Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Վերլուծական

Թափ կհավաքի՞ ազգային դիմադրության շարժումը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ամենայն հավանականությամբ՝ Արցախյան 44-օրյա պատերազմի եռակողմ կապիտուլյացիոն հայտարարության ստորագրման մեկ տարին դեռ չբոլորած, Հայաստանին եւ Արցախի Հանրապետությանը մեծ հուսախաբություն է սպասվում: Չնայած հուսախաբությունների ու փորձությունների պակաս չկար նաեւ հետպատերազմական այս ողջ ժամանակաընթացքում՝ հայկական դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ թշնամու շարունակվող գնդակոծությունների, սահմանային տարբեր միջադեպերի, հայ-ադրբեջանական սահմանագծի մի քանի հատվածներում ՀՀ ինքնիշխան տարածքներ ազերի զինծառայողների անարգել ներթափանցումների եւ այս ամենին ՀՀ զինված ուժերի համարժեք հակազդեցության բացակայության արդյունքում:

Վերահաս հուսախաբությունն այս անգամ հայկական կողմին բերելու է նոյեմբերի 9-ին Մոսկվայում տեղի ունենալիք Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպումը, որի մասին հոկտեմբերի 22-ին աղմկահարույց տեղեկատվական արտահոսք էր սպրդել ՀՀ վարչապետի երբեմնի խորհրդական Արսեն Խառատյանի հիմնադրած «Ալիք Մեդիա»-ն՝ հղում անելով «դիվանագիտական վստահելի աղբյուրներին»: Ըստ «Ալիք»-ի, այդ օրը եռակողմ ձեւաչափով երկու հայտարարություն է ստորագրվելու, որոնցից մեկը կվերաբերի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացին, հետեւաբար նաեւ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչմանը, իսկ մյուսը՝ տարածաշրջանում տրանսպորտային «միջանցք-ճանապարհների» ապաշրջափակմանը: Զույգ փաստաթղթերն էլ ներհակ են ՀՀ-ի ու Արցախի կենսական շահերին եւ, ըստ էության, որակվել են որպես երկրորդ կապիտուլյացիոն գործողություն: Շրջանառվում է տեսակետ, թե մամուլի արտահոսքը Փաշինյանի «ճարպկամիտ» քայլն էր, որպեսզի ընդդիմությունն, իբր, բողոքի ալիք բարձրացնի ընդդեմ մոսկովյան նախագծերի, ինչը կուժեղացնի իր բանակցային դիրքերը:

Սա քիչ հավանական կանխավարկած է՝ թեպետ որոշ առումով չպետք է բացառել: Ընդդիմությունն ամեն դեպքում պատրաստվում է նոյեմբերի 9-ին անցկացնել մեծ հանրահավաք եւ դրան ընդառաջ ձեռնարկել է միջոցառումների համալիր ծրագիր՝ առանցքում ունենալով մեկ նպատակ՝ ազգային դիմադրության միջոցով կանխել երկու հայկական պետությունների առերեւույթ անկումը: «Հայաստան» դաշինքի նախաձեռնած՝ քաղաքական այդ գործընթացի մեկնարկը տրվեց հոկտեմբերի 22-ին՝ կլոր սեղանի շուրջ, «Հայաստանին եւ Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայի բավական համապարփակ արծարծմամբ, որտեղ առավելապես ներգրավված էին գիտնականներ ու փորձագետ-վերլուծաբաններ: «Այո, գտնում ենք, որ պետք է ձեւավորվի ազգային դիմադրություն՝ համահայկական ուժերով կանխելու Հայաստանի թրքացումը, Արցախի հայաթափումը եւ այս իշխանությունների կողմից երկիրը նոր կապիտուլյացիայի տանելու գործընթացը»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, որ երկրի ապագայի մասին այսօրվա իշխանությունների եւ իրենց պատկերացումները տարբեր են։

Ընդդիմությունը համարում է, որ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, տարածաշրջանում խաղաղության դարաշրջանի բացման, Զինված ուժերի բարեփոխումների, տնտեսական զարգացման հեռանկարների մասին իշխանությունների մեծադղորդ հավաստիացումները կեղծ, իրականությունից կտրված օրակարգեր են, որոնք մեզ տանելու են նոր զիջումների, ստորացումների եւ մեր կենսական շահերի նոր ոտնահարումների: Ժողովրդի ճնշող մեծամասնությունը, բնականաբար, համաձայն չէ կորստաբեր այս ընթացքին եւ պատրաստ է ելնել պայքարի հանուն ազգային արժանապատվության ու պետական ինքնիշխանության վերահաստատման, հանուն այն արատավոր վարչախմբի կազմաքանդման, որը 2018-ի գարնանը «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական» հեղափոխության անվան տակ, խաբեությամբ յուրացրեց իշխանությունը: Մարդիկ գտնում են, որ անկախություն ձեռք բերելուց ի վեր ՀՀ-ում երբեք պաշտպանական համակարգը եւ անվտանգային միջավայրն այսքան փխրուն ու խոցելի, իսկ պետությունն՝ այսքան նվաստացված ու անօգ չեն եղել:

Ռազմական նշանավոր շատ գործիչներ եւ ոլորտի փորձագետներ մտահոգություն են հայտնում, որ պատերազմից մեկ տարի է անցել, սակայն դեռեւս գնահատական չի տրվել դրա հետեւանքով ստեղծված իրավիճակին, ասել է թե՝ հետպատերազմյան իրողությունների, ինչպես նաեւ Հայաստանին եւ Արցախին սպառնացող ներքին ու արտաքին մարտահրավերների ռազմավարական վերանայում չի իրականացվել, ինչն անթույլատրելի բացթողում է: Մասնագետները երեք հիմնական ոլորտ են մատնանշում, որտեղ պետք է արդեն իսկ ձեւավորված լինեին համապատասխան ռազմավարություններ: Դրանք են. 1) արտաքին քաղաքականության ոլորտը, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը, որը կոչված է Արցախի հարցում համապատասխան աշխատանք իրականացնել միջազգային երաշխիքների շարունակականությունն ապահովելու համար. 2) տնտեսական իրավիճակը, որի ռազմավարությունն, ինչպես ասում են, մնացել է կես ճանապարհին, եւ 3) ժողովրդագրական ոլորտը, որի ռազմավարության մշակումը հետաձգված է մինչեւ 2022 թվականի վերջը: «Այս իշխանությունները երկիրը կառավարում են ոտքի վրա եւ ձեռքի հետ՝ առանց ռազմավարական պլանավորման»,- սա ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եզրակացությունն է:

Անհեռանկար ու անորոշ է հատկապես ՀՀ տնտեսական համակարգի ապագան: Ըստ տնտեսագիտական հաշվարկների, այն կարող է կուլ գնալ թուրք-ադրբեջանական կապիտալին: Կառավարության հնգամյա ծրագրում ձեւակերպված՝ տարածաշրջանի ապաշրջափակման թիրախավորումը նման սպառնալիքի հավանականությունը էապես մեծացնում է՝ չնայած գործադիրն այն դիտարկում է որպես մեր երկրի փոխշահավետ գոյակցության հիմք: «Տարածաշրջանային զարգացումների ներկա փուլում այս նպատակադրումը հակադրվում է Հայաստանի եւ Արցախի ընթացիկ տնտեսական շահերին, ամենակարճ ճանապարհն է տնտեսական մեթոդներով թուրքական ազդեցությունը մեր տարածաշրջանում անսահման տարածելու համար»,- համոզմունք է հայտնում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը: Նրա խոսքով՝ այս նպատակադրումը թուրք-ադրբեջանական ռազմավարական շահերի կենտրոնում է. այն անխուսափելիորեն հանգեցնելու է ոչ միայն ինքնիշխանության եւ պետականության անդառնալի կորուստների, այլեւ «թրքացնելու» է հայկական երկու պետությունների տնտեսական համակարգը: Տնտեսագետը մտավախություն ունի, որ թուրք-ադրբեջանական տանդեմը նավթադոլարներով «փողախեղդ» կանի Հայաստանի տնտեսությունը՝ այն դնելով իրենից անդառնալի կախվածության մեջ:

Բոլոր ոլորտներում խնդիրները բազմաթիվ են, որոնք կուտակվել են պատերազմից հետո, եւ սպասում են հանգուցալուծման իրենց հերթին: Կրակը դադարեցնելու մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո անցել է գրեթե մեկ տարի, սակայն տակավին ունենք հայ ռազմագերիներ ու անհետ կորածներ, որոնվող աճյուններ ու Բաքվում պահվող քաղաքացիական անձինք: Մինչդեռ գերիների ու հակամարտող կողմերում պահվող անձանց առնչությամբ, ըստ եռակողմ հայտարարության, նախատեսված էր իրականացնել փոխանակություն «բոլորը բոլորի հետ» սկզբունքով: Ցավոք, ադրբեջանական կողմը՝ ի խախտումն նշված փաստաթղթի 8-րդ կետի, ցայսօր չի վերադարձրել հայ գերիների մի ստվար հատվածին: Ավելին՝ Ադրբեջանը շարունակում է իր ռազմական ներկայությունն ամրապնդել ՀՀ ինքնիշխան տարածքի մի քանի հատվածների, ռազմավարական բարձունքների ու ճանապարհների նկատմամբ, որտեղ ներթափանցել էր հրադադար հայտարարելուց ամիսներ անց: Այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի հրաժարվել հակահայ հռետորաբանությունից եւ զավթողական նկրտումներից, մասնավորաբար՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» պահանջից, որի մասին որեւէ հիշատակում չկա ո՛չ 2020-ի նոյեմբերի 9-ի, ո՛չ էլ 2021-ի հունվարի 11-ի Փաշինյան-Պուտին-Ալիեւ հայտարարություններում:

Թշնամի երկրի առավելապաշտական ցանկությունները, ինչպես նաեւ պատերազմում պարտված Հայաստանից հնարավորիս արագ եւ հնարավորինս շատ բան պոկելու անհագ մղումները պայմանավորված են ՀՀ գործող իշխանությունների թուլակամ պահվածքով, դիվանագիտական տհասությամբ ու իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու անկարողությամբ: Թուրք-ադրբեջանական երկյակը շտապում է, քանի դեռ ՀՀ-ում իշխանության ղեկին գտնվող անձնավորությունն, ըստ նրանց, «յուրային» է, եւ առկա է ավելին ստանալու պատմական հնարավորություն, որը, բնականաբար, չեն ուզում ձեռքից բաց թողնել: «Երկյակի» համար եւս մեկ հարմար պատեհություն է նոյեմբերի առաջին տասնօրյակում Մոսկվայում նախատեսվող Պուտին-Ալիեւ-Փաշինյան հանդիպումը, որտեղ ակնկալվում է ՌԴ նախագահի միջնորդությամբ երկու հայտարարության ընդունում, ինչի մասին հակիրճ խոսվեց հրապարակման սկզբում: Մամուլում եւ սոցիալական հարթակում բուռն քննարկումներ եղան այդ թեմայով, եւ մոսկովյան հանդիպման ենթադրյալ օրակարգը, ընդհանուր առմամբ, ոչ շահեկան գնահատվեց հայկական կողմի համար:

Սա է իրավիճակի ընդհանուր նկարագիրը, որի հենքին ԱԺ ընդդիմությունը, արտախորհրդարանական մի շարք այլ քաղաքական ուժերի հետ համագործակցաբար (խոսքը «Պատիվ ունեմ» դաշինքի, ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի, Կարինե Տոնոյանի առաջնորդած «5165» շարժման, 8-րդ գումարման ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ Հայրենիքի փրկության շարժման մեջ ընդգրկված քաղաքական միավորների եւ մյուսների մասին է, որոնց շարքերը շարունակում են համալրվել), պատրաստվում է նոյեմբերի 9-ին նշանակված համապետական հանրահավաքին՝ կասեցնելու հայակործան զարգացումների ընթացքը, իշխանությունից հեռացնելու ազգադավ վարչախմբին, որի համար անխախտ ձեռագիր է դարձել կատարված փաստի առջեւ կանգնեցնելու միջոցով ժողովրդին կործանարար զիջումներ պարտադրելը: Հասկանալի է, որ ժողովուրդը չի կարող սպասել, որ ամեն ինչ իր թիկունքում ավարտին հասցվի, երբ անցած կլինեն անշրջելիության բոլոր հանգրվանները: Ուստի համախմբված ընդդիմությունը գտնում է, որ վերահաս վտանգների դեմն առնելու ճանապարհը համահայկական միասնությամբ դիմադրություն առաջացնելն է: Այսօր Հայաստանում թիվ մեկ օրակարգը Հայաստանի լինել-չլինելու խնդիրն է. այս գաղափարով էին ներծծված կլոր սեղանի ձեւաչափով հոկտեմբերի 22-ի քննարկման ժամանակ հնչած բոլոր ելույթները:

«Հայաստան» դաշինքի եւ համալրված կազմով մյուս հասարակական-քաղաքական ուժերի երկրորդ խոշոր միջոցառումը տեղի ունեցավ հոկտեմբերի 29-ին: Դա «Կորսված հաղթանակ. դավաճանությո՞ւն, թե՞ անգրագիտություն» խորագրով համաժողովն էր, որին մասնակցում էին եւ թեմայի շրջանակում բանախոսություններով հանդես եկան ճանաչված քաղաքագետներ, քաղաքական վերլուծաբաններ, փորձագետներ, ռազմական ոլորտին խորապես տիրապետող այլ մասնագետներ: Արծարծված խնդիրների մասին վերլուծաբար կներկայացնենք հաջորդիվ: Անշուշտ, այս պահին դժվար է ասել՝ թափ կհավաքի՞ արդյոք ազգային դիմադրության շարժումը՝ վերածվելով համահայկական ամուր բռունցքի: Սակայն մի բան հաստատ է՝ առկա է հայեցակարգային-այլընտրանքային հարթակը, առկա է ծրագրահենքը: Եվս մեկ քայլ իրավիճակով մտահոգ բազմահազար քաղաքացիների աջակցությանն ու ցասումին ընդառաջ, եւ ընդդիմությունը, անկասկած, կդառնա քաղաքական օրակարգի թելադրող: Հուսանք:

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: