Ուրբաթ, Հոկտեմբերի 04, 2024

Վերլուծական

Գագաթաժողովն ավարտվեց, մրուրը մնաց

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման նախաշեմին՝ հոկտեմբերի 28-31-ը, Հայաստանում անց էր կացվում բավական տպավորիչ վերտառությամբ մի միջոցառում, որը, կարծես թե, աննկատ մնաց այդ օրերին տեղի ունեցող բուռն իրադարձությունների թոհուբոհում: Խոսքը 1999թ.-ից պարբերաբար քաղաքամայր Երեւանում գումարվող Համաշխարհային հայկական գագաթաժողովի մասին է, որի շուքը, համուհոտը, փայլը այս անգամ մի տեսակ խամրած էին: Չէր զգացվում Մեծ հայահավաքի երբեմնի թովչանքը, որին հանրությունն ընտելացել էր Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության համատեքստում: Անգամ պանելային քննարկումներն անցնում էին Ազգային պատկերասրահի կիսադատարկ դահլիճում:

Արդյո՞ք խնդիրը Արցախի կարգավիճակի եւ, ընդհանրապես ասած, նրա ճակատագրի այսօրվա անորոշությունն է, թե կան ավելի խորքային պատճառներ: Մինչ միջոցառման հանգամանքների մեջ խորամուխ լինելը՝ բերենք մի քանի վիճակագրական տվյալներ: Նախ՝ նկատենք, որ ՔՊ-ական իշխանության օրոք սա առաջին Համահայկականն էր, իսկ վերջինը, որի տանիքի տակ հավաքվել էր աշխարհի 70 երկրից Երեւան ժամանած շուրջ 1.500 սփյուռքահայ, անց էր կացվել հինգուկես տարի առաջ՝ 2017-ին: Այսինքն՝ եթե ֆորումի սկզբնավորման նախորդ 18 տարվա ընթացքում անց էր կացվել 6 համաժողով կամ ամեն 3 տարվա հաշվով՝ մեկը, ապա այս «անցման» շրջանի ընդմիջման տեւողությունը գրեթե դրա կրկնապատիկն է՝ հինգուկես տարի:

2018թ. «թավշյա» կոչվող իշխանափոխությունից հետո գագաթաժողովի կազմակերպումը տարբեր պատճառաբանություններով՝ «Քովիդ-19», պատերազմ եւ այլն, հետաձգվում էր: Այլեւս որեւէ ողջամիտ պատրվակ չկար, եւ գործադիրն, ի վերջո, հարցը ներառեց 2022-ի օրակարգում, իսկ գագաթաժողովի անցկացման հանձնառությունը դրվեց Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի վրա, որի աշխատանքով, ի դեպ, Սփյուռքում այնքան էլ հիացած չեն: Որպեսզի ասվածը չդիտվի իբրեւ կանխակալ կարծիք՝ հոդվածի հետագա շարադրանքում կփորձենք հիմնավորել: Բայց սկզբի համար մեկ-երկու ուշագրավ փաստ, այնուամենայնիվ, կներկայացնենք:

Այսպես՝ խնդրո միջոցառման կազմակերպման ու անցկացման համար Կառավարությունը հատկացրել էր 308,9 միլիոն դրամ, իսկ գնման գործընթացն իրականացվել էր «Հրատապ՝ մեկ անձից» ընթացակարգով, ինչն ակնհայտորեն կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Սա մեկ: Երկրորդ՝ այդ ինչպես է ստացվում, որ պետությունը 1.500 հրավիրյալների համար մի դեպքում՝ (2017-ին), ծախսում էր 85 միլիոն դրամ, իսկ մյուս դեպքում (2022-ին) 600 անձի համար՝ 308,9 միլիոն կամ 3,5 անգամ ավելի: Ընդ որում՝ առաջին դեպքում հրավիրյալները ժամանել էին աշխարհի 70 երկրից, իսկ երկրորդ դեպքում՝ 40 երկրից, ինչը համեմատաբար պակաս ծախսատար է: Էլ չասած, որ մասնագիտական քննարկումների ժամանակ 600 տեղանոց դահլիճը կիսադատարկ էր, իսկ 1.500 տեղանոցը՝ լեփլեցուն:

Հիմա գանք միջոցառման բովանդակային մասին: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ գործադիրն այս տարի որոշեց երկուսուկես անգամ նվազեցնել մասնակիցների թիվը մինչեւ 600 հոգի՝ նախորդ անգամվա 1500-ի փոխարեն: Կառավարությունը դա հիմնավորում է «որակ, այլ ոչ թե քանակ ապահովելու» տրամաբանությամբ, որի ենթատեքստում, ի դեպ, անհարգալից վերաբերմունք կա մեր հայրենակիցների հանդեպ, եթե չասենք՝ չքողարկված վիրավորանք: Եվ դա գալիս է ոչ թե նրբանկատության կամ դաստիարակության պակասից, այլ Սփյուռքի նկատմամբ այս իշխանակարգի՝ ի սկզբանե որդեգրած կոշտ, անբարյացակամ ու թրքահաճո դիրքորոշումից:

Իշխանակարգ, որը երկրի կառավարումը ստանձնելուց շատ չանցած՝ գրչի մի հարվածով լուծարեց համապատասխան պետական կառույցը՝ Սփյուռքի նախարարությունը, դնելով Հայաստան-Սփյուռք խորթացման գործընթացի սկիզբը, ինչն արտահայտվում էր ՀՀ գործող իշխանությունների եւ արտերկրի հայկական համայնքների, ավանդական կառույցների ու նշանավոր հայ գործիչների միջեւ հարաբերությունների աստիճանական վատթարացմամբ՝ ընդհուպ մինչեւ ազգային մի շարք երեւելիների՝ անցանկալի անձեր հայտարարելն ու Երեւան նրանց մուտքն արգելելը: Այս ամենի մասին վկայող փաստերը շատերին քաջ հայտնի են, ուստի ձեռնպահ կմնանք անհարկի կրկնողությունից:

Էլ ավելի տմարդի, աննախադեպորեն դաժան ու ազգադավ քաղաքականություն վարվեց Արցախի նկատմամբ, ինչի ցայտուն ապացույցն ակներեւ էր նաեւ Համայակական գագաթաժողովի խորապատկերին: Դրա օրակարգը եւ նախատեսված միջոցառումները համարժեք չէին անդրադառնում Արցախին ու նրա առջեւ ծառացած մարտահրավերներին: Արցախը բացակայում էր գագաթաժողովից, այնինչ պետք է համազգային տագնապի կոչնակ հնչեցվեր: Արցախի մի քանի քաղաքական ուժեր՝ այդ թվում ՀՅԴ Արցախի կառույցը, իրավացիորեն նկատում են, որ ՀՀ իշխանությունները «ոչ մի ջանք չեն խնայում Արցախն ու նրա հիմնահարցը դուրս մղել թե՛ միջազգային եւ թե՛ համահայկական օրակարգերից»:

Դիտողությունն, ինչ խոսք, ավելի քան տեղին է: Բոլոր նրանց, ում համար թանկ են հայոց պետականությունն ու նրա ամրությունը ապահովող հիմնասյուները, Արցախից հնչող առողջ դատողությունների հեղինակները կոչ են անում դատապարտել եւ անընդունելի համարել Արցախն անտեսող, կեղծ համահայկականությամբ քողարկված նմանօրինակ նախաձեռնությունները, որոնք միայն խաթարում են Հայաստան-Արցախ-Սփյուռք երբեմնի միասնականությունը, երբ «Եռամիասնություն» բառը հպարտությամբ էր հնչում ամեն հայի շուրթերից:

Հայոց վերքոտված Արցախի հանդեպ Համահայկական գագաթաժողովի նախաձեռնողների լուռ անտարբերության մասին իր քննադատական խոսքն է ասել նաեւ Լոս Անջելեսում լույս տեսնող «Կալիֆորնիա կուրիեր» պարբերականի հրատարակիչ Հարութ Սասունյանը՝ գրելով. «Գագաթաժողովի կազմակերպիչների անլրջության մասին է վկայում այն փաստը, որ հանդիպումների չորս օրվա ընթացքում ընդամենը մեկ ժամ էր հատկացվել Արցախին»: Այլ աղբյուրների համաձայն՝ Արցախին հատկացվել էին հաշվված րոպեներ, այն է՝ բացման արարողությանը ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ձեւական ելույթի տեւողությունը: Այդ թեմայով որեւէ լուրջ քննարկում՝ թեպետ նախատեսված էր, այդպես է տեղի չունեցավ:

Սասունյանի խոսքով՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն արտերկրում աջակցում է միայն հայկական այն կազմակերպություններին, որոնք սատարում են ՀՀ ներկա իշխանություններին եւ անձամբ Նիկոլ Փաշինյանին։ Դրանց մեծամասնությունը, ըստ չհերքված տեղեկությունների, իշխանությունների հրահանգով ստեղծվել է վերջին 3-4 տարվա ընթացքում՝ որպես ավանդական կառույցներին զուգահեռ կազմակերպություններ: Հենց այս կազմակերպությունների ներկայացուցիչներն էին կազմում հոկտեմբերի 28-31-ը Երեւանում անցկացված Համահայկական գագաթաժողովի մասնակիցների հիմնական կորիզը:

Ընդ որում՝ 600 մասնակցի մասին խոսք լինել չի կարող: Հայաստան ժամանածների թիվը, ըստ տարբեր գնահատականների, չէր անցնում 150-200-ի նշագիծը: Գագաթաժողովին չէին հրավիրվել կամ այն բոյկոտել էին Սփյուռքի բազմաթիվ ազդեցիկ կազմակերպություններ, Հայաստանի ու Արցախի համար մեծ ներդրում ունեցող անհատներ: Համաժողովին իրենց մասնակցությունը կասեցրել էին անգամ Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, Հայ հեղափոխական դաշնակցության սփյուռքյան ներկայացուցիչները: Փոխարենը մասնակցում էին մարդիկ, ովքեր իրավասու չեն ներկայացնելու Սփյուռքը: Գոնե՝ բարոյապես:

Ճիշտ է, նրանք Նիկոլ Փաշինյանի «սրտի» կազմակերպություններից հրավիրված անձինք էին, սակայն իրականում նրանցից շատերը, ըստ վերոհիշյալ չհերքված լուրերի, երկար տարիներ՝ մինչեւ Զարեհ Սինանյանի կողմից «հայտնաբերվելն» ու իշխանությունների համակիրների շարքում համախմբվելը, մերժված են եղել իրենց համայնքներում: Մյուսներն էլ, այսպես կոչված, «Երիտասարդ դեսպաններ» ծրագրի շրջանակում համապատասխան «շկոլա» անցած, այս կամ այն «զուգահեռ» կառույցում ընդգրկված երիտասարդներ էին: Անշուշտ՝ նրանց մեջ կային նաեւ արժանավոր, հեռանկարային երիտասարդներ, բայց փոքրաթիվ լինելու հանգամանքով պայմանավորված՝ շատ քիչ բան կարող էին փոխել:

Դե ինչ, Համահայկական գագաթաժողովի եռօրյա օրակարգը սպառվեց, միջոցառումներն ավարտվեցին, բայց հարցերի ու տարակուսանքների մի թանձր մրուր մնաց. ո՞րն էր ներկա հայահավաքի նպատակը, ի՞նչ տվեց այն՝ որքա՞ն արդյունավետ եղավ Հայաստանի եւ Արցախի համար, նպաստե՞ց հայապահպանության հրամայականին, ի՞նչ ուղերձ կամ խորհուրդ պատգամեց ազգին, մեղմե՞ց արդյոք վիրավոր Արցախի մխացող ցավը: Քանի դեռ այս հարցադրումները մնացին բաց, նույնիսկ չընդունվեց պատշաճ, ժամանակի ոգուն հարիր հռչակագիր, կարելի է արձանագրել, որ 7-րդ Համահայկական գագաթաժողովը չկատարեց իր պատմական ու գաղափարախոսական առաքելությունը: Այն ուղղակի «պարապ վախտի խաղալիք» էր:

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: