Հայաստանում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ ներկայիս քաղաքական վարչակարգի ճակատագիրն ակամայից հայտնվել է խորհրդարանի հարյուրհինգ պատգամավորների ձեռքում: Նախկին նախագահին պետք է վարչապետ նշանակել: Քանի որ այս պատգամավորների մեծ մասն իրենց մանդատները ստացել են ոչ թե ազատ ընտրություններում, այլ օլիգարխիկ վարչակարգի առաջնորդների ցանկությամբ ու հրամանով, ուստի պարտավորված են կատարել վերջիններիս կամքը եւ Սերժ Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում: Պատգամավորներից ոչ ոք չի ուզում կատակել ճակատագրի հետ. բոլորը համոզված են, որ իրենց անձնական կյանքը միայն բարգավաճման ավելի շատ երաշխիքներ ձեռք կբերի: Դատելով բազմաթիվ պատգամավորների ելույթներից, նրանք ոչ մի հատուկ սպառնալիք չեն տեսնում իրենց գործողությունների համար:
Սակայն երկրում առկա է նաեւ իշխանության կոնֆիգուրացիան պահպանելու այդպիսի ծրագիրը չընդունող ընդդիմություն: Մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ կոչ են անում ժողովրդին թույլ չտալ, որ պատգամավորները քվեարկեն Սերժ Սարգսյանի թեկնածության օգտին: Ընդ որում, այս նախաձեռնությունները հիմնական շեշտը դնում են զանգվածային ցույցերի վրա, որոնց նպատակն է խաղաղ ճանապարհով արգելափակել պատգամավորների մուտքը Ազգային ժողովի շենք: Համարվում է, որ ոստիկանությունը չի կարող կանխել տասնյակ հազարավոր մարդկանց ջանքերը: Արդյո՞ք ժողովուրդը կարձագանքի այդ կոչերին, եւ արդյո՞ք ճիշտ է ընտրված պայքարի մեթոդաբանությունը՝ ցույց կտա ժամանակը: Մինչ օրս զանգվածային գործողությունները չեն կարողացել լուծել ընդդիմության այս կամ այն խնդիրները: Բայց կարող ենք հայ ժողովրդի պայքարում հիշել մեկ կարեւոր ժամանակաշրջան, երբ ողջ ազգը ոտքի ելավ եւ կարողացավ բարդ խնդիր լուծել: Խոսքը 1988 թվականի հունիսյան ակցիայի մասին է, երբ ուսանողները ստիպեցին պատգամավորներին կայացնել որոշում ի պաշտպանություն Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը վերամիավորելու՝ ԼՂԻՄ բնակիչների պահանջի: Այդ ժամանակ մարդիկ գտան ժողովրդի ընտրյալների «խաղաղ դաստիարակության» միջոցը, որոնց նույնպես նշանակում էր իշխող կոմունիստական կուսակցությունը, այլ ոչ թե ժողովուրդը:
Այն ժամանակ Հայաստանում իրավիճակը շատ նման էր ներկա իրավիճակին: Ի տարբերություն ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների, Հայաստանի կոմունիստական իշխանությունները չէին շտապում աջակցել ժողովրդի պահանջներին: Հայաստանի հետ մարզի վերամիավորման մասին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների Խորհրդի փետրվարի 20-ի դիմումն անպատասխան մնաց Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից: Նույնիսկ Գերագույն խորհրդի նիստ հրավիրելու պահանջով հարյուր հազարանոց հանրահավաքները չազդեցին իշխանությունների վրա, որոնք թաքնվում էին ԽՍՀՄ ներքին զորքերի թիկունքում: Հայաստանի ղեկավարության վրա ազդելու այլ միջոցի անհրաժեշտություն ծագեց: Օգտվելով այն պատեհությունից, որ Գերագույն խորհրդի հերթական նիստը պետք է տեղի ունենար 1988թ. հունիսի 15-ին, ուսանողները սկսեցին նստացույց անցկացնել Երեւանի թատերական հրապարակում` պահանջելով քննարկել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների Խորհրդի փետրվարի 20-ի դիմումը եւ դրական պատասխան տալ: Հրապարակը վերածվեց բաց շտաբի, որտեղ մշակվում էին ժողովրդական պատգամավորներին ստիպելու միջոցները՝ ժողովրդի պահանջն իրականացնելու համար: Ընտրվեց պատգամավորների հետ անհատական աշխատանքի մարտավարությունը: Քաղաքացիների անհատական խմբերն ամբողջ երկրով մեկ ստիպում էին վերջիններիս գալ հրապարակ եւ հրապարակայնորեն ժողովրդի առջեւ ստանձնել նրանց պահանջը կատարելու պարտավորություն: Ավելին՝ նրանց հրամայում էին ստորագրել այդպիսի խոստում պարունակող տեքստի տակ: Պատգամավորներն առանձին-առանձին անզոր էին կազմակերպված ժողովրդի դեմ եւ... տեղի տվեցին: Վախը կոմկուսից ճնշվեց ժողովրդի վճռականությունից բխող վախով: Միայնակ կամ խմբերով՝ նրանք սկսեցին գալ հրապարակ եւ դնել իրենց ստորագրությունները:
Հարկադրանքի մարտավարությունն այդքանով չէր սահմանափակվում: Հայտնի գործիչ Շանթ Հարությունյանի գլխավորությամբ մի խումբ երիտասարդներ թատերական հրապարակում հացադուլ սկսեցին եւ վերջնագիր ներկայացրին Հայաստանի կոմկուսի Կենտկոմի այդ ժամանակվա առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանին: Նրանից պահանջվում էր ապահովել նստաշրջանի ժամանակ ժողովրդական պատգամավորների ազատ քվեարկության բոլոր պայմանները: Վերջնագիրը մերժելու դեպքում հացադուլավորները սպառնում էին անմիջապես հրապարակում ինքնահրկիզվել: Այսինքն՝ իրավիճակ էր ստեղծվել, երբ իշխանությունները միայն մեկ ելք ունեին` կատարել ժողովրդի պահանջները: Այլընտրանքը շտաբի ուժային ցրումն էր, որից հետո իշխանական ճամբարի անդամների անձնական ճակատագրերը կլինեին անկանխատեսելի: Հունիսի 15-ին Գերագույն խորհրդի նիստը կատարեց ժողովրդի պահանջը: ԽՍՀՄ ներքին զորքերի կողմից բռնաճնշումների հետագա խորացումը չէր կարող այլեւս ազդել Հայաստանի իշխանությունների գործողությունների վրա: Արդեն 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի նույն Գերագույն խորհուրդը Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի հետ համատեղ որոշում ընդունեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հետ Հայաստանի վերամիավորման մասին: Ճակատագրական այդ ակտի ընդունմանը ժողովրդի հատուկ զանգվածային մասնակցության անհրաժեշտություն այլեւս չկար. պատգամավորները լավ էին հիշում «համաժողովրդական դաստիարակության» հունիսյան միջոցները: Ոչ ոք չցանկացավ եւս մեկ անգամ փորձության ենթարկել իր ճակատագիրը:
Կարո՞ղ է արդյոք Հայաստանի ժողովուրդն այսօր օգտվել այդ փորձից: