Լի Ստրոբել, «Քրիստոսի իսկության վարույթը», գիտահանրամատչելի, թարգմանությունը՝ Աստղիկ Սարգսյանի, 368 էջ, «ՆյուՄեգ», 2024թ.:
Փորձառու լրագրողը հետաքննում է պատմության մեջ ամենամեծ առեղծվածը՝ կա՞ հավաստի ապացույց, որ Հիսուս Նազովրեցին իսկապես Աստծո որդին է:
Վերանայելով իր հոգեւոր ճամփորդությունն աթեիզմից մինչեւ հավատ՝ Chicago Tribune-ի քրեական բաժնի նախկին խմբագիր Լի Ստրոբելը հարցաքննում է ճանաչված դոկտորների, որոնք դասավանդում են Քեմբրիջի, Փրինսթոնի համալսարաններում եւ այլ բարձրագույն կրթական հաստատություններում: Ստրոբելը նրանց հարցնում է՝ որքա՞ն վստահելի է Նոր Կտակարանը, Աստվածաշնչից դուրս կա՞ն Հիսուսի գոյության ապացույցներ, ինչո՞ւ է Հարությունը իրական իրադարձություն եղել:
Հեղինակն իր հետաքննության էությունը բացատրում է շատ պարզ: Գրքի հիմքում չորս փաստեր են, որոնք անվիճելի ու անհերքելի են. «Առաջին՝ մահապատիժը փաստ է: Քրիստոսը չէր կարող ողջ մնալ խաչի վրա: Սա ապացուցված է: Երկրորդ՝ վաղ վկայություններ: Ինչո՞ւ է սա կարեւոր: Հարությունը կասկածի տակ դնողները պնդում են, թե Քրիստոսից 100-150 տարի հետո լեգենդներ են հյուսվել նրա Հարություն առնելու մասին: Բայց Հարությունը որպես լեգենդ չի դիմանում քննադատությանը, որովհետեւ լեգենդի համար ժամանակ էր պետք: Ըստ պատմաբանների՝ դրա համար անհրաժեշտ էր առնվազն երկու սերունդ, մինչդեռ այս դեպքում խոսքը ամիսների մասին է»:
«Ոսկե մեդալի» արժանացած այս գիրքն ընթերցվում է գրավիչ վեպի պես, բայց այն գեղարվեստական չէ, այլ ճշմարտության փնտրտուք: