Շաբաթ, Դեկտեմբերի 07, 2024

Վերլուծական

Արցախյան զարգացումներ. պատերազմ եւ խաղաղություն

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Եվ այսպես` Արցախի դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած եւ վարձկան ահաբեկիչների իրականացրած ռազմական ագրեսիայի քառասուն օրերը մնացին ետեւում: Ամփոփելով ծանր դրվագներով լի այդ ժամանակահատվածի հիմնական առանձնահատկությունը` կարելի է արձանագրել, որ նախահարձակ կողմի ռազմավարական մտահղացումը` «բլից կրիգի» նախագիծը, բարեհաջող տապալվեց, եւ սեպտեմբերի 27-ից ի վեր անցած պատերազմական շրջանը նրան ոչ մի էական առաջընթաց չբերեց: Թշնամին տվեց ավելի քան 7 հազար զոհ, կորցրեց հսկայական քանակությամբ օդուժ, մարտական տեխնիկա ու կայանքներ, սակայն համարժեք ձեռքբերում չունեցավ: Քառասուն օրվա կտրվածքով Իլհամ Ալիեւի ռազմական արկածախնդրության գինը երկուստեք հազարավոր երիտասարդ կյանքերը եղան եւ աննախադեպ ավերածություններն Արցախում ու նրա շուրջ:

Այդ ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների միջնորդությամբ երեք հրադադար էր նախաձեռնվել, սակայն երեք անգամ էլ Ադրբեջանը խախտել է մարդասիրական նկատառումներով հաստատված կրակը դադարեցնելու պայմանակարգը` դրանում, ինչպես միշտ, մեղադրելով հայկական կողմին: Բայց գոնե այս անգամ պաշտոնական Բաքվի հերթական սուտն ակամայից հերքեց ոչ այլ ոք, քան այդ երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսնակ Աբդուլաեւը` հայտարարելով, թե Ադրբեջանը մտադիր չէ պահպանել հրադադարի ռեժիմի խոստումը, «քանի որ նպատակ ունի ազատագրելու ամբողջ Ղարաբաղի շրջանը հայերից»: Սա բացահայտ խոստովանություն է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի գլխավոր ծրագրերից մեկն էլ Արցախում էթնիկ զտումներ իրականացնելն ու հայկական հետքը այդտեղից մեկընդմիշտ վերացնելն է:

Գալով հրադադարին` հիշեցնենք, որ դրա շուրջ առաջին պայմանավորվածությունը ձեռք է բերվել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում, Սերգեյ Լավրովի միջնորդությամբ երկու երկրների արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Ջեյհուն Բայրամովի միջեւ 11 ժամ տեւած բանակցությունների արդյունքում: Սակայն պայմանավորվածության մասին հայտարարությունից րոպեներ անց Ադրբեջանը կոպտորեն խախտել է հրադադարի պայմանակարգը եւ ոչ միայն չի դադարեցրել Ստեփանակերտի ու Արցախի շրջակա բնակավայրերի ռմբահարումները, այլեւ հրետակոծության տակ է վերցրել Հայաստանի տարածքը եւս: Նույնը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, իսկ հոկտեմբերի 26-ին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ հաստատված երկու մարդասիրական հրադադարների ժամանակ: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ աշխարհն անզոր է զսպել մոլեգնած թուրք գազանին:

Ադրբեջանը, որի թիկունքում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է կանգնած, ամենայն հավանականությամբ, պատերազմը դադարեցնելու միտք չունի: Զինված լինելով ամենաարդիական զենք-զինամթերքով, որը պարբերաբար մատակարարվում է Իսրայելից, Թուրքիայից ու հավատակից այլ երկրներից` Ալիեւը վստահ է Ադրբեջանի հաջողությանը եւ, ի հեճուկս խաղաղություն հորդորողների, փորձում է ամեն կերպ` անգամ հազարավոր մարդկային կյանքերի գնով, ցույց տալ, որ սխալվում են բոլոր նրանք, ովքեր հայտարարում են, թե արցախյան խնդիրը չունի ռազմական լուծում: Իր «ճշմարտացիությունն» ապացուցելու համար հակառակորդն առաջնագիծ է դուրս բերել մեծ թվով ջիհադական ահաբեկիչների, Թուրքիայի, Պակիստանի, այլ երկրների հատուկ ջոկատայինների: Կան հիմնավոր կասկածներ, որ տարածաշրջանն ահաբեկիչներով հեղեղած թուրք-ադրբեջանական տանդեմը հեռահար նպատակ է հետապնդում Արցախը հայերից մաքրելուց հետո տարածքը ռազմակալել եւ վերածել խոշոր ռազմահանգրվանի ու հրաձգարանի:

Հոկտեմբերի վերջերից` մինչ աշխարհի հզորներն ուրվագծում էին պատերազմի դադարեցմանն ուղղված դիվանագիտական նոր քայլեր եւ հակամարտության անարյուն կարգավորման նախաձեռնություններ, թշնամին սաստկացրել էր բոլոր ուղղություններով հայկական դիրքերի, ինչպես նաեւ Ստեփանակերտի, Շուշիի, Արցախի մյուս բնակավայրերի խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծությունները` ներառյալ ԼՂՀ մայրաքաղաքի ծննդատունը, որ ռազմական փորձագետների գնահատմամբ, պատերազմական հանցագործություն է, ինչպես նաեւ հանցագործություն է զանգվածային ոչնչացման ֆոսֆորային զենքի կիրառումը: Զուգահեռաբար դիմելով նոր մարտավարության, ոսոխը սկսել է մերձարցախյան շրջաններում խափանարար հենակետեր հիմնել` հայկական գյուղեր ներթափանցելու նպատակով: Իսկ հիմնական թիրախում այդ օրերին Շուշին էր, որի ուղղությամբ հակառակորդը մեծաքանակ ուժեր է կուտակել:

Այսպիսով` Ադրբեջանն ապավինում է պատերազմին` փորձելով բիրտ ուժի գործադրմամբ եւ «ավագ եղբոր» լիաբուռն աջակցությամբ տիրանալ իրեն չպատկանող հողերին եւ այնտեղից քշել այդ հողերի իրական տերերին` արցախյան բարեբեր ոստանում հազարամյակներ ի վեր ապրող բնիկներին: Թշնամուն հաջողվել է խափանարար խմբերի մակարդակով որոշակիորեն սողոսկել հայկական բնագծերը, ուստիեւ հանրության անհանգստությամբ թելադրված ամենահրատապ պահանջը ադրբեջանական զինուժի դեմ «Իսկենդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների ու ՍՈՒ-30 կործանիչների կիրառումն է։ Այդ հարցի անդրադարձում Նիկոլ Փաշինյանը մամուլին հայտնել է, որ հայկական կողմի գործողություններն ուղղված են տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը: «Մեր նպատակն է լուծել այնպիսի հարցեր, որոնք թույլ կտան ապահովել երկարաժամկետ խաղաղություն»,- ասել է ՀՀ վարչապետը։

Իհարկե, խաղաղության ցանկությունը շատ ավելի նախընտրելի է պատերազմից` չնայած Ադրբեջանը Թուրքիայի դրդմամբ որդեգրել է պատերազմի տարբերակը` կիրառելով դրա բոլոր թույլատրելի ու անթույլատրելի ձեւերը` ընդհուպ մինչեւ քիմիական զենք: Ահաբեկիչների համար ոչ մի սրբություն չկա: Նրանց թիրախում են եկեղեցիներն ու գերեզմանոցները, ծննդատներն ու հիվանդանոցները: Հայաստանի եւ Արցախի ընտրությունը խաղաղությունն է` ընդ որում ողջ տարածաշրջանի համար: Ցավոք, ջանալով հաստատել խաղաղություն եւ կայունություն` հայկական կողմն այսօր չունի ոչ մեկը, ոչ էլ մյուսը: Հանրահայտ խոսք կա` ուզում ես խաղաղություն` պատրաստվիր պատերազմի: Որովհետեւ խաղաղությունն ուզելով չէ, դրան կարելի է հասնել միայն արդար գոյապայքարի պատրաստակամությամբ, աննկուն կամքով, մարտական ոգու, բարոյահոգեբանական, ֆիզիկական, ռազմահայրենասիրական կոփվածքի բարձր նիշով: Իսկ չհիմնավորված «խաղաղության աղավնի» խաղալու հետեւանքները կարող են կորստաբեր լինել պետության եւ ժողովրդի համար:

Նախախնամության կամոք հարավկովկասյան տարածաշրջանի, իսկ ավելի խոշոր կտրվածքով` աշխարհի կայունության եւ անվտանգության ապահովման խնդիրների ամենածանր բեռն այսօր դրվել է հայ զինվորի ուսերին, ում վիճակված է Ադրբեջանից բացի, կռվել ռազմական առնվազն երեք հզոր միավորի դեմ: Դրանք են` Թուրքիան, միջազգային ահաբեկչական ցանցը եւ Իսրայելը, որը հայկական կողմի համար ամենախոցելի զինատեսակի` դրոնների մատակարարողն է Ադրբեջանին: Փառք տանք մեր քաջարի հայորդիներին, որոնք խաղաղության, հայոց պետականության անվտանգության միակ երաշխավորն են եւ պատվով են կատարում իրենց վսեմ առաքելությունը: Եվս մի փոքր համբերություն, եւ հաղթանակի կենարար շունչը շուտով կթեւածի հայոց աշխարհի երկնակամարում:

Մեզ պարտադրված պատերազմից քառասուն օր անց կարող ենք արձանագրել, որ ռազմաճակատի բոլոր ուղղություններում ունենք բարվոք արդյունքներ: Թշնամու առաջխաղացման գերմարդկային ճիգերն ի դերեւ ելան թե´ Բերձորի, թե´ Շուշիի, թե´ Մարտունու եւ թե´ մյուս բոլոր ուղղություններով: Հակառակորդը ետ է շպրտվել` տալով զինտեխնիկայի եւ մարդկային բազմաթիվ կորուստներ: Հայկական կողմը կարողացել է ոչ միայն խափանել թուրք ելուզակների մտահղացումները, այլեւ ստեղծել է հակահարձակման անցնելու ամուր նախադրյալներ: Այլ հարց է` արդյո՞ք կգնա հակագրոհի` թշնամուն ենթարկելով կապիտուլյացիայի, թե կնախընտրի խաղաղությունը` գոհանալով եղածը պահպանելու ժուժկալությամբ: Անշուշտ` հայ հասարակության ճնշող մեծամասնությունն ուզում է մեկընդմիշտ վերջ դնել արցախա-ադրբեջանական թնջուկին, ուստիեւ հակված է առաջին տարբերակին:

Հակամարտության ավելի քան 30-ամյա պատմության էջը փակելու մտահոգությամբ շատ է խոսվում Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին: Թուրքիայի եւ Ադրբեջանի հրահրած այս պատերազմը մեծ աղետ լինելով հանդերձ` նպաստավոր նախադրյալ է, որպեսզի համապարփակ ճանաչման գործընթաց ձեռնարկվի: «Անջատում` հանուն փրկության» բանաձեւի շրջանակներում աշխարհի շատ քաղաքներ արդեն ճանաչել են Արցախի ինքնորոշման իրավունքը եւ իրենց երկրների ղեկավարներին նույնապես անկախության ճանաչման կոչ արել, քանզի ակնառու կերպով համոզվել են, որ Ադրբեջանի կազմում այդ հիասքանչ երկրամասը պարզապես կուլ կգնա:

Իսկ հիմա ամենակարեւորի մասին: Արդյո՞ք վերջին տարիների ընթացքում, երբ ակնհայտ էին Ադրբեջանի նախահարձակ մտադրությունները, մենք լրջորեն ջանում էինք խաղաղություն ապահովելու կամ, որ նույնն է, պատերազմի պատրաստվելու համար: Ո՞րն էր Արցախի խնդրի լուծման բանալին կամ տեսլականը: Պահպանո՞ւմ էինք գոնե բանակցային գործընթացի նախկինում կուտակված պաշարամիջոցները, որոնք, հակառակ տարատեսակ մանիպուլյացիաների, ունեցել ենք: Աշխարհում բարեկամներ ու դաշնակիցներ ձեռք բերելու հրամայականի համատեքստում փորձե՞լ ենք հասկանալ, թե ինչու երբեմնի բարեկամ երկրները երես են թեքել մեզանից եւ դժվար պահին մեզ թողել մեր ցավի հետ միայնակ: Սրանք լուրջ պարզաբանումներ պահանջող հարցեր են, որոնց սակայն` պայմանավորված ներկա անպատեհությամբ, կանդրադառնանք պատերազմի ավարտից հետո: Հաղթելու ենք:

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: