Դեռ 2018-ից ի վեր հնչում է այն հարցը, թե ով իշխանության բերեց Նիկոլ Փաշինյանին: Եթե մինչ 2020-ն այդ հարցը բարձրաձայնվում էր՝ հասկանալու համար, թե ինչ գործընթաց է սկսվել ՀՀ-ում եւ ինչ է մեզ սպասում հետագայում, ապա 2020թ. 44-օրյա պատերազմից եւ, հատկապես, Արցախն ամբողջովին հայազրկվելուց հետո հարցը հնչեց առավել սպառնալից շեշտադրմամբ: Հարցի պատասխանը ենթադրում է նաեւ պատասխանատվություն՝ Նիկոլին իշխանության բերողը պետք է պատասխան տա առնվազն պատերազմական եւ դրան հաջորդած ավելի քան եռամյա շրջանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների համար:
Իսկ կատարվել է սարսափելին: Ունեցանք շուրջ մեկ տասնյակ հազար զոհեր, խեղված ճակատագրեր, հարյուր հազարից ավելի փախստականներ, հաշմանդամ դարձած հազարավոր երիտասարդներ: Վտանգի տակ են բուն Հայաստանի պետականությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Դրան զուգահեռ՝ ունենք ապագայի հանդեպ հավատը կորցրած, թեւաթափ, անորոշության, վախի, հիասթափության եւ հոգեբանական ցնցակաթվածի մեջ հայտնված, աճող սերնդի համար որեւէ հեռանկար չտեսնող ազգաբնակչություն:
Հետաքրքիրն այն է, որ հարցը, թե ով բերեց Նիկոլին, ու դրա հնարավոր պատասխանները տալիս են նաեւ մարդիկ, որոնք 2018-ին ակտիվորեն մասնակցում էին հանրահավաքներին, փակում փողոցներ ու ցնծում, երբ Նիկոլը դարձավ վարչապետ: Այսօր նույն մարդիկ պնդում են, թե եղել է դավադրություն, եւ դավադիր ուժերն իրենց օգտագործել են՝ սարքելով կեղծ հեղափոխական իրավիճակ: Իբր՝ դա կազմակերպել էին այն ժամանակվա իշխանությունն ու դրսի տարբեր ուժեր՝ յուրաքանչյուրն ապագայի իր տեսլականին համահունչ: Մի բանում, սակայն, շատերը կարծես թե համամիտ են՝ դավադրության նպատակն Արցախը հանձնելն է եղել: Կարճ ասած՝ «Արցախը գցել են Նիկոլի ջեբը»:
Սա, թերեւս, ժողովրդի պատկերավոր մտածողության արտահայտություն է, ոչ ավելին: Իսկ 2018-ին տեղի ունեցածի ինչ լինելը՝ հեղափոխությո՞ւն էր արդյոք այն, թե՞ դավադրություն, թող յուրաքանչյուրն ինքնուրույն որոշի: Առավել եւս, որ համապատասխան եզրահանգում անելու համար փաստերի, տեղեկատվական նյութերի պակաս չկա: Տվյալ պարագայում մեզ պետք է նաեւ այլ հարցեր հետաքրքրեն՝ ինչպե՞ս եղավ, որ այդքան մարդ հավաքվեց փողոցներում կամ ինչպե՞ս դեղին մամուլի մի գրչակի հաջողվեց դառնալ խարիզմատիկ կերպար եւ ինչո՞ւ մինչեւ հիմա էլ կան մարդիկ, որոնք նրան աջակցում են:
Եվ ամենակարեւորը, որը կարելի է հարցերի հարց անվանել, ինչո՞ւ 2021-ին ընտրողների մեծամասնությունն իր քվեն նրան տվեց: Սա բացառիկ, հակաբնական, հակաբարոյական երեւույթ էր, գրեթե չվերծանված առեղծված: Այս հարցի պատասխանը, թերեւս, շատ ավելի կարեւոր է, քան՝ հրապարակման սկզբում բերված հարցինը, որովհետեւ դրանով կպարզվի իրական պատասխանատուի ով լինելը՝ այն մարդը կամ սուբյեկտը, որը Նիկոլին բերել էր, կապել հայ ժողովրդի գլխին:
«Հետքերը», կարծես թե, տանում են նախորդ իշխանության դուռը, ում կառավարման օրոք հայ հանրությունն իսպառ կորցրեց հավատը ընտրությունների միջոցով երկրում իրավիճակ փոխելու հնարավորության նկատմամբ: ՀՀԿ-ի իշխանավարման տարիներին էր, որ խզվեց ժողովրդի ու իշխանության միջեւ կապը, ծաղկում ապրեցին համակարգային կոռուպցիան, հովանավորչությունը, սոցիալական անարդարությունը, խափանվեց քաղաքացիների հավասար հնարավորությունների մեխանիզմը:
Արատավոր բարքերի, ապօրինությունների այս ցանկը կարելի է երկար շարունակել: Բայց նկարագրվածն էլ բավական է՝ համոզվելու համար, որ 2018-ին արդեն իսկ պարարտ հող էր ստեղծված դավադրության համար: Այսինքն՝ կուտակվել էր բացասական երեւույթների այնպիսի մի կծիկ, որն իշխանության գալու անխոչընդոտ ճանապարհ կարող էր բացել նույնիսկ Նիկոլ Փաշինյանի առջեւ: Եվ բացեց: