Ուրբաթ, Հոկտեմբերի 04, 2024

Վերլուծական

Օրհաս. ո՞րն է փրկության ճանապարհը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Նախորդ շաբաթվա ընթացքում տեղի ունեցան մի շարք կարեւոր եւ հուզականությամբ գերհագեցված իրադարձություններ, որոնք ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված՝ դուրս մնացին մեր լուսաբանումից: Եվ հիմա, երբ անհամեմատ հանդարտվել, «նստվածք» են տվել կրքերը, իսկը ժամանակն է անդրադառնալ այդ իրադարձություններին, որոնք բնույթով, բովանդակությամբ եւ շեշտադրումների առումով տարբերվելով հանդերձ՝ ունեն ներքին մի ընդհանրություն. օրհասական իրավիճակից, որում հայտնվել ենք, Հայաստանի ու Արցախի դուրսբերման ճանապարհի ընտրություն կամ, պարզապես, ելքերի փնտրտուք:

Որո՞նք են այդ իրադարձությունները:

Առաջին. սեպտեմբերի 22-ին Էջմիածնում՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով, հանդիպել են Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահները, ինչի մասին կարճ հաղորդագրություն էր տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը՝ նշելով, որ ՀՀ-ում առկա իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում եւ ընդունվել հանդիպումները շարունակելու որոշում: Հանդիպման շուրջ ծավալված հանրային բուռն հետաքրքրություններին հագուրդ տալու համար սեպտեմբերի 26-ին «Հ1»-ի տաղավարում որոշ պարզաբանումներ է տվել ՀՀ առաջին նախագահը:

Հարցազրույցում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտնեց, որ ստեղծված իրավիճակում լուծումներ գտնելու համար ինքն առաջարկել է իշխանության եւ ընդդիմության համախմբում, բայց հանդիպման մասնակիցներն ընդհանուր հայտարարի չեն եկել: Ապա նկատեց, որ ՀՀ-ին ծանր ու ցավոտ լուծումներ են սպասվում. «Պայմանագրեր պիտի կնքվեն եւ՛ Ադրբեջանի, եւ՛ Թուրքիայի հետ։ Դա ոչ մեկի քիմքին հաճո չի լինելու։ Եթե չի ստորագրվում փաստաթուղթ, եթե հաշտություն չի կնքվում երկու հարեւանների հետ, 70 տարվա իրողությունը չենք կարող վերականգնել, պիտի քարը քարի վրա երկիր կառուցենք, շենացնենք երկիրը»,- հայտարարեց Առաջին նախագահը:

Այնուհետեւ բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ եթե Փաշինյանից ազատվեն՝ կխուսափեն ցավոտ լուծումներից, Տեր-Պետրոսյանը հիասթափեցրեց` նշելով, թե ով էլ գա իշխանության, նույնն է լինելու, գուցեեւ ունենանք ավելի վատ փաստաթուղթ: «Բոլոր լուծումներն էլ վատ են լինելու, պետք է դրանցից ընտրել ամենաքիչ ցավալին»,- ասաց նա: «Հ1»-ի հյուրը վստահ է, որ Փաշինյանն ինքն էլ վախենում է ինչ-որ բան ստորագրելուց, «քանի որ ինչ փաստաթուղթ էլ ստորագրի, պիտի ասեն՝ թուրք, դավաճան»։ Ըստ նրա, հարկավոր է «ձեռք մեկնել» Փաշինյանին՝ ընտրելու ամենաքիչ ցավոտ լուծումը: Առաջին նախագահի համոզմամբ՝ մենք այլ տարբերակ չունենք, քանի որ Հայաստանը կապիտուլացված է: Սրանում Տեր-Պետրոսյանը սարասափելի ոչինչ չի տեսնում՝ բերելով «ավելի հզոր» Ճապոնիայի օրինակը, որն, ի դեպ, բոլորովին տեղին չէ:

Մոտավորապես սա է այսօրվա օրհասական իրավիճակի հանգուցալուծման տեսլականը՝ Հիմնադիր-նախագահի հայացքով, որն անցած ավելի քան 25 տարում, ինչպես երեւում է, չի փոխվել: Այն լուծումը, որը նրան չհաջողվեց գլուխ բերել 1996-ին, քանզի, ի տարբերություն ՔՊ-ի, այն ժամանակ թիմում կային Վազգեն Սարգսյանի նման ազդեցիկ ու սկզբունքային գործիչներ, Տեր-Պետրոսյանը փորձում է դա անել իր «սանիկի» միջոցով, ուստի ՀՀ-ի եւ Արցախի բոլոր նախկին ղեկավարներին առաջարկում է համախմբվել Փաշինյանի շուրջը՝ նրա հետ հավասար կիսելով կապիտուլյացիոն գործարքների պատասխանատվությունը: Իսկ գործարքներից առնվազն երկուսը հարցազրույցի օրվա դրությամբ բոլորին հայտնի էր՝ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում եւ տալ արտատարածքային «միջանցք»:

Երկրորդ իրադարձությունը սեպտեմբերի 28-ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում Ռոբերտ Քոչարյանի հրավիրած մամլո ասուլիսն էր, որի ներածական խոսքում նույնպես շեշտվեցին ՀՀ-ին եւ Արցախին սպառնացող գոյութենական մարտահրավերները եւ դրանց հաղթահարման ուղիները: Բայց եթե Առաջին նախագահը համոզում է համախմբվել եւ միասնաբար ընդունել պարտադրվող պարտությունը, ապա Երկրորդ նախագահը կոչ է անում համախմբվել, պայքարել ու հաղթել՝ ապավինելով հայ ժողովրդի հավաքական ուժին: Նա պնդում է, որ 90-ականների սկզբներին վիճակը շատ ավելի անելանելի էր, բայց հնարավոր դարձավ այն փրկել, քանի որ ժողովուրդը միակամ ու միասնական էր:

Քոչարյանը համոզված է, որ բարձր նպատակների շուրջ ժողովրդի համախմբվածությունը կամ իր բառապաշարով՝ կոնսոլիդացումը ստեղծված իրավիճակից դուրս գալու առաջին քայլն է: Նա անկեղծանում է՝ ասելով, որ ինքը պատրաստ է հեռանալ, եթե ինչ-որ մեկը կարողանա շատ ավելի լայն հանրային կոնսոլիդացում ապահովել. «Իշխանությունն ինքնանպատակ չէ, եւ ես կսկսեմ շունչ քաշել, երբ հայտնվի մեկը, ով կկարողանա լուրջ սպասումներ առաջացնել մեր հասարակության մեջ, ապահովել լայն կոնսոլիդացում եւ հավաքել ավելի շատ մարդկանց»,- դժվար է ասել, թե որչափ անկեղծ՝ հավաստիացնում է «Հայաստան» դաշինքի առաջնորդը։

Կոնսոլիդացումը, անշուշտ, վերացական հասկացություն չէ: Բանախոսը ուշադրություն է հրավիրում այսօր հնչեցվող մտքերին, օրինակ՝ «միավորվենք, որ օգնենք ծանր որոշում կայացնելու»: Կոնսոլիդացումն, ըստ նրա, իրականացնում են ժողովրդին հաղթանակի, այլ ոչ թե կապիտուլյացիայի տանելու համար. «Կապիտուլյացիայի համար ընդհակառակն՝ դեկոնսոլիդացում է պետք։ Այս պարզ ճշմարտություններն իրար խառնելը չգիտակցելո՞վ է արվում, թե՞ նպատակային: Կապիտուլյացիան հետընթաց եւ անզորության զգացում է առաջացնում։ Սա է, միգուցե, պետք այն մարդկանց, որոնք կոչ են անում կոնսոլիդացվել կապիտուլյացիայի համար»,- տարակուսելի է համարում Քոչարյանը։

Երկրորդ նախագահը չի բացառում, որ ընդդիմության պայքարի ընթացքում կձեւավորվեն ավելի երիտասարդ առաջնորդներ, որոնք ինչ-որ տեղ կարող են նաեւ իրենց փոխարինել։ Եվ հարցին, թե հնարավո՞ր է, որ ընդդիմության թեկնածուն «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը լինի, Ռոբերտ Քոչարյանը պատասխանում է. «Որեւէ անուն չեմ տալու՝ գիտակցելով, որ, առաջին. եթե քննարկված չէ, դա կլինի իմ անձնական կարծիքը, եւ երկրորդ, որովհետեւ ում անունը տաս, հարվածի տակ ես դնելու: Պետք է գա մեկը, ով ի վիճակի կլինի դառնալ բոլորին միավորող, իր հետեւից տանող ուժ»: Ընդդիմության ներսում Քոչարյանը վարչապետի 3-4 թեկնածու ունի «աչքի առաջ», բայց զերծ է մնում անուններ հրապարակելուց՝ նույն մտավախության պատճառով, ինչ նշեց վերը:

Մեկ այլ հարցի առնչությամբ էլ, թե տեսնո՞ւմ է արդյոք Հայաստանը միութենական պետության կազմում, Քոչարյանը պարզաբանում է, որ ինքն այդպես մտածելու առիթ չի տվել. «Մեկ տարի առաջ, այո՛, անորոշ էր իմ պատասխանը, քանզի համարում էի, որ պետք է քննարկել բոլոր բաղադրիչները՝ չբացառելով ոչինչ, եթե դա լուծում է քո անվտանգության խնդիրը»,- նկատում է բանախոսը: Այս պահի առաջնահերթությունը, նրա կարծիքով, ՀՀ անվտանգային ճարտարապետության վերագնահատումն է, մի շարք երկրների հետ (Իրան, Չինաստան, Հունաստան, Ֆրանսիա եւ այլն) հարաբերությունների վերակազմավորման, դիվանագիտական գործունեության աշխուժացման միջոցով Թուրքիային եւ Ադրբեջանին զսպելու անհրաժեշտությունը՝ ելնելով այն իրողությունից, որ այդ երկրների վրա ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի ազդեցության լծակները ներկայումս էապես նվազել են:

Իշխանափոխություն, բանակցություններից եւ ուշադրությունից դուրս մնացած արցախյան թեմա, բանակաշինություն, անվտանգության համակարգի ամբողջացում եւ լայն հանրային համախմբվածություն. այս հիմնական հասկացույթների շուրջ էր ասուլիսային իր ասելիքը ձեւակերպել ՀՀ նախկին ղեկավարը՝ արձանագրելով, որ սա իշխանության համար պայքար չէ, «սա բոլորիս պայքարն է՝ հանուն պետականության պահպանման»:

Հիշատակված կարեւոր իրադարձություններից երրորդը սեպտեմբերի 30-ին` դարձյալ Առաջին հանրայինին, Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցն է: Մարդ, ով չորսուկես տարի առաջ միացրեց մեր պետության կործանման ժամացույցը եւ ժողովրդին հասցրեց այնպիսի մի օրհասի, երբ Քարվաճառում, Բերձորում, Աղավնոյում հայ շինականն իր տունն էր վառում, իսկ թշնամին ազատ ելումուտ էր անում մեր ինքնիշխան տարածքում, սպանում մեր սահմանապահներին եւ հանգիստ հեռանում, երբ ազերի զորախմբերը վխտում էին Ջերմուկի, Վարդենիսի, Սիսիանի մատույցներում՝ մահ ու ավեր սփռելով շուրջբոլորը:

Թվում է՝ ինչի՞ մասին կարող է խոսել այդպիսի մեկը: Բայց երբ այդ «մեկը» Փաշինյանն է, նման հարցադրումն ավելորդ է դառնում, քանզի հանրությունը՝ համենայն դեպս, նրա մեծ մասը, լավ գիտի, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ստերի ու շահարկումների կենդանի կծիկ է եւ, ուր-որ է, կբացի մանիպուլյացիաների շարանը եւ ամեն մեկին ցույց կտա իր տեղը՝ լինեն նախկիններ ու ընդդիմախոսներ, թե միջազգային գործընկերներ ու կառույցներ: Իր ոճին ու տեսակին նա հավատարիմ է նույնիսկ այս ծանր պայմաններում, ինչի մասին վկայեց սեպտեմբերի 30-ին տված հարցազրույցը:

Չկար մի հարց, որի պատասխանը հնչեր անկեղծ, դյուրամատչելի եւ մանիպուլյատիվ հնարքներից զերծ: Օրինակ՝ հարցին, թե ինչ է սպասվում ՀՀ-ի եւ Արցախի քաղաքացիներին, նա պատասխանեց. «Գուցե թե մեր ամենամեծ խնդիրը եղել է այն, այդ թվում՝ իմ ամենամեծ սխալը, որ մենք չենք ձեւակերպել, թե ինչ է տեղի ունենում… սա ՀՀ անկախության, ինքնիշխանության հաստատման գործընթաց է, մենք պետք է ամուր լինենք եւ անցնենք այս ճանապարհը: Պետության հաստատման, պետության հարատեւության երաշխավորման գործընթաց է, եւ այստեղ կան ռիսկեր… Երբ ասում եմ՝ ցավոտ որոշումներ, անկախության հաստատումն ինքը ցավոտ որոշում է: Ինչո՞ւ է թվում, որ ցավոտ որոշում է միայն այն, ինչի արդյունքում վատ բան է ստացվում: Ո՛չ, երեխայի ծնունդը ցավոտ գործընթաց է, բայց դրա արդյունքում տեղի է ունենում ծնունդ»:

Բայց մանիպուլյացիաններն այսքանով չեն ավարտվում: Փաշինյանի խոսքով՝ ՀՀ երրորդ Հանրապետությունը հռչակվել է մի պայմաններում, հետո շատ արագ այդ պայմաններից հրաժարում է տեղի ունեցել, որի մասին չի հայտարարվել, չի արձանագրվել, եւ որի պատճառով ճեղք է առաջացել իրականության ու տեսության միջեւ. «Հիմա այդ ճեղքը պետք է լրացնել: Չմոլորվելու համար մենք մեր նպատակը պետք է ճիշտ ֆիքսենք… Հայաստանը պետք է շատ կոնկրետ լինի, որպեսզի իր տարածքային ամբողջականությունը հնարավոր լինի պաշտպանել: Եթե ինքն ամորֆ է, չգիտես՝ որտեղ է սկսվում, որտեղ է ավարտվում, իր տարածքային ամբողջականությունը հնարավոր չէ պաշտպանել»,- մի պարզ հարցի արձագանքը «երեխայի ցավոտ ծննդից» նրան հասցրեց մինչեւ տարածքը պաշտպանելու սեփական անզորության խոստովանության:

Մոտավորապես այսօրինակ խառնիճաղանջ, անհոդաբաշխ մտքեր եւ, որպես կանոն, նախկիններին, բոլոր-բոլորին փնովելու, մեղադրելու ու ինքնարդարանալու փորձեր բովանդակող պատասխաններ հնչեցին գրեթե բոլոր հարցերի մասով, որոնց անդրադառնալը մի առանձին ծավալուն հոդվածի նյութ է: «Նա իր հարցազրույցով ապացուցեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, հանձնում է Հայաստանի շատ տարածքներ։ Նրա նպատակն է փոքր Հայաստանում, որը կմնա այս ամենից հետո, հաստատել իր բռնապետությունը, ինչի երաշխավորը կլինեն Թուրքիան եւ Ադրբեջանը»,- այսպիսի գնահատական է խնդրո հարցազրույցին տվել իրավապաշտպան, հանրային գործիչ Ավետիք Իշխանյանը։

Ամեն դեպքում՝ իրավիճակի որոշակի բյուրեղացում տեղի ունեցավ, ինչը շատ կարեւոր է հանրության կողմնորոշման եւ իրադրության հանգուցալուծման ճիշտ ուղու ընտրության հարցում: Ուրվագծվեց երկու հստակ ճանապարհ, մեկը կապիտուլյացիոն ելքով, մյուսը՝ դիմադրության ու պայքարի ուղեգծի որդեգրմամբ: Առաջինը ենթադրում է Արցախի վերջնական կորուստ, ՀՀ տարածքի զգալի հատվածների հանձնում եւ Պրահայի համաձայնագրով պայմանավորված այլ սահմանափակումներ ու պահանջներ, իսկ երկրորդը Ադրբեջանի կազմում Արցախի ներառման բացառում, ազգի համախմբում՝ ի շահ ՀՀ տարածքային ամբողջականության եւ Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման: Հիմա ընտրությունը ՀՀ քաղաքացունն է:

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: