Չինացի մեծ փիլիսոփա Կոնֆուցիոսը, որին արդի բառապաշարով կարելի է նաեւ քաղտեխնոլոգ եւ մշակութաբան անվանել, դեռեւս 2.500 տարի առաջ է նկատել, որ մարդասիրությունը, օրինականությունը, բարությունը եւ մարդկային էլի շատ արժեքներ հիմնված են փոխադարձ վստահության վրա: Եթե հասարակության մեջ չի գործում փոխվստահության ինստիտուտը, ուրեմն հասարակություն՝ որպես այդպիսին, գոյություն չունի: Կա ուղղակի մարդկանց կրավորական մի բազմություն կամ, այլ կերպ ասած, ամբոխ:
Սա, իհարկե, չի կարելի հասկանալ բացարձակ իմաստով: Ցանկացած հավաքականության մեջ, կան մտածող, ակտիվ կենսադիրքորոշում ունեցող անհատներ, բայց քանի որ նրանց թիվը խիստ սահմանափակ է, հասարակության «որակի» վրա էական ազդեցություն չեն կարողանում ունենալ: Հայաստանում ամենաշատը չեն վստահում իշխանությանն ու պետական կառույցներին, վստահություն չի ներշնչում նաեւ քաղաքական համակարգը: Սա է, թերեւս, պատճառը, որ հանրությանը չի հաջողվում համախմբվել այլընտրանքային որեւէ քաղաքական ուժի շուրջ եւ հաղթահարել մեզանում առկա վստահության ճգնաժամը:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ արագ կայանում ու բարեկեցության հասնում են այն երկրները, որտեղ պետության ու քաղաքական համակարգի նկատմամբ հանրության վստահության ցուցիչը բարձր է: Փոխադարձ վստահության պայմաններում մարդկանց ավելի հեշտ է տրվում համատեղ մշակել փոխգործակցության եզրեր, միավորվել ընդհանուր գաղափարի ու նպատակի շուրջ, ինքնակազմակերպվել, դառնալ նոր այլընտրանքային առաջնորդության նախագծերի եւ զանգվածային միջոցառումների՝ հանրահավաքների, երթերի գործուն մասնակիցներ: Պատկերավոր ասած՝ դուրս գալ «սրտաճմլիկ կոչերի» անպտուղ շրջանակից եւ մտնել գործնական հարթակ:
Երկրի ապագայով մտահոգ հանրությունը չի ուզում, որ իրեն հերթական անգամ խաբեն ու «կերակրեն» սին խոստումներով: Բազմաչարչար, ներսից ու դրսից կեղեքվող ժողովուրդն այլեւս «երկրորդ Նիկոլի» դիմանալու ոչ ուժ ունի, ոչ՝ ռեսուրս: Բայց հանձնվել չկա: Շատ երկրներ են պարբերաբար հայտնվում քաղաքական ճգնաժամերում, պատերազմներից նմանապես ոչ ոք երաշխավորված չէ, ներքին խժդժություններից՝ առավել եւս: Ուրեմն՝ ամեն գնով պետք է դուրս գալ այս իրավիճակում խիստ վտանգավոր՝ վստահության ճգնաժամի ճիրաններից, վերականգնել հավատը սեփական ուժերի նկատմամբ:
Ասում են՝ հոգեբանական անվտանգության առումով ցանկացած տիպի խմբի անդամների միջեւ վստահությունը կարեւոր գործոն է: Ազգերն ու հասարակությունները նույնպես մարդկային խումբ են՝ ավելի բարդ ու բազմաքանակ, եւ ընդհանուր նպատակի շուրջ նրանց միավորելու համար անհրաժեշտ են հստակ նպատակ ու երաշխիքներ: Որո՞նք կարող են լինել այդ երաշխիքները: Այս հարցի պատասխանը քաղաքական կազմակերպությունների կառուցվածքային եւ, հատկապես, բովանդակային որակի մեջ է:
Հետանկախական շրջանի փորձը վկայում է, որ շուրջ 30 տարի կուսակցությունները եղել են իրենց «տերերի» նպատակներին հանրությունը ծառայեցնելու գործիք: Այդպես եղել է անցյալ դարի 90-ականներից սկսած, երբ ՀՀ-ում դրվեցին անկախ պետականության հիմքերը, եւ շարունակվում է մինչ օրս՝ ավելի համակարգված ձեւով, ինչը պայմանավորված է կառավարման խորհրդարանական մոդելի յուրահատկությամբ: Այսինքն՝ թե՛ նախկինում, թե՛ ներկայում կուսակցությունները եղել ու մնացել են փակ, անձնակենտրոն համակարգեր, որտեղ չկան ներկուսակցական ժողովրդավարություն եւ որոշումների կայացման թափանցիկ մեխանիզմներ:
Ահա սա՛ պետք է փոխի այլընտրանքային կամ իրեն այդպիսին համարող կուսակցությունը՝ դառնալով հանրության համար միանգամայն բաց, հասանելի եւ պատշաճ մեխանիզմներով երաշխավորված կառույց: Ասվածը ենթադրում է բաց ընտրությունների միջոցով ընտրական ցուցակների կազմում, ստվերային կառավարության կազմի հրապարակում եւ այլն: Դա կարող է հանրային վստահության կայացման առաջին քայլը լինել: Եվ այն երաշխիքը, որի մասին խոսվեց վերը: