Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Վերլուծական

Ժողովրդավարություն հայկական ձեւով կամ՝ մերն ուրիշ է

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Չգիտես ինչու՝ մեր իշխանավորներին թվում է, թե ժողովրդավարությունը որբի գլուխ է, կարող ես ուզածդ ձեւով խուզել, հարդարել, պաճուճել եւ դուրս բերել համաշխարհային ասպարեզ՝ մատուցելով իբրեւ մարդկության մեծագույն արժեք: Նիկոլ Փաշինյանը կասեր՝ միջազգային բրենդ: Ամիսներ առաջ «Մարիոթ»-ում անցկացված մի համաժողովում այդպես էր նա ներկայացրել «հայկական» ժողովրդավարությունը, որի առանցքային եւ որոշում ընդունող սուբյեկտը, նրա վստահեցմամբ, ՀՀ հպարտ քաղաքացին է:

Երեւան այցելող եվրոպացի բարձրաստիճան հյուրերին Հայաստանը ներկայացնելով որպես Հարավային Կովկասում ժողովրդավարության բաստիոն, իսկ ժողովրդավարությունն՝ իբրեւ Հայաստանի միջազգային բրենդ, Փաշինյանը եւ նրան ձայնակցող ՔՊ-ական գործիչները ամեն առիթով եւ անառիթ ջանում են տպավորություն ստեղծել, որ ժողովրդավարությունը 2018-ին ՀՀ-ում իրականացված «թավշյա, ոչ բռնի հեղափոխության» ծնունդ է: Մինչդեռ շատ փորձագետների պնդմամբ՝ 2018թ. տեղի ունեցածն այնքան էլ հեղափոխություն չէր, էլ ուր մնաց լինի ժողովրդավարության աղբյուր:

Երկար ժամանակ չպահանջվեց այս տեսակետի ճշմարտացիության մեջ համոզվելու համար: Շուտով մարդիկ տեսան, որ երկրում, բնականաբար, իրենց կյանքում եւս, ոչինչ չի փոխվել, իսկ եթե ինչ-որ բան էլ փոխվել է, ապա՝ դեպի վատը: Եկեք ինքներս մեզ չխաբենք. խոսքով ժողովրդավարություն հռչակելով, իսկ գործնականապես դատարանների մուտքերը մի հրահանգով արգելափակելով, խաղաղ ցուցարարներին ասֆալտի վրա փռելով կամ ընդդիմադիր գործիչների նկատմամբ հալածանք ու հետապնդում ծավալելով՝ ոչ բաստիոն կկառուցես, ոչ էլ բրենդի համբավ ձեռք կբերես: Ընդհանրապես՝ որեւէ ոլորտում որեւէ դրական արդյունքի չես հասնի:

Արեւելյան ասացվածք կա. հալվա-հալվա ասելով՝ բերանդ չի քաղցրանա: Երբ խոսքը պետության ժողովրդավար լինել-չլինելու մասին է, քարոզչական հնարքները հազիվ թե օգնեն՝ պարտակելու սուտը: Այստեղ համոզիչ են իրական փաստերն ու այն սկզբունքները, որոնք բնորոշ են ժողովրդավարական քաղաքական համակարգին: Այդ սկզբունքները հայտնի են, հիշեցնենք դրանցից մի քանիսը. 1/ մարդու իրավունքների եւ ազատությունների երաշխավորված պաշտպանություն; 2/ քաղաքական բազմակարծության առկայություն; 3/ իշխանությունների տարանջատման սկզբունքի կիրառում; 4/ օրենքի առջեւ բոլորի հավասարություն եւ այլն: Ընդ որում՝ ժողովրդավարական համակարգը գործում է հետեւյալ սկզբունքի համաձայն. «Թույլատրված է այն, ինչն արգելված չէ օրենքով»:

Բավական է հիշյալ հատկանիշներն արտապատկերել մեր կյանքի համապատասխան իրողությունների վրա, եւ պարզ կդառնա, թե որքանով ենք մենք հեռու դասական իմաստով ժողովրդավարությունից, որի չգոյությունը իշխանությունը փորձում է կոծկել, փոխարենը աշխարհին ու սեփական հանրությանը ներկայացնելով ցանկալին իրականության տեղ: Խնդրո սկզբունքներից յուրաքանչյուրը, ըստ էության, մեկ ծավալուն հրապարակման նյութ է, բայց կաշխատենք տեղավորվել հնարավորինս հակիրճ նկարագրության շրջանակում:

Եվ այսպես՝ առաջին. մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը, հարկավ, երաշխավորված է Սահմանադրությամբ եւ օրենքներով, սակայն իրական գետնի վրա այդ երաշխիքների մեխանիզմը թույլ է աշխատում, եւ մարդը գրեթե ամեն քայլափոխի կարող է բախվել իր իրավունքների ու ազատությունների ոտնահարման երեւույթների: Բազմաթիվ են օրինակները, երբ կարգավորումների անվան տակ ԱԺ-ում ընդունվել են ազատ խոսքի իրավունքի սահմանափակմանը միտված օրինագծեր: Դրանցից է, օրինակ, վիրավորանքը եւ զրպարտությունը քրեականացնող օրենսդրական փոփոխությունների նախագիծը, որն ընդունվել է հատուկ Նիկոլ Փաշինյանին «դավաճան», «կապիտուլյանտ» եւ վիրավորական այլ արտահայտություններից զերծ պահելու համար:

Մեկ այլ դեպքում զավեշտն այնտեղ էր հասել, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հղացմամբ՝ իշխող խմբակցությունն օրենքը փոխում է, որ սահմանափակվի ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում նույն թեկնածուի՝ տվյալ դեպքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր (այժմ արդեն՝ նախկին) Արթուր Ղազինյանի առաջադրվելու թիվը, որն անցել էր մեկ տասնյակը: Սա ոչ միայն մարդու իրավունքի խախտում է, այլեւ նրա հանդեպ անհարգալից, քամահրական վերաբերմունքի ցուցադրում: Պատճառն ավելի քան շինծու էր՝ Արթուրը չի ծառայել բանակում: Է, Նիկոլ Փաշինյանը նույնպես չի ծառայել, հետո՞ ինչ…

Երկրորդը մեր ցանկում քաղաքական բազմակարծության սկզբունքն է, որի ապահովումը եւս օրենքի պահանջ է: Այն ենթադրում է ժողովրդավարական հանրության մեջ տարբեր գաղափարախոսություններ, դիրքորոշումներ ու հակումներ ունեցող քաղաքական խմբերի, դերակատարների առկայության, հասարակական-քաղաքական կյանքում նրանց մասնակցության իրավունքի գնահատում, խթանում եւ պաշտպանում: Բազմակարծության սկզբունքը ՀՀ-ում ամենախոցելիներից մեկն է եւ խորհրդային անցյալի վերապրուկներից ամենադժվար հաղթահարելին: Թե որքանով ենք մենք պատրաստ հանդուրժելու կամ ընդունելու դիմացինի կարծիքը՝ կարելի է դատել Ղազինյանի՝ վերը բերված օրինակից:

Բայց ամենախոսուն վկայությունը, թե որքան հարգի է քաղաքական բազմակարծությունը «ժողովրդավարության բաստիոնում», հանրությանը մատուցեց 8-րդ գումարման Ազգային ժողովը՝ շուրջ 15-ամսյա իր գործունեության «դիտարժան» դրվագներով. անվերջանալի լեզվակռիվներ, հայհոյանքներ, փոխադարձ շշարձակումներ, անգամ ձեռնամարտեր եւ, ի վերջո, ընդդիմության քաղաքական բոյկոտ: Մի խոսքով՝ իսկը փողոցից եկած, իր տեղն ու դերը աղոտ պատկերացնող քաղաքական մեծամասնություն՝ յուր 71 պատգամավորով եւ նպատակասլացության ու վճռականության պակաս ունեցող խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցություն՝ 35 պատգամավորով: Եվ՝ զրո հանդուրժողականություն: Էլ չասած՝ բազմակարծության ողբալի վիճակի մասին, որից զերծ չեն նաեւ հանրային խոսույթը, հեռուստաեթերը, սոցցանցերը:

Դիտարկումները ցույց են տալիս, որ ԱԺ-ն ներկայիս կազմով չի արտացոլում հանրության քաղաքական կառուցվածքը: Ասել է թե՝  շատ քաղաքական գաղափարախոսություններ այսօր դուրս են մնացել ԱԺ-ից, եւ խորհրդարանական հարթակը չի ծառայում ՀՀ-ում քաղաքական օրակարգի մշակմանն ու ձեւավորմանը, քանզի չունի բազմակարծություն: Անգամ ընդդիմադիր պատգամավորների ներկայացրած օրինագծերն ԱԺ-ում չեն ընդունվում: «Անհանդուրժողականության, ատելության այն մակարդակը, որն այսօր կա Հայաստանի քաղաքական ու լրատվական դաշտում, աննախադեպ է, եւ ակնհայտ է, որ այս ամեն ինչի քավորը հենց Նիկոլ Փաշինյանն է»,- համոզված է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Երրորդ. եթե մի պահ ժողովրդավարությունը պատկերացնենք որպես երեք սյան վրա խարսխված կառույց, ապա սյուներից մեկը հաստատ իշխանությունների տարանջատման սկզբունքը կլիներ: ՀՀ հետանկախական շրջանի թիվ մեկ իշխանավորներից ոչ ոք չի դիմացել այդ սկզբունքը զանց առնելու գայթակղությանը: Նիկոլ Փաշինյանը, ով բոլոր իր նախորդներից ամենաիշխանատենչն է՝ առավել եւս: Իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնելու համար ոչնչի առջեւ կանգ չառնող այդ անձը պաշտոնավարման հենց առաջին օրերից ձեռնամուխ եղավ ՍԴ ոչ յուրային նախագահին իր «սրտի» թեկնածուով փոխարինելու գործին: Այնուհետեւ շատ չանցած՝ հերթը հասավ դատաիրավական համակարգին, որի կադրերը գերազանցապես նախորդ իշխանությունից էին մնացել:

Շուտով Փաշինյանը հայտնի դարձավ, երեւի, աշխարհում նմանը չունեցող մի «ակցիայով». ընտրազանգվածին կոչ արեց եւ մի քանի ժամով արգելափակել տվեց բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը՝ միառժամանակ կաթվածահար անելով ողջ դատական իշխանության համակարգի աշխատանքը եւ հասկացնելով, որ իրադրության տերն ինքն է: Հիշենք այդ օրերին նրա ինքնավստահ, բազմանշանակ արտահայտությունը. «Ինչի՝ այսօր Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարողա չանի՞»: Կարող է հարց ծագել՝ ինչո՞ւ Փաշինյանը «կպավ» հենց դատաիրավական համակարգին: Շատ պարզ պատճառով. որովհետեւ իշխանության գործադիր եւ օրենսդիր ճյուղերն արդեն իր «գրպանում» էին, եւ միահեծան, անգլխացավ կառավարման համար դա էր պակասում:

Եվ վերջինը՝ օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը: Ամեն անգամ մեզանում օրենքի ընտրովի կիրառության հանդիպելիս,- նմանօրինակ դիպվածներն այնքան շատ են ու բոլորին հայտնի, որ կրկնելու հարկ չկա,- ակամայից հիշում եմ Մուսոլինի թեւավոր ասույթը. «Յուրայիններին ամեն ինչ թույլատրվում է, իսկ հակառակորդների համար կան օրենքներ»։ Կարծես թե հենց Հայաստանի մասին է ասված: Այս սկզբունքներին հատուկ անդրադարձա՝ ի գիտություն բոլոր այն մոլորյալների ու մանիպուլյատորների, որոնց եթե հավատաս՝ Հայաստանն արդեն ժողովրդավարություն արտահանող երկիր է դարձել: Ջիվանին կասեր՝ խե՛լքի աշեցեք:

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: