Հանրային եւ փորձագիտական շրջանակներում հաճախացած խոսակցությունները, թե Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր պատերազմի՝ ընդ որում ավելի դաժան ու լայնածավալ, ցավոք սրտի, այնքան էլ անհիմն չեն: Ալիեւի «ատամը կտրել է»՝ ինչպես ասում են, եւ նա չի ուզում բաց թողնել աննախադեպ պատեհությունը: Արտաքնապես եւ բովանդակային առումով իրադրությունը գնալով՝ ավելի ու ավելի է նմանվում 2020-ի սեպտեմբերի 27-ից առաջ հայ-ադրբեջանական սահմանին եւ, առհասարակ, երկու երկրների փոխհարաբերությունների ընդհանուր աուրայում տիրող մթնոլորտին:
Այժմ Ադրբեջանի նախորդ առավելություններին (հարձակողական զինատեսակներով հագեցվածություն, դաշնակիցների գործուն աջակցություն, մարդկային ու նյութական մեծաքանակ պաշարամիջոցների առկայություն) գումարվել է աշխարհաքաղաքական անկառավարելիության գործոնը: Աղետաբեր պատերազմներ, պատժամիջոցներ, վերադասավորումներ, ցրտաշունչ ձմռան եւ սովի ուրվականներ… Աշխարհի գլուխը խառն է, Հայաստանը՝ ուշքամաղ ու թալկացած, ինչպես երբեք: Ալիեւը քաջատեղյակ է ՀՀ զինված ուժերի ամոթալիորեն անմխիթար վիճակին, հետեւաբար շտապում է, քանի դեռ մեր բանակն ուշքի չի եկել, իսկ ռազմաքաղաքական ղեկավարությունը իսկն իր ուզածն է:
Ամիսներ առաջ «Բաքվի սուլթանը» պարզ հասկացրեց, որ թույլ չեն տա Հայաստանին՝ ոտքի կանգնել: Նա հայտարարեց, որ Ադրբեջանն ուշադիր հետեւում է ՀՀ զինված ուժերի շարժին, որպեսզի չփորձեն իրենց բանակը հզորացնել. «Ես բաց ասել եմ՝ եթե մենք նվազագույն սպառնալիք տեսնենք մեր անվտանգությանը, այդ վտանգն անմիջապես կոչնչացվի՝ անկախ հանգամանքից, թե որտեղ եւ որքան խորն է այն տեղակայված Հայաստանի տարածքում»,- ասել է Ալիեւը՝ բռունցքը թափահարելով օդում։ Մինչդեռ Բաքուն, նրա խոսքով, կշարունակի արդիական զենք-զինամթերք գնել եւ բարձրացնել իր բանակի մարտունակությունը։
Ալիեւը չի կատակում՝պնդելով, թե Հայաստանին ուժեղ բանակ պետք չէ: Նա դրանում համոզված է՝ որպես 44-օրյա պատերազմում հաղթած եւ ՀՀ-ին կապիտուլյացիայի ենթարկած կողմ: Ըստ էության, բանակի հանդեպ ՔՊ-ական իշխանության վերաբերմունքը եւս այդ տրամաբանության ծիրում է: Մինչ ՀՀ գործող իշխանությունը հետպատերազմյան երկու տարիները մսխեց մանրմունր, անկարեւոր հարցերի վրա, Ադրբեջանը հասցրեց ձեռք բերել նորագույն սպառազինություն, անցկացնել մի քանի զորավարժություն, կազմավորել հատուկ նշանակության ջոկատներ, կահավորել առաջնագծերը, կառուցել նոր բնագծեր՝ այդ թվում Հայաստանի գրավյալ տարածքներում:
Միջազգային հանրության եւ ռազմավարական դաշնակցի լռելյայն անտարբերության իրադրությունում Ադրբեջանը խախտել է հրադադարի պայմանակարգը, սահմանային գոտու առնվազն 4-5 հատվածներում ներթափանցել Հայաստանի ինքնիշխան տարածք, ամրացել, տեխնիկա, զորք ու զինազմթերք կուտակել բռնազավթած հողերում: Փաստացի՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը դեռ չի ավարտվել, եւ միակ վերապահումն այն է, որ հիմա պատերազմի հրձիգները այն վարում են խաղաղություն հաստատելու նշանաբանի ներքո: Եթե բառախաղը թողնենք մի կողմ՝ կստացվի, որ սա պատերազմ է հանուն խաղաղության:
Երբ ասում ենք, որ պատերազմը շարունակվում է, նկատի ունենք Ադրբեջանի կողմից պարբերաբար հրահրվող սահմանային միջադեպերը, որոնք շատ անգամ ուղեկցվում են մահերով եւ տարածքային կորուստներով: Հետպատերազմյան շրջանի ամենաարյունահեղ ադրբեջանական հարձակումն արձանագրվեց սեպտեմբերի 13-14-ին եւ ծանր հետեւանքներ ունեցավ հայկական կողմի համար՝ ավելի քան 210 զոհ ու անհետ կորած, 293 վիրավոր զինծառայող, 7.600-ից ավելի ներքին տեղահանվածներ եւ այլն: Մասնակի կամ ամբողջովին ավերվել են 192 բնակելի շենք, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բուժհաստատություն, վնասվել են էլեկտրամատակարարման 7 օբյեկտ, ջրամատակարարման 5 կետ, 3 գազատար, 1 կամուրջ: Վնասների ցանկը շարունակելի է:
Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի անհրաժեշտությունից անդադար խոսող Ալիեւն այս ագրեսիան ձեռնարկել էր ՀՀ-ից, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» կորզելու համար, ինչը որեւէ իրավապայմանագրային փաստաթղթով նախատեսված չէ. այն ընդամենը Ալիեւ-Էրդողան զույգի ցանկությունն է: Եվ աշխարհի հզորները՝ փոխանակ միահամուռ պահանջ դնեն միջազգային պատշաճ դատական կարգով բացահայտելու ու պատժելու պատերազմական հանցագործության մեղավորներին, կենցաղային խոսակցության մակարդակով վիճարկում են այն հարցը, թե ում են պատկանում Հայաստանի դեմ Ալիեւի սանձազերծած երկօրյա ագրեսիան կանգնեցնելու դափնիները՝ Ռուսաստանի՞ն, թե՞ Միացյալ Նահանգներին:
Հիմա ունենք այն, ինչ ունենք: Ադրբեջանն իր բանակը կազմ ու պատրաստ վիճակի բերած՝ նոր պատերազմի հարմար առիթ է մտմտում՝ հասնելու ուզածին, իսկ Հայաստանը, որ բանակի առումով,- եւ ոչ միայն բանակի,- երկու տարի մատը մատին չի խփել, դեռ մի բան էլ՝ քանդել է եղածը, ապավինում է Աստծո բարեգթությանը: Լեզուս չի պտտվում ասել, թե ինչով է հղի նմանօրինակ իրավիճակը: Մարդիկ՝ ինքզինքները կորցրած, կարծես թե, հրաշքի են սպասում եւ չգիտեն՝ ինչպես փոխել իրավիճակը: Քչերն են հասկանում, որ իրավիճակը փոխելու համար նախեւառաջ պետք է փոխել երկիրն այսպիսի իրավիճակի հասցնողին: Եվ որքան շուտ՝ այնքան լավ:
Այժմ երկու խոսք այդ անձի մասին, ով երկու տարի առաջ երկիրը տարավ խայտառակ պարտության եւ, դրանից դասեր չքաղելով, կրկին հայտնվել է նոր, ավելի ամոթալի ու անխուսափելի կապիտուլյացիաների դեմհանդիման: Եթե մի փոքր արժանապատվություն կամ ինքնահարգանք ունենար եւ 2020-ի նոյեմբերի 10-ին հրաժարական տար (չեմ ասում՝ ինքնասպան լիներ), ինչպես նման իրադրությունում կվարվեր ցանկացած կարգին մարդ, հիմա երկրի վիճակն այլ կլիներ: Բայց նա անինքնասիրաբար գամվեց վարչապետական աթոռին եւ մնաց՝ փույթ չէ թե իրեն ընտրած ժողովրդի հիմնական մասից ոստիկանական հոծ շարքերով անջրպետված, դիմագրքային վարձու «ֆեյքերի» հույսին:
Անշուշտ՝ այդպես երկար չես ձգի: Եվ հասկանալ կարելի է, թե ինչու էր նա հոկտեմբերի 14-ին Աստանայում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում իր «դարդը լացում»: Ըստ երեւույթին, սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի՝ «ոչնչով չհրահրված» ռազմական ագրեսիայից հետո սիրտը պատերազմի վախ էր ընկել, որին պատրաստ չէ, իսկ վարչապետի ապահով պաշտոնը թողնել չի կարող, որովհետեւ «ղալաթներ» շատ է արել, գիտի, որ հանգիստ կյանք չի ունենալու: Մնացել է երկու քարի արանքում: «Ադրբեջանի վերջին հարձակումից հետո պաշտոնական Բաքվի եւ ադրբեջանական այլ աղբյուրների հռետորաբանությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը Հայաստանից ավելի շատ տարածքներ գրավելու մտադրություններ ունի, ինչը պետք է կանխել»,- իր ելույթում նշել է Փաշինյանը՝ չհստակեցնելով, սակայն, թե ով պետք է դա կանխի:
Ադրբեջանի ղեկավարի արձագանքը նույն համաժողովում չուշացավ: Բաքուն, ըստ Ալիեւի, իրեն իրավունք է վերապահում «համարժեք պատասխան» տալ, եթե Հայաստանը «չկատարի իր պարտավորությունները»: Խոսքը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված երկու կետերի մասին է՝ Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջեւան անխոչընդոտ մուտքի ապահովում եւ Ադրբեջանի տարածքից հայկական զինված ուժերի դուրսբերում: Այս երկու կետի հետ կապված՝ հայկական կողմի պարզաբանումները Բաքվին չեն բավարարում: «Ադրբեջանը շարունակաբար ՀՀ-ին է վերագրում հրադադարի իր իսկ խախտումները: Ակնհայտ է, որ սա Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիայի պատրվակի ստեղծում է»,- նորից վախեցած գանգատվում է պարտված գերագույնը:
Թույլին ու վախկոտին օգնության ձեռք չեն մեկնում: Չեզոքները նրան խղճում են, թշնամին, ընդհակառակն, ավելի է լկտիանում. «Ադրբեջանը դեռ համբերություն է ցուցաբերում, բայց դա նույնպես անսահմանափակ չէ. եթե այս երկու կարեւոր կետերը չկատարվեն, մեզ այլ ելք չի մնա, քան համարժեք պատասխան տալը»,- դարձյալ սպառնում է Ալիեւը։ Եթե կողմերից մեկը պնդում է, որ այսինչ բանը պարտավորվել ես, պիտի կատարես, հակառակ դեպքում «կլացացնեմ», իսկ մյուսն արդարացումներ է փնտրում՝ փորձելով իր հերթին փոխադարձ դժգոհություններ հայտնել՝ չի՞ նշանակում արդյոք երկուսի միջեւ տեղի ունեցած ներքին պայմանավորվածության մասին, որից հանրությունը տեղյակ չէ:
Դատելով մամուլ սպրդած որոշ լուրերից, ենթադրելի է, որ Փաշինյանն, այնուամենայնիվ, Մեղրիով «միջանցք» խոստացել է Ալիեւին, բայց հետո՝ ինչ-ինչ նկատառումներից ելնելով՝ հասկացել է, որ դա կարող է անուղղելի սխալ լինել եւ խառնել բոլոր հաշիվներն ու հետագա ծրագրերը: Եվ հետ է կանգնել խոսքից, որի շուրջ էլ այսօր, խաղաղության պայմանագրի թեմային համընթաց, ծավալվում է հայ-ադրբեջանական «բարձր մակարդակի» խոսույթը:
Հոկտեմբերի 13-ին Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիեւը բաց տեքստով ներկայացրել է պաշտոնական Բաքվի ծրագրերը։ Այս մասին «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանի հոդվածը զետեղել են հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ: Ի՞նչ է ասում ադրբեջանցի պաշտոնյան՝ ըստ Հովհաննիսյանի. ա/ Արցախի հարցը մոռացեք: Ոչ մի միջազգային մեխանիզմ՝ սահմանին. բ/ մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրում, այնուհետեւ՝ գ/ սահմանազատման գործընթաց, եւ միանգամից նոր պայմաններ. Տավուշի 6 գյուղեր եւ Քյարքի: Սա, փորձագետի կարծիքով, նշանակում է «խաղաղության պայմանագրի՝ առոչինչ ճանաչում եւ նոր ռազմական էսկալացիա», որը, ըստ նրա, կարող է հանգեցնել նորանոր պահանջների, իսկ կարճ ժամանակ անց՝ լայնածավալ հարձակման։
Զարգացումների հետագա դիպաշարը, կարծես թե, ուրվագծվում է. «միջանցքի» հարցում Ադրբեջանը չվերահսկվող սահմանային միջադեպերի միջոցով ուժեղացնում է ճնշումները, Փաշինյանը համառում է, բայց պատերազմի արդյունքում ստիպված է լինում ստորագրել խաղաղության փաստաթուղթը:
Գեւորգ Բրուտենց