Մեզնից շատերն արդեն չեն հիշում, թե 2018-ին որն էր «թավշյա» իշխանության հիմնական կարգախոսը: Դա «Նոր Հայաստանն» էր: Թե որոնք են այդ Նոր Հայաստանի թեզերը եւ/կամ ինչ ասել է՝ Հին Հայաստան, ցայսօր պարզ չէ: Փաստն այն է, սակայն, որ ՔՊ-ն այնպիսի՛ Նոր Հայաստան «կառուցեց», որ մենք հիմա որպես կորուսյալ երազ ենք հիշում Հին Հայաստանը, որի թե՛ սահմաններն էին այլ, թե՛ միջազգային ասպարեզում ունեցած դերն ու վարկը: Ավելին՝ այն ժամանակ ՀՀ քաղաքացին արտերկիր այցելելիս՝ գլուխը չէր կախում, չէր ամաչում իր քաղաքացիությունից, քանի որ պարտված ազգի ներկայացուցիչ չէր, եւ աղիողորմ անվտանգություն չէր մուրում աշխարհից:
Բայց այս տխուր պատկերը մի կողմ թողնենք եւ փորձենք հասկանալ, թե որտեղից է գալիս «Նոր Հայաստան» թեզը եւ ինչ է նշանակում «քանդել աշխարհը հին»:
20-րդ դարի սկզբին բոլշեւիկների կարգախոսն էր՝ «Քանդենք աշխարհը հին եւ կառուցենք նոր աշխարհ»: Մինչ այդ հին աշխարհը քանդում էին Ֆրանսիայի հեղափոխականները, մոտ 25 հազար մարդ կառափնարան բարձրացավ, իսկ քաղաքացիական պատերազմների ժամանակ զոհվեց շուրջ մեկ միլիոն մարդ՝ հեղափոխականների պատերազմական զոհերը չհաշված: Ռուսական հեղափոխության զոհերն ու կորուստներն ավելին էին: Առհասարակ՝ հինը քանդելու եւ նորը կառուցելու մոլուցքը բնորոշ է հեղափոխականներին: Սակայն ոչ բոլոր հեղափոխականներն են իրական հեղափոխություն անում: Իրականն այն է, որ բերում է արժեքների ու պետական կարգի փոփոխություն:
Ֆրանսիական հեղափոխությունը, օրինակ, բերեց նոր արժեքներ ու նոր պետական կարգ, որին հետեւեց ժամանակակից աշխարհը: Դա արյունալի, բայց իրոք հեղափոխություն էր, որն ուներ իր կարգախոսը՝ «Ազատություն, եղբայրություն, հավասարություն»: Նույնը կարելի է ասել ռուսական հեղափոխության մասին, որի գաղափարները ծնունդ էին առել Եվրոպայում եւ որը կարելի է համարել ֆրանսիական հեղափոխության շարունակություն՝ շեշտը դրած Ֆրանսիայի հեղափոխության կարգախոսի «հավասարություն» բաղադրիչի վրա:
Ֆրանսիական հեղափոխությունն ուներ կարգախոս, գաղափարախոսներ, գրականություն, իրավական միտք, ինչը կարելի է ասել նաեւ ռուսական հեղափոխության մասին՝ «Հողը գյուղացուն, գործարանը՝ բանվորին»: Բացի դրանից, բոլշեւիկների գրականությունն ու մամուլը հետեւողական էին՝ մի կողմ դրած, թե որքանով էին դրանք ընդունելի: Եվ, վերջապես, Խորհրդային միությունը մոդեռնիստական պետություն էր, որն ունեցավ մեծ հաջողություններ ու անփառունակ վախճան: Նախքան տապալվելը՝ այն փոխեց ողջ աշխարհի դեմքը:
Իսկ ո՞րն էր, այսպես ասած, «հայկական հեղափոխության» կարգախոսը: Հնարավոր է՝ դա աշխարհի ամենայուրահատուկ ու ամենագռեհիկ կարգախոսն է. «Քյաբաբ առ քյաբաբ ետ բերել թալանածը»: Ինչպես տեսնում ենք՝ գաղափարախոսության, հեղափոխական թեզիսների, գաղափարախոսների ու հռետորների իսպառ բացակայություն է: Կարելի է ասել, որ նախկինում հեղափոխությունները բերում էին ողբերգություններ, իսկ հիմա վերածվում են զավեշտախաղի:
2018-ի «հեղափոխությունը» զավեշտախաղ էր, ցավոք՝ ողբերգական ելքով: Փորձը կարելի է ձախողված համարել, իսկ այլընտրանքը, թերեւս, հակահեղափոխականների իշխանությունն է, ինչը եւս դասական պարբերափուլի տրամաբանության մեջ է: Սակայն մեծ է վտանգը, որ, ինչպես հեղափոխականներն էին կեղծ ու անիրական, հակահեղափոխականները նույնպես կարող են այդպիսին լինել: