Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Վերլուծական

Թուրքիան բարդացրել է իր եւ ուրիշների կյանքը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի գործողությունն արմատապես փոխել է շահերի գլոբալ դասավորությունը: ՆԱՏՕ-ի ներսում ճգնաժամ է առաջացել: Այդ կազմակերպության առանցքային անդամները հակվում են Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու գաղափարին: ԱՄՆ-ն արդեն ձեռնամուխ է եղել այդպիսի պատժամիջոցների իրականացմանը: Միաժամանակ` ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իր համար միեւնույն է, թե ով կկարգավորի իրավիճակը Սիրիայում, քանի որ Միացյալ նահանգները չի ցանկանում կռվել քրդերի համար: Մանավանդ որ, Թուրքիայի դեմ դուրս է եկել Սիրիայի բանակը: Դոնալդ Թրամփն անուղղակի կերպով մատնացույց էր անում Ռուսաստանին եւ Չինաստանին: Ռուսաստանի նախագահն իսկույն գործի անցավ` Թուրքիայի նախագահին հրավիրեց Մոսկվա: Լղոզվել է մինչեւ այժմ աշխարհում առկա դաշնակցային ու հակամարտային պատկերը: Ավելի շուտ սա անշրջելի գործընթաց է: Համապատասխանաբար` անշրջելի են նաեւ փոփոխությունները` ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մակարդակում: Իսկ հիմա հարցն այն է, թե ինչ է լինելու, երբ սիրիական եւ թուրքական բանակները դուրս գան դեմ առ դեմ: Առայժմ Ռուսաստանը հայտարարել է, որ միջնորդ է հանդես գալու Սիրիայի եւ Թուրքիայի ղեկավարությունների միջեւ: Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ոչ մի վատ բան չկա, եթե Սիրիան օգնություն է ստանում Ռուսաստանից: Իսկ վերջին օրերի իր քաղաքականությունը որակեց որպես փայլուն գործողություն:

Այս համապատկերին միանգամայն արդարացված է այն մտահոգությունը, թե ինչպես կարող են անդրադառնալ այսօրինակ փոփոխությունները Հայաստանի եւ Արցախի անվտանգությանը: Անհանգստանալու առիթներ արդեն շատ կան: Հոկտեմբերի 14-ին Թուրքիայի նախագահը` արդեն «միջազգայնորեն աչքից ընկած» վիճակում, մեկնեց Բաքու` մասնակցելու Թյուրքական երկրների խորհրդի նիստին: Անսպասելի ոչ մի բան դրանում չկար. Սիրիայում Թուրքիայի գործողությունները պաշտպանում էին միայն Ադրբեջանը, Պակիստանը եւ Քաթարը: Թուրքիային դատապարտել է նույնիսկ արաբական երկրների լիգան: Բաքվում նախագահ Էրդողանը բացեիբաց հայտարարեց, որ «Թուրքիան սպասում է ահաբեկչության դեմ պայքարում եղբայրական երկրների հուժկու աջակցությունը»: Սակայն թյուրքական երկրների Խորհրդի անդամների ոչ մի համատեղ հայտարարություն այդպես էլ չեղավ: Դա կարելի էր սպասել` շատ վտանգավոր խաղ էր հղացել Թուրքիան, որպեսզի այդպես հեշտությամբ կարողանա իր շուրջը համախմբել անգամ «ազգակցական» երկրներին:

Բայց տվյալ դեպքում մեզ ավելի շատ հետաքրքրում է այն, որ Ադրբեջանի նախագահն օգտվեց իրավիճակից՝ սեփական շահերն առաջ տանելու համար: Նա հիշեց իր վաղեմի թեզն առ այն, որ «Զանգեզուրի հանձնումը Հայաստանին` աշխարհագրական տեսակետից պառակտեց թյուրքական աշխարհը»: Նրա խոսքով` «այդ տեսակետից Թյուրքական խորհուրդ ստեղծելու մասին որոշման ընդունումը Նախիջեւանում խորհրդանշական իմաստ ունի ողջ թյուրքական աշխարհի համար»: Դիտորդներն իսկույն նկատեցին, որ նման քաղաքական հենքի վրա Զանգեզուրի մասին Ադրբեջանի նախագահի հիշատակումը պարզապես պատմական էքսկուրս չէ: Ըստ էության, Իլհամ Ալիեւը քաղաքական օրակարգ է վերադարձնում Զանգեզուրի հարցը: Դրա նախանշանները նկատելի էին Աշգաբադում ԱՊՀ վերջին գագաթաժողովում, որտեղ Ադրբեջանի նախագահն արծարծեց Գարեգին Նժդեհի կերպարն ու գործունեության բնույթը: Չէ որ հենց Նժդեհի անվան հետ են կապում Զանգեզուրի պահպանումը խորհրդային Հայաստանի կազմում: Ալիեւը հեռուն էր նայում: 

Արդեն Թյուրքական պետությունների խորհրդի նիստից հետո ադրբեջանական մամուլը սկսեց շրջանառել գաղափարն առ այն, որ «Ադրբեջանը պետք է Ղարաբաղում օգտագործի Թուրքիայի կողմից ստեղծված` «հակաահաբեկչական մաքրման» նախադեպը»: Առաջ քաշվեցին առաջարկներ, թե «մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանն ուղղակի կօգտվի Անկարայի ստեղծած նախադեպից»: Հիշեցին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1993 թվականի բանաձեւերը, առավել եւս` ինքնապաշտպանության իրավունքը: Բայց, որ ամենահետաքրքիրն է, բանավեճի գլխավոր թեման այն էր, թե կաջակցե՞ն արդյոք Ռուսաստանն ու ԱՄՆ-ը Ադրբեջանի նմանատիպ ենթադրական մտադրություններին:

Վերջին հանգամանքը չափազանց հետաքրքիր է, հատկապես Ադրբեջանի պաշտպանության նախարարի վերջերս հնչեցրած այն հայտարարության համատեքստում, թե «միջազգային իրադրությունը թույլ չի տալիս պատերազմ սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ»: Դե, իհարկե, Ադրբեջանը հասկանում է, որ կարող է փորձել իր նպատակների իրականացմանը հասնել սոսկ այն ժամանակ, երբ գերտերությունները ոչ միայն կանաչ լույս կտան իրենց ծրագրերին, այլեւ «կկապեն» Հայաստանի ձեռքերը, ինչպես 2016 թվականի ապրիլին: Բոլորը հասկանում են, որ Թուրքիայի ղեկավարության ոչ մի հայտարարություն, թե աջակցում է Ադրբեջանին, չի կարող երաշխիք լինել վերջինիս ծրագրերի իրագործման համար: 

Ներկա պահին կարելի է արձանագրել, որ առայժմ չկան նախանշաններն այն բանի, թե ինչ-որ մեկը ցանկություն ունի Ադրբեջանին տալ Թուրքիայի «բախտը փորձելու» քարտ-բլանշ: Դրա վկայություն կարող է լինել այն, որ Բաքվում Թյուրքական պետությունների խորհրդի նիստի օրը` հոկտեմբերի 14-ին, Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդարանական վեհաժողովի նիստում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Բայց ամենահետաքրքիրը հետեւյալն է. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ ՄԱԿ-ում հանդիպել է Հայաստանի վարչապետի հետ եւ, նրա խոսքով, «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է հավասարապես ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: Այդ ուղերձը լիովին համապատասխանում է հասարակություններին խաղաղության պատրաստելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կոչերին: Ցավոք, մյուս կողմն այդկերպ չի պատասխանել նշված հայտարարությանը: Ավելին՝ Ալիեւը շարունակում է իր ռազմական հռետորաբանությունը: Ես այդ կապակցությամբ հարց ունեմ. ինչպե՞ս կարող է ՆԱՏՕ-ն նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի ու կայուն կարգավորմանը եւ, մասնավորապես, ինչպե՞ս ՆԱՏՕ-ն կարող է աջակցել Մինսկի խմբի ջանքերին»:

Տվյալ հայտարարությունն աննախադեպ է: Առաջին անգամ միակողմանի կարգով  այդպիսի բարձր միջազգային մակարդակով Ադրբեջանին մեղք է վերագրվում նրա ապակառուցողական  դիրքորոշման համար: Այլ բան չէր էլ կարելի սպասել այն դեպքում, երբ Ադրբեջանը բացահայտ աջակցություն է հայտնում սիրիական քրդերի դեմ Թուրքիայի գործողություններին: Բայց չլիներ անգամ այդ աջակցությունը, ՆԱՏՕ-ի դիրքորոշումը հազիվ թե փոխվեր: Եվ ոչ միայն ՆԱՏՕ-ինը: Դա տեսանելի է արդեն Մինսկի խմբի՝ տարածաշրջան ներկայիս այցից. խոսակցությունները նեղացված, հասցված են ընդհուպ մարդասիրական հարցերի մակարդակի: Ստեղծված միջազգային իրավիճակում չկա հակամարտության կարգավորման մասին լրջորեն խոսելու ոչ մի հնարավորություն:

Ստեղծված իրավիճակում արձագանքային էր նաեւ Ռուսաստանի պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Զատուլինի հայտարարությունը Ստեփանակերտում անցկացված՝ «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» միջազգային խորհրդաժողովում կամ, այլ կերպ, «Արցախի բարեկամների ֆորումում»: Այդ հայտնի գործիչն ընդամենը հերթական անգամ կրկնեց իր կարծիքը, թե «խիղճն ու արդարությունը ինքնորոշման համար ժողովրդի պայքարի կողմն է, Լեռնային Ղարաբաղի կողմը»: Եվ, որ ինքը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու ոչ մի հեռանկար չի տեսնում:

Ադրբեջանի արտգործնախարարությունը նոտա է հղել Ռուսաստանի ԱԳ նախարարությանը՝ Զատուլինի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքով: Բայց առանց մեկնաբանությունների էլ պարզ է, որ Թուրքիայի ստեղծած՝ այլ բնակչության հետագա բնակեցմամբ «հակաահաբեկչական մաքրման» նախադեպը Ղարաբաղում օգտագործելու՝ Ադրբեջանի ցանկությունը ոչ մի կերպ չի հարաբերակցվում այն անձանց հետաքրքրությունների հետ, որոնցից ինքն այդպիսի ծրագրերի հովանավորման ակնկալիքներ ունի:

Ամեն դեպքում միջազգային քաղաքականության մեջ ներկա պահի՝ վերը նկարագրված հրատապ իրադարձություններից շատ դասեր կարող են քաղել բոլոր նրանք, ում հետաքրքրում է XXI դարի միջազգային հարաբերությունների տրամաբանությունը: Իրենց շահերն ու անվտանգությունը պաշտպանել ցանկացող սուբյեկտները չպետք է թույլ տան, որպեսզի իրենց խնդիրների շուրջ տեղի ունենան արտաքին գործարքներ: Նման բան թույլ տալու դեպքում նրանց արդեն ոչ ոք չի կարող օգնել:

 

Մանվել Սարգսյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: