգային հանրության աջակցությունը, եւ առաջին հերթին՝ դիվանագիտական ու ռազմաքաղաքական.
2) Հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգին ուղղված դիվանագիտական բոլոր ջանքերը Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումների, առավելապաշտական նկրտումների պատճառով կարելի է տապալված համարել.
3) Ադրբեջանական հարձակումների հետեւանքով մեր ժողովրդավարությունը վտանգի տակ է հայտվել. հայկական ժողովրդավարությունը հարկադրված է պայքարել մի մթնոլորտում, երբ բռնատիրական Ադրբեջանը ամեն օր ուժ է գործադրում՝ միակողմանիորեն պարտադրելու իր ծրագրերը, վերջ դնելու հայկական պետականությանը.
4) Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը թույլ կտա ապահովել տարածաշրջանային կայունությունը, ինչպես նաեւ երաշխավորվել ԼՂ-ում բնակվող հայերի իրավունքները եւ անվտանգությունը (ընդգծումը մերն է-Գ.Բ.): Այս ուղերձն արդեն Բաքվին էր ուղղված՝ ցույց տալու համար, որ բարեխղճորեն կատարում է Իլհամի պատվիրանները: Այսպես՝ «ԼՂ-ում բնակվող հայեր» (իջեցված նշաձողով կարգավիճակ), «…հայերի իրավունքները» (առանց «ինքնորոշում» եզրի), «ԼՂ»՝ (զեղչված «Հ»-ով, այն է՝ Հանրապետություն) եւ այլն:
Ելույթում Փաշինյանը՝ ի պատիվ իրեն, հանգամանորեն ներկայացրեց սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետեւանքները՝ մեծաթիվ զոհեր, վիրավորներ ու անհետ կորածներ, ավերածություններ, տարածքային կորուստներ եւ այլն: Անհույս մի սպասում կար, որ ՄԱԿ-ի ամբիոնից նա ուր-որ է՝ կդիմի այդ կազմակերպության Անվտանգության խորհուրդ՝ Ադրբեջանին ագրեսոր ճանաչելու եւ միջազգային պատժամիջոցների ենթարկելու պահանջ-առաջարկով: Բայց Փաշինյանը նախընտրեց դիմել Ադրբեջանի նախագահին՝ իմանալու Հայաստանի ճանաչված ամբողջականության քարտեզի մասին նրա «խիստ կարեւոր» տեսակետը:
Գեւորգ Բրուտենց