Գործող վարչախումբն իր հակապետական ու հակազգային քայլերը հիմնավորելու համար երկու քարոզչական հայեցակետ է օգտագործում՝ խաղաղություն եւ ինքնիշխանություն:
Տրամաբանությունը հետեւյալն է՝ կա ռուսական կայսրություն, որը մեզ վրա իշխելու համար տակավին խորհրդային տարիներին մեր գլուխներն էր մտցնում հայկական ազգայնականության եւ հայրենասիրության որոշակի հղացումներ՝ մասնավորապես հողային պահանջատիրության եւ ցեղասպանության գաղափարներ: Առաջինը մեզ թշնամացրել է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, իսկ ցեղասպանության գաղափարն այդ թշնամությունը դարձրել է գոյաբանական եւ սրբազնական: Փաստորեն՝ այդ զույգ խոսույթով է ձեւավորվել հայկական ինքնագիտակցությունը:
Այդպիսով, ըստ վարչախմբի տրամաբանության, մենք դատապարտված էինք Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հավերժ թշնամի մնալ, ինչից էլ օգտվում էր ռուսական կայսրությունը՝ իրենից մեզ հավերժ կախվածության մեջ պահելու համար: Սրան հետեւում է երկրորդ շղթայական խոսույթը. Թուրքիայի ու Ադրբեջանի հետ իր հարաբերությունները կառուցելիս՝ ռուսական կայսրությունը դա անում է մեր հաշվին, սակայն մեզ ոչ թե ամբողջովին է «հանձնում», այլ՝ մաս-մաս, որպեսզի հետագայում մնացած մասի հաշվին շարունակի իր քաղաքականությունը:
Արցախի երկրորդ պատերազմի ժամանակ վարչախմբի պարագլուխը քանդեց այդ ծրագիրը, չհամաձայնվեց, այսպես կոչված, Լավրովի պլանի հետ, չհամաձայնվեց կանգնեցնել պատերազմը եւ, ըստ փաստերի տրամաբանության, միտումնավոր, պատերազմի միջոցով հանձնեց Արցախը: Այս ծրագրի հիմնական կնքահայր պետք է համարել Լեւոն Տեր-Պետրոսյանի արտաքին հարցերի գծով գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանին:
Այս տրամաբանությունից բխում է հաջորդ քայլը՝ պետք է հարվածել այդ երկու գաղափարների կրող ինստիտուցիոնալ կազմակերպություններին՝ Հայ առաքելական եկեղեցուն եւ Դաշնակցությանը: Ինչպես նաեւ պետք է պատերազմ հայտարարել դեռեւս խորհրդային շրջանում կազմված՝ պատմության, գրականության եւ հայագիտական թեքումով մյուս դասագրքերին: Այս ամենը վարչախմբի պարագլուխը եւ առանցքային դերակատարները սկսել էին անել նախքան 2020թ. սեպտեմբերի 27-ը, ինչը հերթական ապացույցն է, որ Արցախի հանձնումը սկսել է 2020-ի պատերազմից բավական առաջ:
Գործնականում նրանք այդկերպ էին ընկալում այն երկու հայեցակետերը, որոնց մասին խոսեցինք՝ ինքնիշխանություն եւ խաղաղություն. սա էր նրանց քաղաքականության հիմնաքարը: Սակայն՝ դատելով դեպքերի հետագա ընթացքից, տեսնում ենք, որ Արցախի հայաթափումը, պետական խորհրդանիշներից ու Ցեղասպանության պահանջից մեր նահանջը չհանգեցրին ո՛չ խաղաղության, ո՛չ ինքնիշխանության: Եվ պատճառը պարզ է՝ մենք Թուրքիային ու Ադրբեջանին խանգարում ենք ոչ թե նրա համար, որ կրողն ենք ցեղասպանության կամ հողային պահանջատիրության գաղափարի: Ո՛չ:
Իրականում պատճառը, թեկուզ տարօրինակ հնչի, Հայաստանի աշխարհագրական դիրքն է կամ, թուրքերի բնորոշմամբ, «հայկական սեպը», որը խրվել է Թուրքիայի ու Ադրբեջանի արանքում եւ խանգարում է նրանց միավորմանը, ցամաքային կապին, թյուրքական աշխարհի երազանքի իրականացմանը: Հետեւաբար՝ անկախ մեր զիջումներից, նրանք ոչ թե պատրաստ են մեզ հետ խաղաղ ապրել, այլ ճիշտ հակառակն՝ ավելի առարկայորեն են տեսնում Հայաստանի ոչնչացումը: