Քանի դեռ Սիրիայում դադարեցված են ակտիվ մարտական գործողությունները, կարելի է փորձել իմաստավորել տարածաշրջանում եւ աշխարհում տեղի ունեցող խնդիրների էությունը: Ինչպես երեւում է, թուրք-սիրիական սահմանին ստեղծված նոր իրադրությունն ընդամենը փոքրիկ մի փուշ է արդի միջազգային հարաբերությունների մարմնում: Տարածաշրջանում ամեն ինչ հասկանալի է: Այս տարվա հոկտեմբերի 22-ին Սոչիում ընդունված ռուս-թուրքական փոխըմբռնման հուշագիրն ամրագրել է Թուրքիայի հետ Սիրիայի սահմանամերձ տարածագոտու նոր ստատուս-քվոն: Հոկտեմբերի 22-ին Սիրիայի վերաբերյալ Սոչիում Ռուսաստանի եւ Թուրքիայի կողմից ընդունված գործողությունների պլանը կարելի է դիտարկել որպես այդ ամսում ձեռք բերված երկու պայմանավորվածությունների շարունակություն: Դա հոկտեմբերի 17-ի թուրք-ամերիկյան գործարքն է, որը 120 ժամ կանգնեցրեց թուրքական «Խաղաղության ակունք» գործողությունը Սիրիայի հյուսիս-արեւելքում, եւ «Սիրիական դեմոկրատական ուժերի»՝ գերազանցապես քրդերի ու Դամասկոսի կառավարության միջեւ ստորագրված համաձայնագիրը:
Չխորանանք այդ գործարքի մանրամասների մեջ՝ մամուլը հանգամանորեն լուսաբանել է այդ հակամարտային իրավիճակում ներգրավված բոլոր կողմերի ենթադրվելիք գործողությունների պլանը: Մեզ հետաքրքրում են Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների այլ հանգամանքներ, այն է՝ սիրիական Քրդստանից իր զորքերը դուրս բերելու՝ ԱՄՆ-ի անսպասելի որոշման միջազգային իմաստը: Չէ որ այդ որոշումն ընդունվել էր ոչ առանց դրա քաղաքական պարամետրերի նախնական հիմնավորման: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել էր, որ Թուրքիայի հետ պայմանավորվածություն կա պատրաստվող՝ «Խաղաղության ակունք» գործողության վերաբերյալ, ինչպես նաեւ այն մասին, որ ԱՄՆ-ի համար միեւնույն է, թե ով կպաշտպանի քրդերին՝ ակնարկն ուղղված էր Ռուսաստանին եւ Չինաստանին: Այնպես որ, Սիրիայում ԱՄՆ քաղաքականության հայեցակարգային կողմը լիովին պարզ է. զորքի դուրսբերմամբ այդ երկիրը սկզբունքորեն նոր քաղաքական գործընթացներ է խթանել տարածաշրջանում եւ աշխարհում: Այսինքն՝ այդ քաղաքականությունն ունի ոչ միայն տարածաշրջանային նշանակություն եւ, առավել եւս, տարածաշրջանային նպատակներ:
Փորձենք պարզաբանել վերն ասվածը, ինչպես նաեւ հասկանալ Սիրիայում ստեղծված նոր ստատուս-քվոյի իմաստը: Այդ իրավիճակը խառնել է բոլոր շահագրգիռ ատյանների խաղաքարտերը: Առաջինը, որ կարելի է նկատել, դա այն է, որ նոր ստատուս-քվոյում, առանց որեւէ առանձնահատուկ դերի, հայտնվել է Իրանը: Դա չափազանց կարեւոր հանգամանք է, քանի որ Սիրիայում Իրանի ակտիվացումը միշտ եղել է ամենախնդրահարույց գործոնը ԱՄՆ-ի եւ տարածաշրջանի շատ երկրների համար, առաջին հերթին՝ Իսրայելի եւ Թուրքիայի: Այժմ այնպես է ստացվել, որ Թուրքիայի եւ Իրանի միջեւ քրդերի խնդրի առնչությամբ լուրջ դիմակայություն է առաջացել: Այդպիսի լարվածություն է առաջացել նաեւ Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ: Չարժե արդեն ընդգծել, որ Թուրքիայի դեմ ոտքի ելավ Արաբական պետությունների լիգան, իսկ Թուրքիայի գործողությունները պաշտպանեցին միայն Ադրբեջանը, Քաթարը եւ Պակիստանը: Այսինքն՝ ստեղծվեց Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում Թուրքիային առավելագույնս մեկուսացնելու մի իրավիճակ:
Երկրորդը եւ առավել կարեւորը. միջազգային քաղաքականության մեջ երեւան եկավ մի մեխանիզմ, որն այլեւս զսպում է Թուրքիայի դարավոր ավանդույթը՝ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ լուրջ հակասություններ ծագելիս՝ պարբերաբար ձեռնածություններ անելով, մերձենալ Ռուսաստանին: Թուրքիայի քաղաքականության այդ յուրահատկությունը բավական երկար ժամանակ նրա ուժեղ հաղթաթուղթն էր Արեւմուտքի հետ հարաբերություններում: Ներկա պահին կարելի է նկատել, որ ամբողջ մի դարաշրջան արդյունավետ աշխատող թուրքական քաղաքականության այդ մեխանիզմը առաջին անգամ բախվել է լուրջ «սիրիական ծուղակի»: Թուրքիան «Ռուսաստան-Սիրիա-քրդեր» քաղաքական եռյակի հետ դիմակայության իրավիճակում է հայտնվել մի այնպիսի հիմնախնդրի շրջանակում, որտեղ Ռուսաստանի հետ որեւէ համաձայնության գալու ոչ մի շանս չկա: Ռուսաստանի համար էլ անհնար է դարձել Թուրքիային օգտագործել ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ իր դիմակայությունում: Թուրքական «Խաղաղության ակունք» գործողությունը Ռուսաստանին զրկել է ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ իր խնդիրների լուծման նպատակով Թուրքիային սիրաշահելու շատ ռեսուրսներից: Ռուսաստանը լռվել-մնացել է կայունության ապահովման պայմաններում թուրք-սիրիական սահմանի երկայնքով, այսպես կոչված, «անվտանգության գոտում», որտեղ շանսերը «կողմնակի» խաղերի համար հասցված են նվազագույնի:
Միամտություն կլիներ պնդել, թե տվյալ «ծուղակը» Թուրքիայի, ինչու չէ, նաեւ Ռուսաստանի համար առաջացել է օբյեկտիվորեն: Արեւմուտքի երկրների համար, որոնք իրենց միջազգային քաղաքականությունում խոշոր խաղադրույք են դնում Թուրքիայի վրա, ռուս-թուրքական հարաբերությունները չափազանց մեծ գլխացավանք են: Գործնականորեն բոլոր հանգուցային խնդիրները ՆԱՏՕ-ում, որի անդամ է Թուրքիան, կապված են վերջինիս հետ: Խաղալով «սառը պատերազմի» ժամանակաշրջանում ՆԱՏՕ-ի առաջատարի դերը եւ ԽՍՀՄ փլուզումից հետո կորցնելով այդ դերը, Թուրքիան վերջին բոլոր տասնամյակներում նոր միջազգային դերի որոնումների մեջ է: Այդպիսի դերը միանգամայն թափանցիկ է` տարածաշրջանային քաղաքական (արդեն նաեւ ռազմական) էքսպանսիան: Սյդ նպատակներով, ինչպես կարելի է նկատել, Թուրքիան ջանում է իր պլանների հետ հաշտեցնել եւ Արեւմուտքին, եւ Ռուսաստանին: Այդ հանգամանքը ժամանակի ընթացքում չէր կարող խնդիրներ չառաջացնել վերջիններիս համար: Չէր կարող չառաջացնել նաեւ չափից դուրս ինքնավստահ այդ երկրին սանձելու ձգտումներ:
Հետագա իրադարձությունները շատ շուտով պարզություն կմտցնեն այն հարցում, թե որն է լինելու Սիրիայում ԱՄՆ-ի նոր քաղաքականության իմաստը: Ռուս-թուրքական հուշագրի հիմքով նոր ստատուս-քվոյի հաստատումից հետո միջազգային քաղաքականության մեջ ակնկալվող անդորրը առայժմ չի նկատվում: Թվում էր` աշխարհը պետք է թեթեւացած շունչ քաշեր` ստեղծված իրավիճակում տեսնելով, որ երաշխիքներ կան նոր հնարավոր անհաջողությունների`հումանիտար աղետների ու նոր ներգաղթողների, ինչպես նաեւ բանտերում պահվող` ԻՊ մարտիկների ազատ արձակման սպառնալիքների դեմ: Բայց մենք տեսնում ենք բոլորովին այլ վիճակների արդիականացում: Դա գլխավորապես դրսեւորվում է ՆԱՏՕ-ի եւ Եվրոպական միության երկրների գործողություններում: Այստեղ մեծ մտահոգություններ կան: Եվ այդ մտահոգություններն արտահայտում են իրադարձությունների առանձնահատուկ բնույթը` իրադարձություններ, որոնք զուտ սիրիական խնդիրների հետ քիչ առնչություն ունեն:
Թուրքիան, կարծես թե, դադարեցրեց ռազմական գործողությունները: Բայց երկու օր անց` հոկտեմբերի 24-ին, Եվրամիությունը դատապարտեց Թուրքիայի ռազմական գործողությունները: Օրակարգ էր մտցվել նպատակաուղղված պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության հարցը, որոնց իմաստը խիստ ինտրիգահարույց էր: Այսպես` առաջարկվում էր կասեցնել մաքսային համաձայնագրի, ինչպես նաեւ Եվրոպա գյուղատնտեսական արտադրանքի բարեհաջող արտահանման պայմանակարգը: Ավելի վաղ Միության առանցքային երկրները դադարեցրել էին զենքի վաճառքը Թուրքիային: Նույն օրը հնչեցրած իր հայտարարությունում Թուրքիայից դժգոհության խորքային իմաստն է Արեւմուտքի կողմից արտահայտել Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը: Նրա խոսքով` «Թուրքիան շարժվում է սխալ ռազմավարության ուղղությամբ: Նա պետք է ավելի շատ նայի ՆԱՏՕ-ի կողմը, քան՝ Ռուսաստանի»:
Դժգոհությունը գնալով՝ մեծացավ: Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Հատկանշական է, որ արդեն նախօրեին ԱՄՆ կոնգրեսականներից մեկը հայտարարեց, որ «Ամերիկան պետք է մերժի մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, մանավանդ որ, Թուրքիան նոր էթնիկ զտմամբ է սպառնում հյուսիսային Սիրիային»: Ավելին` ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագծին: Այդ քայլն ուղղված է նախագահ Դոնալդ Թրամփի վարած արտաքին քաղաքականության նկատմամբ Կոնգրեսի վերահսկողության հաստատմանը, որը քննադատության էր ենթարկվում: Օրինագիծը պատիժ է նախատեսում այն թուրք բարձրաստիճան պաշտոնյաների համար, որոնք մասնակից են Սիրիայի հյուսիսային շրջաններ ներխուժելու մասին որոշման ընդունմանը եւ քրդերի վերաբերմամբ մարդու իրավունքների խախտումներին:
Եթե հաշվի առնենք, որ 2018 թվականին ԱՄՆ-ն ընդունել է «Էլի Վիզելի» օրենքը, համաձայն որի` «վայրագությունների» կանխարգելումը սահմանվում է որպես Միացյալ նահանգների ազգային շահ, եւ որ հնարավոր «վայրագությունների» կանխարգելումը կառավարության մակարդակով քաղաքականություն է Ամերիկայի համար, ապա միանգամայն պարզ է դառնում ԱՄՆ-ի ներկայիս մտադրությունների ու գործողությունների ռազմավարական իմաստը:
Չնայած այդ ամենին, Թուրքիայի նախագահը հոկտեմբերի 27-ին նորից հայտարարեց, որ «եթե ահաբեկիչներն իրենց գրոհները շարունակեն այդ 30 կիլոմետրանոց գոտու ներսում կամ դրա սահմաններից դուրս, մենք նրանց հետապնդելու ենք եւ անելու ենք անհրաժեշտ ամեն ինչ: Եվ եթե չաջակցեն մեր երկրում ապրող 3,6 միլիոն սիրիացի փախստականներից 1-2 միլիոնին վերադարձնելու մասին մեր նախագծին, մենք այլ ընտրություն չենք ունենալու, քան նրանց առջեւ բացել դռները եւ թույլատրել, որ գնան Եվրոպա»: Իսկ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ընդունումից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն դատապարտել է այդ որոշումը` նշելով, որ Սիրիայի հյուսիս-արեւելքի վրա իր հարձակմամբ Թուրքիան խանգարեց «մեծ խաղին», եւ որ Ներկայացուցիչների պալատի քայլն ուղղված էր գործողության համար վրեժ լուծելուն:
Ի՞նչ է նշանակում «Թուրքիան խանգարեց «մեծ խաղին» արտահայտությունը: Դա կարող է նշանակել սոսկ այն, որ բոլորը հասկանում են աշխարհում տեղի ունեցող գործընթացների ավելի լայն իմաստը: Հազիվ թե Թուրքիայի հանդեպ խիստ դիրքորոշումների պատճառը թաքնված է Սիրիայում այդ երկրի դրսեւորած «սխալ» վարքագծում: Անկասկած` մենք գործ ունենք ավելի խոր հիմնախնդրի հետ: Պետք է, չէ՞, ինչ-որ տրամաբանություն լինի նրանում, որ մի կողմից ԱՄՆ նախագահը Թուրքիային «ուղարկում է» Ռուսաստանի մոտ եւ ողջունում այդ երկրների հուշագիրը, մյուս կողմից` ցանկանում են Թուրքիային պատժել «ինքնակամության» համար: Այդ տրամաբանությունը կարելի է դիտարկել բացառապես արեւմտյան երկրների՝ իրենց գործընկերների հետ ունեցած փոխհարաբերությունների համատեքստում: Թուրքիան`ԽՍՀՄ-ի հետ դիմակայության քաղաքականությունում ՆԱՏՕ-ի նախկին առաջամարտիկը, ըստ երեւույթին, ավելի ու ավելի է բոլորի համար դառնում «գլխացավանք»:
Մանվել Սարգսյան