Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Վերլուծական

Թե ինչպես Փաշինյանը ձախողեց նախկին նախագահների բանագնացությունը

Օգտվողների գնահատում. 5 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղ
 

Արցախա-ադրբեջանական պատերազմում կրած պարտության պատճառների եւ հարակից այլ խնդիրների շուրջ զարգացումները գնալով սուր բնույթ են ստանում: Ի հայտ եկած նոր հանգամանքները, մեկնություններն ու պատերազմի աննպաստ ելքը կանխորոշած նոր գործոնները հանրության մեջ, ինչպես նաեւ քաղաքագիտական, փորձագիտական շրջանակներում եւ տեղեկատվական դաշտում ավելի են բորբոքում կրքերը: Դրա ցայտուն դրսեւորումներից էր դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում 16 քաղաքական ուժերի ձեռնարկած բազմամարդ հանրահավաքը, որն անցկացվեց «Նիկո´լ, հեռացիր», «Նիկո´լ, դավաճան» կարգախոսներով եւ նպատակ ուներ հասնելու պարտված առաջնորդի հրաժարականին եւ, ի դեմս «16»-ի խորհրդի նախընտրելի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի, կազմավորելու ժամանակավոր կառավարություն: Անցումային շրջանի ձեւաչափով ստեղծվելիք կառավարությունը կոչված է մեկ տարվա ընթացքում կարգավորել ամենահրատապ հարցերը, նախապատրաստել ու երաշխավորել խորհրդարանական ազատ, արդար արտահերթ ընտրությունների անցկացումը եւ դրանով ավարտել իր առաքելությունը:

Հանրահավաքից մեկ օր առաջ` դեկտեմբերի 4-ին, պատերազմից հետո առաջին անգամ խոսեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` հանգամանորեն անդրադառնալով Արցախի պաշտպանության բանակի թույլ տված այն բացթողումներին, որոնք հասցրին խայտառակ պարտության: «5-րդ TV»-ի հյուրը գրեթե նոր բան չասաց` մատնանշեց հիմնականում փաստեր, օրինակներ ու դիպվածներ, որոնք հանրությանը փոքրիշատե հայտնի էին գեներալներ Մովսես Հակոբյանի, Օնիկ Գասպարյանի եւ բարձրաստիճան այլ զինվորականների, պաշտոնական անձանց պատմածներից. օդային գրոհների թույլ դիմագրավում, առաջնագծի համալրման գործընթացի դադարեցում, ռազմական որոշ չտրամաբանված, կասկածահարույց գործողությունների ձեռնարկում, կանոնավոր բանակի օգտագործման փոխարեն ջոկատային մարտերի նախընտրում եւ այլն: Իսկ ամենամեծ քաղաքական բացթողումը, ըստ բանախոսի, այն էր, որ Արցախի դեմ ագրեսիայի բնույթը նենգափոխված ու ներկայացված էր որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնում: Ելույթի վերջում Քոչարյանն իր աջակիցներին հորդորեց մասնակցել ներքաղաքական գործընթացներին եւ սատարել «16»-ի միասնական թեկնածուին:

Երկրորդ նախագահը խոսում էր շատ զուսպ, բայց մի տեսակ ներքին ընկճվածությամբ, ինչ-որ թանկագին կորուստ ունեցած մարդու ցավով: Սակայն դա չխանգարեց, որ նրա խոսքը եթերից հնչի ինքնավստահ, փաստարկները` հիմնավոր եւ գնահատականները` անաչառ: Պատահական չէ, որ հարցազրույցը մեծ ընդունելություն գտավ եւ հանրության կողմից բնորոշվեց որպես «ապտակ` իշխանությանը»: Հավատ էր ներշնչում հատկապես նրա այն շեշտադրումը, որ եթե ինքը լիներ` «ուղղակի թույլ չէր տա, որպեսզի բանը հասներ պատերազմի»:

Քոչարյանը, անշուշտ, իր աշխատանքային գործունեության մեջ սայթաքումներ, սխալներ ունեցել է թե´ Արցախի առաջին նախագահի եւ թե´ Հայաստանի երկրորդ նախագահի պաշտոններում աշխատելու ժամանակ: Սակայն անվիճարկելի են հայկական երկու պետությունների տնտեսությունները, մյուս ոլորտները ոտքի կանգնեցնելու, ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու գործում նրա քաղաքական կամքը, կառավարման հմտություններն ու կազմակերպչական ջիղը: Եվ երկրորդ` լինելով պատերազմական պայմաններում կայացած ու պատերազմ շահած գործիչ, Քոչարյանը նախագահական պաշտոնավարման շրջանում ամեն ինչ տարել է այն հունով, որ թշնամին հրաժարվել է պատերազմելու մտքից: Ժողովրդի հիշողության մեջ պահպանվում է այն դրվագը, թե ինչպես էր արցախյան բանակցություններում նրա առջեւ խեղճացել անգամ այնպիսի խորամանկ ու փորձառու գործիչ, ինչպիսին Հեյդար Ալիեւն էր:

Պատերազմի առաջին օրերից Արցախ էին եկել այլ երկրներում ապրող եւ աշխատող բազմաթիվ արցախցիներ, այդ թվում` Ռոբերտ Քոչարյանը, ով բոլորի նման եկել էր այդ դժվար ժամին հայրենիքին ինչ-որ բանով օգտակար լինելու համար: Ավելի ստույգ` նա արդեն մտքում նախագծել էր անելիքը եւ հերթական հանդիպման ժամանակ այդ մասին խորհրդակցեց Արցախի երկրորդ ու երրորդ նախագահների հետ, որոնք հավանություն տվեցին նրա որոշմանը: Քոչարյանը որոշել էր հայկական կողմի համար աննպաստ եռակողմ համաձայնագրի հարցով բանագնացության մեկնել Մոսկվա` օգտագործելով ՌԴ իշխանական վերնախավում ունեցած իր կապերը: Արցախցի գործընկերները նպատակահարմար էին համարել այդ գործում նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներգրավումը, եւ Քոչարյանը` չնայած վերջինիս հետ ունեցած որոշակի տարակարծություններին, չէր առարկել, որովհետեւ խնդիրը երկրի ու ժողովրդի համար բախտորոշ նշանակություն ուներ: Եվ այդպես` ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ Կրեմլում բարձր մակարդակի հանդիպումներ ունենալու առաքելությամբ առաջին եւ երկրորդ նախագահները մեկնեն Մոսկվա` որպես ՀՀ-ի հատուկ բանագնացներ: Դա հոկտեմբերի 20-ին էր: Ամեն ինչ պատրաստ էր, եւ մնում էր ընդամենը մի փոքր ձեւականություն` ստանալ վարչապետի համաձայնությունը:

Դրանից էլ, ըստ էության, սկսվեց նախկին նախագահների բանագնացության գողգոթան: Չէ´, վարչապետն իր համաձայնությունը տվեց, նույնիսկ, իր խոսքով, պետական ինքնաթիռ տրամադրելու պատրաստակամություն էր հայտնել, սակայն իրականում բանագնացների կարգավիճակը հստակեցնելու հարցում չէր շտապում: Իսկ երբ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը ասում են, որ հարկավոր է միջնորդել Ռուսաստանի նախագահին, որպեսզի ընդունի Տեր-Պետրոսյանին եւ Քոչարյանին, որպես հատուկ բանագնացների, Փաշինյանը տարօրինակ պատասխան է տալիս. «Ռուսաստանի նախագահի հետ ես մշտական կապի մեջ եմ: Օր կա` հինգ-վեց անգամ հեռախոսով խոսում եմ հետը: Հիմա եթե ինձ հարցնի` այդ ի՞նչ ասելիք ունես, որ ինձ չես կարողանում ուղիղ ասել եւ դա ուզում ես ասել հատուկ բանագնացների միջոցով, ես ի՞նչ պիտի պատասխանեմ»: Վարչապետը հաստատ ինչ-որ բան խառնում էր: Միգուցե նրան թվում էր` բանագնացներն արսեն խառատյաններն են: Կներեք, բանագնացները, ի տարբերություն ձեզ, այս երկրին մեծ ծառայություններ մատուցած, պատերազմ հաղթած եւ պետականություն կերտած անհատականություններ են: Նրանք ոչ թե ձեր ասելիքն է, որ պիտի հասցնեին Պուտինին, այլ ճիշտ հակառակը` ձեր չասելիքը, որի դառը պտուղներն այսօր քաղում ենք ազգովին:

Բայց վերադառնանք «գողգոթային»: Նիկոլ Փաշինյանը, փոխանակ մանդատ տալու բանագնացներին, առաջարկում է այլ տարբերակ` կազմակերպել Տեր-Պետրոսյանի ու Քոչարյանի արարողակարգային այց Մոսկվա` որպես պաշտոնաթող նախագահներ, ուր նրանք կլինեն Ռուսաստանի պաշտոնաթող նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հյուրը, ով նաեւ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալն է, եւ այցի շրջանակներում փորձել քաղաքավարական հանդիպումներ կազմակերպել ՌԴ նախագահի, արտգործնախարարի եւ այլ բարձրաստիճան անձանց հետ: Բարեհաճ երեւալու համար Փաշինյանը նույնիսկ օժանդակում է, որ դատարանը վերադարձնի Քոչարյանի անձնագիրը, որպեսզի նա կարողանա մեկնել Մոսկվա: Սակայն այնպես է ստացվում, որ մի ձեռքով վերադարձնում է անձնագիրը, մյուսով` «կորոնավիրուս սարքում» երկրորդ նախագահի գլխին, իսկ Տեր-Պետրոսյանին ուղղակի չի լիազորում: Վերջում էլ ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դատարանը վերադարձրեց Քոչարյանի անձնագիրը, բայց Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը Մոսկվա այդպես էլ չմեկնեցին»: Այստեղ են ասել` մարդ չգիտի` խնդա՞, թե լա:

Փաշինյանի գրառմանը ֆեյսբուքում բավական կոշտ էր արձագանքել ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը` նշելով, որ նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ «ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է` թող դուրս տա: Միեւնույն է` արդարանալու ոչ մի ճար նա չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»: Օրերս «Ազատության» հետ զրույցում ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն էլ վերահաստատել է, որ «Փաշինյանը պարզապես չի լիազորել Տեր-Պետրոսյանին, որպեսզի նա կարողանար մեկնել Մոսկվա, բանակցել եւ գոնե պահպանել այն, ինչ հնարավոր էր պահպանել»: Չէր ուշացել նաեւ Քոչարյանի գրասենյակի արձագանքը. «Սուտն ու նենգափոխումը անբաժան են Նիկոլից: Ինքը մանդատ փաստացի չտվեց, հիմա ինչ էլ ասի, իմաստ չունի»,- պարզաբանել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Փաշինյանը, այսպիսով, ձախողեց Հայաստանի երկու հեղինակավոր գործիչների անկեղծ մղումները, որոնք փորձում էին բանակցությունների մեկնել Մոսկվա, միգուցե հաջողվեր իր իսկ ստորագրած խայտառակ «թղթի» հիմքով մեր կորցրածներից ինչ-որ բաներ ետ բերել:

Թե՞ վարչապետին միայն նոյեմբերի լույս 10-ի գիշերը կառավարական ամառանոցի իր կեցավայրից անհետացած սեփական կորուստներն է հետաքրքրում` ձեռքի ժամացույցը եւ օծանելիքը, որոնց գողության գործի առթիվ, ի դեպ, ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցված:

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: